Համաձայն Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան նախարարութեան Զարգացման, կոնցեպցիաների եւ ուսմունքների կենտրոնի մասնագէտների 90 էջանոց «Պաշտպանութեան ապագայ ռազմավարութիւնը» զեկուցագրի, յառաջիկայ երեսուն տարում մարդկութիւնը կը բախուի նոր յեղափոխական ինտերնացիոնալ միջին դասակարգի, յանուն համընդհանուր հաւասարութեան պայքարի վտանգին։ Նա կը գրաւի «նոր հեգեմոնի» դերը պրոլետարիատի փոխարէն, որին իր ուսմունքն է նուիրել Քարլ Մարքսը։ Տարէցտարի խորանում է անդունդը գերհարուստների եւ միջին դասակարգի միջեւ։ Աշխարհի միջին դասի ներկայացուցիչները կը միաւորուեն արդի անդրազգային միջոցներով՝ սկսած ինտերնետից։ Նման զարգացումը մենք համարում ենք անխուսափելի, յայտնում է Կենտրոնի անգլիական բաժնի ղեկավար դեր ծովակալ Քրիս Պարրին։ Փրկութիւն որոնելով երկրագնդային ահռելի անհաւասարութիւնից եւ բարոյականութեան ահագնացող անկումից, մարդիկ կը հակուեն աւելի կարծր աշխարհայեացքների կողմը-կրօնական եւ ազգային անհանդուրժողութիւն, այնպիսի կառուցիկ քաղաքական գաղափարաբանութիւններ՝ ինչպիսին մարքսիզմն էր։ Կապիտալիզմի հանդէպ յատկապէս ուժեղ թշնամանք կը դրսեւորեն երիտիսլամականները, որը կը հասցնի միջազգային ծայրայեղական համակարգի ստեղծմանը։ Աշխարհի ազգաբնակչութեան արագ աճը )երեսուն տարուց յետոյ ենթադրւում է՝ 8.5 միլիարդ( կը յանգեցնի զանգուածային գործազրկութեան եւ սոցիալական վիթխարի անկայունութեան։ Անգլիական շատ քաղաքականագէտներ այս կանխատեսումը չափից աւելի պեսիմիստական են համարում։ Բայց շատ բան, որ կենտրոնը նշել էր, սկսում է իրականութիւն դառնալ։ Օրինակ՝ «Զանգուածային էմիկրացիայի ազդեցութիւնը ազգային անվտանգութեան վրայ» զեկուցագրում հաստատւում էր, որ «Եւրոպան կը դառնայ նոր բարբարոսների հարուածների տակ կործանուող իւրայատուկ Հռոմէական կայսրութիւն»։ Այն կը գրաուեն Հին Աշխարհը ատող՝ երրորդ աշխարհի էմիգրանտները։ Նրանք պահպանում են ամուր կապն իրենց երկրների հետ, չեն ուծացւում։ Ֆրանսիայում եւ եւրոպական այլ երկրներում ծաւալուած էմիգրանտական բռնութիւնները դրա նախանշանն էին )«Քուրիէր», ռուս., ԼԱ, 30 Մայիս- 5 Յունիս, 2007(։
Հայաստանում միջին դասը աննշան է, բարոյական արժէքների, իրաւունքի պղծումը, գերհարուստների եւ աղքատների անհաւասարութիւնը անչափելի։ Հասարակութեան վերնախաւի գործելակերպը եւ անհաշտելի հակասութիւնը վարի շերտերի հետ կարող են յանգեցնել երկրի վերջնական կորստեան։ Որեւէ պետութեան որակի գնահատման պարզ չափանիշը քաղաքացիների իրաւահաւասարութիւնը, ապահովութիւնը, բարեկեցիկ կեանքն է։ Այլեւայլ առարկայական պատճառներով առաջացած ժամանակաւոր անխուսափելի դժուարութիւնները կարելի է բացատրել, բայց բացառապէս առանձին խմբերի շահերը պաշտպանող պետական համակարգի հետեւողական հակաօրինական, հակամարդկային, հակազգային կործանարար գործունէութիւնը ոչ մի արդարացում չունի։
Կործանումը սկսուեց ՀՀՇի յաղթանակով։ Գլխաւորապէս յատակից բարձրացած տականքի արագընթաց գերհարստացմանը զուգահեռ՝ ժողովուրդը յայտնուեց դժոխքի դրան առաջ։ «Համազգային» յորջորջուողների չարաղէտ ձեռքով երկրի մուտքին ասես դաջուեց Տանթէի յայտնի տողը՝ «Ո՜վ մտնողներ, թողէք ձեր յոյսը համայն», իսկ օդակայանի ելքի պատին՝ «Վերջին մեկնողը թող հանգցնի լոյսերը»։ Ո՛չ յոյս, ո՛չ լոյս։ Յայտնի պատմութիւն է, յայտնի չէ միայն վերին յարկերում նստած արարածը ինչքան կարող է լկտի, արատաւոր, քրէագործ լինել թէ երէկ, թէ այսօր, թէ… գուցէեւ վաղը։ Հայաստանի 44 ընտանիքի բաժին է ընկնում ՀՆԱի 55 տոկոսը, իսկ աղքատութեան տոկոսը հասնում է 57ի. ամիսներ առաջ յայտարարեց դժոխքի «ճարտարապետներից»՝ նախկին վարչապետ Հրանդ Բագրատեանը, որի կառավարութեան տարիներին 57ը աւելի քան շրջուած՝ 75 տոկոս էր, արդիւնաբերութիւնն ու գիւղատնտեսութիւնը հիմնովին աւերուած, մշակոյթը, գիտութիւնը՝ մերձիմահ։
ԱՄՆում 10 տոկոս գերհարուստներին բաժին է ընկնում ազգային եկամուտի 30.5 տոկոսը, իսկ 10 տոկոս ամենաաղքատներին՝ 1.8 տոկոսը։ Մի շնչին միջին հաշուով բաժին է ընկնում տարին 43.5 հազար տոլար )«Քոնթաքթ», 8-14 Յունիս, 2007(։ Հոնք Քոնկում կառուցուել է հիւրանոց, ներքին յարդարանքը՝ 548 բաղադրութեան ոսկով։ Երկու թոննա ոսկով ձեւաւորուած 650 քառակուսի մեթրանոց գերշքեղ համարում բնակուելու մի օրն արժէ 25 հազար տոլար, իսկ ԱՄՆում աղքատութեան սահմանագծից ներքեւ համարուողը տարին 20.614 տոլար եկամուտը չգերազանցող չորս հոգիանոց ընտանիքն է։ Նման հակադրութիւններն են դուռ բացում վերոնշեալ եզրակացութիւնների առաջ։ Մարդահամարի բիւրոյի 2006ի տուեալներով 37 միլիոն մարդ ԱՄՆում ապրում է աղքատութեան սահմանագծից ներքեւ։ Չմոռանանք սակայն, նման ընտանիքները ազատուած են ֆետերալ հարկերից, ստանում են պարենային, բնակարանային նպաստներ, բժշկական ծախսերը վճարւում են պետական յատուկ ծրագրերով։ Այսինքն ռէալ եկամուտը շատ աւելի աւելի բարձր է )«Փանորամա», Սեպտեմբեր 19-25 Յունիս, 2007(։ Այսպիսի ընտանիքներ կան եւ ԱՄՆ ներգաղթած հայերի շրջանում, որոնք հարկաւ իրենց բնաւ էլ աղքատ չեն զգում, քանզի հեռուից իսկ տեսնում են իսկական, անլուր աղքատութիւնը, որ հայրենիք թափանցեց անկախացումից յետոյ եւ ոչ մի կերպ չի ուզում հեռանալ, որքան էլ իշխանութիւնները «պայքար» են յայտարարում դրա դէմ, «պայքար», որն աւարտւում է, հարուստների գերհարստացումով, անվերջանալի արտագաղթով, ընտանիքների քայքայումով, ծնունդների կրճատումով եւ այլն։ ԱՄՆի այդպիսի ընտանիքների 70 տոկոսը առնուազն մէկ աւտոմեքենայ ունի, 30 տոկոսը երկու-երեք։ Միայն 2 տոկոսն են յայտնում, որ յաճախ կերակուրը չի հերիքում։ Թերսնուող ընտանիքների թիւը Հայաստանում դժուար է ճշգրտել, նման ուսումնասիրութիւն չի կատարուել։ Բայց մեծ երեւակայութիւն պէտք չէ, պատկերացնելու համար այդ թուի պատկառելիութիւնը։ Խնդիրն այն չէ, որ բոլոր երկրներում էլ վիթխարի նիւթական անհաւասարութիւն կայ, կան համանման բազում բացասական երեւոյթներ, այլ այդ երեւոյթների քանակական եւ որակական կողմերը։
Թերսնումը հարցի մի կողմն է, միւսը՝ սննդամթերքի անվտանգութիւնն է, որն ահալի պատկեր է ներկայացնում-2007ի Ապրիլ-Յունիսին սննդամթերքի առեւտրի կառոյցներում, ըստ ՀՀ Սննդամթերքի անվտանգութեան եւ անասնաբուժական պետական տեսչութեան ստուգումների, 500ից միայն 6 ստուգման դէպքում խախտում չի յայտնաբերուել՝ այսինքն, գնորդները հարիւրից մօտ մէկ հնարաւորութիւն ունեն առողջութեանը չվնասող մթերք ձեռք բերելու։ Սննդարտադրողների անսանձ շահամոլութիւնը ազգի կեանքին սպառնացող վտանգներից է։ Երշիկի հետ թուղթ են խառնում-որպէս ցնցող օրինակ բերեց ընկերներիցս մէկը։ Բայց կան նման խառնուրդներից անհամեմատ վտանգաւորները՝ ապականութեան ու թունաւոր նիւթերի պարունակութեամբ։
Հայաստանը ԱՄՆի հետ, այսինքն անհամեմատելիները համեմատելը թերեւս տեղին չէ։ Բայց դա անհրաժեշտ է նախ ճշդելու համար, որ աղքատութիւնը յարաբերական վիճակ է, որ զարգացած երկրի աղքատը իր նիւթական իր հնարաւորութիւններով բարեկեցիկ կը թուար յետամնաց երկրում, անհրաժեշտ է ապա, որովհետեւ ԱՄՆը աշխարհի երրորդ երկիրն է ամենաստուար հայ բնակչութեամբ, որը շարունակում է ստուարանալ մշտական բնակութեան նպատակով ներգաղթողներով։ Դա հայի «օտարամոլութեամբ», «թափառականութեամբ» ու նման բաներով պատճառաբանելը միամտութիւն կը լինի։
Աղքատի եւ հարուստի արտառոց հակադրութիւններն ու դրանց խորացումն են, բարոյական անկման ծաւալումով հանդերձ, ինչպէս տեսանք, միանգամայն հիմնաւոր կանխագուշակումների հիմքը։ «Ամերիկայում շուն լինելը լաւ բան է» խօսուն վերնագրով մի յօդուած )«Փեաթնիցա էքսփրէս», 23-29 Յունիսի, 2006( ակամայ յիշեցնում է ոչ թէ նախկին ԽՍՀՄ տարածքում բազմացած թափառական շների, այլ երեխաների դառը վիճակը։ 350 միլիոն ընտանի կատու, շուն, թռչուններ եւ այլ կենդանիների վրայ 2003ին ծախսուել է 31 միլիարդ տոլար )2006ին արդէն՝ 40 միլիարդ(։ Բացարձակապէս հռետորական է հարցը-որքա՞ն կարող են ծախսել երեխաների վրայ Հայաստանի բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը կազմող աղքատ ընտանիքները։ Ամերիկայում շուն լինելը ոչ թէ լաւ է, այլ հիանալի։ Օրինակ, Շիքակոյի ճաշարանների շէֆ խոհարարները յատուկ ճաշացուցակներ են պատրաստում։ Նրանցից մէկը՝ Տիտյէ Տիւրանը քմահաճ ճաշակի իր ֆրանսիական շան վրայ փորձարկում է զանազան համադամներ, սկսած՝ ջայլամի պաշտետից։ Իսկ մի այլ ճաշարանում շներին ընդունում են աւելի հաճոյքով, քան աղմկոտ երեխաներին։ Կատուաշնատէրերի 90 տոկոսը ծննդեան տօներին արմանալի-զարմանալի նուէրներ է գնել իրենց պաշտելիների համար-ոսկէ զարդանախշով կատուի լափաման՝ 1220 տոլար, դրա շնային տարբերակը՝ 990 տոլար, շնային օծանելիք, կատուի թաւշեայ մահճակալ, եւ այլն )«Լոս-անճէլըսսքի վեսթնիք», 17-23 Դեկտեմբեր, 2003(։ Կան եւ վախճանուած տէրերից բազմամիլիոն հարստութիւններ ժառանգած կենդանիներ։ Ռեժիսոր Ռոճըր Տորկասի կտակով նրա կնոջը՝ 23ամեայ ամերիկեան դերասանուհի Ուէնտի Տորքասին հասնում էր 1 ցենտ, Մաքսիմիլիան շանը՝ 64 միլիոն տոլար։ Ուէնտին ստիպուած էր ամուսնութիւն վաւերացնել շան հետ-շունը ժառանգութիւնը «ստանալու», անհրաժեշտ հարկերը «մուծելու» համար ԱՄՆի քաղաքացի էր ձեւակերպուել, ուստի կարող էր եւ «ամուսնանալ»… )«Քոմսոմոլսքաեայ փրավտա», 2-8 Փետրուար 2007(։
Համաշխարհային դրամատան հաշուարկներով 2005ին աղքատութեան բարձր տոկոս ունեցող երկրներից արտագաղթածները զարգացած երկրներից հայրենիք են ուղարկել մօտ 232 միլիարդ տոլարի գումար։ ՄԱԿի տուեալներով աշխարհում, նոյն տարում 191 միլիոն գաղթական բնակւում էին իրենց երկրներից դուրս։ Ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս-քանի որ այդ փոխանցումները չեն ընկնում պետական եւ մասնաւոր միջնորդների ձեռքը, շատ աւելի արդիւնաւէտ օգնութիւն են անապահով խաւերին, քան միջազգային, պետական ծրագրերով տրուած միջոցները )«Ռուսսքի պազար», Լ. Ա., 6-12 Յուլիս, 2006(։ Արդիւնաւէտութիւնն՝ արդիւնաւէտութիւն, աճպարարութիւնն՝ աճպարարութիւն։ Հայաստանից հարիւր հազարաւոր արտագաղթածներ իրենց վաստակած գումարների որոշ մասն ուղարկում են հարազատներին ու բարեկամներին, որոնց համար դա միակ յոյսն է՝ աղքատութեան ցուրտ գրկից մի կերպ դուրս պրծնելու միջոց։ Եւ այդ միակ յոյսը սկսեց մարմրել տարադրամի գների արհեստական իջեցում-բարձրացումով խուզուել-լցուելով լկտիացած վերնախաւի գրպանը։ ՀՀ ժողովրդի առանց այն էլ ծանր գոյութիւնը թունաւորող անվերջանալի փաստերին գումարուեց բանկային այդ աճպարարութիւնը։ Դրամի բարձր արժեւորումը պայմանաւորուած չէ լոկ ՀՆԱի աճով )որն ապահովւում է նաեւ տուեալ դէպքում սովորաբար անտեսուող՝ անհատական առաքումներով(։ Տարին, հաշուարկուող առաքումներով, մօտ 1.5 միլիարդ եւ աւելի )2007ին ԿԴ տուեալով՝ 2 միլիարդ( տոլարի չափով այդ առաքումների հոսքը երկիր )որքան է չհաշուարկուող, ոչ պակաս, գուցէեւ աւելի՝ օրինակ, ամէն օդանաւով բերուած գումարը, դժուար է ասել(, գնողունակութեան բարձրացումով առաջ է բերում գնաճ եւ արտարժոյթի արժեզրկում։ Դա իր հերթին, չի կարող բացասաբար չանդրադառնալ թէ Հայաստանի արտադրանքի արտածման, թէ զբօսաշրջութեան, թէ, առանց այն էլ օտար ողորմելի ներդրումների վրայ։ Աղքատութեան երեւացող մասին զուգահեռ, չերեւացող մասը, որ ծածկւում է դրսից ուղարկուած գումարներով, հաշուի չի առնւում, չի արտացոլւում վիճակագրական տուեալներում։ Հաշուի առնուի, թէ չառնուի, երկրի աղքատութեան ցուցանիշ է-կառավարութիւնը պարզապէս ի զօրու չէ աշխատանքով, վաստակած հացով ապահովել նաեւ բնակչութեան այդ զանգուածին։ Եւ օրինաչափօրէն, դրսից ուղարկուած գումարը ոչ թէ շրջանառւում է երկրի ներսում, նպաստելով տնտեսութեան զարգացմանը, այլ դարձեալ դուրս է գալիս։ 2006ին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառութիւնը կազմել է 3 միլիարդ 198 միլիոն տոլար, 15.2 տոկոսով աւելի, քան նախորդ տարին։ Արտածումը՝ 1 միլիարդ 4 միլիոն տոլար եւ աճել է 3.1 տոկոսով, ներածումը՝ 2 միլիարդ 194.3 միլիոն եւ աճել է 21.8 տոկոսով )«Ասպարէզ», 7 Յունիսի, 2007(։ Բացասական տարբերութիւնը՝ 1 միլիարդ 190.3 միլիոն տոլար, ըստ որում, արտածման տոկոսային առաւելութիւնը ներածման համեմատ գոնէ փոքրիշատէ կրճատուելու փոխարէն տագնապալիօրէն աճել է։ Տնտեսագէտ Էտուարտ Աղաջանովը նկատելով, որ 6.8 տոկոս )այժմ մօտ 5.5 տոկոսի իջած( առեւտրական բացը ԱՄՆի հզօր տնտեսութեան համար համարւում է վտանգաւոր, մեր թոյլ եւ փոքր տնտեսութեան դէպքում 2007ին 20 տոկոս էր։ 2 միլիարդ անհատական օգնութիւնների 65 տոկոսը արտահոսել է։ Այդ պարագայում դրամը պիտի արժեզրկուէր, ոչ թէ արժեւորուէր. ըստ տնտեսագէտի հաշուարկների դրամի նկատմամբ տոլարի փոխարժէքը պէտք է կազմէր 620-630 )«Ժամանակ», ԼԱ, 31 Յունուար, 2008(։ Եթէ այս հաշուարկը մօտ է իրականութեանը, ապա 2 միլիարդի մօտ կէսը իւրացւում է, խթանելով աղքատութեան աճը միւս կողմից եւս՝ աւելի շատ արտահոսելով, քան ներդրուելով սեփական տնտեսութեան մէջ։ Վայրագ կողոպուտով ուղեկցուող, արտադրողից սպառողի վերածուած հասարակութեան խօսուն ցուցանիշ։ Տնտեսական առարկայական օրէնքներին հակառակ, առեւտրական բացը նպաստել է դրամի արժեւորման ու ամրապնդման, տարադրամի արագընթաց արժեզրկման։
1988-2007ին Հայաստանի տնտեսութիւնում օտար ներդրումները կազմել են 2 միլիարդ 576 միլիոն 589.4 հազար տոլար, ամենամեծը՝ Ռուսաստանինն են՝ 846 միլիոն 264.9 հազար )«Ասպարէզ», 7 Յունիս, 2007(-տասը տարուայ օտար ներդրումները նկատելիօրէն պակաս են երկու տարուայ անհատական օգնութիւններից։ Եթէ վերջինին գումարենք նաեւ միջազգային անհատոյց եւ աշխարհի հայութեան բազում օգնութիւնները «Հայաստան» հիմնադրամի դրամահաւաքներից մինչեւ առանձին անձանց պատկառելի նուիրատուութիւններ՝ Քըրք Քրքորեանի գլխաւորութեամբ, կը ստացուի, որ ազնիւ, ճիշդ տնտեսվարման դէպքում այսօր պէտք է որ Հայաստան երկիր դրախտավայր ունենայինք։ Իսկ իրականում՝ ում համար դրախտ, ում համար դժոխք։ Պարզ թուաբանութիւնն իսկ կը բացայայտի չարիքի անչափելիութիւնը մի երկրում, որի զաւակները ցաքուցրիւ աշխարհի չորս ծագերում ամէն ինչ անում են, որ հայրենիքում կանոնաւորուի կեցութիւնը, անշեղօրէն բարելաւուի կենսամակարդակը, բայց ստացւում է հակառակը. ինչ-որ 44, թէ 54 ընտանիք միլիոններ ու միլիարդներ կուտակի, իսկ ազգը կանգնի անդառնալի աղէտի առաջ։ Ըստ արդի ժողբանահիւսութեան, Հայաստանի որոշ ղեկավարների ունեցուածքը անցնում է միլիարդ տոլարի սահմանը։ Նախորդներինը հաշււում էր տասնեակ միլիոններով։ Դրանց մօտաւոր գնահատականը չի տրուած։ Գնահատուած է, ասենք, Ուքրայինայի որոշ ղեկավարների անձնական ունեցուածքը-Լեոնիտ Քուչմա 1.5 միլիարդ, Փաւէլ Լազարենկօ՝ 550 միլիոն, Եուլիա Տիմոշենքօ՝ 500 միլիոն։ Սրանք, եթէ հաշուի առնենք հսկայ Ուքրայինայի եւ փոքրիկ Հայաստանի տարբերութիւնը, դրամատիրութեան պարզունակ տաղանդներ կարող են երեւալ Հայաստանի հանճարաւոր ղեկավարների կողքին։
Կինէսի ռեկորդների գրքում առաջնակարգ տեղ գրաւելու արժանի դրամի արժեւորման զարմանահրաշ երեւոյթը հայրենի վերնախաւի նորմուծութիւնն է ՀՀ Կենտրոնական դրամատան մշակումով։ Այդ կողոպուտը սկսուեց 2005ին ԿԴի ստուգումներով փոխանակակէտերում, որոնց մի մասը փակելուց յետոյ մնացածներում տոլարը սկսեցին գնել եւ վաճառել նոյն փոխարժէքով. «Այսինքն՝ փոխանակման կէտերը փոխարժէքի վրայ այլեւս որեւէ ազդեցութիւն չունեն։ Պարզապէս ամէն առաւօտ Կենտրոնական դրամատնից զանգում են ու հրամայում սահմանել այդ օրուայ կոնկրետ փոխարժէքը։ Բնականաբար կուշտ ուտելուց նիրվանայի մէջ յայտնուած գետաձիու աչքերով մեր կիսաթրաշուած գլխաւոր բանկիրն ամէն օր «իջեցնում է» տոլարի փոխարժէքը ու երեկոյեան տեսախցիկների առաջ ակուիտանեան կոյսի ամօթխածութեամբ չքմեղանում՝ «ես խաբար չեմ» )«Մասիս», Ապրիլ 2, 2005(։ 2005ի տասը ամսուայ ընթացքում տոլար-դրամի փոխարժէքը 565ից նուազել է մինչեւ 430 դրամ։ «Արդարութիւն» խմբակցութեան քարտուղար Վիկտոր Դալլաքեանի հաշուարկով մէկ «ամսուայ ընթացքում իշխող խունտան ժողովրդից գրպանել է 270 միլիոն տոլար». տոլարի փոխարժէքի ցանկացած տատանման դէպքում շահում է խունտան-հիմա էլ տոլարի գինը բարձրացնելով հաւաքած տոլարներով են փող աշխատում )«Մասիս», 14 Մայիսի, 2005(։ Կապիտալի խաբեբայական կուտակման տարրական-բռի եղանակ։ 2006ի Օգոստոսին դրամի արժէքը նորից թափով բարձրացաւ-1 տոլարը կարելի էր փոխանակել մօտ 400 դրամով, ռուսական ռուբլին՝ 14,8, եւրոն՝ 517 դրամ։ 2007ի Նոյեմբերին 1 տոլարը փոխանակւում էր 336, Դեկտեմբերին արդէն մօտ 300 դրամով )մի քանի օր 275 դրամով՝ խուճապահարելով մարդկանց(, լայն սպառման ապրանքների գների 6.6 տոկոս աճին համատեղ )մինչդեռ դրամի նման սրընթաց «կայունացման» դէպքում գոնէ չպիտի աճէին(։ Դեկտեմբերին 1 եւրոն 1.47 տոլար էր, 31 ռուբլին՝ 1 տոլար։ 1 եւրոն Դեկտեմբերին 460ից արագօրէն իջաւ 430, ապա «հաւասարակշռուեց»՝ հասնելով 440 դրամի։ Ճարպիկ-անարգ խաղեր։
«Ազգային միաբանութիւն» կուսակցութեան նախագահ Արտաշէս Գեղամեանը 2006ի Հոկտեմբերի 16ին շեշտեց. «Տոլար-դրամ խաղից արտասահմանից ապրանք ներմուծելով օլիկարխներն իրենց 10 տոկոս շահ են ապահովել։ Միայն 1 միլիարդ 171 միլիոն տոլարի ապրանք ներմուծել են 2005ին… այսօր առնուազն 350ից 400 միլիոն տոլարի չհարկուող եկամուտ ունեն ներկրողները» )«Մասիս», Հոկտեմբեր 21, 2006(։ Որոշ հաշուարկներով միայն այդ մի տարում ժողովրդից կողոպտուել է շուրջ 200 միլիոն տոլար։ Թուերը թէեւ մօտաւոր են, այսուհանդերձ ներկայացնում են այլանդակ իրողութիւնը-10 կամ աւելի տոկոսը 200 միլիոն է, պակաս թէ աւելի, հայկական դրամի արժէքի խաբեբայական բարձրացման արդիւնք է, արտասահմանեան երկրներում ծանր աշխատանքով վաստակած գումարների անամօթ լափում։
Այլ վտանգ ու վնասներից բացի, այս երեւոյթը, զարգացած երկրներ ներգաղթած հայութեանը թելադրում է աւելի վճռական միջոցների դիմել հարազատներին բերելու համար-այսպէս շարունակուելիս աւելի ու աւելի շատ գումար ուղարկելը կը դառնայ անհնարին, միակ փրկութիւնը կը լինի նրանց արտագաղթը։
Աժում այլ պատգամաւորներ եւս անդրադարձան խնդրին, սակայն որքան էլ խստօրէն, թէ զգուշօրէն դիմադարձ լինեն, ԿԴի հռչակաւոր տնօրէնի եւ գործին առնչուող այլ տիպերի )բացայայտ կամ՝ ոչ( գլխից մազ չի պակասի, իսկ ուղարկուած գումարները ի հարկէ, կը շարունակուեն առատօրէն իւրացուել, իւղելով կողոպտիչների հաստ ու բարակ )եթէ բարակն էլ կայ( գլուխները։ Վաղուց մաշուած արտայայտութեամբ՝ խրախճանք ժանտախտի ժամին։ Բայց ի վերջոյ, այդ անկշտում արարածները այնքա՞ն յիմար են, որ ենթադրում են երկիրը լափելամայացնելուց յետոյ փախչել օտար դրախտներում շքեղ կեանք վայելելու։ Օրէօր որքա՞ն դրամ է կորսւում աշխարհի տարբեր խաղատներում ու այլեւայլ զեխարաններում այդ լկտիների որքան անբարոյ, նոյնքան տխմար վայելքների պատճառով։ Հէնց այստեղ, Քալիֆորնիայի հայութեան շրջանում անպակաս են խօսակցութիւնները, թէ այս կամ այն «յայտնի դէմքը» միայն Լաս Վեկասում քանի տասնեակ, քանի հարիւր հազար տոլար փճացրեց, երկրից հանած միլիոններն ինչի վրայ ծախսեց։ Եթէ նրանք իրենց չափազանց ճարպիկ ու խելօք են կարծում եւ ենթադրում են երկրի կործանումից յետոյ փախեփախով հարցեր լուծել, թող իմանան, որ ինչպէս ասում են՝ իրենց նման հազարաւոր մկների լափած բազում կատուների յօշոտած գազաններ կան այդ դրախտներում։
Անսալով գոնէ Աժի պատգամաւորների ահազանգին, կառավարութիւնը պարտաւոր էր համապատասխան գործողութիւնների դիմել։ Բայց իր օգուտն ի՞նչ էր, որ դիմէր։ 2007ի Մայիսի 12ի Ազգային ժողովի ընտրութիւնների նախաշեմին, հակառակ որ տոլարի արժէքը միջազգային շուկայում դարձեալ անկման մէջ էր, Հայաստանի «փարատոքսալ» պայմաններում դրամի արժէքը, որ բարձրանում էր աւելի, քան թելադրում էր շուկայի առարկայական իրավիճակը, այժմ անկում ապրեց դարձեալ հակառակ իրավիճակի։ Նրանք, ովքեր մինչ այդ կամայօրէն ցածրացրած արժէքով տոլար էին գնել, յետոյ կամայօրէն բարձրացրած արժէքով տոլարը վաճառեցին քարոզարշաւի տոլարային ախորժակը յագեցնելու համար, տոլար-դրամ աճպարարութեան երկու ծայրում, կրկնակի շահոյթ ապահովելով։ Ըստ որում, կրկնենք, արտարժոյթի արագընթաց անկման հետ, ապրանքների գները իջնելու փոխարէն անընդհատ աճում են։ Օրինակ՝ 2007ի Մայիսին 2006ի Դեկտեմբերի համեմատ սպառողական գները աճել են 4.2 տոկոսով )«Նոր Հայաստան», 5 Յունիս, 2007(-յատկապէս պարենային ապրանքներինը՝ 6.9 տոկոս )այսինքն՝ անխուսափելի «հացն հանապազորդ», որով գոյութիւն են քարշ տալիս անապահով զանգուածները(, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6 տոկոս )որից ընչազուրկ զանգուածները հնարաւորինս կարող են խուսափել, ուստի աւելի բարձրացումը կը խփէր առեւտրին(։ Անընդհատ շարունակուելով, Սեպտեմբեր-Հոկտեմբերին գնաճը կազմել է 3.8 տոկոս, Հոկտեմբերին, Սեպտեմբերի համեմատ՝ 3.1 տոկոսով, պարենային ապրանքներինը՝ 5.6 տոկոսով, ոչ պարենայինինը՝ 0.7 տոկոսով )«Ասպարէզ», 29 Նոյեմբերի, 2007(։ 2007ին նուազագոյն աշխատավարձը սահմանուեց 20,000 դրամ նախորդ տարուայ 15.000ի փոխարէն, գների նկատելի աճի պայմաններում։ Յունուարի մէկի դրութեամբ հաշւառուած է աշխատանք փնտռող 102,172 քաղաքացի, որոնցից գործազուրկ է 84,574ը։ Գործազրկութեան, արտագաղթի ժողովրդագրական ճգնաժամային իրավիճակում 2006ին ծերացման ցուցանիշը 1990ի 9.6 տոկոսից 2006ին հասաւ 12.7ի։ 11 տոկոս ցուցանիշը արդէն համարւում է ռիսքային-ծերացող երկրների տնտեսութիւնը բախւում է բացասական ծանր խնդիրների )«Ասպարէզ», 7 Յուլիսի, 2007(։ ՀՀում 466 հազար արձանագրուած աշխատող պահում են 530 հազար թոշակառուի )իբր ի՞նչ են աշխատում, որ ինչպէս պահեն, այն էլ մէկը՝ մէկից աւելի թոշակառուի(։ 2000-2007ը կենսաթոշակը բարձրացել է երեք անգամ, միջին կենսաթոշակը 13.500 դրամ է, 2006ի 11.400ի փոխարէն, 2008ին խոստացուած է 60 տոկոս բարձրացում, որ իրականում նուազեցում է՝ որոշումը դեռ չիրագործուած 100 տոկոսով բարձրացան առաջին անհրաժեշտութեան որոշ մթերքների գները, որոնց թւում հացի չափ կարեւոր, տեղում արտադրուող կարտոֆիլի գինը դարձաւ ամենաբարձրերից աշխարհում, մօտ 20 տոկոսով աւելի թանկ, քան Եւրոպայում )քանի որ գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը 2007ին աճեց 9.6 տոկոսով՝ մօտ 2 միլիարդ տոլար, հետեւաբար, տնտեսութեան զարգացման հայկական տարբերակով՝ ինչքան շատ, այնքան վատ էր լինելու(։ Այսպիսով, կառավարութեան գործադրած ճիգերը էականօրէն չեն բարելաւում կենսաթոշակառուների վիճակը, եթէ չասենք, թէ ամիսը մօտ 45 տոլարի համարժէք դրամով ինչ կախարդական հնարով պէտք է քարշ տրուի մարդու գոյութիւնը։ Եւ չի բարելաւուի, քանզի մշակելի հողերի գրեթէ 90 տոկոսը մնում է անմշակ, մշակուողն էլ յաճախ՝ անդրջրհեղեղեան միջոցներով ու եղանակներով։ Հեռանկարն աւելի մխիթարական չէ-2010ին նախատեսւում է միջին կենսաթոշակը հասցնել 30,000 դրամի նման գումարներով հիանալիօրէն ապահովուելու է անաշխատունակ մարդու արագընթաց ճամբորդութիւնը անդրաշխարհ։ Գլխից կը պրծնեն, ուստիեւ՝ գլխացաւանքից։ Կենսաթոշակային եւ առողջապահական խնդիրները տնտեսական բարեփոխումների, արտադրողականութեան կտրուկ աճ են պահանջում, հակառակ դէպքում, քանի որ ծերացման ցուցանիշի աճը յառաջիկայում հազիւ թէ դադարի, ՀՀ առանց այն էլ կիսատ-պռատ տնտեսութիւնը պարզապէս շնչահեղձ կը լինի։
Համախառն արտաքին պարտքը 2007ի Մարտի 31ին կազմում էր 2 միլիարդ 86.22 միլիոն տոլար, 2006ի Դեկտեմբերի 31ի համամատ աճելով 45.24 միլիոն տոլարով։ Պարտքի 49.85 տոկոսը գոյացել էր պետկառավարման համակարգի, 17.62 տոկոսը մասնաւոր հատուածի, 8.87ը դրամավարկային կարգաւորման մարմինների, 9.66ը առեւտրական դրամատների, իսկ 14 տոկոսը տնտեսութեան տարբեր հատուածների կազմակերպութիւնների տնտեսական գործունէութեան հետեւանքով )«Ասպարէզ», 19 Յուլիս, 2007(։ Պետկառավարման համակարգին, ինչպէս տեսնում էք, հասնում է առիւծի բաժինը-պարտքի հաշուին լաւ էլ առիւծավարի-յօշոտավարի կառավարում են։ Բնական բան է-մարդը ծնուելիս պիտի առիւծ, գայլ, բորենի, գոնէ աղուես ծնուի ոչ թէ ճագար կամ ոչխար… եւ խառնուի հօտին՝ առաջնորդ այծերին հետեւելու գէշ սովորութեամբ։ ՀՀ արտաքին պետական պարտքը 2007ի Սեպտեմբերին հասել է 1.32 միլիարդ տոլարի՝ մէկ տարուայ ընթացքում աճելով 153.4 միլիոն տոլարով, ներքին պետական պարտքը նոյն ժամանակում հասել էր 61 միլիարդ 761.2 միլիոն դրամի, աճելով գրեթէ 4 միլիարդ դրամով )«Ասպարէզ», 12 Դեկտեմբեր, 2007(։ ՀՀ արտադրութիւնը սահմանափակ ծաւալներով, տեսականիով յետամնաց երկրին յատուկ պատկեր է ներկայացնում։ Այսուհանդերձ նոյն 2006ին ՀՆԱն աճել է 13.4 տոկոսով։ Տեսնենք աճը, ո՞ր, այն էլ, միջազգային շուկայում մրցունակ արտադրանքի հաշուին է )քանի որ դրամը աւելի ու աւելի գերազանցում է տոլարին ու եւրոյին(։ Արդիւնաբերական արտադրութեան ընդհանուր ծաւալը 2005ի համեմատ կրճատուել է 0.9 տոկոսով, գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը աճել է ընդամէնը՝ 0.4 տոկոսով։ 37.1 տոկոսով աճել է… շինարարութիւնը։ Հասկանալի է, աղքատների համար չի աճել։ Նրանք հաշուից դուրս են։ Թէ ինչպէս է ծաւալւում կառավարութեան յայտարարած «Պայքարը աղքատութեան դէմ», մնում է հանելուկ։
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրեանը նշում է-աճի հիմնական ցուցանիշները, որ շինարարութեան ու սպասարկման ոլորտում են, տեսանելի են Երեւանում, մասնաւորապէս կենտրոնում։ «Երեւանից դուրս ընդհանրապէս շինարարական աշխատանքներ չեն կատարւում»,-կարծում եմ պէտք է լինէր՝ «կատարւում են խիստ անբաւարար», իսկ ընդհանրապէս՝ «Միայն շինարարութեան ոլորտում պէտք է ծաւալները եռապատկուեն, որ մեր երկրում ապահովուեն նորմալ վերարտադրութեան պայմաններ»։ Վերջին տասը տարիներին, շարունակում է նա, ՀՆԱն աճել է աւելի քան երեք ու կէս անգամ-1997ին 800 մլն. դրամ, 2007ի նախնական տուեալներով՝ երեք միլիարդ, բայց բնակչութեան ո՞ր մասի բարեկեցութիւնն է աճել համադրելի չափով )«Ժամանակ», ԼԱ, 26 Յունուար, 2008(։
2 միլիարդ անհատական օգնութիւնները թերեւս մի կերպ փակեն արտաքին առեւտրի բացասական հաշուեկշիռը, նպաստելով արտերկրի տնտեսութիւնների մասնաւորաբար «լաւ» հարեւան ու բարեկամ Թուրքիայի զարգացմանը )թուրքական «բարձրորակ» ապրանքը մեծ քանակներով ներմուծւում է առանց սահման բացելու էլ(։ Ժամանակակից տաղանդաշատ զիմզիմովներն ու բազազ արտեմները երկիր մտած տոլարն ու եւրոն շրջանառելով, դրսում էժան, ցածրորակ ապրանք գնելով ներսում թանկ ծախելով նպաստում են երկրի տնտեսութեան լճացմանը։ Ի՞նչ կարիք կայ արտադրութիւն կազմակերպել, երբ ամէն ինչ բերւում է։ Իսկ թէ դա բոլոր չարիքների բուն պատճառներից է, նշանակութիւն չունի։ Կարեւորը՝ իրենք հարստանում են, կարեւորը՝ որ պիզնէսը սերտաճած կառավարութեանը հարստացնում է նաեւ վերջինիս։ Կարեւորը, որ պայքար է յայտարարուած նաեւ կոռուպցիայի )կաշառակերութիւն, հովանաւորչութիւն, պաշտօնական դիրքի չարաշահում, պաշտօնական կեղծիքներ եւ այլն( դէմ։ Լ. Տէր Պետրոսեանի 1992ի «Պաշտօնական չարաշահումների, կաշառակերութեան եւ կոռուպցիայի դէմ պայքարն ուժեղացնելու մասին» հրամանագրի ոչ մի կէտ չիրականացուեց, իսկ 1994ի Օգոստոսի 1ի հրամանագրով վերացուեցին հանրապետութիւնում ստուգումներ իրականացնող բոլոր մարմինները՝ ԿՌՈՒներ, ՆՆ ԲԽՍՍ ծառայութիւններ եւ աւելի թափով շարունակուեց համատարած թալանը առ այսօր։ Բնականաբար շարունակուեց եւ ժողովրդի ասած՝ «Պայքարը մինչեւ Փարաքար», մինչեւ «Զուարթնոց» օդակայան։ Բնաւ չէի ցանկանայ օգտագործել շարունակաբար հոլովուող բառը, բայց ճար չկայ-դեռեւս հհշական 1993ին եմ կատարուածը որակել ցեղասպանութիւն )«Երկիր», Երեւան, 1993, 24 Մարտ, նոյնը՝ «Ապագայի յիշողութիւնը», գիրք առաջին, էջ 62(։ Խիղճը պիտի կորցնել այսօրուայ կացութիւնը այն օրերի դժոխքի հետ համեմատելու համար, բայց խիղճը պիտի կորցնել նաեւ, այսօրուայ վիճակը գոնէ բաւարար, եւ սպիտակ ցեղասպանութեան ուրուականը երկրից վերջնօրէն հեռացած համարելու համար։ Կասկածո՞ւմ էք, խնդրեմ-աշակերտների թիւը ՀՀ անկախացումից յետոյ կիսուելով տատանւում է 32-37.5 հազարի միջեւ, 1992ին 70 հազար էր )«Ասպարէզ», Նոյեմբերի 2, 2007(, իսկ ՄԱԿի ժողովրդագրական ճգնաժամի ֆոնտի տուեալներով արդէն 2025ին Հայաստանի բնակչութիւնը կարող է նուազելով հասնել 2.6 միլիոնի, կրճատուելով շուրջ 600 հազարով )«Քոնթաքթ», Լ. Ա., 23 Փետրուարի-1 Մարտի 2007(։ Այն էլ մահացու թշնամիներով շրջապատուած երկրում։ Անընդհատ շեշտւում է անհրաժեշտ, առաջին հերթին երկու տարրական բան-արդարութիւն՝ ի դէմս իրաւական պետութեան հաստատման եւ տնտեսական առողջ քաղաքականութիւն։ Առայժմ դրանք ըստ էութեան չեն զբաղեցնում երկրի վերնախաւին։ Լաւագոյն դէպքում դիմում են կիսամիջոցների, որոնք հոգեվարքը երկարաձգելուց բացի ոչնչով չեն օգնի ծանր հիւանդ հասարակութեանը։ Առաւել եւս աղքատութեան դէմ «պայքարի» իւրայատուկ՝ հայկական տարբերակով։