ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Հայկական կողմը միայն «կասեցրեց արձանագրութիւնների վաւերացման գործընթացը», այսինքն՝ չստեղծեց նոր իրավիճակ, այլ առկայ իրավիճակին տուեց փաստաթղթային ձեւակերպում: Ի դէպ, հայկական կողմէ ասելով՝ ես նկատի ունեմ Սերժ Սարգսեանին՝ միմիայն: Ի հարկէ, սոյն քայլը փաթեթաւորուած էր աւանդական «ընդառաջելով աշխատաւորների բազում խնդրանքներին» գունաթղթով, այն է՝ «հաշուի առնելով Հայաստանի Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցութիւնների քաղաքական խորհուրդների 2010 թուականի Ապրիլի 22ի համատեղ յայտարարութիւնը» պարբերութեամբ, սակայն ակնյայտ է, որ որոշումը միանձնեայ էր:
Եթէ Սերժ Սարգսեանն անգամ սրանից յետոյ վաղը խորհրդարանին յանձնարարի վաւերացնել արձանագրութիւնները, ապա խորհրդարանը նոյնպիսի աշակերտական ջանասիրութեամբ դա կ՛անի:
Պարզապէս այդ օրը ճառերը մի փոքր այլ բովանդակութեամբ կը լինեն, բայց նրանց արտասանողների դէմքերի արտայայտութիւնը կը մնայ նոյնքան հերոսական: Ցաւալի է, որ մենք խորհրդարան չունենք:
Պետութիւնը փախչում է մեր ոտքի տակից ու մենք, ընդհանուր առմամբ, գնալով աւելի ու աւելի քիչ պետութիւն ենք ունենում: Այսօր մէկ պաշտօնեայի քաղաքական կամքը լիովին դուրս է մղել քաղաքական որոշում կայացնելու պետութեան գործառոյթը: Սա ցաւալիօրէն նոր երեւոյթ չէ:
Այսօր աւարտին է մօտենում մի գործընթաց, որը սկսուել եւ խորանալու հակում ունէր դեռ նախորդ երկու նախագահների օրօք: Պարզապէս չարաբաստիկ արձանագրութիւններն աւելի ակնառու դարձրեցին իրավիճակի անհեթեթութիւնը:
Այսուհանդերձ, արձանագրութիւնների վաւերացման գործընթացի կասեցման բուն քայլը պէտք է գնահատել որպէս քայլ ճիշտ ուղղութեամբ՝ անհրաժեշտ, բայց ոչ բաւարար քայլ:
Յուսանք, որ քայլերը շարունակական կը լինեն, քանի որ ամէն մի ճանապարհ առաջին քայլից է սկսում:
Ո՞րն է այս ամէնի մէջ ամենակարեւորը: Կարծում եմ՝ դրանք պէտք է լինեն հետեւութիւններն ու դասերը: Իր նորագոյն պատմութեան ընթացքում հայոց նորանկախ պետականութիւնն առաջին անգամ լուրջ քաղաքական փորձութեան ենթարկուեց եւ ակնյայտօրէն ձախողուեց:
Հիմա բաժակաճառերի ժամանակը չէ, պէտք է ընդունել՝ ձախողումը կատարեալ է եւ բացարձակ: Ուրիշ ինչպէ՞ս կարելի է անուանել մի արդիւնք, երբ պետութիւնն իր առջեւ երկու խնդիր էր դրել՝ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում եւ սահմանի բացում, եւ երկուսում էլ զրոյական արդիւնք է: Իսկ արդեօ՞ք հնարաւորութիւն կար արդիւնքի հասնելու: Կարծում եմ՝ այո:
Բուն սխալն արձանագրութիւնների ոչ թէ նպատակի, այլ արձանագրութիւնների բովանդակութեան մէջ էր: Դրանք գերբեռնուած էին բազմիմաստ ձեւակերպումներով եւ երկուստէք անընդունելի դրոյթներով:
Կարծում եմ, որ այս արձանագրութիւնները դիւանագիտութեան պատմութեան մէջ կը մնան որպէս բարդագոյն հարցերը գրչի մի հարուածով լուծելու անպատասխանատու փորձի վառ օրինակներ:
Ի սկզբանէ էր բառը եւ բառը սխալ էր: Եթէ արձանագրութիւններն երկու պարբերութեամբ ամրագրէին հռչակուած նպատակները, ապա մենք այսօր այլ իրավիճակ կունենայինք: Ինձ կարող են առարկել, թէ թուրքերը դրան չէին գնայ:
Չէին գնայ՝ մենք էլ չէինք ստորագրի, ինչպէս չենք ստորագրել առնուազն մի տասնհինգ տարի: Յետոյ սահմանը բացելու այլ ձեւեր եւս կան՝ ի վերջոյ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը հակասում է նրա իսկ ստանձնած միջազգային պատարաւորութիւններին:
Ի հարկէ այս օրերին իրենց գլխներին շատերը դափնեպսակ կը դնեն, սակայն ազնուօրէն պիտի խոստովանել՝ արձանագրութիւնների վաւերացման գործընթացի կասեցման մեղքն ու շնորհքը Թուրքիայինն է, մէկ էլ արձանագրութիւնները մեր կողմից բանակցողներինը:
Եթէ Թուրքիան բաւարարուէր Հայաստանի Հանրապետութեան տարածքների ռազմակալման (օկուպացիայ) de jure հաստատագրումով (որն ամրագրուած է գոյութիւն ունեցող սահմանի ճանաչմամբ) եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացին մահացու հարուած հասցնելով (որն ամրագրուած է պատմութեան հարթութեան հարցերի յանձնաժողովի ստեղծումով), ապա արձանագրութիւններն անխօս կը վաւերացուէին:
Սակայն Թուրքիան ցուցաբերեց, ինչպէս միշտ, քաղաքական անկշտութիւն: Նա իր ունեցած նախաճաշին եւ ճաշին, որպէս ընթրիք ուզեց աւելացնել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը:
Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ երկու հարցի՝ ա. ինչու՞ էր դա ուզում անել եւ բ. ի՞նչ հիմքեր ունէր դրա համար:
ա. Թուրքիայի նպատակը եղել եւ մնում է հայոց պետականութեան կործանումը: Ուզում եմ յստակեցնել՝ կործանում ասածը պէտք չէ հասկանալ միայն քայլող քարաւանների եւ կանանց ու երեխաների վաճառքի շուկաների տեսքով, ինչպէս անցեալում էր:
Այսօր իրավիճակն աշխարհում փոխուել է: Այսօր հայոց պետականութեան կործանումն իրականացւում է պետականութեան գործառոյթների չէզոքացման ճանապարհով:
Երբ Հայաստանի Հանրապետութիւնը վերջնականապէս ետ կանգնի իր տարածքային, նիւթական եւ բարոյական կորուստները վերականգնելու ձգտումից, այն ժամանակ էլ այն կը դադարի պետութիւն լինելուց:
Կոյուղագծերը եւ ջրագծերը փոխելու, թոշակները բաժանելու կամ հարկերն հաւաքելու համար պետականութիւն պէտք չէ: Դա կարելի է անել նաեւ պրովինցիայի (գաւառի-Խմբ.) կամ վիլայեթի (նահանգի-Խմբ.) մակարդակով:
Հայաստանը կարելի է կործանել կամազուրկ եւ ապազգային Հայաստանի Հանրապետութիւն կոչուող թուրքական պրոտեկտորատի (Հովանաւորութեան-Խմբ.) ստեղծումով:
Թուրքիայի համար ակնյայտ է, որ այս ճանապարհին Լեռնային Ղարաբաղն անյաղթահարելի խոչընդոտ է:
Քանի դեռ հայերը չեն համաձայնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին յանձնելու հետ, իսկ դա սկսուելու է սիրուն բառերի ներքոյ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական կայացած համակարգը կործանելուց, ուրեմն նրանք դեռ պահպանում են ազգ մնալու կամքի վերջին փշուրները:
Թուրքական հետեւողական պնդումները՝ նպատակաուղղուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը յանուն հայ-թուրքական յարաբերութիւններին ուղիղ եւ փոխաբերական իմաստով մատաղ անելուն, կապ չունեն Ադրբեջանի շահերի հետ:
Եթէ հարցը վերաբերէր միայն Ադրբեջանի շահերին, ապա Թուրքիան հաճոյքով այն աճուրդի կը հանէր, ինչպէս, օրինակ, արեց 1920թ. Ապրիլին:
Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելու թուրքական քաղաքականութիւնը պայմանաւորուած է բուն Թուրքիայի շահերով, այն է՝ հայերին պետութիւն ունեցող, բայց պետականազուրկ ազգ դարձնելու ձգտումով:
Պետականութիւնը պետութեան պատեանը չէ, այլ ազգային շահերը հետամտելու կամքը եւ դրանք կեանքի կոչելու կարողութիւնը:
բ. Իսկ ի՞նչ հիմքեր ունէր Թուրքիան նման նկրտումների համար: Կարծում եմ՝ կան, եւ այդ հիմքերը մենք ենք տուել թուրքերին:
Երբ արձանագրութիւններով այդքան դիւրութեամբ հրաժարուեցինք մեր հայրենիքից եւ սակարկման առարկայ դարձրեցին մինչեւ իսկ մեր մեծագոյն ողբերգութիւնը, արձանագրութիւնները դարձան խիստ ախորժաբեր՝ ախորժակն ուտելիս է բացւում:
Իր քաղաքական որկրամոլութեամբ յայտնի Թուրքիայի առջեւ դնել նման պատառ եւ Թուրքիայից ժուժկալութիւն ակնկալել, առնուազն միամտութիւն էր եւ է: Ի վերջոյ պատահական չէ, որ թուրքերի տոտեմը գորշ գայլն է՝ միակ կենդանին, որ սպանում է ոչ թէ կշտանալու, այլ սպանելու համար:
Հետեւաբար, մենք թուրքերի հետ միասին, թէեւ ոչ նոյն չափով, կիսում ենք հայ-թուրքական միջպետական յարաբերութիւնների սկզբնաւորումը (անհեթեթ է, երբ գործածում են հաշտութիւն կամ նորմալացում բառերը) ձախողելու համար:
Մենք ասելով՝ ես նկատի ունեմ, այն պաշտօնեաներին, ովքեր բանակցել եւ նախաստորագրել են տխրահռչակ արձանագրութիւնները: Արձանագրութիւններ, որոնց մէջ ի սկզբանէ դրուած էին դանդաղ գործող բազմաթիւ ականներ:
Մեր քաղաքական սակրաւորները (ականազերծողները-խմբ.) իրենց գործը չեն արել, որի հետեւանքով մենք չարդարացուած վնասներ ենք կրում եւ կրելու ենք:
Պատասխանատուութեան իրենց բաժինն ունեն նաեւ պետական բոլոր այն պաշտօնեաները, ներառեալ պատգամաւորները, եւ այսպէս կոչուած գիտնականները, ովքեր աշխատավարձ են ստանում մեր վճարած հարկերից եւ ի պաշտօնէ պարտաւոր էին խօսելու, մատնացոյց անելու ականները, սակայն մորթապաշտօրէն լռեցին:
Պատասխանատու պիտի լինեն բոլորը, ովքեր իրենց գործունէութեամբ կամ անգործութեամբ նպաստեցին այս իրավիճակի առաջացմանը:
Եթէ Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով, Ազգային ժողովի եւ շահագրգիռ մարմինների մասնակցութեամբ, ստեղծուի միջգերատեսչական յանձնաժողով, որի նպատակը կը լինի հետաքննել, թէ ինչպէ՞ս ընդունելի գաղափարը, այն է՝ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը եւ սահմանի բացումը, փչացուեց եւ ի վերջոյ հասցուեց մահուան դուռը, ապա դեռ պետութիւն ենք ու ազգ ենք:
Եթէ յանձնաժողովը պարզի եւ մեզ կը պարզաբանի, թէ ինչպէ՞ս եղաւ, որ չարաբաստիկ արձանագրութիւնների բանակցային գործընթացն ու նախաստորագրումը տեղի ունեցան գործող օրէնսդրութեան կոպտագոյն խախտումներով, թէ ինչպէ՞ս արձանագրութիւնների մէջ տեղ գտան հակասահմանադրական դրոյթներ (յիշենք, որ Սահմանադրական դատարանը տուեց իրաւական դիրքորոշում-մեկնաբանութիւն եւ միայն դա հաշուի առնելով տուեց իր դրական եզրակացութիւնը), ուրեմն նախագահն իսկապէս նպատակ ունի վիճակը շտկել:
Եթէ ոչ, ուրեմն նախագահի հայ-թուրքական արձանագրութիւնները կասեցնող հրամագիրը զուտ ձեւական բնոյթ ունի եւ հերթական անգամ ճիշտը Չարենցն է.
– Ողջոյն արխադաշ Ալուն,
– Յաղթանակ գործին Իլյիչի:
Արա Պապեան «Մոդուս վիվենդի» կեդրոնին ղեկավարն է: