Աուտիզմը մանկական հիւանդութիւն է՝ զարգացման բարդ խանգարում, որը հիմնականում ի յայտ է գալիս երեխայի կեանքի առաջին երեք տարիների ընթացքում եւ համարւում է նեարդաբանական խանգարման հետեւանք: Հիւանդութիւնը ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրայ, խոչընդոտում հաղորդակցմանը: 2007ին հիւանդութիւնների կանխարգելման կենտրոնները հրապարակեցին, որ 3-14 տարեկան 150 երեխայից 1ի մօտ ախտորոշւում է աուտիզմ: Վերջին տասնամեակում, հազուադէպ հանդիպող աուտիզմ հիւանդութիւնը երկրաչափական պրոգրեսիայով (չափերով առաջանալով-Խմբ.) աճել է ամբողջ աշխարհում եւ նկատւում է 100.000ից՝ 60ի մօտ:
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրուան նուիրուած կլոր սեղանին հրաւիրուել էին մասնակցելու հոգեբոյժներ, մանկաբոյժներ, առողջապահութեան բնագաւառի շահագրգիռ մասնագէտներ մեր երկրից, ԱՄՆից եւ Գերմանիայից: Կլոր սեղանը կազմակերպել էին «Առաջինը երեխաներին» բարեգործական կազմակերպութիւնը (նախագահ» բժիշկ Նանի Օսկանեան), ՄԱԿի մանկական հիմնադրամը, Երեխաների առողջութեան պահպանման ասոցիացիան եւ «Աուտիզմ յաղթահարում»ը:
Նանի Օսկանեանը բացելով քննարկումը խիստ կարեւոր ու առաջնահերթ համարեց աուտիզմի վաղ ախտորոշումը, լուրջ հետազօտութիւններն ու համապատասխան միջոցառումների կիրառումը, «որովհետեւ կայ վտանգ, որ աուտիզմը դառնում է իսկապէս գլոբալ էպիդեմիա (համաճարակ-Խմբ.) եւ Հայաստանում անդրանիկ կլոր սեղան անցկացնելը հրատապ է, քանզի բոլորս մտահոգուած ենք այդ հիւանդութեամբ տառապող 180 երեխաներով ու փնտրում ենք հնարաւոր ճանապարհներ նրանց օգնելու համար»: Այսօր աշխարհում 67 միլիոն մարդ տառապում է աուտիզմով, եւ կայ կարծիք, որ շատ երկրներում այդ հիւանդութիւնը երեխաների մօտ աւելի յաճախ է հանդիպում, քան ՄԻԱՀ-ՁԻԱՀը (Էյտզ-Խմբ.), շաքարախտն ու քաղցկեղը միասին վերցրած: Զեկուցողները գտնում էին, որ անհրաժեշտ է միասնական աշխատանք տանել երեք ուղղութեամբ՝ վաղ յայտնաբերման եւ նորագոյն բուժման մեթոդների կիրառում, հանրութեան իրազեկում ու ինտէգրում, եւ որ ամենակարեւորն է, շարունակել կատարել հետազօտութիւններ եւ հարցումներ:
Մասնագէտները նշում էին, որ այսօր հէնց իրենք էլ պատրաստ չեն ճիշդ եւ ժամանակին ախտորոշելու, ինչպէս նաեւ վաղ միջամտութիւններ ձեռնարկելու:
«Առաջինը երեխաներին» բարեգործական կազմակերպութիւնը աուտիզմով հիւանդ երեխաների համար բացել է մի դպրոց իր յատուկ մեթոդաբանութեամբ, համապատասխան մասնագէտների հսկողութեան տակ, որպէսզի այդ դպրոցի սաները չափահաս դառնալուց յետոյ դժուարութիւնների առաջ չկանգնեն: Սակայն այսօր պետական հոգածութեան կարիք է զգում նաեւ այդ շատ կարեւոր կենտրոնը, չնայած որ ունի հովանաւորներ, յանձինս «Վիւասել»ի ու «Գրանդ հոլդինգ»ի ղեկավարների:
«ԱԶԳ»