«ԱՍՊԱՐԷԶ».- Փարիզի իրաւաբանական գրասենեակի անդամ Պատրիկ Արապեան ֆրանսահայ յայտնի փաստաբաններէն է: Արդէն 25 տարիէ ի վեր, ան կ’աշխատի մարդկային իրաւունքներու պաշտպանութեան հարցերով: Հեղինակ է շարք մը զեկոյցներու՝ Մարդկային իրաւունքներու միջազգային դաշինքի (FIDH) եւ Փաստաբաններու միջազգային միութեան համար: Ան վերջերս ստանձնած է նաեւ «Միասնական Չաւախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալեանի պաշտպանութիւնը՝ վրացական դատարանի առջեւ:
Ստանձնելով զէնքի ապօրինի պահպանման մեղադրանքով 2008ի Յուլիս 21ին ձերբակալուած «Միասնական Չաւախք» ժողովրդավարական դաշինքի ղեկավար Վահագն Չախալեանի պաշտպանութիւնը՝ Արապեան անցեալ ամիս այցելած էր Ախալքալաք, Ախալցխայ եւ Թիֆլիս:
Ստորեւ կը ներկայացնենք «Ֆրանս-Արմենի» թերթին Պատրիկ Արապեանի հարցազրոյցէն հատուածներ.
«ՖՐԱՆՍ ԱՐՄԵՆԻ».- Պրն. Արապեան, կարո՞ղ էք համառօտ ներկայացնել Չախալեանի գործը: Դրա հետ կապուած, ի՞նչ կարողացաք պարզել Ախալքալաք եւ Ախալցխա Ձեր կատարած ուղեւորութեան ընթացքում:
ՊԱՏՐԻԿ ԱՐԱՊԵԱՆ.- Ախալքալաքում իմ կողմից հարցաքննուած վկաների մեծ մասը արդէն մի քանի ամիս ընթացող ջաւախքահայ երիտասարդութեան դէմ յարուցուած գործերում ներգրաւուած անձինք են: Վահագն Չախալեանի, նրա ընտանիքի եւ ազգականների նկատմամբ ոստիկանական համակարգուած ճնշում էր գործադրւում դեռեւս տարուայ սկզբից՝ ինչի նպատակն էր պրն. Չախալեանին դրդել սխալ քայլերի՝ նրան ձերբակալելու նպատակով:
Այս հնարքը, սակայն, չգործեց:
Եւ ահա, Յուլիսի 17ի կէսգիշերին, ոստիկանապետի տան կողքին տեղի ունեցաւ պայթիւն, որը եւ «Միասնական Չաւախք» ժողովրդավարական դաշինքի անդամների վրայ յարձակման պատճառ դարձաւ: Ամէն ինչ արւում էր, բնականաբար, առանց մարդու իրաւունքների տարրական նորմերը հաշուի առնելու: Այս խղճուկ դիմակահանդէսը կարող էր ընդամէնը ժպիտի արժանանալ, եթէ մինչ օրս դեռեւս լիովին չբացայայտուած այդ իրադարձութիւնների ժամանակ չսպանուէին ազգութեամբ հայ երկու ոստիկան:
Անհրաժեշտութիւն առաջացաւ Թբիլիսիից յատուկ նշանակութեան ուժեր ուղարկել Վահագն Չախալեանին ձերբակալելու գործում տեղական ոստիկանութեանը օժանդակելու նպատակով: Սա փաստում է, որ այս հարցում կենտրոնական իշխանութիւնները եւ Ախալքալաքի ոստիկանապետը գործում էին համագործակցաբար:
Վահագն Չախալեանի ձերբակալութեան օրուանից, այն է՝ 2008ի Յուլիսի 21ից, վրացական իշխանութիւններն անում են ամէն ինչ՝ տեղի ունեցածի քաղաքական էութիւնը քողարկելու, խոչընդոտելու եւ աղաւաղելու համար: Իրաւական տեսանկիւնից ո՛չ մի էական ապացոյց, խուզարկութեան եւ ո՛չ մի լիարժէք արձանագրութիւն, ո՛չ ոստիկան եւ ո՛չ մի վկայ, խուզարկութեան ընթացքում «յայտնաբերուած» զինամթերքի եւ ո՛չ մի մատնահետքերի փորձաքննութիւն, մեղադրեալների ո՛չ մի հարցաքննութիւն:…
«ՖՐԱՆՍ ԱՐՄԵՆԻ».- Ներկայումս ինչպիսի՞ն է իրավիճակը Չաւախքում:
ՊԱՏՐԻԿ ԱՐԱՊԵԱՆ.- Ես մեկնել էի Չաւախք Վահագն Չախալեանի ծնողների հետ հանդիպելու: Այնտեղ տեսայ մարդկանց, որ ապրում են ոստիկանապետ Սամուէլ Պետրոսեանի ահի տակ: Հանդիպելով եւ խօսելով Վահագն Չախալեանի գործին առնչուող այլ անձանց հետ՝ ինձ համար պարզ դարձաւ, որ վրաց իշխանութիւնները յուլիսեան ձերբակալութիւններով շատ աւելի հեռահար նպատակներ են հետապնդում:
Չաւախքի առանձնայատկութիւնը կայանում է նրանում, որ բնակչութեան շուրջ 90-95 տոկոսը հայեր են: Վրաստանի իշխանութիւններն այստեղ չունեն ճնշում գործադրելու անմիջական լծակներ, հետեւաբար նրանք ստիպուած են օգտուել Չաւախքի ոստիկանական ծառայութիւններից՝ ահաբեկութեան միջոցով իրենց օրէնքի ուժը հաստատելու համար:
Սամուէլ Պետրոսեանի ոստիկանապետի պաշտօնում նշանակման օրուանից ի վեր՝ 2006 թուականի կէսերից, տեղի են ունեցել ու շարունակւում են ունենալ Ախալքալաքի շրջանի մի շարք քաղաքականապէս ակտիւ (գործունեայ-Խմբ.) երիտասարդների ձերբակալութիւններ, որոնց նկատմամբ այնուհետեւ կայացւում են տարբեր դատավճիռներ՝ տուգանքներից մինչեւ բանտարկութիւն: Վահագն Չախալեանի կալանաւորումից յետոյ այս հալածանքները բազմապատկուել եւ նոր թափ են ստացել:
Բացի դրանից, աշխարհագրական մեկուսացուած վիճակն ու տնտեսական ճգնաժամը Չաւախքի համար որոշակիօրէն դժուարացնում են Վրաստանի միւս հատուածների հետ մշակութային եւ սոցիալական ամբողջութիւն կազմելը՝ մի տեսակ մարգինալացնելով (լուսանցքային դարձնելով-Խմբ.) երկրամասը: Հայերի մեծ մասը չի տիրապետում վրացերէնին՝ ինչը նրանց համար էապէս դժուարացնում է վարչական իշխանութեան, ոստիկանական եւ իրաւապահ մարմինների հետ հաղորդակցուելու հնարաւորութիւնը եւ գործնականում անհնարին դարձնում նրանց նկատմամբ գործած կամայականութիւնների եւ իրենց մարդկային տարրական իրաւունքների ոտնահարման դէմ այլ կառոյցներում բողոքելը:
«ՖՐԱՆՍ ԱՐՄԵՆԻ».- Ի՞նչ է սպասում Չաւախքին մօտակայ ապագայում:
ՊԱՏՐԻԿ ԱՐԱՊԵԱՆ.- Չաւախքի հայութիւնը գտնւում է վրաց իշխանութիւնների կողմից լարուած որոգայթի մէջ. ընդ որում, այդ որոգայթը լարուած է ոչ միայն հայերի, այլեւ Վրաստանի բոլոր փոքրամասնութիւնների համար: Նման քաղաքականութիւնը արդիւնքի հասաւ Վրաստանում բնակուող քրտերի պարագայում, որոնք լքեցին երկիրը ոստիկանութեան ճնշումների հետեւանքով:
Վահագն Չախալեանի անցած կեանքի ուղու մէջ ոչինչ չէր կարող նախանշել, որ մի օր նա կը դառնայ Վրաստանի հասարակութեան թշնամի, քանի որ նրա շարժումը չէր պարունակում անջատողական կամ անկախացման պահանջ:
Նրա հիմնական պահանջը տարածաշրջանում վրացերէնի հետ համատեղ հայերէնի օգտագործման օրինականացումն էր: Ուստի, նրա ձերբակալութեամբ վրաց իշխանութիւնները փորձում են Չաւախքի հայերին դրդել ծայրայեղութեան եւ արտագաղթի:
Ապագայի հեռանկարները բաւ