ՄԵՐՁՏՆԵՍԹՐ, «ՓանԱրմինիըն».- Մերձտնեսթրի մէջ ձերբակալուած լրագրող, քաղաքագէտ Էռնեսթ Վարդանեանի մայրը՝ Թամարա Շաղոյեան, զաւակին առողջական վիճակին կտրուկ վատթարացման պատճառով դիմած է միջազգային իրաւապաշտպան մարդասիրական կազմակերպութիւններուն եւ զանգուածային լրատուամիջոցներուն:
«Յուլիսի 23ին մեր հանդիպման ժամանակ, Էռնեսթը հրաժարուեց հետագայ հանդիպումներից՝ ասելով, որ հոգեբանական անկում է ապրում եւ ի վիճակի չէ իր փոքրիկներին տեսնելու այնպիսի պայմաններում, որում գտնւում է: Հանդիպման ժամանակ նա շատ էր հազում եւ ունէր բարձր ջերմութիւն, մարմնի վրայ մլակների կծած բազմաթիւ հետքեր կային, իսկ պարանոցին մի տարօրինակ երկար հետք էր, որը նման էր դանակի կտրած հետքի: Նրան մէկ անգամ է բուժօգնութիւն ցուցաբերուել, որն էլ սահմանափակուել է մէկ ներարկումով: Դա վկայում է այն մասին, որ Էռնեսթին անհրաժեշտ բժշկական օգնութիւն չի ցուցաբերւում: Բանտում գտնուելու չորս ամսում կտրուկ վատթարացել է որդուս ֆիզիքական եւ հոգեկան վիճակը: Դա ֆիզիքական եւ բարոյական ճնշման, շանթաժի եւ հոգեմետ դեղերի օգտագործման, ինչպէս նաեւ ճնշման տակ ինքնադատապարտման արդիւնք է, որը ցուցադրուել է տեղի հեռուստատեսութեամբ եւ ցանցերում է յայտնուել», ըսուած է Վարդանեանի մօր ուղերձին մէջ:
Թամարա Շաղոյեան ուշադրութեան հրաւիրած է այն փաստը, որ իր զաւակին վերջին հարցաքննութիւնը տեղի ունեցած է մէկուկէս ամիս առաջ: «Այս փաստն ասում է այն մասին, որ Վարդանեանի բանտում գտնուելն ու նրա դէմ յարուցուած մեղադրանքը անհիմն են եւ Մերձտնեսթրի իրաւապահ մարմինների համար ինքնանպատակ է: Էռնեսթի ազատազրկումը քաղաքական խաղերի մի շղթայ է, որի հետ Էռնեսթը որեւէ կապ չունի: Ես շատ անհանգստացած եմ որդուս վիճակով եւ դիմում եմ միջազգային բոլոր իրաւապահ կազմակերպութիւններին, ԶԼՄներին, աշխարհի դեսպաններին՝ խնդրելով ազատագրել Էռնեսթ Վարդանեանին մերձտնեսթրեան բանտից», ըսուած է նոյն ուղերձին մէջ:
Յիշեցնենք, որ Էռնեսթ Վարդանեան Մերձտնեսթրի մէջ ձերբակալուած էր 2010 Ապրիլ 7ին, պետական դաւաճանութեան մեղադրանքով, որուն համար կը նախատեսուի 12-20 տարուան բանտարկութիւն: Ան կը մեղադրուի Մոլտովայի Անվտանգութեան եւ տեղեկատուութեան ծառայութեան օգտին լրտեսութիւն իրականացնելուն համար:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.