ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
2010ի աշունը կարող է դառնալ 2008-2010 թուականների արտաքին-քաղաքական բուռն գործընթացների եւ 2012-2013 թթ. խորհրդարանական ու նախագահական ընտրութիւնների նախօրէին անխուսափելի դարձող ներքաղաքական զարգացումների իւրայատուկ ջրբաժան։
Վերջին երկու տարիներին ինչպէս Հայաստանի ղեկավարութեան, այնպէս էլ քաղաքական ուժերի հիմնական ուշադրութիւնը սեւեռուած էր հայ-թուրքական յարաբերութիւնների եւ Ղարաբաղեան բանակցային գործընթացի վրայ։
Սակայն հայ-թուրքական յարաբերութիւններում 2010թ. գարնանը ստեղծուած փակուղին Ղարաբաղեան բանակցային գործընթացում նոյնպէս առարկայանալուց յետոյ անխուսափելի է դարձնում երկրի ներքաղաքական կեանքի աշխուժացումը։ Առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին երկու տարուց էլ պակաս ժամանակ է մնում, ուստի հիմնական քաղաքական ուժերը աշնանից սկսելու են յիշեցնել իրենց գոյութեան մասին։
Այն առաջին յստակեցումները, որ փորձեց կատարել Լ.Տէր-Պետրոսեանը ՀՀՇ վերջին համագումարում, կարելի է համարել տուեալ գործընթացի սկիզբը։
Տէր-Պետրոսեանի կողմից հրապարակ նետուեց արտաքին քաղաքական փակուղու յաղթահարման ներքաղաքական դեղատոմս եւ այն առաջարկուեց Հայաստանի հասարակայնութեանը։ Եւ որքան էլ սխալ է երկրի ներքին պրոբլեմների (խնդիրներու, դժուարութիւններու-Խմբ) արմատները դրսում փնտռելու մտայնութիւնը, տուեալ դեղատոմսը մեզանում գոյութիւն ունեցող որոշակի տրամադրութեան արտայայտութիւնն է։
Այն է՝ մեր խնդիրները լուծելու ենք ոչ թէ մենք՝ ինքներս, այլ ԱՄՆը, Ռուսաստանը, Եւրամիութիւնը, Թուրքիան եւ, վերջապէս, Ադրբեջանը։ Այսինքն՝ եթէ բաւարարենք մեր հարեւանների պահանջները, ապա հնարաւոր է, որ նրանք էլ բաւարարեն մեր պահանջները եւ վերացնեն Հայաստանի մասնակի շրջափակումը, ինչը կը դառնայ երկրի զարգացման հիմնական խթանը։
Սակայն եթէ գոյութիւն ունի մեր խնդիրների լուծման նման դիւրին ճանապարհ, ապա… կարելի է հրաժարուել ոչ միայն Ղարաբաղից, կամ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պահանջից, այլեւ Հայաստանի անկախութիւնից։ Եւ այդ պարագայում անպայման ինչ-որ մէկը կը գայ ու կը լուծի մեր պրոբլեմները, բայց անշուշտ այնպէս, ինչպէս ինքն է դա ցանկանում։
Ուրեմն Հայաստանի ներքաղաքական դաշտին ուղղուած Լ.Տէր-Պետրոսեանի «ուղերձը» պարզապէս հին՝ կողմնորոշումային մտածողութեան շարունակութիւնն է, որի համատեքստում (պարունակէն ներս-Խմբ.)մեր խնդիրների լուծումը կախման մէջ է դրւում ոչ թէ Ռուսաստանի կամ ԱՄՆի, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի բարեհաճութիւնից։
Ներկայ աշնանից արտաքին-քաղաքական գործընթացներում առարկայացած փակուղին Լ.Տէր-Պետրոսեանի թեթեւ ձեռքով բանաձեւուել է որպէս մեր պրոբլեմը «լուծելու» մէջ իսկապէս որ շահագրգիռ թշնամական երկրներին անձնատուութեան առաջարկ։ Հասկանալի է, որ այս «էքստրաւագանտ» (արտասովոր-Խմբ.) միտքը Հայաստանում առաջիկայ քաղաքական գործընթացներում որոշակի տեղ զբաղեցնելու յայտ է, միաժամանակ՝ բանավէճ սադրելու փորձ։ Դրա էութիւնը կարելի է բնորոշել իբրեւ պարտուողականութեան յաղթանակի ռազմավարութիւն։
Առաջիկայ աշնանը բարդ քննութիւն է սպասում ինչպէս իշխանութեան ճամբարին, այնպէս էլ Տէր-Պետրոսեանի տեսակէտին անհամաձայն բոլոր քաղաքական ուժերին։ Սկզբունքօրէն գրեթէ բոլորն են համաձայն, որ նախկին նախագահի առաջարկը անընդունելի է, սակայն, քչերը միայն կարող են բանաձեւել դրա այլընտրանքը։
Պատճառն այն է, որ «պարտուելու գիտութիւնը» առանձնակի խելք չի պահանջում։ Կարելի է թուարկել մեր հարեւանների առաւելութիւնները եւ դրանց հիման վրայ եզրակացնել, որ այլ տարբերակ գոյութիւն չունի։ Դժուարութիւնը «յաղթելու գիտութեան» մէջ է եւ այս առումով Հայաստանի քաղաքական դաշտում անխուսափելի դարձող քննարկումները կենտրոնանալու են երկու հիմնական հարցերի շուրջ։
Առաջին՝ երկրում իրականացուող տնտեսական ու սոցիալական քաղաքականութեան շարունակման նպատակայարմարութիւնը։
Երկրորդ՝ հասարակութեան ու քաղաքական համակարգի միջեւ առաջ եկած որոշակի խզման յաղթահարման ուղիները։
Ըստ այդմ՝ անխուսափելի է դառնալու արմատական ընդդիմութեան բեւեռի վերջնական տրոհումը երկու թեւերի, որոնցից մէկը դառնալու է Տէր-Պետրոսեանի առաջադրած պարտուողական կարգախօսների դրօշակակիրը, իսկ միւսը, ընդհակառակը, դրանց հետեւողական ընդդիմախօսը։ Ի վերջոյ նուազելու է ՀԱԿ-ի մէջ մտնող կուսակցութիւնների թիւը եւ ըստ այդմ՝ աւելանալու է Տէր-Պետրոսեանի ընդդիմախօսների քանակը։
Աշնանը սպասուող նման զարգացումներն իրենց անդրադարձն են ունենալու նաեւ իշխանութեան ճամբարի վրայ, որը նոյնպէս կանգնած է ընտրութիւններից առաջ իր ուժերը վերադասաւորելու հրամայականի առջեւ։
Ուրեմն որքան անցած տարիներին բազմազան էր երկրի արտաքին քաղաքական օրակարգը, նոյնքան էլ առաջիկայում հարստանալու է ներքաղաքական օրակարգը։ Եւ այն խնդիրները, որոնք թւում էր, թէ հնարաւոր է լինելու լուծել դիւանագիտական բանակցութիւնների միջոցով, տեղափոխուելու են երկրում ծաւալուող ներքաղաքական պայքարի ասպարէզ։ Սկիզբ է առնելու նաեւ նոր կադրերի, «մտածողների», հեղինակաւոր ու կարող անհատների փնտռտուքը։
Որովհետեւ Հայաստանում ստեղծուած բազում հիմնահարցերին լուծումներ առաջարկելու խնդիրը հնարաւոր չէ լուծել 2012ի խորհրդարանական ընտրութիւններին նախապատրաստուող ուժերի ներկայ խիստ սահմանափակ ռեսուրսներով (հնարաւորութիւններով-Խմբ.)։
«Հայոց Աշխարհ»