Տոքթ. Կարօ Գասապեան. «Ես Պատասխանատուութիւն Եմ Զգում Երաշխաւորելու, Որ Հայ Համայնքը, Հայկական Կազմակերպութիւնները Պահպանուեն Ու Բարգաւաճեն»
«Լաւ տեսք, լաւ զգացողութիւն» սա Lift MD Aesthetics SPA եւ վիրաբուժական կենտրոնի ղեկավար Կարօ Գասապեանի նշանաբանն է: Պլաստիկ վիրաբուժութեան ոլորտի առաջատար ու ճանաչուած մասնագէտ դոկտոր Գասապեանը բացայայտում ու կատարելագործում է արտաքին բնատուր գեղեկութիւնը՝ պարգեւելով փայլուն ինքնազգացողութիւն: «Ոչինչ աւելի զօրեղ չէ, որքան մտքի ու մարմնի կապը», նշում է բազմաշնորհ բժիշկը, որ դէմքի ու մարմնի այլ մասերի թերութիւնները շտկելով՝ օգնում է յաղթահարել բարդոյթներն ու ապրել լիարժէք ու ինքնավստահ: Նման արդիւնքի հասնելու համար պլաստիկ վիրաբոյժից պահանջւում է նրբագոյն ճշտութիւն, գիտելիքներ ու մեծ գործնական փորձ: Զուգակցելով այս ամէնը Կարօ Գասապեանը ստեղծել է գեղեցկութեան ու ներդաշնակութեան իր կենտրոնը, որտեղ հմուտ ու արհեստավարժ աշխատակազմի հետ միասին իրականացնում է պլաստիկ վիրահատութիւններ, առաջարկում դէմքի ու մաշկին խնամքի հետ կապուած տարբեր ծառայութիւններ: Վերջերս, դոկտոր Գասապեանը ներկայացրել է նաեւ իր նոր՝ Lift մաշկի խնամքի համար նախատեսուած արտադրանքը: Կարօ Գասապեանը յայտնի է նաեւ հայ համայնքի կեանքում ակտիւ ներգրաւուածութեամբ ու նուիրուածութեամբ:
Կարօ Գասապեանի «Ասպարէզին» տուած բացառիկ հարցազրոյցում կարդացէք՝ Հոլիվուդեան աստղերի հետ աշխատանքի, Lift MD Aestheticsի, գեղեցկութեան ու Գասապեանի նախասիրութիւնների մասին: Ինչպէս նաեւ՝ խորհուրդներ անձամբ դոկտոր Գասապեանջց:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ ծառայութիւններ է առաջարկում Lift MD Aesthetics կենտրոնը:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Lift MD Aestheticsը բացառիկ SPA եւ վիրաբուժական կենտրոն է, որ իր ծառայութիւններն է առաջարկում տարբեր տարիքի կանանց ու տղամարդկանց: Կենտրոնի ծառայութիւնները ներառում են դէմքի մասնագիտացած խնամք, վիրաբուժական նորագոյն տեխնոլոգիաների միջոցով կրծքերի ու մարմնի տարբեր մասերի գեղագիտական վիրահատութիւններ, լազերային բուժումներ, ներարկումներ, եւ տարբեր ձգումներ: Կենտրոնի բարձրակարգ մասնագէտները մատուցում են անհատական խորհրդատուութիւն, այդ թւում անհատական առողջ սննդակարգի կազմում:
Lift MD Aestheticsը առաջարկում է նաեւ մաշկի խնամքի համար նախատեսուած բացառիկ արտադրանք, որի բուսական բաղադրութիւնը նպաստում է մաշկի երիտասարդացմանն ու դանդաղեցնում ծերացման գործընթացը: Կենտրոնն առաջարկում է նաեւ յետվիրահատական վերականգնման համար անհրաժեշտ քսուկներ: Պատրաստում ենք թողարկել նաեւ վիտամինների եւ դիետիկ սննդակարգի գիծ, որ ուղղուած կը լինի առողջ մաշկի պահպանմանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ նորամուծութիւններ է առաջարկում կենտրոնը:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Lift MD Aestheticsը հանդիսանում է Axis Three նոր յեղափոխական տեխնոլոգիաների աշխարհում առաջին փորձարկող կենտրոններից մէկը: Այս տեխնոլոգիան կիրառւում է հիմնականում կրծքերի, քթի, դէմքի այլ մասերի վիրահատութիւնների դէպքում, երբ 3D համակարգով յաճախորդը տեսնում է վիրահատութեան հնարաւոր արդիւնքները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել մաշկի խնամքի սեփական գիծ:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Բոլոր տարիքների ու մաշկի տարբեր տեսակների հետ աշխատելու ընթացքում ես սերտօրէն համագործակցել եմ նաեւ դեղագործների հետ: Ուսումնասիրութիւնների ու փորձարկումների երկար տարիների ընթացքում է ձեւաւորուել մաշկի խնամքի արտադրանք ստեղծելու միտքը: Այն սկսել է գործել ութ ամիս առաջ եւ կարող եմ փաստել, որ արժէր սպասել: Ես համբերատար էի, քանզի ցանկանում էի, որ իմ արտադրանքներից իւրաքանչիւրը կատարեալ լինէր եւ համապատասխանէր իւրաքանչիւր մաշկի, միաժամանակ՝ աննախադէպ լինէր շուկայում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս էք ստանձնում մարդու բնական տեսքը փոփոխելու պատասխանատուութիւնը:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Ես երբեք չեմ փորձել փոխել յաճախորդի արտաքինը, այլ բացայայտել եմ գոյութիւն ունեցող գեղեցկութիւնը՝ հիմք ընդունելով յաճախորդի այն կերպը, որից նա գոհ է ու բաւարարուած: Երբ կայ դեֆորմացիա (ձեւախեղում-Խմբ.), օրինակ՝ շրթունքի ճեղքուածք, ես պատկերացնում եմ լաւագոյն եւ էսթետիկապէս (գեղագիտականօրէն-Խմբ.) ամենալաւ արդիւնքը:
Այնուհետեւ իւրաքանչիւր յաճախորդի հետ մանրամասն քննարկում ենք նրանց մտահոգութիւններն ու ցանկութիւնները: Արդիւնքում՝ աւելի շատ աշխատում եմ կատարելագործել նրանց բնական գեղեցկութիւնը, քան փոխել արտաքինն ամբողջովին: Այս կերպ, յաճախորդը հարազատ է զգում ինքն իրեն եւ կարող է լիարժէք զգալ իր նոր կերպը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչո՞վ էք տարբերւում ոլորտի այլ մասնագէտներից:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Պլաստիկ եւ ընդհանուր վիրաբուժութեան ոլորտում տասը տարուայ փորձն ինձ թոյլ է տալիս հասնելու գերազանց էսթետիկ արդիւնքի առանց կողմնային հետեւանքների, միաժամանակ ապահովել վերականգնման համար չափազանց կարճ ժամանակահատուած: Իմ փորձն ու գիտելիքները թոյլ են տալիս նաեւ առաջարկելու ծառայութիւնների լայն շրջանակ՝ վիրաբուժական եւ ոչ վիրաբուժական օգնութիւն: Գործունէութեանս ընթացքում մշակել եմ մի շարք տեխնոլոգիաներ՝ կատարելագործել եմ դէմքի ձգման եւ մարմնի կոնտուրինգի (բարետեսութեան-Խմբ.) կիրառման տեխնիկան:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պլաստիկ վիրահատութիւններից բացի ի՞նչ այլ միջոցներ էք առաջարկում:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Շատ կարեւոր է յիշել, որ վիրահատուելու որոշումը միայն անհատի ընտրութիւնը չէ: Հաշուի են առնւում յաճախորդի մտահոգութիւններն ու ցանկութիւնները, ինչից յետոյ վիրահատութիւնից զատ ես առաջարկում եմ այլ մօտեցումներ: Այդ թւում՝ ներարկումներ: Յաճախորդները հիմնականում ցանկանում են բնական տեսք ունենալ: Ճիշտ ներարկումների դէպքում վերջնարդիւնքը գերազանց է լինում: Կենտրոնն առաջարկում է նաեւ դիետոլոգի ծառայութիւններ, որով իւրաքանչիւր յաճախորդի համար սահմանւում է անհատական սննդակարգ, ինչի արդիւնքում օրգանիզմը գործում է պատշաճ՝ թարմ տեսք հաղորդելով մաշկին ու մարմնին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գեղեցկութեան եւ առողջութեան միջեւ կապի մասին:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Մարդկային օրգանիզմում ամէն ինչ փոխկապակցուած է, մտքի ու մարմնի կապը՝ զօրեղ: Առողջ լինելու համար, պէտք է հետեւել ճիշտ սննդակարգի, ապրել առողջ կենսակերպով, որ բաղկացած է վարժանքներից, չպէտք է ծխել, հարկաւոր է չափաւորել ալկոհոլի գործածումը եւ բաւարար քնել: Միաժամանակ, առողջ միտքը զուգակցուած հանգստի հետ, երաշխաւորում է առողջութիւն, որ նպաստում է գեղեցկութեանը: Երջանիկ լինելու գլխաւոր նախապայման է սեփական անձից գոհ լինելը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր յաճախորդների ցանկում շատ են հանրաճանաչ մարդիկ, հոլիվուդեան աստղեր: Մարտհարւէր չէ՞ դա արդեօք:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Մեծ փորձութիւն է աշխատել աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց շրջապատում: Պահանջներն ու չափանիշներն այստեղ ամենաբարձր մակարդակի են եւ ես անընդհատ հետեւում եմ տեխնոլոգիաների վերջին զարգացումներին: Հանրաճանաչ մարդկանց հետ աշխատանքը յիրաւի մեծ մարտհրաւէր է, քանզի նրանց յետագայ գործունէութիւնը մեծապէս կախուած է արտաքինից: Կենտրոնը Բեվերլի Հիլզի կենտրոնում գտնուող ամենաշքեղ հաստատութիւններից մէկում է՝ պլաստիկ վիրաբուժութեան համաշխարհային առանցքում: Մեր յաճախորդների շարքում մեծ թիւ են կազմում հանրաճանաչ մարդիկ, որոնց համար մենք ապահովում ենք անհատական մօտեցում եւ առաւելագոյն յարմարաւէտութիւն: Հանրաճանաչ յաճախորդների սպասարկելու արդիւնքում էլ կենտրոնը մշտապէս յայտնւում է տարբեր առաջատար ամսագրերի էջերում՝ ինչպիսիք են Elle, Marie Claire, People Magazine, LA Confidential and Angeleno, ինչպէս նաեւ հեռուստակայանների՝ CBSի, հեռուստատեսային շոուների, օրինակ՝ Nip Tuckի եթերում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պլաստիկ վիրահատութեան այսօր դիմում են նաեւ մեծ թուով տղամարդիկ: Ունէ՞ք վիճակարգութիւն:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Ներկայում տղամարդիկ աւելի ու աւելի են հակւում կոսմետիկ վիրահատութիւնների: Դա պայմանաւորուած է նաեւ այն հանգամանքով, որ վիրաբուժական բարձրակարգ միջամտութիւնը սովորաբար աննկատ է մնում: Ինչեւէ, ըստ վիճակագրութեան՝ պլաստիկ վիրաբուժական ծառայութիւնների դիմողների համեմատութիւնը կազմում է՝ 70% կին եւ 30% տղամարդ: Տղամարդիկ հիմնականում դիմում են դէմքի երիտասարդացման, լիպոսակցիայի համար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ամրան ընթացքում մաշկի խնամքն առաւել քան էական է: Ի՞նչ խորհուրդ կը տաք մեր ընթերցողին
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Ամառը մարդիկ ցանկանում են թարմ ու երիտասարդ զգալ իրենց: Կարեւոր է շատ ջուր խմել, ինչը նոր բջիջների վերարտադրման նախապայման է: Պէտք է անպայման կրել SPF պարունակող քսուկներ, ոչ միայն էսթետիկայի եւ կնճիռներից խուսափելու համար, նաեւ՝ պաշտպանուելու մաշկի քաղցկեղից: Ի դէպ, Lift MD Aestheticsի առաջարկած քսուկը Face Nourishing Creme պարունակում է SPF:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր քսուկներից ի՞նչ կ՛առաջարկէք միջին տարիքի կանանց:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Կարեւոր է յիշել, որ մաշկը համապատասխան միջոցներով խնամելու դէպքում ծերացման գործընթացը հնարաւոր է դանդաղեցնել: Lift MD Aesthetics մաշկի խնամքի համար նախատեսուած արտադրանքն օրինակ, օգնում է պահպանել երիտասարդութիւնը, թարմութիւնը, առողջ տեսքը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մասնակցո՞ւմ էք արդեօք հայ համայնքի կեանքին:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Յաջողութիւնը նշանակութիւն չի ունենում, եթէ այն չես կիսում շրջապատիդ հետ: Կեանքիս ամենաբաւարարուած պահերը նրանք են, երբ յաջողութիւնս կիսում եմ միւսների հետ եւ օգնում շրջապատիս: Երիտասարդներին դասաւանդելիս կամ համայնքային կազմակերպութիւնների աշխատանքներում ներգրաւուելիս եմ ստանում լիարժէք լիցքեր: Ես պատասխանատուութիւն եմ զգում օգնելու ձեւաւորել հիմք ապագայ սերունդների համար՝ երաշխաւորելու, որ հայ համայնքը, հայկական կազմակերպութիւնները պահպանուեն ու բարգաւաճեն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այցելո՞ւմ էք Հայաստան:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Անցեալ տարի Հայաստանի Առողջապահութեան նախարարութեան հրաւէրով մասնակցեցի Սբ. Ներսէսի հիւանդանոցի համար դրամահաւաքի բարեգործական միջոցառմանը: Միաժամանակ վիրահատեցի ամենամեծ քթերի մրցոյթի երկու յաղթողներին: Ուրախալի էր տեսնել արդիւնքը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ է նշանակում լինել մի ընտանիքի անդամ, որ Քասապեան ունի բժշկութեան իւրաքանչիւր ճիւղում
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Մեր ծնողները մշտապէս ուղղորդել են մեզ բարձրագոյն կրթութիւն ստանալու եւ լաւագոյնը լինելու ընտրած իւրաքանչիւր ոլորտում: Բացի բժիշկներից մեր ընտանիքում կան ճարտարապետներ, փաստաբաններ, գործարարներ, դեղագործներ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս էք ձեր պլաստիկ վիրաբոյժի մասնագիտութիւնը համակցում ամուսին լինելու հետ:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Ես շատ ժամանակ եմ յատկացնում աշխատանքին: Իմ կինը՝ Գալան շատ է աջակցում իմ գործունէութեանը: Նրա անվերապահ նուիրուածութիւնը, աշխատանքն ու մեր գործի նկատմամբ վերաբերմունքը, աջակցութիւնն ու հաւատը իմ նկատմամբ՝ խթան է ինձ համար լինելու այնտեղ, որտեղ ես կամ ու յաջողուած եմ այսօր:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպիսի՞ նախասիրութիւններ ունէք:
ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԳԱՍԱՊԵԱՆ.- Սիրում եմ երաժշտութիւն, որ լիցքաւորում ու հանգստացնում է: Սիրում եմ ճամբորդել կնոջս հետ՝ այլ մշակոյթները բացայայտելով երաժշտութեան եւ արուեստի միջոցով՝ միաժամանակ ուսումնասիրելով այլ երկրների գեղեցկութեան չափանիշները: