Իրաքից ամերիկեան զինուժի դուրսբերումից յետոյ այնտեղ ապրող հայերն սպասում են վերջնական խաղաղութեան հաստատման: Իրաքահայ համայնքի Ազգային կենտրոնական վարչութեան ատենապետ Պարոյր Յակոբեանը «Կապիտալի» աշխատակից, արաբագէտ Արաքս Փաշայեանին հետ զրոյցում ներկայացնում է համայնքի խնդիրները:
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ.- Պրն. Յակոբեան, ի՞նչ իրավիճակ է այսօր իրաքահայ համայնքում երկրից ամերիկեան մարտական ուժերի դուրս գալուց յետոյ:
ՊԱՐՈՅՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ամերիկեան զօրքերի մի մասը միայն վերջերս լքեց երկիրը, եւ դեռ շատ վաղ է կանխատեսումներ անել: Հայերը, ինչպէս Իրաքի մնացած քաղաքացիները, սպասում են երկրում վերջնական կայունութեան եւ խաղաղութեան հաստատմանը, ինչպէս նաեւ առաջիկայում Իրաքում կառավարութեան ձեւաւորմանը: Յայտնի է, որ Իրաքում խորհրդարանական ընտրութիւնները տեղի են ունեցել մարտին, սակայն մինչ օրս համապատասխան ձայներ հաւաքած քաղաքական դաշինքներին չի յաջողւում ձեւաւորել կոալիցիոն կառավարութիւն: Իրաքում ներկայում բաւականին լարուած իրավիճակ է սուննի եւ շիա քաղաքական խմբաւորումների միջեւ, որոնցից իւրաքանչիւրը ցանկանում է աւելի մեծ լծակներ ունենալ իշխանութեան մէջ:
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ.- Ի՞նչ փոփոխութիւններ կրեց համայնքը պատերազմի տարիներին:
ՊԱՐՈՅՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Իրաքահայ համայնքը բաւական բարգաւաճ համայնք էր ամէն իմաստով, այդ թւում մշակութային, սակայն պատերազմի տարիներին այն մեծ վնասներ կրեց, ամէն ինչ կարծես տակնուվրայ եղաւ, զգալիօրէն կրճատուեց հայերի թուաքանակը, համայնքը կորցրեց իր նախկին դիրքերը: Անվտանգութեան երաշխիքների բացակայութեան եւ երկրում սկիզբ առած քաղաքական ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետեւանքով հարիւրաւոր իրաքահայեր հեռացան երկրից՝ հաստատուելով Ամերիկայում, Եւրոպայում, Միջին Արեւելքում, հիմնականում՝ Սիրիայում, Յորդանանում, Լիբանանում: Ցաւօք, հայերի արտագաղթը շարունակւում է նաեւ հիմա: Ներկայում հայերի թիւը Իրաքում մօտ 12 հազար է:
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ.- Արդեօք Իրաքի հայ համայնքին յաջողուե՞լ է պատերազմի ընթացքում պահպանել իր հիմնական ազգային կառոյցները:
ՊԱՐՈՅՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Պատերազմի շրջանում համայնքը ստիպուած էր յաղթահարել բազմաթիւ դժուարութիւններ, սակայն ազգային կառոյցները հիմնականում պահպանուած են: Իրաքի հայ համայնքի գործերը յաջողութեամբ ընթանում են իրաքահայ թեմի առաջնորդ Աւագ արքեպիսկոպոս Ասատուրեանի գլխաւորութեամբ: Համայնքը գործում է ըստ Կանոնադրութեան (կամ Ազգային սահմանադրութեան), որը վաւերացուած է պետութեան կողմից: Համայնքի բարձրագոյն իշխանութիւնն Ազգային կենտրոնական վարչութիւնն է, որն ընտրւում է չորս տարին մէկ եւ ունի իր ատենապետը: Վերջին ընտրութիւնները տեղի են ունեցել 2010թ. Մայիս-Յունիս ամիսներին: Այժմ իրաքահայերը հիմնականում կենտրոնացած են Բաղդադում, որտեղ գործում են հայկական չորս եկեղեցի եւ ազգային հինգ միութիւն՝ Բաղդադի հայ երկսեռ երիտասարդաց միութիւնը (գործում է 1926ից), Իրաքի հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը, որն ունի առանձին մարզական ակումբ, ՀՄԸՄն, Իրաքի հայ տիկնանց մշակութային միութիւնը:
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ.- Յայտնի է, որ իրաքահայերը եկեղեցիներ, դպ-րոցներ, կրթական, մարզական եւ ազգային այլ միութիւններ ունեն նաեւ Բաղդադից դուրս:
ՊԱՐՈՅՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Այո, դրանք հիմնականում գտնւում են Բասրայում, Քիրքուքում, Էրբիլում, Մոսուլում, Դոհուքում, Զախոյում, Աւզրուկում, Հաւրեզքում: Մէկական հայկական եկեղեցի կայ Բասրայում, Քիրքուքում, Զախոյում, Մոսուլում, Աւզրուկում: Երկու տարի առաջ, 2008թ., եկեղեցի հիմնուեց Դոհուքում (Ս. Ներսէս Շնորհալի), ծրագրւում է նոր եկեղեցիներ կառուցել Էրբիլում եւ Հաւրեզքում: Անմխիթար է վիճակը Մոսուլում: Այնտեղ կար երկու հայկական եկեղեցի, որոնցից մէկը կառուցուել է 1857թ., իսկ միւսը նորակառոյց էր, որը նախքան օծուելն ու բացուելը 2004թ. աւերուեց: Սկսուել է հայերի հոսքը դէպի Էրբիլ: Այնտեղ, ճիշտ է, հայութիւնը քիչ է, սակայն ստուարանալու միտում ունի: Ի դէպ, ծրագրւում է թէ՛ Էրբիլում, թէ՛ Հաւրեզքում եկեղեցիներ կառուցել: Հայերով է սկսել բնակեցուել Մոսուլի մօտ գտնուող Ալ Կոուշ բնակավայրը, որի հարեւանութեամբ վերջերս Քուրդիստանի դեմոկրատական կուսակցութեան անդամ, ժամանակին իրաքեան Քուրդիստանի ֆինանսների նախարար Սարգիս Աղաջանի կողմից կառուցուեց փոքրիկ մի գիւղ՝ մօտ 24 բնակարաններով՝ Մոսուլից գաղթած հայ ընտանիքների համար, որը կոչուեց Աղաջանեան: Իրաքի հայաբնակ գիւղական բնակավայրերի մէջ առանձնանում է քրդախօս հայերով բնակեցուած Աւզրուկը, որ փաստօրէն գտնւում է Զախոյի եւ Դոհուքի միջեւ: Գիւղն ունի եկեղեցի, դպրոց, թաղական խորհուրդ: Յատկանշական է, որ Աւզրուկում ապրող հայերը թէեւ իրենց կենցաղավարութեամբ ու մշակոյթով աւելի մօտ են քրդերին, սակայն աչքի են ընկնում հայկական բարձր ինքնագիտակցութեամբ, ամուր կառչած են ազգային եւ կրօնական աւանդոյթներին: Աւզրուկում հիմնականում զբաղւում են հողագործութեամբ, սակայն երիտասարդները Զախոյ եւ շրջակայքի այլ քաղաքներ են գնում՝ աշխատելու, այնպէս որ՝ բոլորը չէ, որ հողագործութեամբ են զբաղւում: Աւզրուկի հարեւանութեամբ են գտնւում Սումայլ գիւղաքաղաքը եւ Շիքանդալ փոքրիկ գիւղը, որտեղ ասորիների կողքին ապրում են նաեւ հայեր: Ի դէպ՝ քրդախօս են նաեւ Զախոյ քաղաքի հայերը, որոնք այս շրջանը բնակեցրել են 1930ականներից: Այստեղ հայերն ունեն թաղական խորհուրդ: Հայերը սկսում են աշխուժանալ նաեւ Դոհուքում: Այս շրջանի հայերը բոլորը եկեղեցապաշտ են, ձգտում են հայ մնալ:
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ.- Փաստօրէն, հայաբնակ նոր բնակավայրերի ձեւաւորման գործընթաց է սկսուել քրդաբնակ շրջաններում, որոնք հայապահպանութեան տեսանկիւնից նոր նշանակութիւն են ձեռք բերել:
ՊԱՐՈՅՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Այո, համայնքում ներքին տեղաշարժեր եղան: Այսօր, կարելի է ասել, տեղի է ունենում հայկական նոր համայնքների ձեւաւորման եւ ամրապնդման գործընթաց: Այս տեսանկիւնից հետաքրքրութիւն է ներկայացնում Հաւրեզքը, որ վերահիմնուել է 2005թ.: Այնտեղ ապրում են Բաղդադից, Բասրայից, Մոսուլից տեղափոխուած քաղաքաբնակ եւ հայախօս իրաքահայեր: Հաւրեզքում կայ դպրոց, թաղական վարչութիւն: Նշենք, որ Հաւրեզքը 1920ականներին հիմնել է Վասպուրականի հերոսամարտի մասնակից Լեւոն Շաղոյեանը: 1970ականների վերջերին Սադամ Հուսէյնի օրօք պետական եւ քրդական զօրամիաւորումների միջեւ բախումների հետեւանքով գիւղից հայ բնակչութիւնը դուրս է բերուել: Ընդհանրապէս՝ հիւսիսային՝ սահմանամերձ շրջանում գտնուող շատուշատ բնակավայրեր դատարկուել են: Հաւրեզքի վերահիմնմանը որոշակիօրէն աջակցել են քրդական իշխանութիւնները: Մասնաւորապէս՝ ասորական ծագում ունեցող Սարգիս Աղաջանի ջանքերով՝ 2005թ. Հաւրեզքում կառուցուել են տասնեակ տներ: Վերաբնակուողները հիմնականում քաղաքաբնակներ են՝ Բաղդադից, Բասրայից, Մոսուլից: Նշեմ, որ իրաքահայ թեմի առաջնորդը եւ Ազգային կենտրոնական վարչութեան անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են Իրաքի հայկական համայքներ, այդ թւում՝ Հաւրեզք, ուշադրութիւն դարձնելով տեղերում ընթացող գործընթացներին:
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ.- Փաստօրէն, հայերի եւ քրդերի միջեւ որոշակի համագործակցութիւն կայ:
ՊԱՐՈՅՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Այո, հայերն ապահով են զգում քրդաբնակ շրջաններում, որտեղ բնակւում են մօտ երկու հազար հայեր: Յատկանշական է, որ իրաքեան Քուրդիստանի տարածաշրջանային՝ 111տեղանոց խորհրդարանի անդամ է (2009ից) հայզագի Արամ Շահէն Բաքոյեանը, որը երկար տարիներ է, ինչ անդամագրուած է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցութեանը, որի ներկայիս առաջնորդը Մասուդ Բարզանին է: Ի դէպ՝ Արամ Բաքոյեանը ժամանակին Զախոյի հայկական թաղական խորհրդի անդամ էր:
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ.- Ի՞նչ վիճակում է ազգային կրթութեան հարցն Իրաքում:
ՊԱՐՈՅՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- 1970ա-կանների առաջին կէսին հայկական ազգային վարժարանները (ինչպէս մնացած ազգային կրթական հաստատութիւնները) Իրաքում պետականացուեցին: Այն ժամանակ մեծ ջանքեր պահանջուեցին, որ գոնէ հնարաւոր դառնա հայերենի եւ կրօնի ուսուցումն արդէն պետական դպրոցներում: Եւ ահա 2003ից յետոյ, երբ որոշակի հնարաւորութիւններ ընձեռուեցին փոքրամասնութիւններին, հայերն Իրաքում փորձեցին վերականգնել ազգային վարժարանի ինստիտուտը: 2004-2005ից վերաբացուեց Բաղդադի միակ հայկական ազգային վարժարանը, որը ներկայում մօտ 130 աշակերտ ունի: Վարժարանը կից է մայր եկեղեցուն: Այս տարի մի շարք իրաքահայ ուսուցչուհիներ վերապատրաստուել են Հայաստանում: Ի դէպ՝ Իրաքի քրիստոնեաների մէջ հայերն առաջինն էին, որ ձեռնամուխ եղան ազգային վարժարանի բացմանը:
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ.- Ինչպիսի՞ն են իրաքահայ համայնքի յարաբերութիւնները պետութեան հետ:
ՊԱՐՈՅՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Իրաքահայերը Իրաքի լիիրաւ քաղաքացիներ են, ունեն նոյն իրաւունքներն ու պարտականութիւնները, ինչ Իրաքի մնացած ժողովուրդները: Ներկայում իրաքահայ համայնքն ակտիւօրէն համագործակցում է կրօնի հարցերով զբաղուող պետական մարմնի հետ: Բացի այդ՝ հայ համայնքը բաւական լաւ փոխյարաբերութիւններ թէ՛ սուննի, թէ՛ շիայ համայնքների եւ նրանց ղեկավարների հետ: Բարիդրացիական են յարաբերութիւններն էթնիկ այլ խմբերի, այդ թւում՝ քրդերի եւ թուրքմէնների հետ: Յատկանշական է, որ չնայած Իրաքում հայերը քրիստոնեաների մէջ թերեւս ամենափոքր թիւն են կազմում, Քրիստոնեայ համայնքների համայնքապետների խորհրդի քարտուղարը Հայոց թեմի առաջնորդ Աւագ արքեպիսկոպոս Ասատուրեանն է: Այս իրողութիւնն ի ցոյց է դնում Աւագ սրբազանի կարողութիւնները:
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ.- Ինչպէ՞ս էք տեսնում իրաքահայ համայնքի հեռանկարը:
ՊԱՐՈՅՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Միջին Արեւելքի, այդ թւում՝ իրաքահայ համայնքի համար գնալով աւելի ու աւելի դժուար է դառնում ազգային գոյապահպանութեան հեռանկարը: Ինչ վերաբերում է իրաքահայերին, ապա մենք, ինչպէս Իրաքի մնացած քաղաքացիները, պէտք է յուսանք, որ երկրում կը հաստատուի վերջնական կայունութիւն: