ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ
25-30 տարի առաջ, այստեղ՝ Ամերիկայում, պետական նպաստ էի ստանում, երբ գնեցի 18 հատորանոց անգլիական հանրագիտարան։ Ամերիկածին աղջիկներս մինչեւ միջնակարգ աւարտելը, այդ խեղճ գրքերին, քրքրեցին, «տանջամահ» արին։ Մի քանի տարի առաջ, երբ նրանք իմացան, որ այդ հանրագիտարանները թափելու պէս յանձնել եմ ինչ-որ կենտրոնի, մեծը նեղացած հեռացաւ, իսկ փոքրը լաց եղաւ. «Մենք նրանց հետ ենք մեծացել, նրանց հետ յուշեր ունենք»… ասաց ու մահճակալի վրայ գլուխն առաւ բարձի տակ։

Այսօր մեր տանը անգլիատառ հանրագիտարան չկայ։ Ընտանիքիս բոլոր անդամների համակարգիչների մէջ իր պատուաւոր տեղն ունի նաեւ «Բրիթանիքան»… իսկ վերջերս, պարոն Յովսէփ Նալպանտեանը ինձ նուիրեց իր հեղինակած 6 հանրագիտարաններից վերջին 5 եւ 6 հատորները։ Ապշեցի։ Աչքս դիպաւ երկրորդ էջի վրայ հեղինակի երկտողին. «Հաւատացած ենք եւ կը հաւատանք, որ ոչինչ կատարեալ է, քանի որ մարդ արարած ենք։ Հետեւաբար մեր այս գործը նոյնպէս կատարեալ չէ, ներող եղէք սխալներուն»։ Ես եւս ներեցի… Ոչ միայն ես, ամբողջ աշխարհը հաւատացած է եղել եւ հաւատում է, որ մէկ հոգով հնարաւոր չէ լիարժէք, անգամ քիչ թերութիւններով հանրագիտակ ստեղծել։ Գիտեմ, որ պարոն Նալպանտեանը գործը սկսել է 1999 թուականից, որը նուազ համակարգչային տարի էր, քան այսօր… Այնուամենայնիւ, երբ թերթում ես հատորները զարմանում եւ ապշում ես այն համբերութեան, հետեւողականութեան ու հսկայածաւալ, կասէի՝ տիտանական, աշխատանքի վրայ, որը հեղինակը նուիրաբերել է իրագործելու իր նպատակները։
Պատկերազարդ այս հատորների մէջ կարելի է գտնել իւրաքանչիւր մարդուն հետաքրքրող այնպիսի նիւթեր, որոնց ուսումնասիրութեան, համառոտագրութեան, ու հանրային ընթերցողին մատչելի դարձնելու համար գրագէտների մի հսկայ բանակ, այլեւ լեզուի իմացութիւն է պահանջում։ Չեմ կասկածում, որ պարոն Նալպանտեանը տիրապետում է մի քանի լեզուների եւ համոզուած եմ՝ լաւ է տիրապետում, որովհետեւ հնարաւոր չէ միայն մէկ լեզուի, այն էլ հայերէնի, իմացութեամբ այսքան բազմաբովանդակ հատորներ հաւաքել։ Միայն ձեռքիս տակ գտնուող 5 եւ 6 հատորների մէջ ընդգրկուած են՝ պատմական ժամանակագրութիւն, միջազգային պատմութիւն, ԱՄՆի պատմութիւն, Հայ եկեղեցիների թեմերը, եկեղեցիներն ու վանքերը օսմանեան կայսրութեան տարածքին եւ այսպէս շարունակ աւելի քան 50 տարաբնոյթ նիւթեր, որոնք կարող են գոհացնել ոչ միայն դպրոցական, այլեւ միջին ու տարեց սերունդի պահանջները։

Մի բան չեմ հասկանում։ Հեղինակի հետ զրուցելիս, նա մտահոգուած էր, որ Միջին Արեւելքում ամէն տարի տասնեակ հայկական դպրոցներ փակուելուց բացի, նոսրանում են նաեւ հայախօս համայնքները, հայ գիրքը կորցնում է իր երբեմնի սրբութիւնը, սփիւռքածին երեխայի լեզուն դառնում է ոչ հայրէնը… այս բոլորը գալիս են համոզելու, որ այսօր միայն Հայաստանում է (եթէ հաշուի չառնենք բացառութիւնները) հայ երեխան խօսում, գրում ու կարդում հայերէն, այն էլ արեւելահայերէն եւ նոր ուղղագրութեամբ։ Ուզում եմ հարցս այնպէս ձեւակերպել, որպէսզի արեւմտահայ իմ քոյրերին ու եղբայրներին չցաւացնեմ։ Քաւ լիցի, ես դէմ չեմ Մեսրոպեան ուղղագրութեան, ոչ էլ ոսկեղնիկ արեւմտահայերէնի օգտագործմանը, ես կողմ եմ վերամշակուած մէկ ուղղագրութեան, մէկ հանրապետութեան, մէկ կաթողիկոսութեան, մէկ ազգ ու մէկ մշակոյթին, պարզապէս խղճում եւ ափսոսում եմ, որ այս հանրագիտակները, այնպէս, որ պէտքն է, չեն ծառայելու իրենց նպատակին, ուրեմն նպատակայարմար չէ՞ր լինի, եթէ այն աւելի մատչելի դառնար աւելի լայն ընթերցողների համար, մանաւանդ, քաջատեղեակ եմ, որ գրքերի մի զգալի քանակը հեղինակը անվճար տրամադրում է Հայաստանի, Արցախի ու Ջաւախքի հանրային գրադարաններին, դպրոցներին ու ուսումնական այլ հաստատութիւններին… Խորհելու բան է…
Այնույանդերձ, բարձր գնահատելով «ԳԻՐՔ»ի մարդու եւ հասարակական գործիչ պարոն Յովսէփ Նալպանտեանի նուիրական այս աշխատանքը, շատ կը ցանկանայի, որ հատորներից իւրաքանչիւրը իր մէջ ներառնէր ոչ թէ մէկը միւսին կապ չունեցող նիւթեր, այլ եթէ ոչ նոյն թեմայով, գոնէ նոյն քաթէգորիին պատկանող նիւթեր։ Ասենք մէկ հատորում ընդգրկուէր միայն պատմական, միւսում՝ գրական, յաջորդում՝ երաժշտական, մարզամշակութային եւ այսպէս շարունակ…
Նորանոր յաջողութիւններ մեր հրաշալի գրագէտին, բանասէրին ու հայ մշակոյթի նուիրեալին՝ պարոն Յովսէփ Նալպանտեանին։