Սոյն վերնագրով Լոս Անճելըսի «Ֆերահեան» ազգային վարժարանի տնօրէն Ժան Գոսաքեանի հետ ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆի հարցազրոյցը լոյս տեսած է Երեւան հրատարակուող «Առաւօտ» թերթի անցեալ Շաբաթ օրուան թիւով:
Ստորեւ՝ այդ հարցազրոյցը իր նախաբանով:
Վերջերս Հայաստան էր այցելել Լոս Անճելըսի 44-ամեայ «Ֆերահեան» ազգային վարժարանի տնօրէն Ժան Գոսաքեանը: Նա պատմեց ամերիկահայ դպրոցի առջեւ ծառացած հիմնախնդիրների մասին ու ներկայացրեց Սփիւռքում հայեցի մնալու իր դեղատոմսը:
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ե՞րբ է հիմնադրուել ձեր դպրոցը եւ ո՞ւմ կողմից:
ԺԱՆ ԳՈՍԱՔԵԱՆ.- Լոս Անճելըսի «Ֆերահեան» վարժարանը ստեղծուել է 1964թ.՝ Գաբրիէլ Ինճէճիկեանի կողմից: Այն ԱՄՆի առաջին հայկական ամէնօրեայ 12ամեայ կրթութիւն տուող դպրոցն է: Սկսել ենք 12 աշակերտով, այժմ մեր սաները շուրջ 750ն են, իսկ ուսուցչական եւ տեխնիկական կազմը՝ 95 հոգի: Նման վարժարան հիմնադրելու գաղափարը պատկանում է մասնագիտութեամբ իրաւաբան Մատթէոս Ֆերահեանին, որը ժամանակին աջակցել է հայկական կիրակնօրեայ դպրոցների գործունէութեանն ու երազել ամէնօրեայ վարժարանի մասին: Յետագայում նա իր ունեցուածքը՝ շուրջ $300,000 տոլար, կտակել է այն դպրոցին, որ պիտի ունենար միջնակարգ, ինչպէս մենք ենք ասում՝ երկրորդական բաժին: Ծնունդով լիբանանցի Գ. Ինճէճիկեանը, որը ԱՄՆ-ում մանկավարժական կրթութիւն էր ստացել, իրականութիւն դարձրեց Ֆերահեանի երազանքը: Համայնքն էլ զօրավիգ եղաւ եւ ընդարձակուեց դպրոցը: Իր գոյութեան 44 տարիներին մեր վարժարանը տուել է 1750 շրջանաւարտ, որոնց թւում են փաստաբաններ, բժիշկներ, յետագայում համալսարանական կրթութիւն ստացած մարդիկ:
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Վարժարանի սաների հայաստանեան այցելութիւններ կազմակերպւո՞ւմ են:
ԺԱՆ ԳՈՍԱՔԵԱՆ.- Հէնց այդ նպատակով մենք այժմ Հայաստանում ենք: Լոսանճելըսեան որոշ վարժարաններ 10-14 օրով իրենց շրջանաւարտ դասարաններին բերում են Հայաստան: Մենք ուզում ենք, որ շրջանաւարտ դասարանի փոխարէն 11-րդցիները գան Հայաստան եւ Արցախ՝ ծանօթանան պատմամշակութային յուշարձաններին: Կարծում եմ՝ Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Մաշտոցի գերեզմանին, այլ տեսարժան ու պատմական վայրեր այցելելը դաստիարակչական բնոյթ ունի: Այլ բան է, երբ երեխաներն իրենց դպրոցում սովորում են հայոց պատմութիւն ու հայոց լեզու, այլ է, երբ այդ ամէնին հաղորդակից են լինում իրենց պապերի երկրում, ուր բոլոր ցուցանակները հայատառ են, բոլորը հայերէն են խօսում…
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Կրթական ծրագրերն իրականացնելիս ի՞նչ խնդիրների առաջ էք կանգնում:
ԺԱՆ ԳՈՍԱՔԵԱՆ.- Մեր վարժարանում բոլոր հիմնական առարկաները անգլերէն են ուսուցանւում: Ամէն օր մէկական ժամ հայոց լեզու ու հայոց պատմութիւն են անցնում աշակերտները: Ընդհանրապէս մենք որդեգրել ենք Քալիֆորնիայի պետական կրթական ծրագիրը, հետեւում ենք համալսարանների ուղեցոյցներին, որովհետեւ մեր աշակերտների 2/3-ը ընդունւում է 4-ամեայ համալսարաններ, 1/ 3-ը՝ երկամեայ քոլէճներ: Ինչ վերաբերում է հայերէնի ուսուցմանը, մենք աւելի բարդ իրավիճակում ենք, քան Միջին Արեւելքի հայկական գաղութները: Վերջիններս աւելի հայախօս են եւ միատարր՝ հայերէնի իմաստով. յատկապէս արեւմտահայերէնը օգտագործւում է դասական ուղղագրութեամբ: Լոս Անճելըսում այլազանութիւնը շատ է՝ իրանահայեր, հայաստանցիներ, հին ամերիկահայերի սերունդներ, Միջին Արեւելքից եկածների զաւակներ եւ այլն: Մեզ մօտ դպրոցները հիմնականում օգտագործում են արեւմտահայերէնը՝ դասական ուղղագրութեամբ, իսկ որոշներն էլ՝ արեւելահայերէնը՝ դասական ուղղագրութեամբ: Անկախ նրանից, թէ մեր աշակերտի ընտանիքը որտեղից է, մեր դպրոցը հետեւում է արեւմտահայերէն դասական ուղղագրութեանը, ինչը դժուարութիւնների հետ է կապուած…
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ունէ՞ք ոչ-հայ աշակերտներ եւ նրանք կոնկրէտ ձեր դպրոցում քանի՞ տոկոս են կազմում:
ԺԱՆ ԳՈՍԱՔԵԱՆ.- Չնչին տոկոս… Դպրոցներ կան, ուր օտարազգի երեխաներ գրեթէ չկան, կամ 1-2-ն են: Տարբեր պատճառներով են գալիս հայկական դպրոցներ, օրինակ, երբ տունը մօտ է կրթօճախին, կամ նրանց ծնողները հաւանում են վերջինիս կրթական ծրագիրը: Ամերիկեան օրէնքներով երեխան պէտք է միջնակարգ դպրոցը աւարտելիս՝ անգլերէնից զատ, մի երկրորդ լեզու էլ իմանայ, շատերն էլ ասում են՝ փոխանակ սպաներէն, գերմաներէն սովորելու, թող երեխաս հայերէն սովորի: Օրինակ, մենք ունենք երկու արաբ երեխայ, որոնք գրում, կարդում եւ հրաշալի խօսում են հայերէն:
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Հետաքրքիր է, հայութեան ո՞ր շերտն է երեխաներին բերում հայկական դպրոց-վարժարաններ:
ԺԱՆ ԳՈՍԱՔԵԱՆ.- Դա նախ եւ առաջ պայմանաւորուած է նիւթական ապահովութեամբ: ԱՄՆի հայկական դպրոցներում տարեկան վարձը $5000-$8000 է, եւ ամէն ընտանիք չէ, որ ի վիճակի է նման ծախսեր անելու: Երբեմն դիմումներ են գրում զեղչի ակնկալիքով, դպրոցներ կան մինչեւ 50 տոկոս զեղչ են անում, մենք էլ շուրջ երկու հարիւր աշակերտների համար 50 տոկոս զեղջ տալիս ենք, առաւել բոլոր միայնակ մայրերի զաւակների պարագայում, ՀՕՄի ու միւս բարեսիրական կազմակերպութիւնների աջակցութեամբ տալիս ենք $1000ի չափ օգնութիւն՝ անշուշտ 50 տոկոս զեղջի հետ:
Նորեկ ամերիկահայերից շատերը թէեւ գումար ունեն, բայց գերադասում են շքեղ տուն ու մեքենայ գնել, քան երեխային հայկական դպրոց տալ: Հաւանաբար, մտածում են՝ միեւնոյն է, իրենց ընտանիքներում հայախօսութիւնը, հայ լինելու գիտակցութիւնը պահպանուած է եւ կարիք չկայ երեխային հայկական դպրոց ուղարկել: Այս մտայնութիւնը տարածուած է յատկապէս Հայաստանից եկածների շրջանում: Եթէ Կլէնտէյլի, Նորթ Հոլիվուտի պետական դպրոցների աշակերտութեան 40-50 տոկոս -ը հայեր են, ապա գաղութներ կան, ուր հայերը սակաւաթիւ են եւ հայկական դպրոցն ուղղակի փրկարար դեր է կատարում:
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Հայերէնի ի՞նչ դասագրքեր էք օգտագործում:
ԺԱՆ ԳՈՍԱՔԵԱՆ.- Լոս Անճելըսի դպրոցների գրեթէ կէսը պատկանում է Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաջնորդարանին եւ նրա հովանու ներքոյ է գործում: Այս դպրոցներում օգատործւում են Առաջնորդարանի կրթական մարմնի կողմից ամերիկահայ երիտասարդի հայոց լեզուի ու պատմութեան ուսուցման, նաեւ դաստիարակութեան համար յատուկ պատրասուած գրքեր: Կիրառւում են նաեւ Մուշեղ Իշխանի, Յարութիւն Քիւրքչեանի գրքերը:
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ամէն տարի Հայաստանում կազմակերպւում են սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, դրանք որեւէ բան տալի՞ս են ձեզ:
ԺԱՆ ԳՈՍԱՔԵԱՆ.- ԿԳՆ կողմից կազմակերպուած մի քանի սեմինարի էլ ես եմ մասնակցել: Այնքա՜ն շատ էին հաւաքուածներիս տարբերութիւնները: Ախր ռուսական սփիւռքը, Միջին Արեւելքի սփիւռքը, Արեւմտեան սփիւռքը խիստ տարբեր հասկացութիւններ են, տարբեր են նաեւ ամէնօրեայ դպրոցների ու կիրակնօրեայ, արեւելահայերէնի ու արեւմտահայերէնի, հին ու նոր ուղղագրութիւնների հետ կապուած խնդիրները: Այս ամէնն այնպիսի այլազանութիւն է ստեղծում, որ միայն սեմինարով ոչնչի չենք հասնի, գուցէ մեծ ուսումնասիրական կեդրոն պիտի ստեղծուի՝ այդ հարցերին լուծում տալու համար, որը միայն ՀՀ ԿԳ նախարարութեան մակարդակով ու նախաձեռնութեամբ կը լինի: Յարկ է, որ ԿԳ նախարարութիւնը մտածի գաղութների համար դասագրքեր ստեղծելու մասին, որոնց մասնակից պիտի լինեն այդ գաղութների ուսուցիչները: Ամերիկահայութեան ու քանատահայութեան համար ուրիշ դասագրքեր պիտի լինեն, արաբական աշխարհի հայութեան համար՝ այլ, Ռուսաստանի հայութեան համար՝ մէկ այլ: Սփիւռքին պիտի տիրութիւն անել ուսուցիչներ վերապատրաստելու ու նրա համար դասագրքեր ստեղծելու ճանապարհով: Տարբեր գաղութների ուսուցիչների վերապատրաստումը տարբեր պիտի լինի՝ համաձայն հայկական համաշխարհային տարբեր ենթամշակոյթների կարիքների: Միջին Արեւելքի համար պատրաստուած ուսուցիչն ԱՄՆի համար յարմար չէ: Ես մի առաջարկ ունեմ, թող միջնակարգը աւարտած մեր աշակերտը մինչեւ համալսարան ընդունուելը մի տարի Հայաստանում հայերէն սովորի ու համապատասխան վկայական ստանայ, կամ թէկուզ 3-6 ամսով խտացուած դասընթացի հետեւի: