ՎԱՐԹԻԿ ԲԱԼՈՅԵԱՆ
Վերջերս Լոս Անճելեսում իր համերգային շրջագայութիւնն աւարտեց »Սայեաթ Նովա« աշուղական երգի վաստակաւոր անսամբլը՝ ղեկավարութեամբ Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ) վաստակաւոր արտիստ, պրոֆէսոր Թովմաս Պօղոսեանի։
Անսամբլը հայրենիքից բերելով հայ աշուղական մաքրամաքուր, կլասիկ (դասական) արուեստը, հանդիսատեսի սրտերն ու հոգիները լցրեց կարօտի կանչով, խինդ ու երազով, հայրենիքը լքելու դառն արտասուքով։
»Սայեաթ Նովա« անսամբլի ծրագիրը հարուստ է ու բազմազան։ Ծրագրում ընդգրկուած են 18րդ դարից մինչեւ մեր օրերի հայ աշուղների գրեթէ 350-400 ստեղծագործութիւններ։ Անսամբլը, իր գեղեցիկ կեցուածքով եւ կարգապահութեամբ, Փետրուարի 22ին, Glendale High Schoolի համերգասրահում, ուղիղ ժամը 7ին, հնչեցրեց մեծն æիւանու »Աշուղ«ը։ Անսամբլը հանդէս եկաւ ամբողջական կազմով, 18 երաժիշտ կատարողներով եւ հայ ազգային նուագարաններով։ »Սայեաթ Նովա« անսամբլը իր հետ բերել էր մի բացառիկ ծրագիր. ան ծաղկաքաղն էր Սայեաթ Նովայի, æիւանու, Աշոտի, Հաւասու, Ներսիկ Իսպիրեան աշուղի։ Անսամբլի երգացանկը մատչելի էր ու հասանելի թէ մեծին, թէ փոքրին։ Ազդեցիկ ու հմայիչ երգերով նուաճեցին ժողովրդի սէրն ու համակրանքը։ Ինչպէս նշուած էր մի այլ յօդուածում, բեմ հրաւիրուեց »հայ աշուղական երգի թագաւորը«, իշխանատես, հմայիչ տեսքով ու խօսքով, իրեն յատուկ համեստութեամբ երգիչ-արուեստագէտը՝ Թովմաս Պօղոսեանը, իր հոգեզմայլ ու թովիչ ձայնով՝ հանդիսատեսի հոգիներն ու կարօտակէզ սրտերը լցնելու հայրենի երգով։ Համերգը բարձր գնահատուեց հանդիսատեսի կողմից, որի վկայութիւնն էր ծափողջոյնների տարափը։
Մարտի 14ին նոյն համերգասրահում կայացաւ երկրորդ եւ վերջին համերգը, որը հանդիսատեսին մատուցեց բազմաթիւ անակնկալներ, սրանց թւում նաեւ չլսուած ու չկատարուած աշուղների ստեղծագործութիւններ։ Համերգին ներկայ էին Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի առաջնորդ Տէր Յովնան արք. Տէրտէրեանը, ազգային բարերար տիար Վահէ Կարապետեանը, մտաւորականներ, արուեստագէտներ եւ վերջապէս մի հասարակութիւն որը գիտակցում է հայ ազգային մաքրամաքուր արուեստի արժէքն ու նշանակութիւնը, կարեւորութիւնը։ Համերգը պսակուեց մեծ յաջողութեամբ, որի վկան դարձան բազմաթիւ հեռախօսազանգեր, մամուլում գովասանքի ու մեծարման խօսքեր, արձագանգներ։ Կարծես թէ հանդիսատեսի արեան մէջ ներարկուեց հայ աշուղական երգը. դրանք հայ աշուղական արուեստի թանկագին մասունքներն են։
Խօսելով մեծ արուեստագէտի՝ ՀՀ վաստակաւոր արտիստ Թովմաս Պօղոսեանի մասին, հարկ է նշել նրա գրեթէ 35ամեայ գործունէութեան մասին։ Գուցէ մի 35 էջ էլ հարկաւոր լինի գրելու, որովհետեւ նրա գործունէութեան իւրաքանչիւր օրն ու տարին յագեցած են պատմական նշանակութիւն ունեցող փաստերով որի վառ ապացոյցն է æիւանու 150 անտիպ երգերի ժողովածուն, նոյնպէս æիւանու անուան դպրոցի հիմնադրումը եւ բազմաթիւ թանկագին գործեր, որոնք կը դառնան ազգի սեփականութիւնը։
Թովմաս Պօղոսեան ունի մէկ առաքելութիւն. այն է՝ ծառայել հայրենիքին եւ հարազատ ժողովրդին։
Թովմաս Պօղոսեան ծնուել է Լոռուայ Սաչապետ գիւղում. միջնակարգ կրթութիւնը ստացել է Թիֆլիսում, այնուհետեւ վերադառնալով հայրենիք, սովորել եւ աւարտել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր-Խմբ.) մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Բանասիրական կրթութիւն ստանալուց յետոյ Թովմաս Պօղոսեանը զուգահեռաբար որոշեց զբաղուել բանահաւաքութեամբ, փայփայելով յետագայ կարեւորագոյն ծրագրեր։ Այսօր նա ունի 6000ից աւելի երգերի հաւաքածու։ Իր բեղմնաւոր ու ժրաջան աշխատանքի ու գործունէութեան շնորհիւ, նա իրականացրեց ոչ իրագործելի կամ ամենեւին անհնարին թուացող մի շարք կառոյցներ, որոնք դարձան հայ մշակոյթի խթաններ։
Աւարտելով Երեւանի Պետական Կոնսերվատորիան միաժամանակ ունենալով բանասիրական կրթութիւն, ուժերը մէկտեղելով, նա խորամուխ եղաւ աշուղագիտութեան մէջ։ Պօղոսեան արուեստագէտի ստեղծագործական ուղին բազմաբովանդակ է։ Որքան էլ որ խուսափենք նրա անունը հոլովել, սակայն ամէն ինչի արարում պտտւում է նրա անուան շուրջը։ Թ. Պօղոսեանը քաջ գիտակցում էր աշուղական երգի զարգացումն ու կարեւորութիւնը։
1992թ. երբ հայրենիքը ճգնաժամ էր ապրում, նա իր երկաթեայ կամքով ու եռանդով լեցուն, պատրաստ հնարաւորինը անելու, վերստեղծեց »Սայեաթ Նովա« աշուղական երգի անսամբլը, իր շուրջը հաւաքելով պրոֆէսիոնալ, տաղանդաւոր երաժիշտների։ Թովմաս Պօղոսեանի երազն էր վերստեղծել վաղուց լուծարուած անսամբլը, ստեղծուած Շարա Տալեանի կողմից, ընդամէնը 5 երաժիշտ կատարողներով, ապագայում փոխանցուելով Վաղարշակ Սահակեանին, որը հայ աշուղական արուեստի փայլուն եւ անզուգական մեկնաբանն էր։
Թովմաս Պօղոսեան արուեստագէտի մասին կարելի է անվերջ խօսել՝ եթէ գրելու լինենք նրա գործունէութեան եւ վաստակների մասին։ Թովմաս Պօղոսեանը բանասիրական գիտութիւնների թեկնածու է, աշուղական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր, Երեւանի Կոմիտասի անուան Պետական կոնսերվատորիայի դասախօս, Մովսէս Խորենացու մետալակիր։ Նա ստեղծեց »Սայաթ-նովա« մշակութային Միութիւն, աշուղագիտական կենտրոն, որտեղ իր շուրջն է հաւաքել շուրջ չորս տասնեակ մերօրեայ աշուղների, որոնց ստեղծագործութիւնների պաշտպանն է։ Նրա ստեղծա-գործական գործունէութեան եւ ձեռքբերումների գագաթնակէտը դարձաւ 1995թ. հիմնադրուած »æիւանու« անուան աշուղական դպրոցը, որը կոչուած է սերունդ դաստիարակելու, դպրոց, որտեղ դաստիարակւում են աշուղական երգի օրէնքներով։ Թովմաս Պօղոսեանը քաջ գիտակցում էր որ աշուղական երգը պաշտպանութեան կարիք ունի եւ իրեն յատուկ վճռականութեամբ, գործնական աշխատանք տանում աշուղական երգի զարգացման եւ տարածման գործում։ æիւանու անուան աշուղական դպրոցում սովորում են 150 սաներ, ապագայի երգիչներ։
Թովմաս Պօղոսեանի անուան հետ են կապուած բաւականին լուրջ եւ ծանրակշիռ գործեր, որոնք մեր այսօրուան ու վաղուայ ապագան են, իրենց պատմական կարեւորութեամբ։ Արուեստագէտ, որը կրծքով է պաշտպանում հայ մշակոյթը։ Կարելի է նրան անուանել ոչ միայն մշակոյթի գործիչ, այլ նաեւ մշակոյթի կոթող, որովհետեւ նա այն արուեստագէտն է որ ամէն ինչի ամբողջականութիւնն է՝ բանասէր, բանահաւաք, աշուղագէտ, ազգային երգի գիտակ, տարածող, կատարող, ուսումնասիրող, մանկավարժ, աշուղ, պրոֆեսոր, գիտնական եւ որ ամենակարեւորն է՝ հայրենիքի նուիրեալ զաւակ, արուեստագէտ, որ անքուն ու անդադար գործում է հայրենիքի ապագայի համար, տեսնելով վառ արշալոյսը, յոյսով ու հաւատով ներշնչուած։ Նա իր ժառանգութիւնը անմնացորդ փոխանցում է յաջորդ սերնդին։ Սա մարդկային եզակի տեսակ է։ Աւելորդ չէ նշել որ իր բոլոր կերպարների մէջ է նա եզակի։ Իր նկարագրով, մեծութեամբ, գաղափարներով ու խօսքով, լուրջ եւ կարեւոր գործով շարունակում է մնալ հայրենիքի նուիրեալ զաւակ, հայ մշակոյթի նուիրէալ գործիչ։ Նրա արժէքը անչափելի է։ Բարձր մարդուն հարկաւոր է բարձր մակարդակով խօսք ասել։ Ինչպէս ասել է Պարոյր Սեւակը՝ »կաղնին կտրելուց յետոյ կ՛երեւայ հաստութիւնը«։ Թովմաս Պօղոսեան արուեստագէտին պաշտում ենք նաեւ այն բանի համար որ, խորը ուսումնասիրելով æիւանուն, մեզ է հրամցրել æիւանու փիլիսոփայական գործերը, որոնք շարունակաբար լսելով կարծես կրթւում ու յղկւում ենք։ æիւանու խորութիւնը արժեւորել էր հարկաւոր։ Մօտ ապագայում ընթերցողի սեղանին կը դրուի æիւանու 450 անյայտ երգերի ժողովածուն, կրկին æիւանագէտ, աշուղագէտ Թովմաս Պօղոսեանի աշխատասիրութեամբ։ Հարկ է նշել, որ նրա ստեղծագործական գործունէութիւնը ինչպէս հայրենիքում, այնպէս էլ սփիւռքում արժանացել է բարձր գնահատանքի։ Ամէնուրեք նրա անուան շուրջ գովասանք է խօսւում։ Սա ժողովրդի մեծ սիրոյ վառ ապացոյցն է։
Սիրելի ընթերցող, եկէք մենք էլ այս արուեստագէտի նման սիրենք ու պահպանենք հայ աշուղական երգը, որը մեր գոյութեան նախապայմանն է։