ՅԱԿՈԲ ԴԱՂԼԵԱՆ
Վերջերս շատ է խօսւում այսպէս ասած հայ-թուրքական »սահման«ի բացման մասին եւ առւում տարբեր մեկնաբանութիւններ այս գործընթացի թերութիւնների եւ առաւելութիւնների վերաբերեալ: Այսօր իմ նպատակը չէ կենտրոնանալ դրա առեւտրատնտեսական հետեւանքների վրայ, քանի որ դա այլ եւ բաւական ծաւալուն թեմա է. ամէն դէպքում, Թուրքիան այնքան էլ մեծ արժէք չի տալիս Հայաստանի պէս փոքր մի երկրի հետ առեւտուր անելուն կամ չանելուն: Այստեղ, իմ կարծիքով, թաքնուած է աւելի հեռահար նպատակներ, որոնք ունեն քաղաքական միտումներ եւ որոնք կարող են օրերից մէկ օր մեզ կանգնեցնել թուրքական հերթական ծուղակի առջեւ:
Հայցը կայանում է նրանում, որ հայ-թուրքական »սահման«ի բացումը ասելով՝ Հայաստանը՝ կամայ թէ ակամայ, ընդունած է լինում այսօրուան սահմանը: Այդ դէպքում, մենք ինչպէ՞ս պէտք է կարողանանք ապացուցել, որ մեր նպատակն է հասնել 1920 թուականի Օգոստոս 10ին, ամերիկացի նախագահ Ուոտրօ Ուիլսընի կողմից գծուած եւ Սեւրի դաշնագրով հաստատուած հայ-թուրքական սահմանի իրականացմանը: Արդեօ՞ք մենք կը կարողանանք շարունակել մեր պայքարը եւ մէկ օր հասնել Սեւրի դաշնագրով հաստատուած Հայաստանին, քանզի այդ նոյն Թուրքիան, այդժամ յաղթածի կարգավիճակով եւ բաւական սառնասրտօրէն չի՞ հրամցնի մեզ մի պարզ հարց՝ »Հապա մենք (թուրքերս) այն ի՞նչ սահման բացեցինք ձեր (հայերի) հետ, տարիներ առաջ, եթէ ոչ հայ-թուրքական. եթէ ունէիք այլ պահանջներ (ինչպէս Սեւրի դաշնագիրն է), ապա մեզ ասէիք այն ժամանակ, միգուցէ նաեւ »քննարէինք« այդ հարցը, այն ժամանակ, երբ բացում էինք սահմանը«:
Ահա այստեղ է, որ մենք չենք ունենալու ոչինչ ասելու, քանզի իրաւունքն արդէն իրենց կողմն է:
Սրանով կը ցանկանայի ամփոփել՝ ասելով, որ ես ոչ թէ հակառակ եմ (միգուցէ մասամբ) սահմանի բացման կամ յարաբերութիւնների բարելաւման Թուրքիայի հետ, այլ այն բառախաղերի, որոնք հետագայում կարող են մեզ դնել անելանելի իրողութեան առջեւ, ասենք թէ՝ ասել ոչ թէ »սահման«ի բացում, այլ՝ »ճանապարհներ«ի բացում, կամ ասենք այլ կերպ՝ »անցակէտեր«ի բացում, եւ այլն:
Մտածենք այդ մասին…