Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի ծաւալումը, երեւան հանելով ժխտողականութեան սնանկութիւնը, թուրքական պաշտօնական շրջանակներին փաստօրէն զրկել է հակաքայլերի հնարաւորութիւնից: Գործընթացի ծաւալումը կասեցնելու հրամայականով այդ շրջանակներն սկսել են կառչել երկու յաղթաթղթից: Առաջինը «1915ի իրադարձութիւնների ուսումնասիրման համար հայ եւ թուրք պատմաբանների համատեղ յանձնաժողով ստեղծելու» Թուրքիայի վարչապետ Էրտողանի առաջարկն է, երկրորդը՝ Հայաստանի եւ հայերին հասցէագրուող ամբաստանութիւնները, թէ հայկական արխիւները փակ են:
Ամբաստանութեանը իրականի տեսք տալու համար Թուրքական պատմական ընկերութեան նախագահ փրոֆ. Եուսուֆ Հալաճօղլուն «Հիւրրիյէթին» յայտարարել էր. «Պոսթընի Հ.Յ.Դ. կենտրոնական արխիւի բացման համար անհատոյց 20 մլն. տոլար առաջարկեցի, սակայն ոչ ոք տեղից չշարժուեց»:
Թուրքական թերթը այս յայտարարութեանն անդրադարձել էր նախ՝ Մայիսի 19ին նրա հետ արուած հարցազրոյցում, իսկ Մայիսի 20ի համարում առաջարկը դարձնելով առաջնորդող լուր, առաջին էջում գրել էր, որ Հալաճօղլուն մարտահրաւէր է նետում հայկական սփիւռքին, ընդ որում առանց նշելու, թէ վերջինը ե՞րբ է առաջարկ արել, ո՞ւմ է ներկայացրել, հանդիպե՞լ է առաջարկի հասցէատէրերին, եթէ ոչ, նրա փոխարէն ո՞վ է կատարել այդ պարտականութիւնը:
Այս բացթողումները, սակայն, չէին խանգարել, որ Հալաճօղլուի մարտահրաւէրի մասին «Հիւրրիյէթի» հրապարակումը մեծ ոգեւորութիւն առաջ բերի թուրք հասարակութիւնում: Ինչո՞ւ: Այն պատճառով, որ 20 մլն. տոլարը, անկախ առաջարկի ամբարտաւան ոճից, լուրջ բնոյթ էր հաղորդում դրան եւ դարձնում համարձակ: Միաժամանակ հասարակութիւնը դրանով համոզւում էր, որ Հալաճօղլուն մտահոգուած է միայն ճշմարտութեան բացայայտմամբ, ուստի պէտք է դիմի համարձակ քայլերի:
«Ազգը» Մայիսի 22ին արձագանգեց Հալաճօղլուի առաջարկին, իսկ Մայիսի 30ին «Պոսթընի Հ.Յ.Դ. կենտրոնական արխիւը բաց է» վերնագրով ներկայացրեց արխիւի պատասխանատու Թաթուլ Սոնեց-Փափազեանի պատասխանը, որ հրապարակուել էր «Արմինըն ռիփորթըր»ի Մայիսի 24ի համարում:
Չնայած թուրքական հասարակական կարծիքի ոգեւորութեանը, Հալաչօղլուի առաջարկը նաեւ հակազդեցութիւն առաջ բերեց թուրք մտաւորականների շրջանում: Դրան արձագանգեցին «Թարաֆ» թերթի Մայիսի 25ի համարում «Դաշնակների արխիւը թո՛ղ, օսմանեանո՛վ զբաղուիր» վերնագրով Այշէ Հիւրը, «Էւրենսելի» Մայիսի 27ի համարում «Պատմաբանները հազիւ թէ հանգուցալուծեն այս թնջուկը» վերնագրով Ռակըփ Զարաքոլուն, իսկ «Ենի աքթուելի» Մայիսի 29ի համարում «Պատմաբանները առաջարկ ունեն Պոսթընի հայկական արխիւին 20 մլն. տոլար տրամադրող Թուրքական պատմական ընկերութեան նախագահ Եուսուֆ Հալաճօղլուին» վերնագրով Ստամպուլի «Պիլկի» համալսարանի դասախօսները, որոնց խնդրանքով՝ նաեւ Թաներ Աքչամը, որն ասել է. «Իմ կարծիքով, առաջարկն ինքնին չափազանց անյարգալից է: Ի վերջոյ յայտնի է արխիւի հասցէն: Եթէ առաջարկ ես անում, ապա պաշտօնապէս պէտք է դիմես, այլ ոչ թէ թերթերի միջոցով դրա մասին յայտարարես»:
Այշէ Հիւրը յօդուածում Հալաճօղլուի առաջարկին հակադրում է Աքչամի այս տարի «Հայկական հարցը լուծուած է» վերնագրով լոյս տեսած աշխատութիւնը, որտեղ գրքի հեղինակը կարծիք է յայտնել, թէ ցեղասպանութեան թուրքական թեզը նոյնիսկ օսմանեան արխիւներն են հերքում, որքան էլ դրանք զտուած լինեն: Յօդուածագիրը, ելնելով այս կարծիքից, գրում է. «Եթէ Հալաճօղլուն դաշնակցական արխիւի մասին ելոյթով չի փորձում հասարակական ուշադրութիւնը շեղել Աքչամի գրքից, ապա թուրք հասարակութեանը եւս որոշակի ժամանակով զբաղեցնելու առաջադրանք է կատարում: Գուցէ Թուրքական պատմական ընկերութիւնը չի ընկալում, սակայն համաշխարհային հասարակական կարծիքն այդ հարցում (Հայոց Ցեղասպանութեան) որոշակի տեսակէտ արդէն ունի: Հակառակ պաշտօնական շրջանակների պնդումներին, թուրքական կողմը դեռեւս չի բացել իր արխիւները: Օրինակ, երկրում արգելուած է խնդրոյ առարկայ ժամանակահատուածին առնչուող անշարժ գոյքի առուվաճառքի մատեանների ուսումնասիրութիւնը: Ինչ վերաբերում է գլխաւոր շտաբի ռազմական պատմութեան, ռազմավարութեան ուսումնասիրման եւ վերահսկողութեան գլխաւոր վարչութեան արխիւին, ապա այնտեղ ներթափանցելը գրեթէ անհնար է: Թէեւ հայերի տեղահանութիւնն ուսումնասիրելու համար խիստ կարեւոր է նաեւ վարչապետարանին առընթեր օսմանեան արխիւը, սակայն քարտագրման աշխատանքների անաւարտ վիճակի եւ կառավարական քաղաքականութեան պատճառներով հնարաւոր չէ նիւթերի ազատ օգտագործումը: Ժամանակին հարցաքննել էին արխիւում աշխատող գիտնականներին, վաւերագրերը չէին տրամադրում, նոյնիսկ արխիւից էին վտարում նրանց»:
Այշէ Հիւրը, վկայակոչելով Աքչամի վերոյիշեալ աշխատութիւնը, հերքում է ցեղասպանութեան թուրքական թեզին ի նպաստ Հալաճօղլուի արտայայտած տեսակէտը, ընդգծելով, որ օսմանեան ռազմական ատեանը 1397 յանցագործների նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել, ներառեալ մահապատիժը, ոչ թէ հայերի դէմ բռնութիւն գործադրելու, այլ վերջիններիս թողած գոյքը կողոպտելու, թալանի, գողութեան, կաշառակերութեան եւ ունեցուածքը իւրացնելու մեղադրանքով:
Յօդուածագրին լրացնում է Զարաքոլուն, գրելով. «Չափազանց հետաքրքրական է Հայոց Ցեղասպանութեան հարցին Թուրքական պատմական ընկերութեան նախագահ Հալաճօղլուի մօտեցումը: Քանի որ հազարաւոր տարիներ աշխարհագրական միեւնոյն վայրում բնակուող մի ամբողջ ժողովուրդ գոլորշանալ չէր կարող, ուստի նա ճարահատեալ հասկացնում է, թէ հայերի մի մասը կրօնափոխ եղաւ, փոխեց ինքնութիւնը: Եթէ այդ հատուածի վրայ աւելացնելու լինենք սփիւռքում բնակուողներին, ապա կը ստացուի, որ հայերը չեն անհետացել, հետեւաբար «հայերի ցեղասպանութիւն» լինել չի կարող: Սակայն չստացուեց: Այս պայմաններում նա այլ բացատրութիւն չգտաւ, քան հայերի տեղահանութիւնը պայմանաւորելը Հայ յեղափոխական դաշնակցութեան գործունէութեամբ: Չէ՞ որ ամէն ինչում յեղափոխականներն են մեղաւոր: Այս մօտեցմամբ Հ.Յ.Դ. արխիւի բացման դէպքում դաշնակցականները դառնալու են 1915ի իրադարձութիւնների գլխաւոր պատասխանատուն: Ազգայնականները օգտագործում են այս հնարքը: Ի հարկէ, տեղահանութեան ճանապարհին հիւանդութիւնների, աւազակային յարձակումների հետեւանքով հայերի կրած «աննշան կորուստներն» էլ շատ բնական է: Հալաչօղլուն ասում է. «Մենք գումար ենք առաջարկել, թող Հ.Յ.Դ.ն արխիւները բացի»: Մինչդեռ ինքը հրաժարուել էր համատեղ աշխատանքներ կատարելու շուէտացի պատմաբան Կունթի առաջարկից, երբ աշխատանքների իրականացման համար կար յատկացուած գումար, աւելին, դա համապատասխանում էր «պատմաբանների համատեղ ուսումնասիրութիւնների» մասին վարչապետ Էրտողանի առաջարկի ոգուն»:
Ինչ վերաբերում է «Պիլկի» համալսարանի դասախօսներին, ապա նրանք էլ, ի դէմս դոցենտ Լեւենթ Եըլմազի, Հալաճօղլուին են դիմում հետեւեալ կոչով. «Եթէ այդքան գումար ունէք աջ, ձախ բաժանելու, ապա յատկացրէք վարչապետարանին առընթեր գործող արխիւին, որ աւարտուի վաւերագրերի քարտագրումը, դրանք թուայնացուեն եւ օգտագործելի դառնան գիտնականների համար»: Այնուհետեւ դասախօսները թուրքական պատմական ընկերութեան նախագահին յիշեցնում են Աքչամի գրածը. «Վարչապետարանին առընթեր Ստամպուլում գործող արխիւում աշխատում են մի քանի լուրջ պատմաբաններ: Սակայն նրանք, որպէս արխիւի ղեկավարներ, չեն կարողանում կատարել իրենց պարտականութիւնը: Օրինակ՝ նրանցից Մեհմէտ Ուլուըշըքը զրկուել է արխիւում աշխատելու իրաւունքից, զրկուելով նախապէս Թուրքիայի քաղաքացիութիւնից, եւ տեղափոխուել Գերմանիա: Երբ նա, որպէս գերմանահպատակ, արխիւում ուսումնասիրութիւններ կատարելու համար եկել էր Թուրքիա, նրա մուտքը երկիր հէնց օդանաւակայանում արգելել եւ նոյն ինքնաթիռով յետ էին ուղարկել:
Ի դէպ, «Պիլկի» համալսարանի դոցենտն իր հերթին պատմում է, որ Աքչամին էլ զրկել են թուրքական զինուած ուժերի գլխաւոր շտաբի արխիւից օգտուելու հնարաւորութիւնից եւ աւելացնում. «Օսմանեան արխիւները բառիս բուն իմաստով մաքրուել են, ոչնչացուել փաստաթղթերը: Որոշ փաստաթղթեր էլ անհետ կորել են: Եթէ այդպէս է, ապա կարելի էր ուսումնասիրել 1914ի եւ 1916ի գոյքագրման մատեանները եւ համեմատել դրանք»: Սակայն պատմաբանի այս պահանջն էլ բախւում է անշարժ գոյքի եւ քատասթրի գլխաւոր վարչութեան, ինչպէս նաեւ ազգային անվտանգութեան խորհրդի արգելքին: Ի վերջոյ, որքան էլ մաքրազարդուած լինեն օսմանեան արխիւները, պահպանուող վաւերագրերի քննական ուսումնասիրութիւնը բաւական է լինելու թուրք գիտնականներին, որ նրանք թէկուզ իրենց համար բացայայտեն 1915ի իրադարձութիւնների ճշմարտութիւնը:
«ԱԶԳ»