Պետութիւնների Եւ Պայմանագրերի Նկատմամբ Իրաւայաջորդութեան Հարցը
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Պետութիւնների իրաւայաջորդութեան (state succession)՝ մասնաւորապէս պայմանագրերի նկատմամբ իրաւայաջորդութեան հարցը, լինելով միջազգային հանրային իրաւունքի հարց, ներկայում ունի յոյժ գործնական նշանակութիւն: Հայ-թուրքական զոյգ արձանագրութիւնների լոյսի ներքոյ, յատկապէս նրանցից առաջինում «միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերի» վկայակոչման պարագայում, այդ հարցը ձեռք է բերել միանգամայն կիրառական նշանակութիւն: Թուրքական կողմը «միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրեր» բառակապակցութիւնը մեկնաբանում է որպէս Մոսկուայի (16.03.1921թ.) եւ Կարսի (13.10.1921թ.) պայմանագրեր:
Ըստ այդմ, մեր խնդիրն է համառօտակի քննարկել մի քանի հարց.
1. Ընդհանրապէս պետութիւնների իրաւայաջորդութեան հարցը:
2. Պայմանագրերի նկատմամբ պետութիւնների իրաւայաջորդութեան հարցը:
3. Մասնաւորապէս, Մոսկուայի (16.03.1921թ.) եւ Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերի նկատմամբ Հայաստանի Հանրապետութեան իրաւայաջորդութեան հարցը:
Պետութիւնների իրաւայաջորդութեան հարցը.
ա. ՀՍՍՀի (Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւն-Խմբ.) եւ Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ) իրաւայաջորդութեան հարցը.
Պետութիւնների իրաւայաջորդութիւնը. «տուեալ տարածքի վրայ, ըստ միջազգային իրաւունքի, մի պետութեան ինքնիշխանութեան վերջնական փոխարինումն է մէկ այլ պետութեան ինքնիշխանութեամբ»: (State succession is a definitive replacement of one state by another in respect of sovereignty over a given territory in conformity with international law):
Այսու, պետութիւնների իրաւայաջորդութիւնը վերացական հասկացութիւն չէ, այլ այն ածանցւում է ինքնիշխանութիւնից (sovereignty): Միմիայն երկու ինքնիշխան պետութիւնների միջեւ կարող է լինել իրաւայաջորդութիւն: Քանի որ ինքնիշխանութիւնը պետութեան բացառիկ իրաւունքն է կառավարելու սեփական բնակչութեան յարաբերութիւնները եւ զերծ լինել արտաքին վերահսկողութիւնից (Sovereignty is the exclusive right of a State to govern the affairs of its inhabitants and to be free from external control), ապա ակնյայտ է, որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնը երբեւէ չի եղել ինքնիշխան պետութիւն: Քանի որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնը չի եղել ինքնիշխան պետութիւն, հետեւաբար Հայաստանի Հանրապետութիւնը չի կարող լինել նրա իրաւայաջորդը: 1920թ. Դեկտեմբերից (երբ Հայաստանը բռնազաւթուեց արտաքին ռազմական ուժի կողմից եւ ՀՍՍՀում օրէնքի ուժ ստացան ՌՍՖՍՀում (Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիւ Սոցիալիստական Հանրապետութեան) գործող դեկրետները (հրամանագիրները-Խմբ.) մինչեւ 1991թ. Սեպտեմբեր / Դեկտեմբերը (երբ գործում էին միութենական սահմանադրութիւնը, օր-էնքներն ու կարգերը), ՀՍՍՀ երբեք բացառիկ իրաւունք չի ունեցել ոչ սեփական տարածքի եւ ոչ էլ սեփական բնակչութեան նկատմամբ:
Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան վերականգնումը հռչակուել է Անկախութեան հռչակագրի (23 Օգոստոսի 1990թ.). երկրորդ կէտով. «Հայաստանի Հանրապետութիւնը ինքնիշխան պետութիւն է՝ օժտուած պետական իշխանութեան գերակայութեամբ, անկախութեամբ, լիիրաւութեամբ: Հայաստանի Հանրապետութեան ամբողջ տարածքում գործում են միմիայն Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութիւնը եւ օրէնքները»:
բ. ՍՍՀՄի եւ ՀՀ իրաւայաջորդութեան հարցը.
Իրաւայաջորդութիւնը լայն առումով եւ, մասնաւորապէս պայմանագրային իրաւունքների ու պարտաւորութիւնների մասով, ոչ թէ պետութեան կամքի կամ ցանկութեան հարց է, այլ տուեալ պետութեան ժառանգած տարածքի կարգավիճակից, չափից եւ նշանակութիւնից ածանցուող իրաւական հետեւութիւն: Այսինքն, այս հարցում վճռորոշն այն իրաւական կարգավիճակն է, ինչպէս նաեւ չափն ու նշանակութիւնը, որն անջատուող տարածքը կամ միաւորն ունեցել է նախկին պետութեան մէջ: Երբ նոր երկիրն առաջանում է նախկին պետութեան բուն եւ իշխանակիր (core and dominant) տարածքի վրայ, ապա այն կոչւում է նոր երկիր (new state) եւ հանդիսանում է գոյութիւն ունեցող պայմանագրային իրաւունքների եւ պարտաւորութիւնների (existing treaty rights and obligations) իրաւայաջորդը: Օրինակ, երբ Աւստրո-հունգարիան Առաջին աշխարհամարտից յետոյ տրոհուեց(բաժան-բաժան եղաւ-Խմբ.), ապա Աւստրիան եւ Հունգարիան ամբողջութեամբ ժառանգեցին Աւստրո-հունգարիայի իրաւունքներն ու պարտաւորութիւնները: Նոյն կայսրութիւնից անջատուած Չեխոսլովակիան եւ Լեհաստանը, որոնք առաջ եկան որպէս նորաստեղծ պետութիւններ (newly independent state) չհանդիսացան իրաւայաջորդներ եւ նրանց պարագայում գործեց tabula rasaյի (մաքուր տապանակի, clean slate) սկզբունքը:
Բնական է, որ ցանկացած պետութիւն կայանում է որոշակի տարածքի վրայ: Յարմարութեան համար այդ տարածքն անուանենք պետականաստեղծ տարածք: Եթէ պետականաստեղծ տարածքն ունեցել է նախկին գաղութի կամ արտաքին քաղաքականութեան հարցերում կախեալ տարածքի կարգավիճակ (former colonies and other territories dependent upon a dominant state for the conduct of foreign policy), ապա տուեալ դէպքում գործում է tabula rasa (մաքուր տապանակի, clean slate) սկզբունքը: Այսինքն, տրամաբանութիւնը շատ յստակ է. նորանկախ երկիրը չի կարող պատասխանատուութիւն կրել մի բանի համար, մեզ հետաքրքրող պարագայում՝ արտաքին քաղաքականութեան, որի կայացման եւ ընթացքի վրայ ոչ մի ազդեցութիւն չի ունեցել:
Ակնյայտ է, որ արտաքին քաղաքականութեան հարցերում, ինչպէս նաեւ մնացած բոլոր հարցերում, ՀՍՍՀ ունեցել է կախեալ տարածքի կարգավիճակ: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետութեան դէպքում անտարակոյս գործում է tabula rasaյի սկզբունքը:
Բացի այդ, ՀՍՍՀ իր տարածքով եւ բնակչութեամբ չէր կարող յաւակնել ՍՍՀՄ տարածքի բուն եւ իշխանակիր տարածք լինելուն: Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնն եղել է ՍՍՀՄ տարածքի մօտաւորապէս 0.14%-ը (22 402 200 կմ. քառ.-ից 29 800 կմ. քառ.) եւ ունեցել է բնակչութեան գրեթէ 1,2%ը (290 միլիոնից 3,4 միլիոնը):
Միջազգային իրաւունքի տեսանկիւնից 14 նորանկախ երկրների, այդ թւում նաեւ Հայաստանի Հանրապետութեան, առաջացումը տեղի է ունեցել ոչ թէ ՍՍՀՄ տրոհումով, ինչպէս յաճախ բնութագրւում է լրագրողական մակարդակում, այլ մայր երկրից (parent state)՝ Սովետական Միութիւնից, նրա մասերի անջատումով եւ նորանկախ պետութիւնների ստեղծումով: Անգամ դրանից յետոյ Ռուսաստանի տարածքը շարունակում է շատ աւելի մեծ լինել, քանի յիշեալ բոլոր 14 պետութիւնների տարածքները միասին վերցրած: Այդ իսկ պատճառով, Ռուսաստանի Դաշնութիւնն անվիճելիօրէն համարուեց ՍՍՀՄ շարունակութիւնը (continuity) եւ նրա համար, ի տարբերութիւն միւսների, կարիք չառաջացաւ նորից վերանդամակցելու միջազգային կառոյցներին կամ վերաստորագրելու ՍՍՀՄ միջազգային, բազմակողմ եւ երկկողմ պայմանագրերը:
ՄԱԿի քարտուղարութիւնը այլ առիթով՝ Հնդկաստանից Պակիստանի անջատման ժամանակ (1947թ.), անդրադարձել է նոյնաբովանդակ հարցի եւ տուել իր միանշանակ իրաւական գնահատականը. «միջազգային իրաւունքի տեսանկիւնից, իրավիճակը հետեւեալն է. գոյութիւն ունեցող պետութեան մի մասն անջատւում է եւ դառնում է նոր երկիր: Ըստ այդմ, Հնդկաստանի միջազգային կարգավիճակում չկայ որեւէ փոփոխութիւն, այն շարունակում է մնալ պետութիւն՝ պայմանագրերի բոլոր իրաւունքներով եւ պարաւորութիւններով, եւ հետեւաբար, ՄԱԿի անդամակցութեան բոլոր իրաւունքներով եւ պարտաւորութիւններով: Անջատուող տարածքը՝ Պակիստանը, կը լինի նոր երկիր, այն չի ունենայ հին [նախկին] պետութեան իրաւունքներն ու պարտաւորութիւնները, եւ այն, ի հարկէ, չի ունենայ [ժառանգի] անդամակցութիւն ՄԱԿում»: (From the viewpoint of international law, the situation is one in which a part of an existing State breaks off and becomes a new State. On this analysis, there is no change in the international status of India; it continues as a State with all the treaty rights and obligations, and consequently, with all the rights and obligations of membership in the United Nations. The territory which breaks off, Pakistan, will be a new State; it will not have the treaty rights and obligations of the old State, and it will not, of course, have membership in the United Nations).
ՄԱԿի քարտուղարութեան իրաւական պարզաբանումից միանշանակօրէն կարելի է եզրակացնել, որ անջատուող երկիրը չի հանդիսանում նախկին պետութեան պայմանագրային իրաւունքների եւ պարտաւորութիւնների իրաւայաջորդը:
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԻՐԱՒԱՅԱæՈՐԴՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ
Միջազգային իրաւունքի ցանկացած հարցի քննարկման համար միջազգային իրաւունքը որպէս առաջնային աղբիւր է դիտարկում միջազգային կոնվենցիաները(միջազգայնագրերը)4 լինի դա ընդհանուր կամ մասնայատուկ (international conventions, whether general or particular).
Այս տեսանկիւնից բացառիկ կարեւորութիւն ունի Պայմանագրերի նկատմամբ պետութիւնների իրաւայաջորդութեան վերաբերեալ Վիեննայի (1978) կոնվենցիան (The Vienna Convention on Succession of States in respect of Treaties (1978). (յետայսու՝ Վիեննայի կոնվենցիայ, 1978): Թէեւ նշեալ փաստաթուղթը դեռեւս մասնակիցների լայն ընդգրկում չունի, այնուհանդերձ այն խնդրոյ առարկայ հարցի մեկնաբանութեան կարեւորագոյն մեկնակէտն է, քանի որ իր մէջ է ամփոփել Միջազգային իրաւունքի յանձնաժողովի (International Law Commission) տասնամեակների աշխատանքը եւ կուտակած փորձը:
Վիեննայի կոնվենցիան (1978) ամրագրել է (has codified) հետեւեալը.
– Նորանկախ պետութիւնը պարտաւորուած չէ ուժի մէջ թողնել, կամ կողմ դառնալ, որեւէ պայմանագրի, միայն այն պատճառով, որ պետութիւնների փոխյաջորդման օրն այդ պայմանագիրն ուժի մէջ է եղել խնդրոյ առարկայ (պետութիւնների տարանջատուած) տարածքի համար»: (Յօդուած 16, Դիրքորոշում նախորդող պետութեան պայմանագրերի նկատմամբ).
– (A newly independent State is not bound to maintain in force, or to become a party to, any treaty by reason only of the fact that at the date of the succession of States the treaty was in force in respect of the territory to which the succession of States relates.) Article 16, Position in respect of the treaties of the predecessor State).
Միջազգային իրաւունքի վերոյիշեալ սահմանումից ակնյայտ է, որ պետութիւնների ընդհանուր իրաւայաջորդութիւնը, որն էութեան մէջ իրարայաջորդութիւն է, եւ պայմանագրերի նկատմամբ իրաւայաջորդութիւնը երկու տարբեր իրաւական երեւոյթներ են: Այսինքն, երբ առաջ է գալիս նորանկախ երկիր, ապա դա բնաւ չի նշանակում, որ այն ժառանգում է նաեւ տուեալ տարածքին վերաբերող միջազգային իրաւունքով ամրագրուած պարտաւորութիւնները: Ինչպէս գրել ենք վերը, դա առաւելապէս պայմանաւորուած է պետականաստեղծ տարածքի նախկինում ունեցած իրաւական կարգավիճակից: Հայաստանի Հանրապետութեան պարագային, որպէս նորանկախ երկրի, միանշանակօրէն գործել է tabula rasaյի սկզբունքը:
Այսուհանդերձ, ԱՊՀ որոշ փաստաթղթերում, ինչպէս նաեւ միջազգային պայմանագրերում կարելի է հանդիպել «ՍՍՀՄ իրաւայաջորդ-պետութիւններ» բառակապակցութիւնը: Ակնյայտ է, որ սա քաղաքական-կարգավիճակային բնութագրում է եւ վերաբերում է ընդհանուր իրաւայաջորդութեանը (գոյք, պարտքեր, զինամթերք, արխիւներ եւ այլն): Այն չի կարող վերաբերել եւ չի վերաբերում պայմանագրային իրաւայաջորդութեանը, քանի Անկախ երկրների համագործակցութեան հիմնադիր փաստաթուղթն (Ալմա-աթայի հռչակագիր, 21 Դեկտեմբերի 1991թ.) ամրագրում է սոսկ «նախկին ՍՍՀՄ պայմանագրերից եւ համաձայնագրերից բխող միջազգային պարտաւորութիւնների կատարման երաշխաւորումը» եւ ոչ իրաւայաջորդութիւնը, այն էլ միայն «համաձայն իրենց սահմանադրական ընթացակարգի, այսինքն համապատասխան վաւերացումից յետոյ:
Աւելին, 1992թ. Յուլիսի 6ին ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրել են «փոխըմբռնման յուշագիր փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող նախկին ՍՍՀՄ պայմանագրերի նկատմամբ իրաւայաջորդութեան մասին» Յուշագիրը մասնաւորապէս յստակեցնում է, որ ամէն մի երկիր ինքն է որոշելու իւրաքանչիւր պայմանագրին միանալ-չմիանալու հարցը՝ ելնելով պայմանագրի բնոյթից եւ բովանդակութիւնից: «Այդ (նախկին ՍՍՀՄ) պայմանագրերին մասնակցելու հարցը կը լուծուի ԱՊՀ իւրաքանչիւր երկրի կողմից ինքնուրոյնաբար՝ համաձայն միջազգային իրաւունքի սկզբունքների եւ նորմերի, կախուած իւրաքանչիւր կոնկրէտ դէպքից, այս կամ այն պայմանագրի բնոյթից եւ բովանդակութիւնից»:
Օրինակ, այդ յուշագրից յետոյ (13 Օգոստոսի 1992թ.) Ադրբեջանը պաշտօնապէս տեղեկացրեց (notified) ՄԱԿի գլխաւոր քարտուղարին, որ ինքը չի հանդիսանում ՍՍՀՄ պայմանագրերի իրաւայաջորդը, բացառութեամբ մարդու իրաւունքներին վերաբերող երեք պայմանագրերի:
ՄՈՍԿՈՒԱՅԻ (16.03.1921Թ.)
ԵՒ ԿԱՐՍԻ (13.10.1921Թ.)
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԻՐԱՒԱՅԱæՈՐԴՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ
Անհրաժեշտ է ընդգծել, որ «նախկին ՍՍՀՄ պայմանագրերից եւ համաձայնագրերից բխող միջազգային պարտաւորութիւնների կատարման երաշխաւորումը» չի կարող վերաբերել եւ չի վերաբերում Մոսկուայի (16.03.1921թ.) եւ Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերին մի շարք պատճառներով.
1. Վերոյիշեալ պարտաւորութիւնն ունի յստակ ժամանակային շրջանակ: Այն վերաբերում է միայն ՍՍՀՄ գոյութեան ժամանակաշրջանին՝ 30 Դեկտեմբերի 1922թ. 26 Դեկտեմբերի 1991թ.:
2. Վերոյիշեալ պարտուորութիւնն ունի պայմանագրերի մասնակիցների (parties to treaties) յստակ սահմանափակում: Այն չի վերաբերում, այսպէս կոչուած ՀՍՍՀ կամ ՌՍՖՍՀ կնքած պայմանագրերին: Պարտաւորութիւնը վերաբերում է միայն այն պայմանագրերին, որոնք կնքուել են ՍՍՀՄի անունից եւ ՍՍՍՀՄի կողմից:
3. Վերոյիշեալ պարտաւորութիւնն ունի իրաւական սահմանափակում: Այն, բնականաբար, վերաբերում է միայն օրինական, այսինքն միջազգային իրաւունքին համապատասխան, կնքուած պայմանագրերին:
4. Վերոյիշեալ պարտաւորութիւնն ունի սահմանադրական սահմանափակում: Պարտաւորութիւնը վերաբերում է միայն այն պայմանագրերին, որոնք ընդունուել են ՀՀ կողմից «համաձայն իրենց սահմանադրական ընթացակարգի»:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ
1. Հայաստանի Հանրապետութիւնը չի հանդիսանում Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան վարչա-տարածքային միաւորի իրաւայաջորդը:
2. Հայաստանի Հանրապետութիւնը քաղաքական-պատմական առումով լինելով ՍՍՀՄին յաջորդող պետութիւններից մէկը, պայմանագրերի առումով չի հանդիսանում նրա իրաւայաջորդը:
3. Հայաստանի Հանրապետութիւնը չի հանդիսանում Մոսկուայի (16.03.1921թ.) եւ Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերի իրաւայաջորդը:
Արա Պապեան Մոդուս Վիվենդի
կեդրոնին ղեկավարն է
3 Նոյեմբերի 2009թ.
HOW COME PAST REGIMES THEY KEPT SILENCE FOR ALL
RIGHT TO HAVE OUR LANDS FROM EX USSR AND TURKEY
GONNA TO BE LEGAL DEMAND AS PER INT’L LAWS.
HAVE NALBANDIAN & SARKISIAN TO BEGIN DIALOGE WITH
BOTH COUNTRIES WITH DIASPORA SPECIALS FELLOWS
OF LAWERS.HAVE THEM TO FORGET TO APPROVED THE
PROTOCOLS. ABOVE MENTIONED SUBJECT IS THE FUTURE
OF WHOLE ARMENIANS FOR COMING 100 YEARS FOR
4 TO 5 GENERATIONS.