Ջաւախքի հինգ հայկական գիւղերու՝ Խոժոռնիի, Չանախչիի, Աղքեօրփիի, Դամիայի եւ Բրդաձորի բնակիչները, բաց նամակով հանդէս եկած են՝ Հայաստանի կառավարական եւ քաղաքական շրջանակներուն փոխանցելով իրենց մտահոգութիւնները:
Ստորեւ կը հրապարակենք սոյն նամակին բնագիրը.
«ՀՀ վարչապետ պրն. Տիգրան Սարգսեանին, ՀՀ արտաքին գործերի նախարար պրն. Էդուարդ Նալբանդեանին, ՀՀ սփիւռքի նախարար տկն. Հրանոյշ Յակոբեանին, ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցութեանը, ՀՀ ԱԺ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեանը, ՀՀ ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան,
Վրաստանի Քուէմօ Քարթլի նահանգի Դմանիսի, Բոլնիսի, Թեթրիծղարոյի եւ Մառնէուլի շրջանները կազմում են պատմական հայկական Գուգարք նահանգի մի քանի գաւառները: Վերջիններս հետագայում ներառուել են Լոռու թագաւորութեան մէջ՝ կազմելով նոյնանուն գաւառը: Այս նահանգը աշխարհագրօրէն մինչեւ վերջին շրջանը համարուել է Հայաստանի Լոռուայ հիւսիսային հատուածը եւ համարուել հայկական պատմական տարածք:
Խորհրդային տարիներին Քուէմօ Քարթլի նահանգում աստիճանաբար սկսեց ուժեղանալ ադրբեջանական գործօնը, իսկ հայերը տարածաշրջանում կամ աստիճանաբար վրացականացւում, կամ հեռանում են: Վրաստանի անկախացման առաջին իսկ օրերից, լքուած եւ փաստօրէն մոռացուած լինելով ՀՀ իշխանութիւնների ու հայ հասարակութեան կողմից՝ հայկական գիւղերի բնակչութիւնը մինչ օրս զգում է, թէ Վրաստանի հակահայկական քաղաքականութեան դրսեւորումները եւ թէ տեղի ադրբեջանցիների ագրեսիւ վերաբերմունքը, որն ուղղուած է հայ ազգային փոքրամասնութեանը վերջնականապէս զտելու նահանգից:
Հակահայկականութեան դրսեւորումները առաւել իրենց զգացնել են տալիս Մառնէուլի հարաւային շրջանում գտնուող հինգ՝ Խոժոռնի, Չանախչի, Աղքեօրփի, Դամիայ, Բրդաձոր հայկական գիւղերում, որոնք մինչ 1930ական թուականները փաստացի գտնուել են Հայաստանի Խորհրդային սոցիալիստական հանրապետութեան կազմում:
Որպէս օրինակ, բերենք մէկ փաստ: Վերջին շրջանում Մառնէուլի շրջանի վրացական Սիոն գիւղի բնակիչների եւ տեղի վրացի պաշտօնեաների միջամտութեամբ հայկական Դամիայ գիւղ մատակարարուող խմելու ջրի հիմնական խողովակը անսպասելիօրէն դադարեց գործելուց եւ հայկական գիւղը ներկայումս մնացել է առանց խմելու ջրի: Յատկանշական է նշել, որ ի պատճառաբանութիւն խողովակի փակմանը շրջանի վրացի եւ ադրբեջանցի պաշտօնեաները նշում են, թէ այդ ջուրը, որն արդէն մի քանի տասնեակ է ինչ անդադար հոսել է դէպի Դամիայ գիւղ, համարւում է վրացաբնակ Սիոն գիւղի սեփականութիւնը եւ հայերին այն չպէտք է հասնի:
Նմանատիպ ագրեսիւ գործողութիւնները վրացիների եւ ադրբեջանցիների կողմից մեզ հինգ հայկական գիւղերի համար նորութիւն չեն եւ դրանք շարունակական բնոյթ են կրում: Յատկանշական է այն փաստը, որ ադրբեջանցիների կողմից հայերի հանդէպ ագրեսիւութիւնը շրջանում ուժեղացել է այն բանից յետոյ, երբ տարածաշրջան ժամանակ առ ժամանակ այցելում են Ադրբեջանական հանրապետութեան Մէջլիսի պատգամաւորական, կառավարութեան, հասարակականքաղաքական ակտիւիստներից կազմուած պատուիրակութիւններ: Այս պատուիրակութիւնների ներկայացուցիչները ակտիւօրէն այցելում են Քուէմօ Քարթլի նահանգի ադրբեջանական գիւղեր, տանում են հակահայկական, հակավրացական ու բացայայտ պրոադրբեջանական քարոզչութիւն:
Մասնաւորապէս յայտնի է, որ վերջերս Մառնէուլ քաղաք այցելած մի խումբ Ադրբեջանի ազգային Մէջլիսի ներկայացուցիչներ յայտարարել են, թէ՝ «Ղարաբաղը շուտով յետ ենք վերցնելու», «թէ ուժեղացնելու ենք ադրբեջանական գործօնը Թբիլիսիի շուրջն ու Ծալկայում», եւ, որ «Ադրբեջան պետութիւնը՝ ի տարբերութիւն Վրաստանի, լուծելու է տեղի ադրբեջանցիների տնտեսական, սոցիալական ու քաղաքական խնդիրները»:
Ելնելով վերը նշուածից, մենք՝ հայկական Խոժոռնի, Չանախչի, Աղքեօրփի, Դամիայ, Բրդաձոր գիւղերի բնակիչներս, ՀՀ կառավարութիւնից ու Ազգային ժողովից պահանջում ենք՝
Ա. Ուշադրութեան կենտրոնում պահել Քուէմօ Քարթլի նահանգի հայաբնակ շրջաններում զարգացող իրավիճակը:
Բ. Լուծումներ տալ տեղի հայ բնակչութեան տնտեսական, սոցիալական հիմնահարցերին եւ տարածաշրջանում հզօրացնել հայկական գործօնը:
Գ. Պատասխանատուութեան ենթարկել ՀՀի այն անձանց եւ կազմակերպութիւններին, որոնք ներկայանում են որպէս վիրահայոց հարցերով «մտահոգ» անձինք, ովքեր իրենց գերպասիւութեամբ, բայց նորանոր գումարներ ստանալով մեր հարցերը լուծելու համար, մեր գիւղերն անտէրութեան են մատնել:
Դ. ՍամցխէæաւախքԾալկա տարածաշրջանի հետ համատեղ ճանաչել Հիւսիսային Լոռու քաղաքական հիմնախնդիրն ու չդիտարկել այն զուտ սոցիալ-տնտեսական կամ սփիւռքի հիմնահարց:
Է. Կազամակերպել ՀՀ հասարակական-քաղաքական, պատգամաւորական ու կառավարական պատուիրակութիւնների այցելութիւններ տեղի հայկական գիւղեր՝ հայ բնակիչների հիմնախնդիրներին մօտիկից ծանօթանալու, վրացական ու ադրբեջանական քմահաճոյքների առջեւ մեզ միայնակ չթողելու համար:
Զ. ՀՀ կառավարութիւնից ՀՀ-Վրաստան սահմանագծի վերաճշդման ընթացքում պահանջում ենք հաշուի առնել մեր գիւղերի հայաբնակ լինելն ու աշխարհագրօրէն Լոռի աշխարհի անքակտելի մաս հանդիսանալը»:
Խոժոռնի, Չանախչի, Աղքեօրփի, Դամիայ, Բրդաձոր գիւղերի բնակիչներ