ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Պատմութիւնից յայտնի է, որ քաղաքական ճնշումները, բռնի տեղահանութիւնն ու կոտորածները, պարբերաբար ուղեկցել են հայ ժողովրդին՝ իր գոյութեան հազարամեակների ընթացքին: Մեր պատմութեան մաս կազմող ողբերգական դրուագներից է 1949ի Յունիս 13ին սկսուած հայերի բռնի տեղահանութեան եւ աքսորի իրողութիւնը, որի ազդեցութիւնը դեռեւս թարմ է աքսորից վերադարձած սիպիրեակների (ռուս. սիպիրցի) յիշողութեան մէջ: Աքսորեալների մէջ գերակշիռ էր հայրենադարձների թիւը, ովքեր դեռ նոր ոտք դրած հայրենի հողի վրայ, բռնեցին աքսորի ճամբան: Նրանք եկել էին հայրենիքը շէնացնելու, հարազատ հողի վրայ սեփական տուն կառուցելու վառ յոյսերով, որոնք փշրուեցին՝ բախուելով ստալինեան բռնատիրութեան դաժան իրականութեան: Սոյն ծրագիրը նախօրօք պատրաստուած էր, նրանց ֆիզիքապէս ու հոգեպէս ընկճելու եւ յուսալքելու նպատակով: Սիպիրի դաժան կլիմայի եւ այլ դժուարութիւնների հետեւանքով, աքսորուածներից շատերը մահացան, իսկ մնացեալները վերադարձան հայրենիք:
Կիրակի, Յունիս 13, 2010, յետ Ս. պատարագի, Տ. Վիգէն Ա. քհնյ. Վասիլեան, ուղեկցութեամբ սարկաւագների եւ դպիրների՝ ուղղուեցին եկեղեցւոյ շրջափակում տասը տարի առաջ զետեղուած Սիբիրի աքսորեալների յիշատակին կանգնեցուած խաչքար-յուշակոթողի մօտ, կատարելու հոգեհանգստեան պաշտօն եւ յիշատակի արարողութիւն: Այն կազմակերպուած էր ՀՅԴ «Բաբգէն Սիւնի» կոմիտէի նախաձեռնութեամբ եւ աջակցութեամբ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէի:
Սիպիրեակներից ոմանք եւ նրանց զաւակները նոյնպէս ներկայ էին այդտեղ, ովքեր սպիտակ եւ կարմիր մեխակներ զետեղեցին խաչքարի մօտ: Աւանդական բնոյթ կրող սոյն արարողութեան աւարտից առաջ, իր խօսքի մէջ տէր հայրը դրուատանքով յիշեց մինչեւ այսօր Սիպիրում գտնուող այն հայորդիների մասին, ովքեր շարունակում են ապրել, կամքի ուժով պայքարելով դժուարութիւնների դէմ, եւ բարիք սփռելով իրենց շուրջը:
Ապա, խօսք վերցրեց խաչքար-յուշարձանը հիմնադրելու գաղափարը յղացող եւ այս գործում գլխաւոր դերակատարութիւն ունեցող Երուանդ Եղիայեանը, ով որպէս վերապրող, ներկաներին փոխանցեց յուշեր անցեալից, երբ 1949ի նոյն օրը՝ Յունիս 13ի գիշերը, Հայաստանի տարբեր շրջաններից հազարաւոր հայ ընտանիքներ բռնի տեղահանութեան եւ աքսորի ենթարկուեցին դէպի Սիպիր: Ապա կոչ ուղղեց ներկայ սիպիրեակներին, որ նրանք իրենց զաւակներին եւ թոռներին ամէն տարի բերեն այս յուշակոթողի մօտ, որպէսզի անմեղօրէն զոհուած սիպիրեակների յիշատակը միշտ թարմ մնայ յաջորդ սերունդների մօտ:
Արարողութիւնն աւարտուեց ՀՅԴ «Բ. Սիւնի» կոմիտէի ներկայացուցիչ Աւօ Օվայեանի խօսքով: Նա անդրադառնալով կազմակերպիչ յանձնախումբերի կատարած աշխատանքին՝ շնորհակալութեան խօսք ուղղեց երկու կոմիտէների ընկերներին, ովքեր չզլացան իրենց լաւագոյնը անել՝ Սիբիրում զոհուած հայորդիների յիշատակի օրուան սոյն ձեռնարկը յաջողեցնելու համար: