ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«1.5 միլիոն մարդկային կուրուստի դիմաց՝ 1.5 միլիոն հայ մանուկների ծնունդ», այս կարգախօսով է առաջնորդւում «Անահիտ» հիմնադրամը, որ ամփոփելով գործունէութեան տասը տարիները՝ վստահօրէն կարող է արձանագրել ծանրակշիռ նուաճումներ:
«Չկայ աւելի մեծ պարգեւ, քան տեսնել, որ եւս մէկ մանուկ է ծնւում եւ յղիութեան ընդհատման եւս մէկ դէպք է կանխւում, ու դու դրա մասնակիցն ես, ականատեսը՝ գործադրուած ջանքերի արդիւնքի: Մենք հայ մայրերին խոստացել ենք աջակցել ու պէտք է հաւատարիմ մնանք մեր խոստմանը: Յետադարձ չկայ: Մենք պէտք է առաջ շարժուենք՝ մեր ծրագրում ներառելով բոլոր հայկական գիւղերն ու քաղաքները», յայտարարում է կազմակերպութեան նախագահ Նազելի Չարչեանը: Նա կոչ է անում միանալ նախաձեռնութեանը՝ իրականացնելու համար իւրաքանչիւր հայի երազանք՝ ունենալու բարգաւաճ ու ծաղկող Հայաստան:
«Անահիտ» հիմնադրամը Սեպտեմբերի 19ին նշում է իր գործունէութեան տասնամեակը, որտեղ կը ներկայացուի գործունէութեան արդիւնքներն ու հետագայ ծրագրերը: Հիմնադրամի հիմնական նպատակն է օգտակար լինել Հայաստանի բնակչութեան եւ Միացեալ Նահանգներում բնակուող հայ համայնքին՝ խթանելու բնակչութեան աճը, լուծելու առողջապահական խնդիրներ եւ վերականգնելու հաւատը ապագայի նկատմամբ: Հիմնադրամը Հայաստանի մի շարք քաղաքներում ու 55 գիւղերում նիւթական աջակցութիւն է յատկացնում յղի կանանց ու նորածիններին, կարիքաւոր ընտանիքներին, խրախուսում է երրորդ երեխայ ունեցող մայրերին:
Կազմակերպութեան անդամների աշխատանքի եւ Լոս Անջելըսի հայ համայնքի ֆինանսական օժանդակութեան արդիւնքում, 2000-2010 թթ. Մարալիկում ծնուել է աւելի քան 2000 երեխայ: Հիմնադրամը գործունէութիւն է իրականացնում նաեւ Քալիֆորնիայում. նաեւ Գլենդէյլի «Մեմորիալ» հիւանդանոցի հետ իրականացնում է առողջութեան հետ կապուած դասախօսութիւնների շարք: