Ստորեւ կը հրատարակենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան 25 ոչ-կառավարական հասարակական կազմակերպութիւններու բաց նամակը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահ երկիրներու նախագահներ պարաք Օպամային, Նիքոլա Սարքոզիին եւ Տմիթրի Մետվետեւին, ու անոնք իրենց անհամաձայնութիւնը կը յայտնեն «Մատրիտեան սկզբունքներուն».
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդուեդեւի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հետ կապուած յայտարարութեան վերաբերեալ նշում ենք, որ ողջունում ենք միջնորդ երկրների եւ միջազգային հանրութեան ջանքերը՝ խաղաղ կերպով կարգաւորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութիւնը: Սակայն այն իրավիճակում, երբ ադրբեջանցիները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը, այդ թւում նաեւ ադրբեջանցի դիւերսիոն խմբերի պարբերական յարձակումները, որոնք ծանր հետեւանքների եւ մարդկային կորուստների են յանգեցնում երկու կողմերի համար, սպառազինութեան մրցավազքի եւ Ադրբեջանի ռազաքաղաքական հիսթերիայի պայմաններում, երկրում պետական մակարդակի հասնող հակահայկականութեան, ստի, կեղծիքի եւ ապատեղեկատուութեան պայմաններում, մի իրավիճակում, երբ ԼՂՀ ժողովրդի սահմանադրական իրաւունքը պարբերաբար արհամարհւում է միջնորդ երկրների եւ միջազգային հանրութեան կողմից, այն պայմաններում, երբ պատերազմից 16 տարի յետոյ միջազգային հանրութիւնն այդպէս էլ չտուեց իրակաան ագրեսորի (նախայարձակի-Խմբ.) անունը, որի գործողութիւնները դարձան պատճառ հարիւր հազարաւոր մարդկային ճակատագրերի խեղման համար, երբ ռազմական կոնֆլիկտի (հակամարտութեան-Խմբ.) պաշտօնական կողմ ճանաչուած ԼՂՀն չի մասնակցում բանակցութիւնների գործընթացին, մենք դիմում ենք համանախագահ պետութիւնների ղեկավարներին եւ յատուկ ցանկանում ընդգծել հետեւեալը.
Ռուսաստանի, ԱՄՆի եւ Ֆրանսիայի նախագահների յայտարարութիւնը կէտ առ կէտ պարունակում է բոլոր այն դրոյթները, որոնք կան «մադրիդեան սկզբունքներում», որոնք, ինչպէս բազմիցս ասել ենք, չեն կարող կեանքի կոչուել: Նմանատիպ փաստաթուղթը հաշուի չի առնում պատմական, իրաւական եւ յետպատերազմեան իրականութիւնները, եւ նրա իրականացումը յղի է տարածաշրջանում հերթական լայնածաւալ պատերազմի սկսմամբ, որը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ ոչ միայն Հարաւային Կովկասի համար:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Արցախին պարտադրել երկրի համար անընդունելի որոշումներ, պէտք է հասկանան, որ կրում են բարոյական եւ քաղաքական պատասխանատուութիւն՝ անխուսափելի պատերազմի, որի նպատակն է Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը:
Իրադարձութիւնների այդպիսի զարգացումը շարունակութիւնն է այն Ցեղասպանութեան, որ կատարեցին թուրքերը նախորդ դարասկզբին, նաեւ Կիրովաբադում, Բաքւում եւ Սումգայիթում հայերի ջարդերի եւ տեղահանութեան:
ԼՂՀի ժողովրդին ապագայի նկատմամբ իրաւունքից զրկելու փորձերը կրկնակի պախարակելի են այն համատեքստում, թէ ինչպէս են լուծւում Եւրոպայում կամ յետխորհրդային տարածքում առկայ հակամարտութիւնները:
ԼՂ քաղաքացիական հասարակութիւնը միշտ ողջունել է ցանկացած խաղարարար նախաձեռնութիւն, սակայն մենք իրական եւ երկարատեւ խաղաղութեան կողմնակից ենք, ինչպէս նաեւ ընդգրկուն եւ բոլոր կողմերը ներկայացնող բանակցութիւնների կողմնակից:
Մենք յայտնում ենք համանախագահ երկրներին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվստահութիւնը Ադրբեջանի հայատեաց քաղաքականութեան նկատմամբ աճել է մօտ հարիւր անգամ, հաշուի առնելով այն իրավիճակը, որ տիրում է բուն Ադրբեջանում՝ ռեժիմի դէմ պայքարող էթնիկ ադրբեջանցիների եւ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների կոպիտ խախտում: Մեզ համար ակնյայտ է Ադրբեջանի ղեկավարութեան յանցագործ նպատակները ԼՂՀ ժողովրդի հարցում:
Մենք չենք վստահում ոչ մի տեսակի խաղաղապահ զօրքի, քանի որ ժամանակի ընթացքում դասեր քաղել ենք ոչ միայն պատմութիւնից, այլ նաեւ տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած դէպքերից: ԼՂՀ զինուած ուժերը կարող են ապահովել իրենց քաղաքացիների անվտանգութիւնը:
Ցանկանում ենք յիշեցնել, որ աշխարհում չկայ երկիր եւ ուժ, որ իրաւունք ունի զրկել Արցախի ժողովրդին կեանքից, արդարութիւնից եւ անկախութիւնից: