Կիրակի, Մարտ 1ին ՀՕՄի Շրջանային վարչութեան յարկի ներքոյ տեղի ունեցաւ Խոսրով Ղարախանեանի «Յուշեր եւ Պատմուածքներ» հատորի գինեձօնը, որի մեկենասներն էին տոքթ. Հրաչ եւ Անէթ Եդգարեանները:
Ձեռնարկը կազմակերպուել էր ՀՕՄի Շրջանային վարչութեան Հայաստան-Արցախ յանձնախմբի կողմից:
Ձեռնարկի հանդիսավարն էր ընկհ. Արաքս Դաւթեանը, որը նաեւ Հայաստան-Արցախ յանձնախմբի ատենապետուհին էր:
Ընկհ. Արաքս Դաւթեանը նախ ներկայացրեց արձակագիր գրող Խորէն Արամունին՝ տալով նրա գրական աշխարհի, խոր ու ինքնատիպ ոճի մասին, որը ներկայացնելու էր «Յուշեր եւ պատմուածքներ» գրքի մեկնաբանութիւնը:
Բեմ հրաւիրուելով Խորէն Արամունին սկսեց արտայայտուել ուսումնասիրած գրքի մասին: Նախ խօսեց հեղինակին մասին, որ նա բռնել է, իր գրական ճամբան, այն տարիքում երբ չի փնտռում ո՛չ փառք եւ ո՛չ էլ համարում, այլ նա գրել է իր ապրած միջավայրի, իրական այնպիսի դէպքերի մասին, որոնք տարիներ կուտակուել են հեղինակի յիշողութեան մէջ եւ ահա լինելով իր ստեղծագործութեան երրորդ հատորը՝ բաւական է նշել մի քանի հատուածներ, ուր ընթերցողը խորին համոզումով շփւում է, մարդկային կենցաղի, վիշտն ու ուրախութիւնը, զրկանքն ու անկեղծութիւնը ճաշակելով: Խորէն Արամունին սկսեց գրքի առաջին պատմուածքից՝ «Ձմերուկը», որը ներկայացնում է, թէ ինչպէ՛ս հայ երիտասարդ եւ կատակասէր Ասատուրը, փորձում է մի ձմերուկ գողանալ Մաշտի Հասանի բեռնաւորուած էշի վրայից. սակայն փորձը անյաջող վերջաւորութիւն է ունենում եւ Մաշտի Հասանը ճանաչելով հայերին՝ ասում է. «Քիխա դուք որ գողութիւն անել չգիտէ՛ք, գողութեան սովոր չէք, ինչո՞ւ էք փորձում ձմերուկ գողանալ»:
Խորէն Արամունին թերթատելով գրքի էջերը՝ խօսում էր նաեւ հեղինակի պատմելու ոճի, պարզութեան, այն բոլոր ճշմարտութիւնների մաիսն, որոնք մարդկային վսեմ թախիծով շաղախուած են: Նա ունի ուրոյն եւ ինքնատիպ մի աշխարհ, ցուցաբերում է իր սէրը դէպի իր միջավայրը, դիպուկ գծերով պատմելու մի ոճ, որ միայն Խոսրով Ղարախանեանին է: Արամունին յիշատակեց «Աչքաւոր Խաճիկը», որ նա թէեւ կոյր էր, սակայն կալ էր կալսում, խաղող քամում, խնոցի հարում, որ ձեռքը չպարզի աղքատութեան:
Խորէն Արամունին պատմուածքների մէջբերումներով նաեւ խօսում էր գրուածքի բարոյական արժէքների մասին, որ տալիս է հոգեւոր խորհուրդ եւ իմաստ. վերջում Արամունին նշեց Խոսրով Ղարախանեանի մաքուր, թախծագին, յուշերի մասին, որ հեղինակը նկարագրել է տարբեր տեսանկիւններից, նրա կեանքի պատահական ու անցողիկ դէպքերը հեղինակի կողմից ներկայացուել են, որպէս հիմնական ու բնորոշ, եւ ճիշդ այդ տեղից է բխել «Յուշեր եւ Պատմուածքներ» հատորը:
Այնուհետեւ հանդէսը խանդավառեց Հեղինէ Հարպոյեանը իր հրաշալի կատարումով, դաշնամուրի ընկերակցութեամբ Գոլորիա Միքայէլեանի:
Օրուայ հանդիսավար Արաքս Դաւթեանը, այս անգամ բեմ հրաւիրեց ՀՕՄի Շրջանային վարչութեան ատենապետուհի Ռիմա Պօղոսեանին: Նա ջերմօրէն շնորհաւորեց հեղինակի կատարած աշխատանքի համար, նաեւ բարձր գնահատեց Խոսրով Ղարախանեանի այն գաղափարը, որ գրքերի վաճառման հասոյթը յատկացուելու է ՀՕՄի Որբերի Ֆոնդին, ասելով՝ դա մի ուրախութիւն է պատճառում բոլորին, համակում է բարութիւն:
Ընկհ. Ռիմա Պօղոսեանը բեմ հրաւիրեց Շրջանային վարչութեան անդամ Մաքօ Սեդրակեանին՝ հեղինակին նուիրելու Ուիլեըմ Սարոյեանի պատկերով քանդակուած յուշանուէրը: Ապա, տէր Կոմիտաս քհնյ. Թորոսեան կատարեց գինեձօնի արարողութիւնը:
Այնուհետեւ տեղի ունեցաւ հատորի մակագրութիւնը հեղինակին կողմէ: