Տաս տարի առաջ, 2000 թուի Յունուարին Հայաստանում բացուեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր (տոմար-Խմբ.)» բարեգործական հիմանդրամը: Ռէեստրի կազմում գործում է հիւսուածքային տիպաւորման լաբորատորիա, որը իր տեսակի մէջ միակն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում, իսկ իրականացուող HLA տիպաւորումը եւ գենետիկ այլ հետազօտութիւններն իրականացւում են ոլորտի ամենաարդի սարքաւորումներով: 2006 թուին լաբորատորիային շնորհուեց Եւրոպական Իմունոգենետիկայի Ֆեդերացիայի (EFI) հաւատարմագիրը: Յատկանշական է, որ Եւրոպայում գործող միայն 175 լաբորատորիաներն են արժանացել այս հաւատարմագրին, իսկ նախկին Սովետական Միութեան տարածքում միայն ռէեստրն է արժանացել նման պատուի:
Լաբորատորիայում աշխատում են բարձր որակաւորում ունեցող մասնագէտներ, որոնք շարունակաբար վերապատրաստւում են ԱՄՆի եւ Եւրոպայի լաւագոյն կենտրոններում:
Ռէեստրը անդամագրուած է Ոսկրածուծի Դոնորների Միջազգային Կազմակերպութեանը (BMDW), նաեւ հանդիսանում է Ոսկրածուծի Դոնորների Համաշխարհային Ասոցիացիայի (WMDA) լիիրաւ անդամ: 2007 թուականին Ռէեստրը միացաւ Ոսկրածուծի Դոնորների Ամերիկեան Ազգային Ծրագրին (NMDP), ինչն էլ հայ հիւանդներին հնարաւորութիւն է ընձեռում օգտուել ԱՄՆի աւելի քան 125 փոխպատուաստման կենտրոնների օժանդակութիւնից: Սա թոյլ է տալիս իրականացնել պոտենցիալ (հաւանական-Խմբ.) դոնորների (նուիրատուներու-Խմբ.) ընտրութիւն ոչ միայն 15000ից աւելի հայ դոնորների շրջանակում, այլեւ աշխարհում գրանցուած աւելի քան 14,000,000 դոնորների շարքում:
2001թուականի Յունուարից սկսուել է դոնորների կամաւորագրումը եւ մինչ օրս այս անձնանուէր գործին են անդամագրուել 15000ից աւել դոնորներ Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից: Մինչ օրս Ռէեստրին են դիմել աւելի քան 1701 հայ եւ այլազգի հիւանդներ, որոնցից 1423ի համար գտնուել են դոնորներ: Կատարուել է 10 փոխպատուաստում ՝ Լեհաստանում, Կալիֆորնիայում, Իտալիայում, Իրանում, երկուսը՝ Գերմանիայում, Բելգիայում եւ Ռուսաստանում:
Հայաստանում, ինչպէս նաեւ մի շարք զարգացող այլ երկրներում, լէյկեմիաների (leukemia) եւ լիմֆոմաների (lymphoma) հիւանդացութեան, տարածուածութեան եւ մահացութեան տուեալների ուսումնասիրութիւնը եւ վերլուծութիւնը դժուարացած է, քանի որ բացակայում են համապատասխան վիճակագրական տուեալների մոնիտորինգ (մշտադիտարկում-Խմբ.) եւ գրանցում իրականացնող կառոյցները (Cancer/Leukemia Registries):
Այնուամենայնիւ առկայ հաշուետուութիւնների հիման վրայ, կարելի է գալ որոշակի եզրակացութիւնների, որոնք մասնաւորապէս վկայում են, որ արեան չարորակ հիւանդութիւնները հանդիպում են ինչպէս դեռահասների (ՀՀում գրանցուած 8000ից աւել հիւանդներից 7500ը 0ից 14 տարեկան են), այնպէս էլ մեծահասակների մօտ:
Պէտք է նշել, որ վերջին տարիներին աշխարհում արձանագրուել են որոշակի յաջողութիւններ, մասնաւորապէս, լէյկեմիաների բուժման հարցում: Եթէ 1960 -1963 թթ. հիւանդների միայն 14 %ն էր վերապրում 5 տարուայ շեմը, իսկ 1975-77 թթ. արդէն 35%ը, ապա 2004թ. 5 տարուց աւել ապրելու շեմը կազմում է 51.2%: Առանձին պէտք է մատնանշուի յաջողութիւնները մանկական հասակում լէյկեմիայով հիւանդների մօտ, որի ժամանակ սուր լիմֆատիկ լէյկեմիաների դէպքում 91.2% երեխաները վերապրում են 5 տարուայ շեմը: Նմանատիպ կեանքի տեւողութեան աճի ցուցանիշներ արձանագրուել են սուր միելոբլաստային լեյկեմիայով տառապող երեխաների մօտ (55.2%):
Արեան հիւանդութիւնների բուժում
Լէյկեմիայով տառապող անձանց բուժման ձեւերը երեքն են. քիմիոթերապիայ, ճառագայթային բուժում եւ ցօղունային բջիջների/ոսկրածուծի փոխպատուաստում:
Գոյութիւն ունեցող 50ից աւել թերապեւտիկ (բուժող-Խմբ.) դեղամիջոցները ապահովում են ռեմիսիան (իրավիճակի բարելաւուումը) հիւանդների մեծամասնութեան մօտ: Ճառագայթային բուժման միջոցները կոչուած են ամրապնդելու կամ օժանդակելու քիմիոթերապիան:
Առանձնայատուկ տեղ է գրաւում ցօղունային բջիջների/ոսկրածուծի փոխպատուաստումը: Վերջինիս կայացմանը մեծապէս նպաստում են Ոսկրածուծի Դոնորների Ռէեստրները, այդ թւում նաեւ Հայկական ռէեստրը, որը յայտնաբերում, տիպաւորում եւ նախապատրաստում է ազգակցական եւ ոչ ազգակցական համապատեղելի դոնորներին փոխպատուաստման համար:
Բուժման այս միջոցը բաւական արդիւնաւէտ է եւ միաժամանակ թանկ: Եւրոպական առաջադէմ կենտրոններում միայն փոխպատուաստման արժէքն անցնում է 100.000 եւրոյի շեմը, ԱՄՆում հիւնադները ստիպուած են վճարել աւելի քան 120.000 դոլար, իսկ Ռուսաստանում՝ 50ից 60.000 ռուբլի: Հարկաւոր է նշել, որ կան նաեւ լրացուցիչ այլ ծախսեր, որոնք կապուած են հիւանդին մէկ տարուայ ընթացքում անհրաժեշտ օգնութեան եւ հետազօտութիւններ իրականացնելու հետ:
«Ոսկրածուծի դոնորների հայկակաբ ռէեստրը» ունի 15000ից աւել դոնորներ, որոնք տիպաւորուած են ABDR անտիգեններով: Այս ցուցանիշը աշխարհում համարւում է բարձր որակի տիպաւորման աստիճան:
Ինչպէս նշել էինք, ցօղունային բջիջների/ոսկրածուծի փոխպատուաստումը արեան հիւանդութիւնների ժամանակ (մասնաւորապէս, լէյկեմիաների դէպքում) արձանագրել է որոշակի նուաճումներ, այն նախապայմանով, որ վաղաժամ տրուել է ճիշտ ախտորոշում, իսկ բուժումն իրականացուել է գրագէտ եւ չի եղել ուժացած: Մեթոդի արդիւնաւէտւթեան համար կարեւոր է նաեւ բարձրորակ քիմիոթերապիան, համապատասխան բանիմաց մասնագէտների ներգրաւումը, անհրաժեշտ շէնքային պայմանների եւ սարքաւորումների առկայութիւնը:
Հայաստանում 10 տարի շարունակ գործող Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռէեստրի շնորհիւ այսօր արդէն դոնորները ստիպուած չեն մեկնել արտերկիր իրենց կենսաբեր բջիջները նուիրաբերելու համար: Տարիների քրտնաջան եւ յամառ աշխատանքի շնորհիւ այսօր մենք հպարտութեամբ կարող են արձանագրել Հայաստանում ցօղունային բջիջների հաւաքման կենտրոնի գոյութեան փաստը:
Հովանաւորների, ընկերների եւ այս մարդանուէր գործի նուիրեալների շնորհիւ 2009թուին Հիմնադրամի լաբորատորային կից բացուած ցօղունային բջիջների հաւաքման կենտրոնը, որը լիովին կահաւորուած եւ ժամանակի ամենաառաջադէմ սարքաւորումներով զինուած մի կառոյց է:
Ցօղունային բջիջների անջատումը անվնաս եւ անցաւ գործընթաց է: Հակառակ տարածուած կարծիքի դոնորի առողջութեանը եւ յետագայ կենսագործունէութեան համար որեւէ վտանգ չպարունակող այս պրոցեդուրան (գործողութիւնը-Շմբ.) կեանքի յոյս կարող է պարգեւել այն մարդկանց, ում միակ փրկութիւնը ցօղունային բջիջների փոխպատուաստումն է:
Սոյն թուականի Յունիսի 16ին, առաջին անգամ Հայաստանում եւ տարածաշրջանում, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամում իրականացուել է արեան ցօղունային բջիջների հաւաքում կամաւոր դոնորից:
Դոնորն իրանահայ Ֆրեդերիկ Սաֆարեանն է, ով մեծ ոգեւորութեամբ ընդունեց բելգիացի հիւանդի հետ համընկման լուրը եւ օգնելու պատրաստակամութեամբ ժամանեց Երեւան:
Պրն. Սաֆարեանից անհրաժեշտ քանակութեամբ բջիջները հաւաքուել են Վիւա-Սել ՄՏՍի նուիրաբերած գումարներով գնուած գերժամանակակից սարքաւորումներով:
Գործողութեան ամբողջ ընթացքում (մօտ 5 ժամ) նա գտնւում էր ռէեստրի՝ արտերկրում վերապատրաստուած մասնագէտների հսկողութեան տակ, իսկ նրա արիւնը մի երակից դուրս գալով շրջապտոյտ էր կատարում սարքի մէջ, եւ վերադառնում միւս երակ՝ սարքի մէջ թողնելով անհրաժեշտ քանակութեամբ ցօղունային բջիջները:
Բջիջների հաւաքման աւարտին յաջորդած որակական եւ քանակական չափանիշների լաբորատոր քննութիւնը ցոյց տուեց, որ գործընթացն ամբողջովին համապատասխանել է միաջազգային չափանիշներին:
Կենսաբեր բջիջները յանձնուեցին Բելգիայից ժամանած մասնագիտացուած փոխադրողին՝ փոխպատուաստման կենտրոն հասցնելու համար:
Առաաջին հայեացքից զուտ տեխնիկական թուացող այս գործընթացը իրականում մեծ նուաճում է, որը Հայաստանը դուրս է բերում միջազգային ասպարէզ եւ դասում ոլորտի զարգացած երկների շարքին:
Այսուհետ հայ դոնորները չեն մեկնի արտասահման՝ իրենց ցօղունային բջիջները նուիրաբերելու համար, ինչն էլ կը նուազեցնի հիւանդի բուժման ծախսերը:
Հայաստանում արեան չարորակ հիւանդութիւններով տառապող անձանց բուժումը լիարժէք դառձնելու համար խիստ անհրաժեշտ է ցօղունային բջիջների փոխպատուաստման կենտրոնի հիմնադրումը, որը թէ ֆինանսական, թէ կադրային մեծ ներդրումներ է պահանջում:
Հաշուի առնելով խնդրի արդիականութիւնը, կարեւոր է նախատեսել անհրաժեշտ ներդրումներ պետական եւ ոչ պետական աղբիւրներից, չմոռանալով, որ Հայաստանում առկայ է ցօղունային բջիջների դոնորական կայացած անձնակազմ եւ ցօղունային բջիջների հաւաքման (աֆերեզի) բաժին:
Մենք կոչ ենք անում Ձեզ չլինել անտարբեր: Միացէք մեր համահայկական ընտանիքին եւ կիսէք մեր հետ հիւանդի կեանքը փրկելու բերկրանքը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.