
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը (ՈԴՀՌ) յայտարարում է ամէնամեայ, արդէն հինգերորդ քայլարշաւի՝ «Քայլարշաւ յանուն կեանքի փրկութեան 2010»ի մեկնարկի մասին, որ տեղի կ՛ունենայ Շաբաթ օրը, Նոյեմբերի 13ին, Գլենդէյլում, Կալիֆորնիա:
3կմ/6կմ քայլարշաւը կը սկսուի Գլենդէյլ «Մեմորիալ» հիւանդանոցից (Glendale Memorial Hospital), եւ կ՛աւարտուի «Վերդուգօ» այգում, որտեղ կ՛անցկացուի համայնքային փառատօն, ուր կը մատուցուեն կերակուրներ, կը հնչի կենդանի երաժշտութիւն, տեղի կ՛ունենայ նաեւ այլ հանդիսութիւններ՝ յայտնի երգիչների եւ խմբերի մասնակցութեամբ:
Արդէն աւանդական դարձած քայլարշաւը շարունակում է համախմբել համայնքի մեծաթիւ անդամների եւ ստանալ տարբեր ընկերութիւնների հովանաւորութիւնը, առողջապահական հիմնարկների, տեղական կառավարութեան, ընտրուած պաշտօնեաների եւ արուեստագէտների աջակցութիւնը: «Քայլարշաւ յանուն կեանքի փրկութեան 2010»ը համահովանաւորել են Գլենդէյլ «Մեմորիալ» հիւանդանոցը եւ Գլենդէյլի քաղաքապետարանը: Միջոցառման նախագահն է Արփի Քեսթենեանը՝ «Մեմորիալ» հիւանդանոցից, եւ հինգ պատուաւոր համանախագահները՝ Լաուրա Ֆրիդման (Գլենդէյլի քաղաքային խորհրդի անդամ, քաղցկեղից բուժուած), կոնգրեսական Ադամ Շիֆ (ՈԴՀՌի երկարամեայ աջակից), ծերակուտական Քարոլ Լուի (կրծքի քաղցկեղի իրազեկման հարցերի պաշտպան), Գրեգ Գրիգորեան (Գլենդէյլի միացեալ կրթաշրջանի վարչութեան նախագահ) եւ Գրիգոր Յովհաննիսեան՝ Լոս Անջելըսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս:
Քայլարշաւին մասնակցել ցանկացողները կարող են գրանցուել ՈԴՀՌի (ABMDR) կայքի՝ www.abmdr.am միջոցով, կամ գրանցուել միջոցառման օրը: Գրանցուելու համար կարելի է դիմել որպէս անհատ կամ խումբ, եւ մասնակցել ի յիշատակ սիրելի մարդու: Ինչպէս նախորդ քայլարշաւներին, «Քայլարշաւ յանուն կեանքի փրկութեան 2010»ին մասնակցելու յայտ են ներկայացրել հայկական եւ մասնաւոր դպրոցներից տարբեր խմբեր, ինչպէս նաեւ՝ հանրային քոլեջներից եւ համալսարաններից ուսանողական կազմակերպութիւններ:
«Սա հիանալի առիթ է մեծ գործի շուրջ համախմբելու մեր համայնքի տարբեր անդամների», նշում է ՈԴՀՌի տնօրէնների խորհրդի նախագահ Ֆրիդա æորդանը: «Մինչ այժմ, մենք ստացել ենք բարեկամական արձագանգ՝ հարիւրաւոր մարդիկ են գրանցուել որպէս դոնոր», նշում է դոկտոր æորդանը:
Քայլարշաւի համար գրանցումը կը սկսուի Գլենդէյլ «Մեմորիալ» հիւանդանոցի դիմաց, առաւօտեան 7:30ին, եւ կը տեւի մինչեւ 8:30: Այնուհետեւ, բացման կարճատեւ արարողութիւնից յետոյ, միջոցառումը կ՛օրհնեն Հայց. եկեղեցւոյ զոյգ թեմերի եւ այլ եկեղեցիների հոգեւոր ներկայացուցիչները:
Շուրջ 4 մղոն տեւող քայլարշաւը կը մեկնարկի առաւօտեան ժամը 9ին: Մասնակցել ցանկացողները հնարաւորութիւն կ՛ունենան գրանցուելու նաեւ 9:30ին՝ «Glendale City Hall»ի առաջ: Միայն «Վերդուգօ» այգու միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցուել այգում՝ առաւօտեան 10:30ից: Միջոցառման աւարտին՝ 2:30ին, փոխադրակառքերը մասնակիցներին կը տեղափոխեն «Մեմորիալ» հիւանդանոցի կամ Գլենդէյլի քաղաքապետարանի մօտ:
««Քայլարշաւ յանուն կեանքի փրկութեան 2010»ի մասնակիցները կ՛աջակցեն ՈԴՀՌի կեանքեր փրկելու առաքելութեանը», նշում է դոկտոր æորդանը: Ոչ կառավարական համահայկական այս կազմակերպութիւնը օգնում է փրկել կեանքին սպառնացող արեան հիւանդութիւններով տառապող աշխարհասփիւռ հայերի կեանքը՝ դոնորներից հաւաքագրելով ոսկրածուծի ցօղունային բջիջներ եւ դրանք յարմարեցնելով փոխպատուաստման համար: Դոկտոր æորդանը նշում է, որ կազմակերպութիւնը խրախուսում է աշխարհի տարբեր անկիւններում իր աջակիցներին, իրենց մասնակցութիւնը բերել առաջիկայ քայլարշաւին՝ ստեղծելով խմբեր եւ գումարներ հաւաքագրելով կազմակերպութեան կայքի միջոցով:
Քայլարշաւի ընթացքում, մասնակիցները նաեւ հնարաւորութիւն կ՛ունենան գրանցուելու որպէս ոսկրածուծի դոնոր՝ օգնելով ընդլայնելու կազմակարեպութեան աշխարհասփիւռ շարքերը:
«Հնարաւոր դոնոր դառնալը չափազանց հեշտ եւ արագ գործընթաց է», նշում է Ֆիմի Մխիթարեան՝ կազմակերպութեան երկարամեայ կամաւորը, ով կ՛օգնի կազմակերպել Նոյեմբերի 13ին «Վերդուգօ» այգում տաղաւարներում հաւաքագրման գործընթացը: Մխիթարեանը յաւելում է, որ հաւաքագրման աշխատանքներում կամաւորական հիմունքներով աշխատելու ցանկութիւն ունեցողները կարող են գրանցուել կազմակերպութեան կայքում:
Լոս Անջելըսում եւ յարակից շրջաններում կազմակերպութեան առաքելութեան մասին տեղեկացուածութեան մակարդակն աճել է, մասնաւորապէս երիտասարդութեան շրջանում, նշում է ՈԴՀՌի անդամ, դոկտոր Էւլին Բաղդասարեանը: «Ամէն տարի անցկացուող մեր քայլարշաւները հսկայական խանդավառութիւն են առաջացնում, յատկապէս՝ երիտասարդների շրջանում, ինչի մասին են վկայում մեր միջոցառմանը մասնակցող բազմաթիւ ուսանողական խմբերը: Նրանք մասնակցում են մեծ նուիրումով՝ քայլարշաւը դարձնելով առաւել արժէքաւոր», յայտնում է դոկտոր Բաղդասարեանը:
Քայլարշաւին մասնակցող ուսանողները կը ստանան կամաւոր համայնքային աշխատանքի մրցանակ, յայտնում է Բաղդասարեանը:
ՄԻæՈՑԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
7:30-8:30՝ գրանցում «Glendale Memorial Hospital»ի դիմաց
8:30՝ բացման միջոցառում
9:00՝ քայլարշաւի մեկնարկ
9:30՝ գրանցում՝ «Glendale City Hall»ի դիմաց
10:30՝ գրանցում փառատօնի մասնակցութեան համար «Verdugo» այգում
10:30՝ համայնքային փառատօն «Verdugo» այգում
Յայտնենք, թէ ՈԴՀՌ հիմնադրուել է 1999 թուականին: Այն ոչ կառավարական կազմակերպութիւն է, որ օգնում է փրկել կեանքի սպառնացող արեան հիւանդութիւններով տառապող աշխարհասփիւռ հայերի կեանքը՝ դոնորներից հաւաքագրելով ոսկրածուծի ցօղունային բջիջներ եւ դրանք յարմարեցնելով փոխպատուաստման համար: Մինչ այժմ, ՈԴՀՌ երեք մայրցամաքների 13 երկրներից հաւաքագրել է 16 հազար դոնորների ցօղունային բջիջներ, որից 1696 ցօղունային բջիջներ համընկել են պահանջուածին, ընտրուել են 1419 դոնորներ, իրականացուել է 11 փոխպատուաստում:
Առաւել մանրամասն տեղեկութիւնների համար, պէտք է զանգահարել (323) 663-3609 հեռախօսահամարով կամ այցելել www.abmdr.am կայք:
(Թղթակցութիւնը հիմնադրամէն)