ՔՐԻՍՏԻՆԷ Ֆ. ՄԵԼՔՈՆԵԱՆ
Պատմ. Գիտ. թեկնածու

1944-1945 թթ. հայ ժողովուրդը վերապրեց ազգային զարթօնք: Ինչպէս Սփիւռքում, այնպէս էլ Խորհրդային Հայաստանում լայն ծաւալ էր ընդունել «ազգային ուժերի միասնութեան» գաղափարը: Դրան նպաստել էր նախեւառաջ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի վարած հակախորհրդային քաղաքականութիւնը, որը պատերազմի աւարտից յետոյ յանգեցրել էր խորհրդա-թուրքական յարաբերութիւնների վատթարացման: 1945 թ. ԽՍՀՄը հրաժարուեց երկարաձգել 1925 թ. խորհրդա-թուրքական պայմանագիրը եւ փորձում էր խաղարկել հայկական տարածքների Խորհրդային Հայաստանին վերադարձնելու խաղաքարտը: Առաջին անգամ էր, որ Խորհրդային Միութեան եւ համայն հայութեան շահերը համընկնում էին: Կրեմլը գիտակցում էր, որ դեռեւս պատերազմի տարիներին արտերկրում ապրող հայերի կողմից Հայկական հարցի շուրջ սկսած գործընթացը պէտք է օգտագործել ի նպաստ իր շահերի, այդ պատճառով Հայաստանի կառավարութեան միջոցով խրախուսել է 1944-1945 թթ. հայկական ազգային կազմակերպութիւնների սկսած գործունէութիւնը:
Դեռեւս 1944 թ., երբ խորհրդահայ հասարակութիւնը նեղ շրջանակում քննարկում էր հայկական տարածքների վերադարձի հարցը, սփիւռքահայութիւնը ակտիւ միջոցների դիմեց այն միջազգային հանրութեանը ներկայացնելու համար: Սփիւռքում սկսուել էր մի շարժում, որը մի կողմից գլխաւորում էր Հայ Յեղափոխական Դաշնակցական (ՀՅԴ) կուսակցութիւնը, միւս կողմից՝ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը (ՌԱԿ), խորհրդամէտ այլ կազմակերպութիւնների՝ Սոցիալ Դեմոկրատական Հնչակեան Կուսակցութեան (ՍԴՀԿ) եւ Ամերիկահայերի առաջադիմական լիգայի հետ համատեղ: Արդիւնքում՝ վերջիններիս նախաձեռնութեամբ, սփիւռքահայերի շրջանում, ստեղծուել էին ազգային խորհուրդներ, ՀՅԴ կուսակցութիւնն էլ իր հերթին ձեւաւորել էր Հայկական ազգային կոմիտէն՝ Ռուբէն Դարբինեանի եւ Սիմոն Վրացեանի ղեկավարութեամբ:
Վերը նշուած կազմակերպութիւնները այդ տարիներին հրատարակեցին գրքեր ու գրքոյկներ, տպագրեցին յօդուածներ, թերթիկներ, պատրաստեցին յուշագրեր եւ դիմումներ, բացի այդ, ի նպաստ Հայոց Դատի կազմակերպեցին հանրահաւաքներ ու հաւաքոյթներ: Այդ փաստաթղթերը վկայում են, որ սփիւռքահայութիւնը գիտակցել է, որ աշխարհի յետպատերազմեան խաղաղութեան եւ անվտանգութեան հարցերը կախուած են երեք մեծ տէրութիւնների՝ ԽՍՀՄի, ԱՄՆի եւ Մեծ Բրիտանիայի համագործակցութիւնից:
Աւելին՝ բոլոր կարեւոր միջազգային հարցերը կարող են լուծել այդ տէրութիւնների համաձայնեցուած գործողութիւններով, յատկապէս Հայկական հարցի լուծմամբ կարող է զբաղուել Ազգերի լիգային փոխարինած նորաստեղծ Միացեալ ազգերի կազմակերպութիւնը: Այդ նկատառումով, ԱՄՆում գործող կազմակերպութիւնները՝ Ամերիկահայ ազգային կոմիտէն եւ Ամերիկահայ ազգային խորհուրդը երկու առանձին պատուիրակութիւններ են ուղարկուել 1945 թ. Ապրիլի 25ից Յուլիսի 26ը Սան Ֆրանցիսկոյում ընթացող ՄԱԿի առաջին վեհաժողովի աշխատանքներին ներկայ լինելու համար: ՄԱԿում վերջիններս ճանաչուել են որպէս «ամերիկեան ազգային կազմակերպութիւններ» եւ դիտորդի կարգավիճակով մասնակցել համաժողովի շրջանակում կայացած պաշտօնական եւ ոչ պաշտօնական բոլոր հանդիպումներին, կապեր հաստատել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտօնեաների, մամուլի եւ ռադիոյի ներկայացուցիչների հետ1: Սակայն վերը նշուած այդ կազմակերպութիւնների կատարած ամենակարեւոր քայլը ամերիկաբնակ հայերի անունից ՄԱԿին ներկայացրած յուշագրերն են:
Յատկապէս առանձնացնենք, ՀՅԴ կուսակցութեանը ներկայացնող Հայկական ազգային կոմիտէի գործունէութիւնը: Այն ինքնուրոյն ազգային մարմին էր եւ պարտաւորուել էր «կազմակերպել եւ վարել Հայ Դատի պաշտպանութեան գործը Ամերիկայի մէջ, ներկայ պատերազմի եւ խաղաղութեան ժողովի կապակցութեամբ»2: Ի տարբերութիւն ազգային խորհուրդների՝ առանց ԽՍՀՄի աջակցութեան էր գործում, չնայած որ համագործակցելու նպատակով բազմիցս դիմել է Մոսկուային:
Նախ 1945 թ. Մարտին խորհրդա-թուրքական պայմանագրի չեղեալ յայտարարուելուց յետոյ կոմիտէն Ապրիլի 7ին հեռագիր է յղել ԽՍՀՄի առաջնորդ Ի. Ստալինին մէկ անգամ էլ յիշեցնելով Հայկական հարցը: Կոմիտէն գրել է. «Հայերը չեն մոռացել Ձեր պատմական յայտարարութիւնը Թուրքահայաստանի իրաւունքների մասին եւ հաստատ համոզուած են, որ Դուք նորից կը վերանայէք այդ իրաւունքները համակրանքի նոյն ոգով»3: Սակայն, ինչպէս վերը նշուել է կազմակերպութիւնը յատկապէս մեծ յոյսեր էր կապել Սան Ֆրանցիսկոյում սկսուած ՄԱԿի աշխատանքների հետ: Այդ նկատառումով Մայիսի 7ին Ս. Վրացեանի ստորագրութեամբ ներկայացրել է «Հայկական հարցի առթիւ» խորագրով յուշագիր, որում անդրադարձ է կատարուել Հայկական հարցի համառօտ պատմութեանը՝ մեծ տեղ յատկացնելով Հայաստանի առաջին հանրապետութեանը, Սեւրի պայմանագրին, Հայկական հարցի վերաբերեալ Ազգերի լիգայի բանաձեւերին, իսկ վերջում պահանջուել է Թուրքիայի կողմից բռնազաւթուած հայկական հողերի ազատագրումը ու դրանց կցումը Խորհրդային
Հայաստանին4: Աւելի ուշ՝ Յունիսի 13ին, կոմիտէն խորհրդաժողովին մասնակցող 50 պատուիրակութիւններին ներկայացրել է երկրորդ յուշագիրը, որում առաջարկել է Խորհրդային Հայաստանին եւս ընդգրկել ՄԱԿի կազմում5: Մինչդեռ ՄԱԿում անտեսուել է հայերի խնդրանքները, աւելին՝ Հայկական հարցը պաշտօնապէս չի քննարկուել խորհրդաժողովի շրջանակներում:

Հայկական ազգային կոմիտէն, որը Ս. Վրացեանի ղեկավարութեամբ պատուիրակութիւն էր ուղարկել Սան Ֆրանցիսկօ եւս մեծ հիասթափութիւն է ապրել: Պատուիրակութիւնը առաջին իսկ օրերից հասկացել է, որ միջազգային նորաստեղծ այս կառոյցը բնաւ էլ չի պատրաստւում անդրադառնալ փոքր ժողովուրդների, յատկապէս հայերի խնդրին: Այդ մասին վկայում է Ս. Վրացեանը Ամերիկայի Հայկական ազգային կոմիտէի քարտուղար Ս. Զարեանին 1945 թ. Մայիսի 10ի ուղարկած իր նամակ-հաշուետուութիւնում: Նա նամակում մանրամասն գրել է խորհրդաժողովի աշխատամնքների մասին եւ այն եզրակացութեանն է յանգել, որ այս ժողովը միայն հոյակապ առիթ է, որպէսզի մէկ անգամ էլ բոլորին յիշեցուի հայերի գոյութեան եւ պահանջների մասին6: Հաշուի առնելով այդ նկատառումները մշակուել է գործունէութեան ծրագիր, ըստ որի՝ պատուիրակութիւնը հետեւեալ կերպ էր գործելու.
* Պարտաւոր էր մինչ որեւէ քայլ ձեռնարկելը՝ անհատական կապեր հաստատել մասնակցող պատուիրակութիւնների հետ՝ պարզելու նրանց վերաբերմունքը՝ Հայկական հարցի նկատմամբ:
* Հրապարակային ելոյթներ ունենալու հարցում չշտապել, արտայայտել միայն առաւել նպատակայարմար պահին:
* Մամուլում եւ պատուիրակութիւնների շրջանակում ստեղծել բարենպաստ կարծիք:
* Չմիանալ այլ ժողովուրդներին եւ հանդէս գալ միայն նրանցից առանձին եւ ինքնուրոյն:
* Խորհրդաժողովին եւ պատուիրակութիւններին յուշագիրը ներկայացնել հոգեբանական նպաստաւոր պահին7:
Հետեւելով այս ծրագրին՝ խորհրդաժողովի շրջանակներում պատուիրակութիւնը հանդիպել եւ բանակցութիւններ է վարել ամերիկեան, բրիտանական եւ ֆրանսիական պատուիրակութիւնների հետ (տեղեկացնենք, որ միայն խորհրդային պատուիրակութիւնն է հրաժարուել վերջիններիս ընդունել)8: Դրանից յետոյ ՀՅԴ պատուիրակութիւնը հետեւեալ եզրակացութեանն է յանգել, որը եւս բերուած է Վրացեանի նամակում.
1. Այդ խորհրդաժողովում Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ հանդէս են գալիս միացեալ ուժերով:
2. Անգլօ-սաքսերի եւ սլաւոնների միջեւ հակադրութիւնն աւելի խորն է, քան այն երեւում է:
3. Յայտնի չէ, թէ ի՛նչ գործնական նպատակներ է հետապնդում ԽՍՀՄը՝ Մերձաւոր Արեւելքում:
4. Խորհրդաժողովում թուրքերը իրենց պահում են յատուկ զգուշաւորութեամբ՝ խուսափելով իրենց շուրջ աղմուկ առաջացնելուց:
5. Հայերի նկատմամբ առկայ է որոշակի կարեկցանք, բայց բոլորի համար էլ Հայկական հարցը մոռացուած հարց է: Ոչ ոք ոչինչ չգիտի այդ մասին, բացի, անգլիացիներից, որոնք, սակայն, պաշտպանում են Թուրքիային եւ նեարդայնանում, երբ յիշեցւում է Սեւրի կամ Վիլսոնեան սահմանների մասին:
6. Ամերիկացիները ընդհակառակը զգում են, որ հայերի նկատմամբ ունեն որոշակի պարտականութիւններ, բայց խորհուրդ են տալիս, որ այս խորհրդաժողովում առանձնապէս չշահարկեն այս հարցը, քանի որ իրենք հանդէս են գալիս անգլիացիների հետ եւ չեն կարող առանձին գործել9:
Իրականում՝ պատուիրակութիւնը ճիշտ է գնահատել քաղաքական իրավիճակը: Սակայն հակասութիւններ գոյութիւն ունէին ոչ միայն ԱՄՆ-Անգլիա եւ ԽՍՀՄի, այլեւ ԱՄՆի ու Անգլիայի միջեւ, յատկապէս՝ Մերձաւոր Արեւելքի հարցերում: Այդ տարիներին գերիշխանութեան պայքար էր սկսել Վաշինգտոնի եւ Լոնդոնի միջեւ, բրիտանական կողմը տարածաշրջանում բացայայտօրէն իր դիրքերը զիջում էր ամերիկացիներին: Իսկ այն, որ խորհրդաժողովում թուրքերը իրենց պահում էին յատուկ զգուշաւորութեամբ՝ խուսափելով իրենց շուրջ աղմուկ առաջացնելուց, պայմանաւորուած էր վերջիններիս համար ցաւագին փաստով. ԱՄՆն եւ Մեծ Բրիտանիան ՄԱԿում թուրքական պատուիրակութեանը հասկացրել էին, որ ԽՍՀՄի Թուրքիային ներկայացրած տարածքային պահանջատիրութեան հարցում, իրենցից մեծ սպասումներ չունենան10:
Բացի այդ, Ս. Զարեանին ուղարկած նամակում Վրացեանը եւս անդրադարձել է այս հարցում Լոնդոնի եւ Վաշինգտոնի դիրքորոշմանը: Նա գրել է. «Ամերիկացիները եւ անգլիացիները որոշակիօրէն հասկացնել տուեցին, որ եթէ ռուսները թուրքերին տարածքային պահանջներ ներկայացնեն, ապա իրենք կը դիմադրեն: Միաժամանակ ամերիկացիները մեզ յուշեցին, որ իրենք այդ դէպքում բողոքելուց հեռու չեն գնայ: Մասնաւորապէս, եթէ ռուսները Հայաստանին վերաբերող պահանջներ ներկայացնեն, ապա կը ստանան այն, ինչ ցանկանում են»11: Այսինքն՝ թուրքերի անհանգստութիւնը տեղին էր:
Նամակում տեղ գտած Վրացեանի վերլուծութիւնները եւ դիտարկումները մէկ անգամ էլ հաստատում են, որ հայ գործիչը բաւականին իրատեսօրէն է մօտեցել խնդրին: Սակայն նրա փորձերը ամերիկեան եւ բրիտանական կողմերի հետ նուրբ դիւանագիտութիւն վարելու, բացասաբար է ընդունուել ԽՍՀՄի կողմից:
Այս նամակը 1945 թ. ամռանը յայտնուել է ԽՍՀՄի կառավարութեան ձեռքում եւ վերջնականապէս ստիպել վերջինիս էլ աւելի անբարեացկամ մօտեցում ցուցաբերել ՀՅԴ կուսակցութեան նկատմամաբ: Յատկապէս զայրոյթ է առաջացրել նամակի հետեւեալ հատուածը. «Մենք անգլիացիներին եւ ամերիկացիներին ապացուցեցինք, որ հայերը բոլշեւիկներ չեն, բայց իրենք ստիպուած են պահանջել Թուրքահայաստանի միացումը՝ Խորհրդային Հայաստանին, միայն դրա համար, որ Հայկական հարցը լուծելու այլ միջոց չկայ: Եթէ ամերիկացիները եւ անգլիացիները հայերի պահանջների նկատմամբ ցուցաբերեն բարեացակամութիւն, ապա նրանք կարող են օգտուել հայերի երախտագիտութիւնից. Մերձաւոր Արեւելքում հայերը նրանց համար կը դառնան վստահելի տարր, հակառակ պարագայում՝ հայութեանը կը նետեն բոլշեւիկների գիրկը»12: Իհարկէ Վրացեանի վարած այս նուրբ դիւանագիտութիւնը չէր կարող միանշանակօրէն ընդունուել: Այն, մեծացրել է անվստահութիւնը Հայկական ազգային կոմիտէի նկատմամաբ եւ Խորհրդային Հայաստանում, եւ Սփիւռքի որոշակի քաղաքական շրջանակներում:
Եւ չնայած իր նկատմամաբ ձեւաւորուած բացասական դիրքորոշմանը կոմիտէն չի հիասթափուել եւ շարունակել է գործունէութիւնը: 1945 թ. խնդրագրեր է ուղարկել Պոտսդամի, Լոնդոնի, Փարիզի եւ Նիւ Եորքի խաղաղութեան վեհաժողովներին: Աւելին՝ փորձել է յարաբերութիւններ հաստատել Խորհրդային Հայաստանի կառավարութեան հետ: Այդ նկատառումով՝ 1945 թ. Օգոստոսին 18ին նամակ է ուղարկել Խորհրդային Հայաստանի արտգործնախարար Ս. Կարապետեանին եւ մանրամասն տեղեկացրել յանձնաժողովի նպատակների եւ կատարած աշխատանքի մասին: Փաստաթղթի վերջում ասւում է. «Մենք ուրախ կը լինենք, որ ստանանք ձեր կարծիքը եւ խորհուրդները որպէսզի ներդաշնակենք մեր գործողութիւնները Հայաստանի ընդահանուր շահերի եւ նպատակների հետ»13: Մինչդեռ այս նամակը եւս չի ծառայել իր նպատակին: Խորհրդային Հայաստանի արտգործնախարարը հետեւեալ գնահատականն է տուել. «Ամէն ինչից դրսեւորւում է, որ դաշնակները արտասահմանում ձգտում են վաստակել քաղաքական կապիտալ այսպէս կոչուած հայկական հարցում, յարմարուելով ներկայ պահին ստեղծուած իրադրութեանը»14: Նա նպատակայարմար է համարել անպատասխան թողնել դաշնակցութեան կազմակերպութիւնից ելնող ցանկացած նամակ, յուշագիր եւ այլ դիմումներ, որ կը յղեն իրենց15: Այլ կերպ ասած՝ Խորհրդային կառավարութիւնը բացայայտ ցոյց էր տալիս, որ ՀՅԴ դիտում է որպէս արեւմտեան երկրների գործակալ: Հաշուի չառնելով, նոյնիսկ, որ իրենց նպատակները Հայկական հարցում համընկնում էին:

Այսպիսով՝ իրականութիւնը այն է, որ չնայած յետպատերազմեան տարիներին Խորհրդային Հայաստանը եւ ՀՅԴ Հայկական հարցում հետապնդել են նոյն նպատակները, սակայն այդպէս էլ չեն կարողացել համաձայնութեան գալ: Բոլոր հայկական կազմակերպութիւնները, առանց բացառութեան, պահանջել են հայկական տարածքները՝ Կարսը, Վանը, Էրզրումը, Տրապիզոնը, Բիթլիսը վերամիաւորել Խորհրդային Հայաստանին, այսինքն՝ մտցնել ԽՍՀՄի կազմի մէջ: Մինչդեռ 1945 թ. Սփիւռքում գործող կազմակերպութիւնները ոչ միայն չեն համագործակցել, այլեւ չեն էլ տեղեկացուած եղել մէկը միւսի գործունէութիւնից ու նման անհամաձայնեցուած գործունէութիւնն այդ տարիներին իր բացասական դերն է ունեցել Հայկական հարցի լուծման գործում: Նախեւառաջ դրան նպաստել է, այն, որ սփիւռքահայութիւնը բաժանուած էր երկու հակադիր եւ անհանդուրժողական ուժերի, իսկ Խորհրդային Հայաստանը, չունենալով միջազգային իրաւունքի սիւբյեկտի կարգավիճակ, չի կարողացել միաւորել վերջիններիս: Աւելին՝ ԽՍՀՄի ՀՅԴ նկատմամբ ունեցած դիրքորոշումը աւելի է սրել հայկական ազգային կուսակցութիւնների միջեւ գոյութիւն ունեցող հակասութիւնները: Արդիւնքում՝ 1945 թուականին Հայկական հարցի շուրջ Խորհրդային Միութիւնում եւ Սփիւռքում ծաւալուած գործողութիւնները այդպէս էլ դրական արդիւնք չեն ունեցել եւ 1945 թ. սկսուած ազգային զարթօնքը 1940ականների վերջին անկում է ապրել:
1. Vertanes Ch., Armenia Reborn, New York, 1947, p. 113-114. Հայ Դատի յանձնախմբ, Հաղորդագրութիւն Հայ Դատի յանձնախումբի, թիւ 1, Օգոստոս 1945, Նիւ Եորք, էջ 12:
2. Հայ դատի յանձնախմբ, Հաղորդագրութիւն Հայ Դատի յանձնախմբի, թիւ 1, Օգոստոս 1945, Նիւ Եորք, էջ 7:
3. Հայաստանի Ազգային արխիւ, Հասարակական-քաղաքական կուսակցութիւնների փաստաթղթերի բաժին (այսուհետեւ՝ ՀԱԱՅ ՀՔԿՓ), ֆ. 1, ց. 26, գ. 47, թ. 146:
4. Արեւելք Տարեգիրք, Հալէպ, 1948, էջ 76-77:
5. Հայ Դատի յանձնախումբ, Հաղորդագրութիւն Հայ Դատի յանձնախմբի, թիւ 1, Օգոստոս 1945, Նիւ Եորք, էջ 13:
6. ՀԱԱՅ ՀՔԿՓ, ֆ. 1, ց. 26, գ. 47, թ. 148:
7. Նոյն տեղում, թ. 149:
8. Նոյն տեղում:
9. Նոյն տեղում, թթ. 150-151:
10. Ազդակ, Բէյրութ, 5. X. 1977:
11. ՀԱԱՅ ՀՔԿՓ, ֆ. 1, ց. 26, գ. 47, թ. 153:
12. Նոյն տեղում:
13. Նոյն տեղում, ֆ.1, ց. 034, գ. 95, թթ. 219-224:
14. Նոյն տեղում, թ. 217:
15. Նոյն տեղում, թ. 218: