ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉԵԱՆ
Հայկական Ցեղասպանութեան համար հայերից ներողութիւն խնդրելու համացանցային արշաւը սխալ քայլ համարելով՝ Թուրքիայի պատմութեան ակադեմիայի հայկական բաժնի վարիչ պրոֆ. Քեմալ Չիչէքը ճշդեց. «Հարցը ներողութիւն խնդրելու հարց չէ։ Հարցը քարտէզի հարց է։ Իրականութիւնն այն է, որ հայերը պետութիւն էին որոշել հիմնել եւ պետութեան նախագահ էին ընտրել Պօղոս Նուպար փաշային… հայերն իրենց չափը չճանաչեցին»։ («Ասպարէզ», 27 Յունուարի, 2009(։ Մոռացութեան տալով Սեւրի դաշնագիրն ու այն ստորագրած Աւետիս Ահարոնեանին, դրանով իսկ խնդիրը ներկայացնելով որպէս Թուրքիայի տարածքում «չափը չճանաչած» հայերի պետութիւն հիմնելու անօրինական ցանկութիւն, թուրք պրոֆէսորը ոչ միայն մասնաւորաբար իր, այլեւ իր ազգակիցներին ընդհանրապէս յատուկ թուրանական «քարտէզով» դատելու, տարածքներ նուաճելու սեփականացնելու սովորոյթով է խօսում։
Դրան հակառակ, բնաւ էլ ոչ փոքրաթիւ հայեր, քարտէզից եթէ խօսում են, ապա ոչ տեղին ու ժամանակին։ Նոյնիսկ Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանը, գոնէ որպէս պատմական իրողութիւն ընդունելու փոխարէն, ծաղրում են։ Շարունակաբար սեղմուած այդ քարտէզը վերջապէս մի քիչ լայնացաւ պատմական Արցախի ոչ ամբողջական ազատագրումով։ Թուրքի ծաւալապաշտական մտայնութիւնում Հայաստանի ոչ մի քարտէզ չի տեղաւորւում։ Իսկ հայը ստալինեան կամայական սահմաններով ԼՂՀ )ոչ Արցախի( ժողովրդի ինքնորոշման իրաւունքի վահանի տակ պատսպարուելով, ամօթխածօրէն խուսափում է նոյնիսկ ինքն իրեն ներկայանալ Արցախի Հանրապետութեան իրական քարտէզով։ Նշենք օրինակ բազմաքանակ հանդիսատես ունեցող «Շանթ» հեռուստածրագրի շարունակաբար ցուցադրուող քարտէզը։ Բանը հասել է այնտեղ, որ Արցախի ժողովրդի իրաւունքը պաշտպանող մեր դիւանագէտներն ու քաղաքագէտներն էլ ազատագրուած մի քանի շրջանները համարում են իւրատեսակ «ապահովութեան գօտի», փոխանակ պահանջելու առնուազն նաեւ բռնազաւթուած Շահումեանի շրջանը, Մարտակերտի Մարտունիի շրջանների մասերը, որտեղ Ադրբեջանը շարունակեց 1988ի Փետրուարի վերջին Սումգայիթում սկսած, Կիրովաբադում, Ղազախում, Խանլարում, Դաշքեսանում, Մինգեչաուրում, Բաքւում այլուր ծաւալած հայերի ցեղասպանութիւնը՝ կոտորելով ու գաղթեցնելով։
Շահումեանի )նախկին Գիւլիստանի( շրջանի, Մարտակերտի ու Մարտունիի մասերի կորուստը 1992ին, Շահէն Մեղրեանի հաստատումով «Հայաստանի ռազմաքաղաքական պարտութիւնն էր… Ադրբեջանը չլինելով ԱՊՀ անդամ հասել էր այն բանին, որ մէկ անգամ եւս կարողացաւ օգտագործել ԱՊՀի չորրորդ բանակը մեր դէմ… Հայաստանի եւ Արցախի որոշ շրջանակներում կար այն մտայնութիւնը, որ Շահումեանը, վերջին հաշուով, պէտք է տալ, որ դա կարող է թեթացնել ընդհանուր վիճակը, ինչ-որ տեղ հանդիսանալ համարժէք՝ գրաւուած Շուշիի բացուած միջանցքի դիմաց եւ այլն։ Այս միտումը մենք միշտ զգացել ենք, յատկապէս ԼՂՀ նստաշրջաններում։ Ցաւում եմ, որ այդպէս դատողները, պարզապէս, լաւ չեն ճանաչում թուրքին» )«Երկիր», 13 Յունիս, 2000(։ Նոյն ցնորամտութիւնը, նոյն կիսատ-պռատ քարտէզով գոհանալու ախտավարակ հոգեբանութիւնը։
Զօրի Բալայեանը իր «Դժոխքի եւ դրախտի միջեւ. Ղարաբաղեան էտիւդներ» )Մոսկուա, 1995, ռուսերէն( գրքում պատմում է. «Յարձակումը հայկական գիւղերի վրայ կազմակերպեցին Ադրբեջանում, նախկին ԽՍՀՄ (Խորհրդային ընկերվարական հանրապետութիւններու միութեան-Խմբ.) 4րդ բանակի 23րդ դիւիզիայի (զօրամասի-Խմբ.) մնացած մասերը։ Հիպնոսացուած ռուս տղաները, ազերական պրոպագանդից (քարոզչութենէն-Խմբ.) եւ դոլարներից խելակորոյս… հայերին արտաքսում էին դեռս 1813ին ռուսական արիւնով շռայլօրէն ներկուած հայկական հողերից։ Նրանք այդպէս էլ չհասկացան, որ Ղարաբաղեան շարժումը հարկաւոր էր ոչ միայն հայերին, այլեւ ռուսներին։ Այդ տղաները… հազիւ թէ իմանային, որ Գիւլիստանից ոչ հեռու, 1918ի Յունուարին, Շամխոր կայարանում ադրբեջանցիները յարձակուեցին Ռուսաստան մեկնող զօրամասերի գնացքաշարերի վրայ եւ կոտորեցին հազարաւոր ռուս զինուորների»։ Արցախի նշուած հայաբնակ տարածքների կորուստը, ինչպէս բացայայտւում է գրքում, որոշակի առնչւում էր այդ օրերին տարածուող ամերիկեան նախկին սենատոր (ծերակուտական-Խմբ.) Պոլ Գոբլի քարտէզին. «Երկրամասի քարտէզի վրայ ֆլոմաստերով կտրել էր Մեղրին ու Զանգեզուրի մնացած մասից մի կտոր տուել Ադրբեջանին, այսինքն՝ Թուրքիային։ Իմանալով թուրքերի ախորժակի մասին, Գոբլը որոշել էր նրանց տալ նաեւ ողջ Շահումեանի շրջանը, Մարտակերտի Մարտունիի շրջանի մասը։ Այդ ամէնը Լաչինի միջանցքի փոխարէն» )նպատակը՝ Մեղրիի միջանցքով կապելով Ադրբեջանն ու Թուրքիան, նաւթամուղ անցկացնելն էր Միջին Ասիայից Եւրոպա, շրջանցելով Ռուսաստանը, Հայաստանը եւ Իրանը(։ Շահումեանցիների՝ «Մեզ դաւաճանել են» բողոքի լիարժէք պատասխանը դեռեւս չէ տրուած։ Մինչդեռ Գոբլի ծրագիրը բուն Արցախում ճշդօրէն իրականացուել է, եւ ոչ միայն հակառակորդի յարձակման, այլեւ «Հայաստանի իշխանութիւնների պաշտպանութեան նախարարութեան անտրամաբանական քաղաքականութեան արդիւնքում»։ Շահէն Մեղրեանը դիմել է պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանին՝ խնդրելով երեսուն տանկ… «Թէ նախարարի խոստումը ինչ չափով է կատարուել, վկայում են Շահումեանի բոլոր աւերուած ու ծխացող գիւղերը» )«Երկիր», նոյն տեղում(։
Դիւրին չէ պարզել, ուղղակի կապ կա՞յ Գոբլի ծրագրի եւ այդ «անտրամաբանական քաղաքականութեան» միջեւ։ Սակայն անհամոզիչ չէ, որ «Ստեղծուած իրադրութիւնում իշխանութիւնը պահելու համար ՀՀՇ իշխանութիւններն իրագործեցին գաղտնի ծառայութիւններին իւրայատուկ պրոֆէսիոնալ (արհեստավարժ-Խմբ.) դաւաճանական վճիռ՝ թշնամուն յանձնել» վերոնշեալ տարածքները։ Թշնամական տանկերը հայկական թիկունք ներխուժեցին «Վ. Սարգսեանի խոստացած, սակայն այդպէս էլ չժամանած, տանկերի համար ականապատ դաշտում բացուած արահետով», դրա հետեւանքով հայկական զինուժը կրեց անգերազանց որակական քանակական կորուստ, «Այդ օրերին էր, որ թշնամական ծուղակում յայտնուեց եւ կործանուեց «Արաբօ» կամաւորական ջոկատը» )«Կամարակ», Լ. Ա., թիւ 3-4, Նոյեմբեր 2008(։
Որտեղի՞ց էին իմացել ականազերծուած ճանապարհի տեղը։ Կատարուածի ճշգրտումը հանգամանալի քննութեամբ, առաջին հերթին անհրաժեշտ է ազերիների բռնազաւթած այդ տարածքների եւ այնտեղի հայ բնակչութեան վերադարձի խնդիրը պաշտօնապէս բարձրացնելու համար։ Արցախի հայութիւնն ունի դրա լիակատար իրաւունքը։ Ադրբեջանն, ի դէմս Իլհամ Ալիեւի, ոչ միայն ոչ մի քայլ չի նահանջում Ադրբեջանի «ամբողջութեան» )հեռանկարում համաթուրքական կայսրութեան( փծուն գաղափարից, այլ Հայաստանի Հանրապետութեան տարածքն էլ իրենը համարելով լկտիաբար բարբաջում է. -ԼՂ բնակիչները պէտք է ինքնորոշուելու իրաւունք ունենան, բայց «…ինքնորոշումը չպիտի խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը։ Հայերն արդէն ինքնորոշուած են, նրանք իրենց անկախ երկիրն ունեն՝ Հայաստանի անկախ հանրապետութիւնը» )«Ասպարէզ» 30 Ապրիլ, 2009(։
«Ինքնորոշուելն» այստեղ այլ բան չի նշանակում, քան, որ հայութեան պատմական հայրենիքի պահպանուած ներկայ հատուածն էլ թուրքական տարածք է։ Նուաճուած Բոսֆորից մինչեւ Չինաստանի ույղուրները տարածուող քարտէզի սեռուն գաղափարով բորբոքուած թուրք-ազերական լկտիութիւնը, ցայտունօրէն արտայայտուող աշխարհի երկրների հետ յարաբերութիւններում, չափ ու սահման չի ճանաչում։
Մասնաւորաբար, լկտիութիւնը հասաւ այնտեղ, որ Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդէսում Մայիս 10ին Հայաստանի տաղաւար այցելելով, որտեղ ներկայ էր երկրի արտակարգ լիազօր դեսպան Կարէն Նազարեանը, Ադրբեջանի դեսպանը աշխատակիցների հետ պահանջեցին վերցնել Հայաստանի ու ԼՂՀ քարտէզը )«Ասպարէզ», 12 Մայիս, 2009(։ Հարեւան Իրանում էլ նրանք տէրուտիրական են զգում, քանզի հնամեայ Ատրպատականը իրենց ու իրենց «Հարաւային Ադրբեջանն» է, մնացեալ Իրան կոչուածն էլ…
Յետոյ կ՛երեւայ։
Եւ ի՞նչ իրաւունք կարող է ունենալ համաթուրքական ահռելի կայսրութեան մի հողակտորի վրայ «ինքնորոշուած» հայութիւնը, որ հարան երկրի տաղաւարում քարտէզ ցուցադրի առանց «տէրերի» թոյլտւութեան։
Այո, թուրքերին չճանաչողը միայն կարող է չհասկանալ, որ եղած-չեղածը «քարտէզի հարց է» հարց, որին պէտք է տէր կանգնել, հարան թուրք-ազերիներից սովորելով՝ թէ ինչպէ՛ս։