Մայիսի 25ին՝ ՆԱՏՈի կենտրոնակայանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Հիւսիսատլանտեան դաշինքի գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խիստ կարեւոր յայտարարութիւններ արեց հայկական զինուած ուժերի եւ դրանց մարտունակութեան մասին:
Բառացի մէջբերում ենք նախագահ Սարգսեանի խօսքից. «Հայկական բանակը յաղթական նմուշի է: Այն մարտունակ, կուռ, կազմակերպուած կառոյց է եւ պատրաստ է ամբողջովին կատարելու իր առջեւ դրուած խնդիրները: Այսօր հայկական բանակի սպառազինութեան մէջ կան զինատեսակներ, որոնք կերազէին ունենալ Հայաստանից 10-20 անգամ աւելի մեծ պետութիւնները: Մեր բանակի սպաների եւ զինուորների մասնագիտական կարողութիւնների մասին են ասում մեր գործընկերները թէ արեւմուտքում, թէ արեւելքում, երբ միասին մարտական խնդիրներ ենք լուծում կամ զօրավարժութիւնների ենք մասնակցում: Մեր բանակը մարտի դաշտում ծնուած եւ մկրտուած կառոյց է, եւ մեր բանակի բարձրագոյն սպայակազմը՝ նախարարի եւ գլխաւոր շտաբի պետի գլխաւորութեամբ, ունեն ռազմական գործողութիւնների հարուստ փորձ, ընդ որում՝ դրական փորձ: Այս ամէնով հանդերձ՝ մեր բանակը ժողովրդավարական վերահսկողութեան տակ գտնուող բանակ է, թափանցիկ գործունէութիւն ծաւալող բանակ է: Բանակ է, որ համագործակցում է ՆԱՏՕի հետ, բանակ է, որ համագործակցում է ՀԱՊԿ անդամ երկրների զինուած ուժերի հետ: Բանակ է, որ պատրաստ է կատարելու իր առջեւ դրուած խնդիրները: Մենք հպարտանում ենք մեր բանակով, բայց միւս կողմից էլ՝ երազում ենք այն օրուայ մասին, երբ մեր տարածաշրջանում չեն լինի գերյագեցուած եւ մեծ բանակներ՝ համեմատ մեր պետութիւնների կարողութիւններին»:
Այս յայտարարութեան մէջ թէ Հայաստանում, թէ հարեւան երկրներում փորձագիտական ու քաղաքական շրջանակները ուշադրութիւն դարձրեցին յատկապէս Սերժ Սարգսեանի հետեւեալ դիտարկմանը՝ «այսօր հայկական բանակի սպառազինութեան մէջ կան զինատեսակներ, որոնք կերազէին ունենալ Հայաստանից 10-20 անգամ աւելի մեծ պետութիւնները»:
Ի՞նչ զինատեսակների մասին է խօսքը, յատկապէս ո՞ր զօրատեսակների հարցում է հայկական կողմի առաւելութիւնը՝ հարեւանների նկատմամբ: Սրանք հարցեր են, որ հետաքրքրում են ոչ միայն հայկական տեղեկատուական-փորձագիտական շրջանակներին:
Panorama.amը փորձեց ուսումնասիրել խնդիրն ու փորձագէտների գնահատականների միջոցով պատկերացում կազմել նշուած հարցերի պատասխանների մասին, որի արդիւնքներն էլ ներկայացնում ենք ստորեւ:
Մինչ նիւթին անցնելը՝ նշենք, որ այս կամ այն զինատեսակի տիրապետման վերաբերեալ որեւէ փաստ կամ մեկնաբանութիւն (նաեւ ստորեւ ներկայացուած) միանշանակ ընդունել չի կարելի, քանի որ գործ ունենք ռազմական ոլորտի հետ, եւ ինքնին հասկանալի է, որ ռազմական ոլորտին՝ առաւել եւս կոնկրէտ այս կամ այն զինատեսակին առնչուող տեղեկատուութիւնն ամբողջութեամբ հասանելի չէ աշխարհի եւ ոչ մի երկրում: Այնպէս որ, ներկայացուող հրապարակման մէջ արտացոլուած են ընդամէնը բաց աղբիւրներում առկայ տեղեկատուութիւնն ու դրա հիման վրայ կատարուած փորձագիտական եզրայանգումները:
Եւ այսպէս՝ ո՞ր զինատեսակների մասին էր ակնարկում նախագահ Սարգսեանը՝ ՆԱՏՕում արած յայտարարութեամբ:
Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազօտութիւնների բաժնի ղեկավար Սերգէյ Մինասեանի խօսքերով, նախագահ Սարգսեանը, հնարաւոր է, նկատի է ունեցել Հակաօդային պաշտպանութեան համակարգը, եւ շատ հնարաւոր է, որ խօսքը հրթիռային համակարգերի մասին է: Իր ենթադրութիւնները Սերգէյ Մինասեանը հիմնաւորեց հետեւեալ կերպ. «ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Հայաստանում տեղակայուած ռազմա-արդիւնաբերական նշանակութեան ձեռնարկութիւնները, հիմնականում, աշխատում էին հակաօդային պաշտպանութեան համակարգում, ըստ որում՝ առաջնային նշանակութիւն ունէին ամբողջ ԽՍՀՄում: Հասկանալի է, որ անցած 20 տարիներին այդ առումով Հայաստանը բաւականին առաջ պէտք է գնացած լինի»:
Սերգէյ Մինասեանի խօսքերով, կարելի է չկասկածել, որ նշուած ոլորտում Հայաստանը ոչ միայն ակտիւ համագործակցել է արտաքին գործընկերների հետ, այլեւ սեփական մշակումներն ու լուծումներն է պատրաստել: «Արդիւնքում՝ Հայաստանն այս պահին տարածաշրջանում ունի ցամաքային տեղակայման ամենաուժեղ Հակօդային պաշտպանութեան համակարգը», վստահեցրեց փորձագէտն ու յաւելեց. «կարծում եմ նախագահ Սարգսեանը, հաւանաբար, դա էր ուզում ասել»:
Ինչ վերաբերում է հրթիռային համակարգերին, Սերգէյ Մինսայեանը նշեց, որ այդ զինատեսակների հարցում եւս Հայաստանը, հնարաւոր է, առաջ է անցել տարածաշրջանի իր հարեւաններից: Սակայն նա դժուարացաւ կոնկրետ փաստեր ու զինատեսակներ նշել: Փոխարէնը՝ նա յիշեցրեց, որ հայկական բանակն առանձնանում է սովորական զինատեսակների օգտագործման բարձր արդիւնաւէտութեամբ:
«Սկզբունքօրէն, հայկական բանակի ուժեղ կողմերից մէկը հրետանին է: Այն հայկական զինուած ուժերի սպառազինութիւնների ամենատարածուած զօրատեսակն է՝ թէ՛ քանակական, թէ՛ որակական առումով (բացառութեամբ մի քանի հեռահար գործողութեան համազարկի համակարգերից): Առանձին պարամետրերով (չափորոշիչներով-Խմբ.) այն, ըստ էութեան, քանակական առումով գերազանցում է անգամ Ադրբեջանի հրետանային զօրքերին»,- նշեց մեր զրուցակիցը:
Ի պատասխան մեր այն դիտարկման, որ պոտենցիալ (հաւանական-Խմբ.) ռազմական գործողութիւնների տեղանքը (ԼՂՀ տարածք) խիստ լեռնային ռելիեֆ ունի եւ լայն մանեւրների (ռազմախաղերու-Խմբ.) հնարաւորութիւն չկայ, Սերգէյ Մինասեանը նշեց, որ այդ առանձնայատկութիւնը եւս կարեւորում է հրետանու գործօնը: «Հաշուի առնելով, որ հայկական զօրքերն ունեն էշելոնաւորուած (շարքերու յաջորդական դասաւորումով-Խմբ.) պաշտպանական գիծ, եւ հիպոթետիկ (հաւանական-Խմբ.) ռազմական գործողութիւնների առաջին փուլում չեն պատրաստւում յարձակուել, հրետանին մեծ կարեւորութիւն է ձեռք բերում», նշեց նա, ապա յաւելեց. «համաձայնելով Ձեզ հետ, որ հնարաւոր մարտերը վարուելու են լեռնային ռելիեֆ ունեցող մարտադաշտերում, որտեղ յատուկ նշանակութիւն կ՛ունենան ցամաքային մոտո-հրաձգային ուժերը, եւ հաշուի առնելով ղարաբաղցիների մարտական որակները՝ կարելի է ասել, որ այդ գործօնը եւս ուժեղացնում է հայկական բանակին»:
Փորձագէտին յիշեցրեցինք, որ տառացիօրէն վերջերս մամուլում տեղեկութիւններ էին հրապարակուել այն մասին, որ Հայաստանին յաջողուել է սեփական մշակման անօդաչու թռչող սարքեր պատրաստել եւ արդէն թուով 15 միաւոր սարք տրամադրուել են զինուած ուժերին: Սերգէյ Մինասեանը դժուարացաւ այս առնչութեամբ մեկնաբանութիւններ անել՝ նշելով, որ միայն մամուլի տեղեկութիւնների վրայ հիմնուելով՝ դատողութիւններ անելը տեղին չէ:
Այնուամենայնիւ, եթէ լուրերն արտացոլում են իրականութիւնը, ի՞նչ լրացուցիչ հնարաւորութիւն կը տան այդ նորագոյն սարքերը հայկական զինուած ուժերին: «Անօդաչու թռչող սարքերը հնարաւորութիւն կը տան, առաջին հերթին, ադրբեջանական դիրքերի արդիւնաւէտ հետախուզում իրականացնել: Բացի այդ՝ հիմք ընդունելով առկայ տեղեկատուութիւնը՝ այդ սարքերը շատ արդիւնաւէտ կը լինեն նաեւ հայ հրետանաւորների հակամարտկոցային աշխատանքների ժամանակ՝ հակառակորդի ռէակտիւ համակարգերը եւ ծանր հրետանին լռեցնելու համար», նշեց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ նշուած գործօնները յատկապէս կարեւոր են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում. «այնտեղ տեսականօրէն հնարաւոր են միայն երկարատեւ դիրքային մարտեր, որոնք երկու կողմից էլ ուղեկցուելու են ակտիւ հրետանային գնդակոծութեամբ: Եւ անօդաչու թռչող սարքերի առկայութիւնը, որոնք ունակ կը լինեն համակարգել հայկական հրետանու կրակը, նշանակալիօրէն ուժեղացնում է հայկական զինուած ուժերին»:
Ինչ վերաբերում է խաղաղ պայմաններում տարածաշրջանի ռազմա-քաղաքական հաւասարակշռութեանը, ապա փորձագէտի հաւաստմամբ՝ թռչող սարքերի մասին լուրերը լուրջ հետեւութիւնների անհրաժեշտութիւն են առաջ բերում. «մեր կոնտրպորտնեօր (հակառակորդ-Խմբ.) Ադրբեջանը յայտարարում է, որ նման սարքեր ստեղծուել են բացառապէս Իսրայէլի հետ համագործակցութեան արդիւնքում, մինչդեռ, որքան հասկանում եմ, հայկական ռազմա-արդիւնաբերական համալիրը այդ սարքերը մշակել է կա՛մ ռուսական, կա՛մ արեւմտեան, բայց ոչ իսրայէլցի մասնագէտների հետ համագործակցութեամբ: Այսինքն՝ դա ընդգծուած խորհրդանշում է Հայաստանի ռազմա-քաղաքական, ռազմա-տեխնիկական քաղաքականութեան կոմպլեմենտարիզմը (փոխլրացումի վրայ հիմնուած սկզբունքը)»:
Թէեւ փորձագէտը չխօսեց կոնկրէտ զինատեսակների եւ սպառազինութիւնների մասին, այնուամենայնիւ, մի շարք կազմակերպութիւնների ուսումնասիրութիւններն ու բաց աղբիւրներում զետեղուած տուեալները որոշակի պատկերացում կազմելու հնարաւորութիւն տալիս են:
Այսպէս, Հակաօդային պաշտպանութեան ոլորտում հայկական զինուած ուժերը (ինչպէս նաեւ՝ ադրբեջանական բանակը) օգտագործում են խորհրդային (ռուսական) մշակման զինատեսակներ… Բրիտանական «ռազմավարական հետազօտութիւնների միջազգային ինստիտուտի» ուսումնասիրութիւնների (տուեալներով), ՀՀ Զինուած ուժերի տրամադրութեան տակ առկայ են IKLA եւ STRELA-2 տեղափոխուող զենիթա-հրթիռային համակարգեր, C-60 զենիթային հրանօթներ, փոքր շառաւղով գործողութեան C-75, C-125 Neva-M եւ Oca զենիթա-հրթիռային կայանքներ, ինչպէս նաեւ՝ միջին տարածութեան գործողութեան զենիթա-հրթիռային ԿՌՈՒԳ կայանքներ:
Իսկ Հայաստանի օդային տարածքի անխոցելիութիւնն ապահովում են ռուսական արտադրութեան C-300 զենիթա-հրթիռային համալիրները: ՆԱՏՕի դասակարգմամբ՝ «Գլադիատոր» (Gladiator) անունը ստացած այս համակարգը համարւում է հակաօդաին պաշտպանութեան առաջատար զինատեսակներից մէկը: Այն նախատեսուած է բոլոր տեսակի թռչող սարքերին (այդ թւում նաեւ՝ բալիստիկ եւ հրթիռային թիրախներին) հակազդելու համար, եւ անգամ նախապէս ճշտուած կոօրդինատներով ցամաքային թիրախ խոցելու հնարաւորութիւն ունի:
C-300 «Գլադիատորը» ժամանակակից աշխարհում հասանելի է շատ սահմանափակ թուով երկրների համար: Բացի արտադրող երկրներից՝ Ռուսաստան, Չինաստան, եւ ԽՍՀՄից ժառանգութիւն ստացած Ուկրաինայից, Բելառուսից եւ Ղազախստանից, այն տեղակայուած է եւս 15 երկրներում: Ըստ որում՝ Հայաստանի հարեւաններից միակ երկիրը, որ, հնարաւոր է, ունի նման համակարգեր, Իրանն է: Իսկ Մեծ Մերձաւոր Արեւելքում օդային տարածքի անվտանգութեան երաշխիք համարուող այս զինատեսակից ունեն միայն Կիպրոսը (տեղակայուած են Յունաստանի տարածքում՝ Կրետէ կղզում) եւ Սիրիան:
Նկատենք, որ նոյն դասի ամերիկեան MIM-104 Patriot համակարգերը եւս մեր տարածաշրջանում հազուադէպ են: Յետխորհրդային տարածքում դրանք ընդհնարապէս բացակայում են, իսկ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրներից հակաօդային պաշտպանութեան այդ համակարգերին տիրապետում են Իսրայէլը, Եգիպտոսը, Սաուդեան Արաբիան եւ Քուէյթը:
Ինչ վերաբերում է հրթիռային զօրքերին, ապա այս ոլորտում բաց աղբիւրներում առկայ տուեալները խիստ սահամանափակ են: Միակ աղբիւրը՝ Ամերիկեան Arms Control Associationն է, որի զեկուցման համաձայն՝ Հայաստանը տիրապետում է «սկադ» (Skud) բալիստիկ հրթիռների:
Խօսքն, ամենայն հաւանականութեամբ, խորհրդային հեղուկ վառելիքով աշխատող ռուսական օպերատիւ-տակտիկական P-17 բալիստիկ հրթիռների մասին է: Վերջիններիս գործողութեան հեռաւորութիւնը կազմում է 300 կիլոմետր: Խորհրդային Միութեան ժամանակ թողարկուած այդ հրթիռներն ունակ են կրելու ամենատարբեր մարտագլխիկներ, ընդհուպ մինչեւ՝ միջուկային:
Աղբիւր՝ Panorama.am