ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Քամին եկաւ աշնան ոսկէ բուրվառով ու խնկարկեց դեղնութիւն. դաշտերը լուռ դժգունեցին մրմուռով, խորհրդաւոր տրտմութիւն… Տերեւները թոյլ դողացին ճիւղերում, ու հողմավար թափուեցին. ճիւղերը մերկ չոր ու թափուր վերեւում անձրեւի տակ մնացին: Թափուած դալուկ տերեւները չորացած ցուրտ մայթերի ցեխերում, ու սէզերը ծով մարգերում խուճապած՝ շողն է մրսում ամպերում: Եւ մռայլուող իրիկմուտի պահերին, երբ արեւն է մահանում գարնանային պատրահնքներով անմեկին ծիծեռն էլ բոյն չի դառնում: Ու համօրէն թարշամութեան համերգում, հիմա երբ հովն է լալիս, մի լուրթ անուրջ իմ հոգին է մորմոքում՝ հին մի աշուն յիշելիս…
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՑԱՅԳ
Ելի՛ր, ընկեր, որ միասին այգի գնանք. ես այս գիշեր ծարաւի եմ լուսնաշողին. լուսնաշողի դժգոյն ու ցուրտ վրանի տակ բուռ-բուռ ըմպենք դեղնութիւնը աշնանային: Ճեմելիքում ստուերներն են գրկուել կրքոտ. լո՛ւռ, չաղմկե՛ս անդորրը այս տրտմաթախիծ. ծաղկոցը այժմ հոգեվարք է ապրում հեւքոտ, ծաղիկների բաժակներում մահուան թախիծ… Ձգի՛ր նստենք սէզերի չոր մահադաշտում. ափսոսանքի մեր արցունքը ի՜նչ ծովանայ. թարշամութեան դեղնաբեհեզ այս համերգում լուռ մորմոքը մեր սրտերում թող յամենայ: Հիմա քամու սառը շունչը ցուրտ կը շաչի, ու տես թառամ տերեւները ո՜նց են չվում… Զսպի՛ր, ընկեր, արցունքները քո դառն լացի, որ իմ սրտում մի հին աշնան խոց են բացում…
ԱՇՈՒՆ ԵՒ ԱՄՕԹԽԱԾՈՒԹԻՒՆ
Աշունը շէկ աղջնակ է սիրուըտող, որ նետում է շապիկ ու փէշ, ու մերկանում: Շոգի՞ց է: Բացում է իր կուրծքը ողորկ, բումբերը գիրգ ու կոնքերը մարմարէ, հազիւ թէ մի գունատ տերեւ թզենու թողնում վրան իբր ծածկոց: Հովն է փչում, չափում, շաչում, ամաչում… Գաղտագողի մեղանչում… Արբունքի մէջ աշունը շէկ աղջնակ է սիրուըտող, ու չգիտեմ թողնո՞ւմ, նետո՞ւմ է թզենու տերեւը… Սիրաբանող ամօթխածը էլ չի՛ նայում, չի՛ տեսնում… Օ՜, քունքերս զարկում են տաք բամբիւնով, ու բամբիւնով սիրտս է բախում շնչատ, մոլի, սիրախում, դեռ տարածուող աշնանային շէկութեան մէջ թաւշային… Ու վերստին կարծես կոկոն է պայթում, սիրուըտային վարդագունով ջերմանում. կարմրում է շէկութիւնը թառամող… Աշնանային միջօրէի արեւի՞ց է մեղրունակ… Մեղուների պարսն է զնգում արիւնիս մէջ, քունքերիս մէջ նւում, նազում, բազում խաղով տնազում… Աշունը շէկ աղջնակ է սիրուըտող, շիկնում է ու վարդագունում, թեր ու տերեւ թափթփում, մերկանում է, բայց… Ամօթխած՝ թզենու մի տերեւ թողնում իմ վրայ…
ՈՍԿԷ ԱՇՈՒՆ
Չսիրեցի քեզ բնաւ, բայց երգեցի քեզ յաճախ, ոսկէ աշուն, ե՛ւ բնութեան, ե՛ւ կեանքիս, որ միշտ, սակայն, շաղ տուեցիր իմ ճամբին տերեւներդ թալկացած, բայց ե՛ւ բերքդ բեղմնաւոր, ատոքահասկ, հասկահաս: Եթէ բնա՛ւ չունենայի գարնանային ողջ փթթումի տապը յորդ, սիրելու եւ տիրելու բուն բնազդը ստեղծագործ ու արարիչ, սրբազան. չունենայի ամառային շոգն ու տօթը, եւ արիւնս եռացնող լիցք անսասան, խլուած հզօր արեգակից հրազան. եթէ բնա՛ւ չունենայի… Ո՜հ յայնժամ կերկրպագէի քո ոսկուն եւ հունձքին այն փորձառութեան, որ օրերով ամբարեցի տարիներիս ամրոցում, դառնալով լիք, եւ գիտակից եւ ներհուն: Եթէ բնա՛ւ չունենայի աշխարհների արագընթաց, ամէն րոպէ ծնող, մեռնող, յաղթանակող գերբաների հասկացոյթը խթանող. եթէ բնա՛ւ չունենայի մեծ քաոսի ե՛ւ ստեղծող, ե՛ւ կործանող գերզօրութեան հիւլէից իմ ժառանգած հողեղէնի ծինը բոց. եթէ բնա՛ւ չունենայի… Ո՜հ, յայնժամ չէի լինի մեղու՛ն այն, որ ապրեց ծաղիկներին տիրելու հուր տարփանքով. ցօ՛ղն այն, վարդաթերթերին կառչելու զովութեամբ. ծերպերի գանգերը սանրող հո՛վը այն… Չէի լինի ա՛յն ինչ կամ: Ոսկէ աշուն, ոսկէ աշուն, չսիրեցի քեզ բնաւ. թէեւ ձուլում եմ ոսկիդ, թէեւ ձօնում եմ երգերս գարնանային ծլումներին ու փթթումին դեռատի, արբունացող խոյանքներին հաւաստի, ամառնային գիրգ շոգութեամբ պատարուն տրւումը ողջ վայելածի զօրութեամբ…
Եւ հիմա առատութեան տաղավարում քո ոսկեայ, զօծուած արդէն հասունութեան արեւի մանուշագոյն շառայլներով հեռակայ, այն որտեղի՜ց՝ այս որտե՜ղ, վերընթացով վայելչօրէն վեհական, նպատակով մտադիր, ու անբասիր դժգոհութեամբ առնական, ոսկէ աշուն, թող պարտական ես չմնամ քեզ բնաւ:
ԱՆՈՒՆԸ ԱՇՈՒՆ Է
Կանգնել է իմ ճամփին շիկաւուն մի աղջիկ, իր խոնաւ շուրթերով, ոտքերով իր բոբիկ, հիւսքերը հովերին, մերկիրան, բարալիկ, նա ինձ դուր է գալիս, եւ անունն աշուն է: Ես կանչում եմ նրան, ու նա ինձ գրկում է, ճամբէքիս փոսերը խաշամով լցնում է, չորացած շուրթերս անձրեւով թրջում է, փսփսում ականջիս, որ անունն աշուն է: Ուզում եմ հարս բերել, որ տանը մօրս օգնի, ինձ սիրով խնամի, ու երբեք չյոգնի, գիշերը գուրգուրի, տաք ծոցը իմ մտնի, ասի՝ ինձ սիրում է, ու անունն աշուն է: Շէ՛կ աշուն… Շէկ աշո՜ւն… երփներանգ իմ յուշեր… Որ թափուած էք սրտումս հանց վարդեր ու փուշեր… Որ նրան եմ ուզում ամէն օր ու գիշեր… Եւ չեմ էլ մոռանում… Որ անունն աշուն է:
ԱՇՆԱՆ ՏԵՐԵՒ
Չինարի ծառից ընկած աշունը տերեւ է չոր… Իմ սրտի հեւքը խլած աղջիկ է սիրատոչոր… Տերեւ չէ՛… Ձմռա՜ն ծաղիկ, ցուրտերի մէջ սառուցէ սպիտակ մի ձնծաղիկ, ասուպի ծուէն գուցէ… Տերեւ չէ՛… Գարնա՜ն ծաղիկ, իմ սրտում բողբոջել է, թերթերին ցօղ ու շաղիկ, ողջ գիրկս ողողել է… Տերեւ չէ՛… Ամրա՜ն ծաղիկ, արեւի շողին թառել, սիրասուն երգ ու տաղիկ կարօտած շուրթին առել… Բայց… Տերեւ է չինարի, արբունքի ոսկով զարդար, որ աշնան արցունքով լի կաթում է անմխիթար… Սիրոյ խօսք ու գիր վրան, խոստում է վայելքների… Յոյզերի մի սուրբ խորան, ծիածան է գոյների… Բայց եւ… Չէ՛… Շրշիւն է լոկ… Ցնդում է երազ դառած… Մէջքին վառ մի շիկափոկ աղջի՞կ է… Տերե՞ւ է թաց… Ընկնում է իմ թեւերին… Թռչում է քամու թեւով… Չինարի տերեւ դեղին… Աղջիկ է նա հոգեթով…