ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Այն, որ ՄԱԿի բարձրագոյն դատական ատեանը՝ Արդարադատութեան միջազգային դատարանը 2010թ. Յուլիսի 22ին յայտարարեց, որ «Կոսովոյի անկախութեան միակողմանի հռչակումը չի ոտնահարում միջազգային իրաւունքը», միանգամայն օրինաչափ է: Նախ օրինաչափ է, քանի որ սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրաւունքը՝ ինքնորոշման տեսքով, որպէս տուեալ կազմակերպութեան հիմնական նպատակներից մէկը ներառուած է ՄԱԿի Կանոնադրութեան մէջ [Յօդուած 1(2)]: Յետոյ, օրինաչափ է, քանի որ միջազգային իրաւունքի մէջ չկայ անկախութեան հռչակման որեւէ սահմանափակում: Այսինքն, միջազգային իրաւունքի մէջ չկայ մի չափորոշիչ, որով անկախանալու իրաւունքը վերապահուած է, ասենք, սերբերին, վրացիներին կամ Կովկասի թաթարներին, իսկ նոյն իրաւունքը մերժւում է ալբանացիներին, մենգրելներին կամ թալիշներին:
Բնական է, որ անկախութեան հռչակումը միշտ էլ միակողմանի է լինում: Երբ, օրինակ, Միացեալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնութիւնն իրենց անկախութիւնը հռչակեցին համապատասխանաբար Բրիտանական Կայսրութիւնից կամ ՍՍՀՄից, նրանք դա արեցին առանց, այսպէս կոչուած, «կենտրանական իշխանութեան» թոյլտուութեան: Ուրիշ բան, որ «կենտրոնական իշխանութիւնը» կարող է այդ փաստն ընդունել հանգիստ, առանց աւելորդ ռազմական ջղաձգումների, կամ կարող է փորձել արեան մէջ խեղդել ուրիշների ձգտումը:
Գնահատելի է ՄԱԿի Արդարադատութեան միջազգային դատարանի վերոյիշեալ որոշումը միջազգային իրաւունքի ժողովրդավարացման ուղղութեամբ զարգացման տեսանկիւնից: Որոշումը ցոյց տուեց, որ քսնամէկերորդ դարի մտածողութեանն անյարիր է ժողովուրդների բաժանումն արտօնեալների եւ մերժեալների:
Յիշեալ որոշումը գնահատելի է նաեւ Արցախի հակամարտութեան ժողովրդավարական լուծման տեսանկիւնից: Այսինքն, ինչպէս ժողովրդավարական հասարակութեան մէջ որեւէ մէկն իրաւունք չունի անհատի փոխարէն որոշումներ կայացնելու, այնպէս էլ ներկայ միջազգային յարաբերութիւններում որեւէ մէկն իրաւունք չունի որոշումներ կայացնելու այդ անհատների կազմակերպուած հանրութեան փոխարէն:
Քսանմէկերորդ դարում միջազգային իրաւունքը չի կարող աճուրդի դրուել: Միջազգային իրաւունքը նաւթի աշտարակ չէ:
Արա Պապեան «Մոդուս Վիվենդի» կեդրոնի ղեկավարն է