ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Եռամեծար փիլիսոփայ Դաւիթ Անյաղթն ասում էր. «Ինչպէ՞ս կարող է գիտութիւնը սահման ունենալ, երբ տգիտութիւնն անսահաման է»: Նման մի անսահման տգիտութեան ականատես եւ ականջալուր եղանք վերջերս, երբ մի երտասարդ անսխալականութեան երանգը ձայնի մէջ հարց էր տալիս. «Խոյն ու Սալմասնտ էլ հայկական պատմական հողեր են: Ինչու՞ դրանց մասին լռում էք, իսկ Թուրքիայից հողեր էք պահանջում»:
Երիտասարդն ակնյայտօրէն տեղեակ չէր, որ հողային պահանջները (claims to territory) հիմնուած են լինում ոչ թէ պատմութեան, այլ միջազգային իրաւունքի համապատասխան փաստաթղթերի վրայ: Միջազգային յարաբերութիւնների մէջ որեւէ տարածքի օրինական իրաւատիրութիւնը (legal possession) որոշւում է ոչ թէ պատմական անցեալով կամ փաստացի տնօրինմամբ, այլ այդ տարածքի նկատմամբ ճանաչուած տիտղոսով (title to territory): Երբ պատերազմի ժամանակ մի երկիրը միւսից տարածք է գրաւում տուեալ տարածքը շարունակում է մնալ տուժած երկրի տարածքն այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան փաստաթղթով չի ամրագրուել տարածքի տիտղոսի փոխանցումը: Դա շատ նման է առօրեայ կեանքին: Քանի դեռ դուք համապատասխան փաստաթղթով չէք ձեւակերպել ձեր իրաւունքը որոշակի հողակտորի վրայ, այն ձերը չէ, անկախ այն բանից, քանի տարի էք ապրում այդտեղ կամ քանի կառոյց ունէք դրա վրայ:
Հիմա Խոյի եւ Սալմաստի մասին: Խոյի եւ Սալմաստի վրայ Իրանի (պարսկական) տիտղոսը ճանաչուել է 1639 Մայիսի 17ի թուրք-պարսկական պայմանագրով, ապա այն վերահաստաւել է 1746թ. Սեպտեմբերի 4ի, 1823թ. Յուլիսի 28ի եւ 1847թ. Մայիսի 31ի պայմանագրերով: Չկայ մի որեւէ գործող իրաւական փաստաթուղթ, որով Խոյն ու Սալմասը ունենան Հայաստանի Հանրապետութեան տիտղոսը: Աւելին, Փարիզի խաղաղութեան վեհաժողովը (1919-1920թթ.) հաստատել է նախկին Ռուսական կայսրութեան Պարսկաստանի հետ ունեցած սահմանը, որպէս նորաստեղծ Հայաստանի Հանրապետութեան եւ Պարսկաստանի սահման: Պա՞րզ է:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ հողային պահնջներ ունենալուն, ապա եթէ խնդրին տանք ճշգրիտ իրաւականօրէն ձեւակերպում (legal definition), ապա մենք ոչ թէ Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետութեան տարածքի մի մասի անօրինական բռնազաւթմանը: Այդ տարածքը որոշւում է ոչ թէ պատմութեամբ, այլ տարածքի նկատմամբ առկայ օրինական, հայկական տիտղոսով: Այսպէս, նախկին Օսմանեան կայսրութեան Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների համապատասխանաբար 63%, 66%, 100% եւ 75% տարածքը de jure պատկանում է Հայաստանի Հանրապետութեանը, ոչ թէ այն պատճառով, որ դրանք եղել են «պատմական հայկական հողեր» կամ ցեղասպանութիւն է եղել, այլ որովհետեւ դրանք առ այսօր, անկախ Թուրքիայի կողմից դրանց 1920թ. բռնազաւթմանը, կրում են Հայաստանի Հանրապետութեան իրաւական տիտղոսը: Տիտղոս, որը նախ 1920թ. Ապրիլի 26ին աւելի քան 50 (յիսուն) երկրի անունից ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան, ապա Ամն-ի մեծ կնիքով (The Great Seal of the United States) ու նախագահ Վիլսոնի ստորագրութեամբ վերահաստատուել եւ ուժի մէջ է մտել 1920թ. Նոյեմբերի 22ին, իսկ յետոյ վերահաստատուել է Լօզանի 1923թ. Յուլիսի 24-ի պայմանագրի 16րդ յօդուածով:
Հիմա չեմ ուզում այլ հարցերի անդրադառնալ, սակայն պատասխանեմ մի հարցի եւս, որ յաճախ է հնչում: Ինչպէ՞ս պիտի վարուենք այդ տարածքի հետ: Դա մեր բոլորիս Հայաստանում, թէ Սփիւռքում ապրողների, օտարախօս, թէ հայախօս, առաքելական, թէ մուսուլման, հարուստ թէ աղքատ, մեր բոլորիս՝ հայ ժողովրդի, որոշելիքն է: Կ՛ուզենք կը ծախենք, կ՛ուզենք վարձու կը տանք, կ՛ուզենք կը նուիրենք Իսլանդիային, դա մեր որոշելիքն է: Ինչպիսին էլ լինի որոշումը, դրան պիտի մասնանակցենք մենք բոլորս: Հայրենիքը բոլորինս է, այն չի բաշխւում ըստ պաշտօնի:
Արա Պապեան՝ «Մոդուս վիվենդի» կեդրոնի ղեկավարն է:
7 Սեպտեմբերի 2009թ.