ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Սեպտեմբերի 19ին Հոլիվուդի «Տաղլեան» սրահում, «Անահիտ» հիմնադրամը նշեց կազմակերպութեան տասնամեակը: «1.5 միլիոն մարդկային կուրուստի դիմաց՝ 1.5 միլիոն հայ մանուկների ծնունդ» կարգախօսով առաջնորդուող այս կազմակերպութեան նախագահ, բժշկուհի Նազելի Չարչեանը, ներկայացրեց տարիների գործունէութիւնը՝ նշելով. «Չկայ աւելի մեծ պարգեւ, քան տեսնել, որ եւս մէկ մանուկ է ծնւում եւ յղիութեան ընդհատման եւս մէկ դէպք է կանխւում քո մասնակցութեամբ»: Այսօր հիմնադրամն օգնում է 294 յղի մայրերի ու երեխաների՝ իրականացնելով «Անահիտ»ի անդամների ու աջակիցների, ինչպէս նաեւ իւրաքանչիւր հայի երազանքը՝ ունենալու բարգաւաճ ու ծաղկող Հայաստան:
Ըստ վիճակագրութեանց, Հայաստանի շրջաններում ծնելիութեան տոկոսը նուազել է՝ բացի Շիրակի շրջաններից մէկից, որտեղ «Անահիտ» հիմանդրամը գործում է հիմնադրումից ի վեր: «Սա ամենավառ ապացոյցն է, որ «Անահիտ» հիմնադրամի աշխատանքներն ապարդիւն չեն, արդիւնքն էլ՝ շօշափելի է», ուրախութեամբ արձանագրեց Նազելի Չարչեան:
Երեկոյի ընթացքում ցուցադրուեցին դրուագներ հիմնադրամի տասնամեայ աշխատանքներից: Ուշագրաւ էր Հայաստանի Թալին եւ Մարալիկ քաղաքներում եւ յարակից յիսունհինգ գիւղերում «Անահիտ» հիմնադրամի գործունէութեան մասին տեսանիւթը:
Հիմնադրամին շնորհակալագրեր յանձնուեցին Լոս Անճելըս գաւառի կառավարիչ Մայքըլ Անտոնովիչի, Լոս Անճելըսի քաղաքային խորհրդի անդամ Փօլ Գրիգորեանի ու Գլենդէյլի քաղաքապետ Արա Նաճարեանի կողմից:
Նազելի Չարչեանն առանձնայատուկ կերպով անդրադարձաւ հիմնադրամի աջակիցներին ու հովանաւորներին՝ շնորհակալութիւն յայտնելով հայրենանուէր այս գործի նուիրեալներին: «Հովանաւորների վստահութիւնը մեծ ոգեւորութիւն է վարչութեան անդամների համար, միաժամանակ ուժ ու կորով է տալիս՝ շարունակելու իրականացնել մեր բոլորի երազանքը», նշեց ան:
Հիմնադրամի կողմից շնորհակալագրեր ու պատուոգրեր յանձնուեցին հովանաւորներին ու նուիրեալներին, այդ թւում՝ Բոստոնից ժամանած տէր եւ տիկին Օրելեան եւ Անահիտ Մարտիրոսեաններին, ովքեր տարիներ շարունակ հաւատարմօրեր աջակցում են հիմնադրամին: Կազմակերպութեան փոխնախագահ Վարդան æանգոզեանին շնորհուեց պատուոգիր՝ տասը տարիների նուիրական գործունէութեան համար: Պատուոգրեր շնորհուեցին նաեւ տէր եւ տիկին Արկադի եւ Իրա Յովհաննիսեաններին, Վարդան Քարաօղլանեանին, տէր եւ տիկին Պետրոս եւ Կարինէ Տաղլեաններին:
Երեկոյի ընթացքում հնչեցին երգի ու պարի կատարումներ:
Երեկոյին ներկայ էին հայ համայնքում ճանաչուած բազմաթիւ յարգարժան հիւրեր, հոգեւոր հայրեր, լրատուամիջոցների ներկայացուցիչներ: Երեկոն օրհնեցին առաջնորդ Յովնան Տէրտէրեանը եւ առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի ներկայացուցիչ Պարթեւ վրդ. Կիւլումեանը:
Նազելի Չարչեանը կոչ արեց իւրաքանչիւրին դառնալու մասնիկն այս ծրագրին, եւ այս կերպով՝ նեցուկ լինելու հայրենիքին, յայտարարելով, որ իրենց նպատակն է հիմնադրամի գործունէութիւնը դարձնել համահայկական ծրագիր, ինչի շնորհիւ Հայաստանը կը դառնայ բազմամարդ, կայուն եւ հզօր երկիր:
Հիմնադրամի հիմնական նպատակն է օգտակար լինել Հայաստանի բնակչութեանը եւ Միացեալ Նահանգներում բնակուող հայ համայնքին՝ խթանելով բնակչութեան աճը՝ լուծելու համար առողջապահական խնդիրներ եւ վերականգնելու հաւատը ապագայի նկատմամբ: Հիմնադրամը Հայաստանի մի շարք քաղաքներում ու 55 գիւղերում նիւթական աջակցութիւն է յատկացնում յղի կանանց ու նորածիններին, կարիքաւոր ընտանիքներին եւ խրախուսում է երրորդ երեխայ ունեցող մայրերին:
Կազմակերպութեան անդամների աշխատանքի եւ Լոս Անճելըսի հայ համայնքի ֆինանսական օժանդակութեան արդիւնքում, 2000-2010 թթ. Մարալիկում ծնուել է աւելի քան 2000 երեխայ: Հիմնադրամը գործունէութիւն է իրականացնում նաեւ Կալիֆորնիայում. նաեւ Գլենդէյլի «Մեմորիըլ» հիւանդանոցի հետ իրականացնում է առողջութեան հետ կապուած դասախօսութիւնների շարք: