
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Ընթացիկ հայ գրականութեան գեղարուեստական արձակի աֆրիկահայն է նա, թէեւ ծնուած 1936 թուկանին, Ալեքսանդրետի Միջերկրականեան կապոյտ ափերին, բայց սփիւռքահայի իր ճակատագրով, նախ դեռեւս մանուկ, տարագրւում է Մայրիների երկիրը՝ Լիբանան, ապա կեանքի ու աշխատանքի պարտադրութիւններով, իր երիտասարդութեան տարիները անց է կացնում բուն Աֆրիկայի խորքերում՝ միջարեւելցի ազգասէր ու հայրենասէր իր կրակոտ զգացումներին ու կրքերին աւելացնելով սեւ աշխարհամասի գաղութայնացուած թէժ արեւի հուրը, վաթսունական թուականների քաղաքական, հասարակական ու ընկերային կեանքի արտակարգ փորձառութիւնը։ Նման կոփուածքի անհատականութեամբ է նա հարստացնում հայ արձակի ընդարձակ դաշտը աֆրիկեան սաթով շողշողուն թեմաների այնպիսի էջերով, որոնք նորոյթ են բերում իրենց պատումներով։
Ցայժմ հրատարակել է պատմուածքների հետեւեալ հատորները. «Ափրիկեան ափերու վրայ» 1967. «Ափրիկեան համանուագ» 1973. «Անտառը մարդուն մէջ» 1978. «Պայթում լռած թնդանօթներու» 1982. «Ֆրիվէյ» 1988. «Ողջոյն, յաւերժական Լիբանան» 1991. «Merci Beaucoup Ասպետական Ֆրանսա», ապա՝ վէպեր՝ «Փոթորիկ», «Փտախտ», «Այն միւս փողոցը»։ Տարիներից ի վեր աշխատակցում է սփիւռքահայ մամուլին՝ գեղարուեստական արձակով, հրապարակագրական ու գրադատական յօդուածներով։
Նրա պատմուածքների մի կարեւոր մասը իրապատումներ են, մասամբ էլ գունաւորուած սեփական կենսագրական պատառիկներով, իրագործուած գեղարուեստական ստեղծագործական ձեւակերպումով, ձեւ ու բովանդակութիւն ստացած։ Արդարեւ, ակնառու է, որ նրա համար, որպէս ստեղծագործող հեղինակի, գերակշռաբար՝ գրուածքի գաղափարն է առաջնահերթ կարեւորութեամբ նպատակամիտւում, քան գրուածքի բնամիտը )թեման(։ Այս յատկութիւնը ունի իր հայկական, եղեռնուած, վերածնուած ու ազգային հպարտութեան հաստատումով ամրակայուած սփիւռքեան հոգեբանական ու ինքնաճանաչման ազդակները, որոնցմով հեղինակը միշտ հաւատարիմ է մնում իր գաղափարական նուիրականութիւններին, սրբութիւններին, բարեպաշտական զգացումներին… վերհանելու, հնչեցնելու իր գրականութեամբ, նոյնիսկ հեռաւոր կապուածութիւններով։ Սա հեղինակային այնպիսի մի զօրաւոր նկարագրային գիծ է, որ պիտք է ըմբռնել համօրէնութեամբ։ Նա յաճախ բնամիտը ենթարկում է ազգային հասարակական եւ բարեպաշտական իր նախասիրութիւններին՝ նպատակներ ու կեցուածքներ հռետորելու, նոյնիսկ եթէ դրանով բեկանում է պատումի գեղարուեստական զարգացումը եւ ամբողջացումը։
Ճիշդ չի լինի միայն գեղագիտական նկատառումներով նժարել այդ, քանզի բազմաթիւ սերունդների կտակային հանգանակին հաւատարիմ մնալու գերուխտով կանխակալ հեղինակը իր ազգային, հասարակական ու բարեպաշտական հաւատարմութեամբ է ծածանում իր դրօշը, քան թէ գեղարուեստական պատշաճութիւն պահելու փոյթը։
Նա ունի սրբութիւններ, որոնց սիրոյն զոհում է այն, ինչ պարտ է։ Դա ճակատագրական իրավիճակ է, ուստի չի կարելի գրադատական գրքունակ քչփորումների ենթարկել… Եւ պիտի աւելացնել, որ հեղինակը վրձինելով հանդերձ աֆրիկեան ցեղախմբային նախաքաղաքակրթեալ նախապաշարումներով խարխափող հասարակութեան ու միջավայրի իրապատկերները, միաժամանակ հայկական հասկացողութեան հասցնելու պահանջից էլ թելադրուել է՝ պինդ կենալու։ Այլապէս, պակաս չեն տուեալ բնաշխարհի իւրօրինակ հեստութեան, ցոփութեան ու շուայտանքի գոյնզգոյն խճանկարները՝ բազմաթիւ պատմուածքներում։ Ու նա պատմում է ոգով ու զգացումներով. հասնում գեղարուեստական բարձրութեան։ Պատմուածքներում միայն մէկ գերագոյն իրադրութիւն պատմելու դիպուկայնութեամբ երբ նա հասնում է աւարտին, այլեւս վերջաբանում է եզրակացնող պարբերութեամբ, գաղափարական կողմնորոշումով։
Աֆրիկեան պատկերներից յետոյ, «Պայթում լռած թնդանօթներու» եւ «Ողջոյն յաւերժական Լիբանան» հատորներով, հեղինակը վեր է հանում լիբանանահայի ու Եւրոպա այցելող հայի նուաճումները, տառապանքները, կեանքի, սիրոյ ու աշխատանքի բերքերը։ Այնուհետեւ, «Ֆրիվէյ» հատորով արտացոլում է հայրենիքից ու միջարեւելքից Ամերիկայի ընդարձակ ու կլանող տարածքները հասած հայ զանգուածների իրականութիւնը։ Արդէն ինքը 1979ից ի վեր հաստատուած է Լոս Անջելըսում։ Նորաշխարհի հայոց նորակազմիկ համայնքները իրենց եօթանասուն-ութսունական թուականների առօրեայ անդոհանքով, եռեփումով, փայլուն նուաճումներով ու կորուստներով, լաւագոյնս ծանօթ ու հարազատ են հեղինակին։ Ու նրա գրչի պտղաւորումը այս բնամիտերով փոխանցում է մեր կեանքը գեղարուեստական դիպուկ ու յուզիչ ճշմարտացիութեամբ:
Ինքնատիպ է նրա պատումի ոճը, երբեմն մի պատահական նախադասութեամբ է սկսում, այնպէս բնական, ապա տարածւում է կերտելով պատմուածքի ամբողջութիւնը։ Նա պատմում է ընդգրկուն մտորումներով, «զիգզագ» նշողումներով անցեալի, ներկայի ու ապագայի վրայ. իւրաքանչիւր մտապատկերի հետ տարածւում է խոհերով, յիշողութիւններով, մաղթանքներով ու անէծքներով… Նրա երեւակայութիւնը վառ ու երփներանգ է, պատկերից պատկեր երբեմն բաւական տարածուն թռիչքներով, որ սրատեսութիւն պէտք է նկատելու կապակցութիւնները։ Նա հմտութեամբ է խորանում իր հերոսների յուզաշխարհին մէջ, իմաստասիրութեամբ է կատարում հոգեբանական ու հասարակական վերլուծութիւններ։ Պատումների ընթացքում երբեմն նաեւ հեղինակային խօսակցութեան է մտնում ընթերցողի հետ, ստեղծում է հարազատութիւն։ Լայն մտահորիզոնով տեսանող ու խորհրդածող արձակագիր է, իր ասուածութիւնների համար պայքարող ու զոհաբերող, այլեւ զգացող, ամենաբաշխ լաւին հաւատացող ու ցանկացող. ահա թէ ինչո՛ւ մտքի ու սրտի կռիւ կայ նրա երկերում։ Նրա գրական լեզուն երբեմն շաղւում է բնավայրի տեղական խօսակցական արտայայտութիւններով։ Թոյլ է տալիս մարմնական ծածկուած մասերի անուանումներ։
«Այն միւս փողոցը» վէպով Պ. Գուբելեան այլեւս լրիւ ամերիկահայ է, որ թէեւ պատմութիւն չի պատմում վիպագրական բուն ըմբռնումով, բայց իր տեսածն ու ապրածը ներկայացնում է ընթերցողին ամրացած հեղինակի հանգանակով, սեւեռումներով։ Միջարեւելեան կեանքից յետոյ Ամերիկան իսկապէս այն միւս փողոցն է դարձել, ոչ միայն միջարեւելցի հայ վերսփիւռուած պանդուխտի համար, այլ հայրենիքը լքած, արտագաղթեալ հայաստանցու համար էլ, որ մերւում է նոր հասարակայնութեան հենքին՝ ճախարակուելով ու մանուելով որպէս ամերիկացի։ Լիբանանից Աֆրիկա, Աֆրիկայից Միացեալ Նահանգներ ուղեծիրով է նրա գրական ստեղծագործութիւնների էջերի ու հատորների շղթան երկարում, ստեղծում գուբելեանական մարդու ու հայի ապրած կեանքը համաշխարհային արեւի տակ… Մեր ընկերական սրտագին մաղթանքն է, որ այն երկարի բազում օղերով, անհատական ու ընտանեկան առողջութեան ու յաջողութեան շռինդներով… Ստեղծագործական նոր կայծերի ու գոյների խտացումով։