ԿԱԼԿԱԹԱ.- Նոյեմբեր 22ին խանդավառութիւն էր Հնդկահայոց համայնքում: Սուրբ Պատարագից յետոյ, համայնքի անդամները շտապեցին Հայկական ակումբ (Armenian Club) ներկայ լինելու ակումբի օրհնութեան եւ վերաբացմանը: Գրեթէ հարիւրամեայ Հայկական ակումբը եղել է ու մնում կալկաթահայերի ամենասիրուած ժամանցի վայրերից մէկը:
Վերանորոգուած՝ շքեղ կահաւորուած ակումբի բացում—օրհնութիւնը տեղի ունեցաւ հանդիսապետութեամբ Հնդկահայոց հոգեւոր հովիւ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ հայր Խորէն Յովհաննիսեանի:
Վերանորոգչական աշխատանքների ողջ պատասխանատուութիւնը իր վրայ էր վերցրել Ս. Նազարէթ Մայր եկեղեցու վարչութիւնը:
Բացման—օրհնութեան կարգից յետոյ, ներկաներին իր պատգամը եւ օրհնութիւնը յղեց Հնդկահայոց հոգեւոր հովիւը՝ շնորհակալութիւն յայտնելով ակումբի նախագահ Փիթըր Հայրապետին, եկեղեցական վարչութեան անդամներին, բարձր գնահատելով նրանց նուիրումը, նախանձախնդրութիւնը՝ հայ համայնքի ու հայոց եկեղեցու հանդէպ:
«Նրանք, ովքեր ասում են, որ Հնդկահայ գաղութը կորցրել է իր կենսունակութիւնը, հետեւելով մեր համայնքային ակտիւ (աշխոյժ-Խմբ.) անցուդարձին՝ վստահ եմ, փոխելու են իրենց կարծիքը: Ես հաւատում եմ, որ մենք ճիշդ ուղու վրայ ենք՝ Սուրբ Էջմիածնի օրհնութեամբ առաջ ենք ընթանում: Վերջապէս, կարեւորը քանակը չէ, այլ որակը: «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», մի առիթով ասել է հայ մեծ բանաստեղծը», իր խօսքը եզրափակեց Հայր Խորէնը: Հանդիսաւոր բացմանը հետեւեց հիւրասիրութիւն:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.