«Մենք Ախալցխայում Ունենք Ինքնութեան Պահպանման Խնդիր» Կ՛ըսէ Վերոնիկա Համբարեան
ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«ԱՍՊԱՐԷԶ».- «Հետք» համացանցային տեղեկատուական ծառայութեան աշխատակից Քրիստինէ Աղալարեանի այս շահեկան հարցզրոյցը Ախալցախայի Հայ Երիտասարդական Կեդրոնի պատասխանատու Վերոնիկա Համբարեանի հետ կը յանձնենք մեր ընթերցողներու ուշադրութեան:
ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ.- Որքա՞ն ժամանակ է գործում Ախալցխայի երիտասարդական կետրոնը եւ ի՞նչ խնդիրներ է իրականացնում այն:
ՎԵՐՈՆԻԿԱ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Ախալցխայի երիտասարդական կենտրոնը գործում է 2006 թուականի Սեպտեմբերի 25ից: Նախնական շրջանում կենտրոնն աւելի շատ կրթամշակութային, ինչ-որ չափով նաեւ քաղաքական հարցերով էր զբաղւում, իսկ այս տարի Կենտրոնը վերափոխուեց Ախալցխայի հայ երիտասարդական-կրթամշակութային կենտրոնի: Ընդհանրապէս թողեցինք քաղաքական գիծը եւ զբաղւում ենք միայն կրթամշակութային գործունէութեամբ:
Ունենք տարբեր խմբեր, օրինակ՝ հայերէնի խմբակ՝ ռուսաց դպրոց յաճախող հայ աշակերտների համար, անգլերէնի, համակարգչային, նկարչութեան, ձեռագործութեան, դիզայնի, ազգային երգի-պարի դասընթացներ: Մօտակայ ժամանակաշրջանում ուզում ենք բացել փայտի փորագրութեան դասընթացներ: Սենեակն արդէն պատրաստ է: Ցաւալի փաստ է այն, որ մենք սկսեցինք նաեւ շախմատի դասընթացներ վարել, բայց այդ դասընթացը Ախալցխայի քահանան՝ Տէր Տաթեւն էր անցկացնում, հիմա նրան գործուղեցին Ախալքալաք, ու մենք մնացինք առանց շախմատի դասատուի:
ՔՐԻՍՏԻՆԷ.- Քանի՞ սան է յաճախում Կենտրոն, եւ ի՞նչ տարիքի երեխաներ են:
ՎԵՐՈՆԻԿԱ.- Ասեմ, որ Գրիշայի (Կենտրոնի նախկին պատասխանատու Գրիգոր Մինասեանը, որ ձերբակալուած էր վրացական ոստիկանութեան կողմէ, ամբաստանուած իբրեւ րտես, ապա ազատ արձակուած) հետ տեղի ունեցած դէպքից յետոյ աշակերտների թիւը նուազեց, չնայած Կենտրոնը ոչ մի օր չփակուեց: Բայց հիմա նորից վերականգնւում ենք եւ նոր թափ ստանում: Գրանցուածների ընդհանուր թիւը 160-170 աշակերտ է: Իսկ Գրիշայի օրօք հասել էր մինչեւ 200ի:
Տարիքային սահմանափակում չունենք: Մեր ամենափոքր աշակերտը 4 տարեկան է, պարի խմբակ է յաճախում, իսկ ամենամեծը մօտ 40 տարեկան ուսուցչուհի է, որը գալիս է անգլերէն սովորելու: Ի տարբերութիւն մնացած կենտրոնների, մեր կենտրոնը անվճար է անցկացնում բոլոր դասընթացները, եւ աշակերտներից գումար չի պահանջւում:
ՔՐԻՍՏԻՆԷ.- Այդ դէպքում ինչպէ՞ս է գոյեանում Կենտրոնի բիւջէն, ո՞վ է հիմնական ֆինանսաւորողը:
ՎԵՐՈՆԻԿԱ.- Մեզ ֆինանսաւորում է (ՀՕՄի-Խմբ.) «æաւախք» ֆոնդը: Դա Ամերիկայի արեւմտեան ափում գործող հիմնադրամ է, որտեղից էլ մենք ստանում ենք մեր ֆինանսաւորումը:
ՔՐԻՍՏԻՆԷ.- Որքա՞ն գումար է հարկաւոր Կենտրոնին գոյատեւելու համար, ամսական կամ տարեկան կտրուածքով:
ՎԵՐՈՆԻԿԱ.- Մեր ֆինանսաւորումը կոնկրէտ թուով չէ, օրինակ՝ ամիս է լինում, որ մենք գումար չենք ստանում, իսկ յաջորդ ամիսը ստանում ենք, քանի որ նոյն հիմնադրամը ֆինանսաւորւում է բարերարների կողմից, եւ հիմնադրամը ոչ միայն մեր Կենտրոնն է ֆինանսաւորում, այլ նաեւ այլ կենտրոններ:
Մենք վճարում ենք մանկավարժների աշխատավարձերը, կոմունալ (ջուր, կազ, ելեկտրականութիւն-Խմբ.) վճարումները, ինտերնետը եւ այլն: Իսկ մեր ծախսերը, առանց աշխատավարձերի, կազմում է մօտ 200 լարի: Ուսուցիչների քանակը առարկաների քանակով է պայմանաւորուած: Իսկ նրանց վճարում ենք չնչին ու շատ սիմվոլիկ (խորհրդանշական-Խմբ.) գումար: Մեր կենտրոնի մանկավարժներն աշխատում են էնտուզիազմով ու պարտաւորուած, գումարի համար չեն աշխատում:
ՔՐԻՍՏԻՆԷ.- Կենտրոնը բացուել էր ՀՕՄի աջակցութեամբ, հիմա որեւէ օժանդակութիւն ստանու՞մ էք ՀՕՄից:
ՎԵՐՈՆԻԿԱ Իրենք շատ են օժանդակել մեզ, կանգնել են մեր կողքին: Այս տարի դեռ նման նախաձեռնութիւն չկայ: Անցեալ տարի, օրինակ, ջեռուցման ֆինանսաւորումը ՀՕՄն էր արել: Իսկ ամենամսեայ ներդրումներ չի անում: Օրինակ՝ ՀՕՄի ատենապետուհին՝ Վիկի Մարաշլեանը, մեզ գումար էր նուիրաբերել, որով մենք Կենտրոնի համար ձեռք բերեցինք դաշնամուր: Երեխաները շատ ուրախացան, որ դաշնամուրով են պարապում իրենց դասերը:
ՔՐԻՍՏԻՆԷ.- Կա՞ն խնդիրներ, որոնք խոչընդոտում են Կենտրոնի զարգացմանը:
ՎԵՐՈՆԻԿԱ.- Հիմա շէնքի, այսինքն՝ տարածքի խնդիր ունենք, մեր շէնքն արդէն փոքր է: Այնպէս ենք դասաւորել դասաժամերը, որ իրար չխանգարեն: Հիմա տեսնենք, թէ ինչպէս կը լուծենք վառելիքի հարցը: Բայց աշխատում ենք սրտանց, առանց հաշուի առնելու այդ խնդիրները: Օրինակ՝ երբ շատ երիտասարդներ են հաւաքւում, աթոռների պակաս էլ է զգացւում: Ամենակարեւորն էլ՝ մեր պարի խմբակը շորեր չունի: Իսկ առանց զգեստի, առանց տարազի չես կարող բեմ դուրս գալ, միջոցառում ձեռնարկել: Այն շորերը, որոնք մենք ուզում ենք ձեռք բերել կամ կարել, մօտ 1500-2000 դոլարի սահմաններում են: Բայց դա՝ միայն մեծ տարիքային խմբի համար: Իսկ մենք ունենք երեք խումբ՝ կրտսեր, միջին եւ աւագ: Այսօր արդէն երեք խումբն էլ պատրաստ են համերգային ծրագրով հանդէս գալ, բայց չենք կարող, քանի որ տարազ չունենք: Օրինակ՝ Սուրէնեանցի կիսանդրիի բացման ժամանակ Գագիկ Գինոսեանը «Կարին» համոյթի շորերը տրամադրեց, երեխաները հագան, բայց նորից ետ տարաւ իր հետ: Ամէն անգամ չենք կարող Գագիկ Գինոսեանից խնդրել շորերը Երեւանից Ախալցխայ ուղարկել:
Խնդիր ունենք նաեւ համակարգիչների հետ կապուած, որը ծագեց Գրիշայի ձերբակալութեան ժամանակ: Խուզարկողները հանեցին համակարգիչների յիշողութեան սկաւառակները (վինչեստորները) եւ մինչ օրս յետ չեն վերադարձրել: Ընդհանուր 4 համակարգիչ ունենք, որոնք շատ թոյլ են: Համակարգչային դասընթացների մասնակցել ցանկացողները շատ են, բայց քանի որ համակարգիչները քիչ են, չենք կարող խմբակը մեծացնել: Շատ անգամ աւելի մեծ տարիքով անձանց, ովքեր նոյնպէս ցանկանում են համակարգիչ սովորել, ասում ենք՝ ձեր ժամանակն անցել է, թողէք երիտասարդները սովորեն:
ՔՐԻՍՏԻՆԷ.- Կետրոնից ի՞նչ էին տարել Գրիշայի ձերբակալութեան ժամանակ:
ՎԵՐՈՆԻԿԱ.- Տարել են թղթեր, բրոշիւրներ, գրադարանից իրենց կասկածելի թուացող գրքերը: Անգամ ինտելեկտուալ մրցոյթի թեսթերն էինք պահել սեւագրութեան համար, խաղը վերջացել էր մէկ տարի առաջ, դրանք էլ են տարել: Իսկ ամենակարեւորը հէնց այդ համակարգիչների վինչեստրներն էին՝ 7 վինչեստր են տարել:
ՔՐԻՍՏԻՆԷ.- Չէ՞ք փորձել վերադարձնել:
ՎԵՐՈՆԻԿԱ.- Խօսակցութիւն եղել է, բայց քանի դեռ Գրիշայի գործը փակուած չէ, իրենք չեն վերադարձնի: Չեն վերադարձրել նաեւ Կենտրոնի կնիքը:
ՔՐԻՍՏԻՆԷ.- Հիմա Կենտրոնն առանց կնիք է աշխատու՞մ:
ՎԵՐՈՆԻԿԱ.- Գրիշայի ձերբակալութիւնից եւ Կենտրոնի վերագրանցումից յետոյ նոր կնիք վերցրինք: Որպէս Հասարակական Կազմակերպութիւն առանց կնիք աշխատելն անհնար էր:
ՔՐԻՍՏԻՆԷ.- Իսկ ինչու՞ քաղաքական գործունէութիւնը դադարեցրիք եւ միայն կրթա-մշակութային ուղղուածութիւն վերցրիք: Դա կապուա՞ծ էր Կենտրոնի նախկին պատասխանատու Գրիգոր Մինասեանի ձերբակալութեան հետ:
ՎԵՐՈՆԻԿԱ.- Այն թափը, որ մենք արդէն ունէինք, եկել էր կրթական համակարգի մեր գործունէութիւնից, իսկ քաղաքականութիւնից հեռացանք, որպէսզի զերծ պահենք մեր երիտասարդներին այսօրուայ Վրաստանի մէջ տիրող խառնաշփոթ քաղաքականութիւնից:
Ինչ-որ տեղ կարող եմ ասել, որ կապուած էր: Քանի դեռ Գրիշան էր տնօրէնը, նա այն անձնաւորութիւնն էր, ով կարող էր զբաղուել նաեւ քաղաքական հարցերով, յայտարարութիւններ անել եւ այլն, իսկ նրանից յետոյ Կենտրոնի պատասխանատուութիւնն ինձ յանձնուեց: Քաղաքականութեամբ ընդհանրապէս չեմ զբաղուել, միշտ փորձել եմ հեռու մնալ եւ նպատակայարմար գտայ կենտրոնն այն ուղով տանել, ինչի տակից ես կարող եմ դուրս գալ:
ՔՐԻՍՏԻՆԷ.- Գրիգորի ձերբակալութիւնից յետոյ որեւէ ճնշում եղե՞լ է Կենտրոնի վրայ:
ՎԵՐՈՆԻԿԱ.- Չէ, ես չեմ նկատել, քանի որ մենք քաղաքականութեամբ այլեւս չենք զբաղւում, նման խնդիրներ չենք ունեցել դեռ:
ՔՐԻՍՏԻՆԷ.- Ի՞նչ առաքելութեամբ է գործում եւ ի՞նչ տեղ է զբաղեցնում Կենտրոնը Ախալցխայի հայութեան եւ մասնաւորապէս երիտասարդութեան շրջանում:
ՎԵՐՈՆԻԿԱ.- Այսօր Ախալցխայի մէջ սա միակ հայկական երիտասարդական կենտրոնն է, որը զբաղւում է ազգային, հայրենասիրական գործունէութեամբ: Մենք Ախալցխայում ունենք ինքնութեան պահպանման խնդիր: Մենք հային հայ պահելու խնդիր ունենք եւ Կենտրոնը նպաստում է դրան, որ երիտասարդութիւնը չհիասթափուի, չձուլուի, ինքն իրեն ճանաչի որպէս հայ, այսինքն՝ չհեռանայ իր արմատներից, անընդհատ կապուած լինի իր մշակոյթին, իր հայրենիքին: Եթէ չլինի երիտասարդական կենտրոնը, ապա դա շատ վատ կ՛անդրադառնայ: Օրինակ՝ Ախալցխան 15 հայկական գիւղ ունի, 10-12 գիւղի հետ մենք անմիջական կապ ունենք: Գիւղերից աշակերտներ են գալիս սովորելու: Մենք աշխատում ենք շաբաթուայ եօթ օրը, որովհետեւ գիւղերից հիմնականում գալիս են այդ օրերը:
Սիրելի հաըրենակիցներ
Այսուհետև Ջավաքի մասնավորապես Ախալցխայի լուրերին կարող եք ծանոթանալ Akhaltskha.Net կայքից,որն արդեն գործում է 2 տարին:
Սիրելի հաըրենակիցներ
Այսուհետև Ջավաքի մասնավորապես Ախալցխայի լուրերին կարող եք ծանոթանալ Akhaltskha Net կայքից,որն արդեն գործում է 2 տարին: