ԱՐԾՐՈՒՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
Կալիֆորնիոյ Հայ վետերանների միութեան մի խումբ անդամներ օրերս հանդիպում ունեցան Լոս Անջելըսում Հայաստանի հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանի հետ: Հանդիպումն անցաւ ջերմ ու անկեղծ մթնոլորտում:
Վետերանների միութեան նախագահ Վիգէն Ղազարեանը ներկայացրեց կատարուած մի շարք միջոցառումները, թուարկեց նաեւ նոր անելիքները ու միութեանը յուզող հարցեր:
Իրոք, որ հետաքրքիր միջոցառումների թիւը շատ է եղել. հանդիսաւոր կերպով նշուել են վետերանների յոբելիանական տարեդարձները, կատարուել են շարք մը այլ միջոցառումներ եւ պատրաստութեան ընթացքում է 2010ի Մայիսի 9ի յաղթանակի օրուան նշումը: Այս տարի լրանում են Երկրորդ համաշխարհային պատերազմին գերմանական ֆաշիզմի դէմ տարուած յաղթանակի 65րդ եւ Շուշիի ազատագրման 18րդ տարեդարձները:
Գլխաւոր հիւպատոսին ներկայացուեց պատերազմներին մասնակցած վետերանների փաստագրական ցուցակները, Հայաստանի հանրապետութեան պաշտպանութեան նախարարին ներկայացնելու՝ յոբելինական մեդալներ ստանալու համար:
Թամանեան 89րդ լեգենդար բաժանմունքի 97րդ սանգումարտակի վաշտի հրամանատար, աւագ սպայ Էլիզավետա Կարապետեանը գլխաւոր հիւպատոսին ներայացրեց դիմումնախնդիր այն մասին, որ շուրջ 200 էջ վաւերագրական գիրք է գրուել իր պատերազմական եւ յետպատերազմական 65 տարիների մանկավարժական ու հասարակական գործունէութեան մասին, խնդրելով, որ գիրքը տպագրուի:
Վետերանները հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանի հետ քննարկեցին առաջիկայ միջոցառումների, Վետերանների տուն եւ աշխատասենեակ ունենալու եւ այլ հոգսերի մասին: Գլխաւոր հիւպատոսը խոստացաւ օգտակար լինել ու մշտապէս կապի մէջ մնալ:
***
Ընթացիկ տարուան ընթացքում, «Ասպարէզ» օրաթերթի մէջ տպագրուած Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Արցախեան ազատամարտի վետերաններին վերաբերող նիւթերով ու յայտարարութիւններով լայն ճանաչում է ձեռք բերուել ու ընդլայնւում են վետերանների անդամակցութեան շարքերը, որի համար մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում «Ասպարէզ» օրաթերթի խմբագրութեանը՝ Վետերաններու միութեանն անշահախնդիր աջակցութիւն ցուցաբերելու համար:
***
Գլենդելի «Մարգիզա» հիւրասրահում, հայ վետերանները շուքով նշեցին Վետերանի օրը՝ աւանդական սրբազան տօնը:
Նրանք հիւրասրահ մտան Հայաստանի եւ Միացեալ Նահանգների դրօշներով, կրծքերնին զարդարուած բազմակի շքանշաններով ու մեդալներով:
Վետերանները իրենց գոհունակութիւնը յայտնեցին ռուսական, ամերիկեան եւ հրէական վետերանների կազմակերպութիւններին, որոնց կողմից նախագահ Վիգէն Ղազարեանը մի շարք յուշամետալներ յանձնեց արժանիքներ ունեցող վետերաններին:
æերմ ելոյթներ ունեցան պատերազմում գումարտակի աւագ ենթասպայ 90ամեայ Գենոս Իսկանդարեանը, 56րդ գվարդիական բանակի ականանետային մարտկոցի հրամանատար, հետագայում ՆԳ քրէական հետախուզական բաժնի պետ, գնդապետ Մաքսիմ Յակոբեանը, որի 85րդ տարեդարձը նշուեց «Ասպարէզ» եւ «Կամարակ» թերթերում, հայ-թուրքական ուղէկալների հրամանատար, գնդապետ Արտաշէս Ֆրանկեանը, ՀՀ պաշտպանութեան նախարարութեան արտակարգ իրավիճակների բաժնի պետ, գնդապետ Վանուշ Զագարեանը, Արցախի ազատամարտիկ, բժշկուհի Ժանետա Վարդանեանը:
Երեկոյում շնորհակալութեամբ իրենց դրսեւորեցին հանդիսավար, տաղանդաւոր ասմունքող, երգող, պարող Անահիտ Իշխանեան-Հաճեանը՝ ծնունդով ղարաբաղցի, եւ արուեստագէտ Արմէն Ատոմցը, որի արժանայիշատակ հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի բոցերի միջոց Բերլին է հասել, իրեն նետել թեժ կրակի մէջ, սխրանքներ գործած զինուորների ու սպաների մասին յօդուածներ ու ակնարկներ է գրել՝ 89րդ հայկական կարմրադրօշ բաժանմունքի «Կարմիր զինուոր» թերթում. եղել է Հայ-ամերիկեան, իսկ 1997ից՝ Գլենդելի պատերազմների վետերանների միութեան անդամ:
***
Օրերս, մի խումբ վետերաններ գործնական հանդիպում ունեցան սփիւռքահայ անուանի բարերար, հայ ժողովրդի անրժանաւոր զաւակ Վահէ Կարապետեանի հետ: Նա ուշադիր լսեց վետերաններին, իմացաւ, որ ծանր հոգսերի մէջ են, չունեն տարրական յարմարութիւններ՝ հանգստի ու աշխատանի սենեակներ կամ վետերանների կեանքին վերաբերող թանգարան:
«Ես դեռ ամիսներ առաջ «Ասպարէզ» օրաթերթում կարդացի, որ վետերանները ծանր հոգսերի մէջ են: Պատրաստ եմ օգնել ձեզ: Գիտեմ, որ օր-օրի Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները հեռանում են կեանքինց: Վերջերս մահացաւ նախկին նախագահը՝ հայ անուանի գիտնական, դոկտոր, պրոֆեսոր Գրիշա Դարբինեանը: Նրա որդին՝ Գուրգէն Դարբինեանը Հայաստան եւ սփիւռքահայութեան միջեւ առեւտրատնտեսական յարաբերութիւններում պատասխանատու աշխատանքներ է կատարում: Տեսէք, յարմար շէնքի տեղ գտէք, ներկայացրէք ինձ, օգտակար կը լինեմ: Թող իմ կողմից նուէր լինի մեր երախտաւոր վետերաններին», ասաց նա:
Մեր բանագնաց վետերանները հիացմունքով դիտեցին Վահէ Կարապետեանի անձնական թանգարանը, նրա խիստ արժէքաւոր պատմական իրերը: