«Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ բոլորը դիմումը գրում են հէնց մէկ ամսով, կարծես թէ ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն արդէն յաղթահարել ենք, կառավարութեանը չի սպասում լարուած աշխատանք։ Այս մօտեցումն անընդունելի է։ Բարձրաստիճան պաշտօնատար անձինք, եթէ նոյնիսկ պէտք է գնան արձակուրդ այս ամրանը, ապա պէտք է այն լինի կարճաժամկէտ եւ Հայաստանում։ Մէկ ամսուայ արձակուրդ նրանք այս տարի չեն ստանալու։ Մեր տնտեսական ցուցանիշներն այս տարի բարւոք չեն, եւ 2009թ. ամենածանր տնտեսական տարին է մեր կառավարութեան համար։ Մենք պէտք է աչալուրջ լինենք», ըսած է Տիգրան Սարգսեան եւ աւելցուցած՝ «Տնտեսական անկման բարձր ցուցանիշները, որ մենք այսօր ունենք, պայմանաւորուած են նաեւ այն յանգամանքով, որ անցած տարուան առաջին վեց ամիսներին ունեցել ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշներ եւ այդ ֆոնի վրայ անկման ցուցանիշները լինելու են բաւականին մեծ»։
Ըստ վարչապետին, պէտք չէ այդ բացատրութեամբ առաջնորդուիլ։ «Տնտեսական ցուցանիշները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցութեամբ վատանում են, եւ մենք ձեզ հետ միասին գիտակցելով այս հանգամանքը՝ պէտք է ծանր բեռը վերցնենք մեր ուսերին։ Այս ամառուան սեզոնը ծանր աշխատանքի սեզոն է լինելու կառավարութեան համար, որովհետեւ ցուցանիշները դեռեւս շարունակում են վատանալ», նշած է Հայաստանի վարչապետը։