ՍԻՐԱՆՈՅՇ ԳԷՈՐԳԵԱՆ
Սեպտեմբերի 21ին, երբ Հայաստանում նշում են անկախութեան 19ամեակը, Նիւ Եորքում լոյս կը տեսնի ամերիկահայ երիտասարդ գրող Կարին Յովհաննիսեանի «Ստուերների ընտանիք. մէկդարեայ սպանութիւններ, յիշողութիւններ եւ հայի ամերիկեան երազանքը» յուշերի առաջին գիրքը:
24ամեայ Յովհաննիսեանը պատմում է Հայաստանի դաժան պատմութիւնը, որի ականատեսն են եղել Յովհաննիսեան ընտանիքի երեք սերունդները: Գիրքը պատմում է նրա մեծ պապի՝ կ՛ասպարի մասին, որը մազապուրծ է եղել 20րդ դարասկզբի եղեռնից եւ նոր կեանք սկսել ԱՄՆում:
Կարին Յովհաննիսեանը խոստովանում է, որ գիրքը գրելը «ոչ թէ ընտրութեան, այլ քաջութեան» արդիւնք է: Գասպարի թոռը պատմում է, թէ ինչպէս է ինքը, հետեւելով ամերիկեան երազանքին, հասնում Կալիֆորնիայի Սան Խոակին հարթավայր՝ երբեք չմոռանալով իր հայրենիքը: Ապա Գասպարի որդին՝ Ռիչարտը, հեռանում է ընտանեկան ագարակից եւ ժամանակի ընթացքում ԱՄՆում առաջինը զբաղւում է հայագիտութեամբ՝ դառնալով ցեղասպանագիտութեան համաշխարհային հեղինակութիւն: Գասպարի թոռանը՝ Րաֆֆուն (այժմ «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ) նոյնպէս հանգիստ չէր տալիս անցեալը, եւ 1989թ. նա հեռանում է Լոս Անջելեսի իր իրաւաբանական գրասենեակից եւ իւրօրինակ քայլ կատարում՝ հայրենադարձելով Խորհրդային Հայաստան, որտեղ նա պատմական դերակատարում է ունենում նորանկախ հանրապետութեան ստեղծման գործում՝ դառնալով Հայաստանի առաջին արտգործնախարարը:
Րաֆֆու որդին՝ Կարին Յովհաննիսեանը, ապրում է Լոս Անջելեսում եւ Երեւանում, աւարտել է Կալիֆորնիայի համալսարանը, ուսումը շարունակել նաեւ Կոլումբիայի համալսարանի լրագրութեան բաժնում, ստացել է Fulbright Fellowship գրելու արուեստի (Creative Writing) համար եւ գիրք գրելու համար արժանացել Լինթօնի մրցանակի (Lynton Award for Book Writing): Կարինի խօսքով՝ նա միշտ էլ իմացել է, որ գրելու է այս գիրքը:
«Դա ընտրութեան հարց չէր, այլ քաջութեան, աւելի շուտ, հաւանաբար, համարձակութեան: Ես պէտք է համոզէի ինքս ինձ, որ պատրաստ էի նման էպիկական եւ դժուար նախաձեռնութիւն սկսելու: Յետոյ հասկացայ, որ պատրաստ էի», ասում է Յովհաննիսեանը «Արմէնիանաուին»:
Նա ասում է, որ գիրք գրելը դժուար էր բոլոր առումներով, քանի որ երբեք չի տեսել իր մեծ պապին՝ Գասպարին, եւ ստիպուած է եղել վերստեղծել նրա կեանքի ամբողջական պատկերը հարցազրոյցներից, արխիւներից, աշխարհի գրադարաններից հաւաքած հազարաւոր պատառիկներից:
«Իմ Ռիչարտ պապի մասին պատմելը դժուար էր, քանի որ ես այդպէս էլ իրականում չհասկացայ այդ մարդուն՝ ինչպէ՞ս է Կալիֆորնիայի ագարակում մեծացած այդ անգլիախօս տղան այդքան համարձակութիւն եւ հեռատեսութիւն ունեցել՝ լքելու իր հօր աշխարհը՝ դառնալ առաջինը, ով ԱՄՆում զբաղուեց հայագիտութեամբ», ասում է Յովհաննիսեանը:
Սակայն ամենադժուարն իր հօր՝ Րաֆֆու պատմութիւնն էր, սակայն ճիշտ հակառակ պատճառով:
«Ինձ թւում էր՝ ես նրան չափազանց լաւ եմ ճանաչում: Գրելիս երբեմն չէի հասկանում՝ արդեօք նրա՞ մասին էի գրում, թէ՞ իմ: Դա շատ տարօրինակ զգացում էր»:
Աստուածաշնչեան տողերից է ներշնչուած նրա գրքի վերնագիրը:
«Դուք շփոթում էք լեռների ստուերները մարդկանց հետ» կարդացել է Յովհաննիսեանը եւ «հէնց այդ տողերից ժայթքել է լրիւ մի նոր սիմվոլիզմ, այլաբանութիւնների մի ամբողջութիւն, եւ սկսուել են փնտրտուքները»:
«Կարին Յովհաննիսեանը պատմում է ժամանակակից պատմութեան չհետազօտուած էջերից մէկի մասին: Անկախ այն բանից, ամերիկահա՞յ էք, ինչպէս ես, թէ՞ նոր էք ծանօթանում այս պատմութեանը, «Ստուերների ընտանիք» գիրքը կը յուզի ձեզ նկարագրութիւնների լարուածութեամբ եւ անմիջականութեամբ:
Յովհաննիսեանների ընտանիքը վերապրել է հայ ազգի բնաջնջումն ու յարութիւնը, եւ մեծ յաջողութիւն է, որ Կարին Յովհաննիսեանն այդ ամէնը գրի է առել, որպէսզի աշխարհը կարողանայ հասկանալ», գրել է «Վաշինգտօն փոստի» խորագրի հեղինակ եւ «Ստերի կծիկ» (Body of Lies) գրքի հեղինակ Դեւիդ Իգնատիուսը:
Նիւ Եորքի «Քարնըկի կորպորացիայի» նախագահ, «Ճանապարհ դէպի տուն. իմ կեանքը եւ պահերը» (The Road to Home: My Life and Times) գրքի հեղինակ Վարդան Գրիգորեանը գրում է. «Պատմութիւնը, մշակոյթը եւ ինքնատիպ մատուցումը միահիւսելով՝ «Ստուերների ընտանիքը» յարգանքի տուրք է՝ լի կրքով եւ Յովհաննիսեանների տոհմածառի պատմութեան արժէքի խոր գիտակցմամբ: Այն նաեւ վերածուել է ամերիկեան յաջողութեան պատմութեան»:
Յովհաննիսեանը յաճախ է այցելում Հայաստան, որտեղ ապրում են ծնողները, եւ կարծում է, որ գրելու համար Հայաստանը սքանչելի վայր է, յատկապէս աշնանը:
Նա ասում է, որ իր ընտանիքի բոլոր անդամներն արդէն կարդացել են գիրքը, սակայն շատ քիչ գնահատականներ են տուել, բացառութեամբ մօրից, որը չի թաքցնում իր հպարտութիւնը:
«Նրանք շատ զգոյշ են ինձ գովաբանելու հարցում, որպէսզի երես չտան ինձ, եւ նոյնքան զգոյշ են քննադատելիս, որպէսզի չտխրեցնեն ինձ, եւ ես ուրախ եմ, որ տարբերութիւնը չգիտեմ»:
Երիտասարդ հեղինակը որոշել է մօտ ապագայում թարգմանել վէպը հայերէն:
ՍԻՐԱՆՈՅՇ ԳԷՈՐԳԵԱՆ
«Արմէնիանաու»ի թղթակիցն է