ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Տեղի ունեցաւ այն, ինչ պիտի տեղի ունենար: Չնայած ամերիկահայ լոբբիստական կազմակերպութիւնների եւ ընդհանրապէս ամերիկահայերի բացառիկ լաւ աշխատանքին, ԱՄՆի Ներկայացուցիչների պալատը չանդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին: Իհարկէ չմերժեց, բայց նաեւ չընդունեց: Կարծում եմ սխալ է ամերիկահայ համայնքից ակնկալել գրեթէ անհնարինը:
Ներկայ քաղաքական իրավիճակում ամերիկահայերի ջանքերը եւ ձայները չեն կարող աւելի ծանր կշռել, քան ամերիկեան միջինարեւելեան շահերը: Միացեալ Նահանգներն այսօր այն երկիրը չէ, որ յանուն վսեմ գաղափարների զոհաբերի իր շօշափելի շահը: Ամերիկահայերը նեղուելու իրաւունքն ունեն, քանի որ խորհրդարանականները չկատարեցին իրենց տուած խոստումները: Իսկ Հայաստանի իշխանութիւնները, կարծում եմ, խօսելու տեղ չունեն, քանի որ մի տարի առաջ հէնց այդ նոյն շահի համար ուրացան սեփական երկրի ոտնահարուած իրաւունքները, պատրաստ էին եւ այսօր էլ պատրաստ են, քանի որ արձանագրութիւնները դեռ առկախ են՝ թուրքերին տալու Հայաստանի Հանրապետութեանը իրաւականօրէն ամրագրուած տարածքի զգալի մասը: Կարծում եմ, որ նաեւ այդ պատճառով էր, որ երես չունեցան, իրենց թուրք գործընկերների օրինակով, որեւէ գրաւոր կամ բանաւոր խօսքով դիմելու Միացեալ Նահանգների իշխանութիւններին:
Ցաւօք նոյնը վերաբերում է, այսպէս կոչուած, Ազգային ժողովին, որը հէնց այդ օրերին զբաղուած էր մայրերնի լեզուն աճուրդի հանելով:
Լռութիւնն ընդհանրապէս քաղաքականութիւն չէ: Իւրաքանչիւր համապատասխան պաշտօնեայ պարտաւոր է կարեւորագոյն հարցերում պարզաբանել իր մօտեցումները: Մենք՝ այս երկրի հարկատուներս եւ քուէարկողներս, կարեւորագոյն հարցերում կարիք ունենք իմանալու բոլոր պատկան կառոյցների եւ կուսակցութիւնների դիրքորոշումները, որպէսզի մեր եզրակացութիւններն անենք: Չէ որ կայ «ժամանակ ձգելոյ քարինս, եւ ժամանակ ժողովելոյ քարինս» (Ժողովող 3:5), եւ մի օր հաստատ քարերը նետելու ժամանակը գալու է:
Ինչեւիցէ: Այս յօդուածիս բուն նպատակը օրերս (22.12.2010թ.) տեղի ունեցածի քննարկումը չէ: Խորքի մէջ, ինչ տեղի ունեցաւ՝ ընդամէնը քաղաքական միջադէպ էր, ոչ աւելին: Աւելի կարեւոր է քննարկել որոշ հիմնարար հարցեր. իսկ մեր ինչի՞ն է պէտք ԱՄՆի գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը: Եթէ դա ինքնանպատակ է, ապա իմաստ չունի: Եթէ դա արւում է հատուցումներ ստանալու նպատակով, ապա պիտի տրուի մէկ այլ, ոչ պակաս կարեւոր հարցի պատասխանը. ինչպէ՞ս խորհրդարանական բանաձեւը, որ իր բնոյթով կատարման համար ոչ պարտադիր է եւ ընդամէնը մէկ ազգային օրէնսդիր մարմնի կողմից դիրքորոշման արտայայտում է, պիտի փոխակերպուի հատուցման: Արդեօ՞ք, երբ Կանադայի ե՛ւ օրէնսդիր, ե՛ւ գործադիր իշխանութիւններն ընդունեցին Հայոց Ցեղասպանութեան փաստը, դրանից փոխուեց Կանադայի քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ: Բնականաբար՝ ոչ: Ուրեմն, եթէ մենք ուզում ենք արդար հատուցումների հասնել, իսկ դա ես համարում եմ միանգամայն օրինական ձգտում եւ իրականանալի նպատակ, ապա դա պիտի արուի մի մարմնի միջոցով, որի որոշումները. ա) բնոյթով միջազգային են, այսինքն՝ գերակայ են ճանաչուել նաեւ Թուրքիայի Հանրապետութեան կողմից; բ) կատարման համար պարտադիր են, այսինքն՝ ենթակայ չեն Թուրքիայի ներպետական քննարկումների: Այսինքն, նման որոշումը ոչ միայն պարտադիր պիտի լինի, այլեւ իր մէջ պիտի նախանշի, թէկուզեւ զուտ տեսական առումով, լուծման յստակ ճանապարհը:
Արդի միջազգային յարաբերութիւններում այդպիսի կարգավիճակ եւ լիազօրութիւններ ունեցող երկու մարմին կայ, դա միեւնոյն մէկ կառոյցի՝ ՄԱԿի երկու բարձրագոյն քաղաքական եւ իրաւական մարմիններն են. Անվտանգութեան խորհուրդը (Security Council) եւ Արդարութեան միջազգային դատարանը (International Court of Justice): Առաջին մարմնի բուն պատասխանատուութիւնը (ՄԱԿ – կանոնադրութիւն, յօդուած 24; UN Charter, article 24) «միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանումն է» (maintenance of international peace and security): Չեմ կարծում, որ որեւէ մէկը կարծում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետութեան իրաւունքների եւ տարածքային ամբողջականութեան 90ամեայ ոտնահարումը այսօր Անվտանգութեան խորհրդի որեւէ անդամ կը գնահատի որպէս լուրջ վտանգ «միջազգային խաղաղութեանն ու անվտանգութեանը»: Մեզ յուզող հարցերը յստակօրէն տեղաւորւում են նշածս երկրորդ մարմնի՝ Արդարութեան միջազգային դատարանի լիազօրութիւնների շրջանակի մէջ: Նշեալ դատարանն իրաւասու է քննարկելու Հայոց Ցեղասպանութեան հարցը, քանի որ ցեղասպանութիւնը զուտ պատմական իրադարձութիւն չէ, ինչպէս փորձում են ներկայացնել մեր թուրք բարեկամները: Ցեղասպանութիւնը միջազգային յանցագործութիւն է, եւ որպէս միջազգային իրաւունքի եւ միջազգային իրաւունքի ոտնահարման հարց, ենթակայ է Արդարութեան միջազգային դատարանի իրաւասութեանը (Արդարութեան միջազգային դատարանի կանոնադրութիւն, յօդուած 36.2 (բ, գ, դ,); Statute of the International Court of Justice, article 36.2(b, c, d)):
Ընդհանրապէս մեր հարցերի փոխանցումը քաղաքական դաշտից իրաւական դաշտ մեզ համար աւելի շահեկան է: Թէկուզ այն պատճառով, որ մենք ստիպուած չենք լինելու դիմակայել մեզանից քաղաքականապէս անհամեմատ ուժեղ թուրքական պետութեանը, այլ գործելու ենք իրաւահաւասարութեան դաշտում: Հարկ եմ համարում ընդգծել՝ այս անցումը պիտի լինի անշտապ, աստիճանական, բայց հետեւողական: Մենք պիտի պատրաստ լինենք դրա համար: Ցաւօք չենք: Չինացուն հարցնում են՝ ե՞րբ է ծառ տնկելու յարմար ժամանակը: Չինացին պատասխանում է՝ դա 20 տարի առաջ էր: Մենք անկախացել ենք գրեթէ 20 տարի առաջ: Եթէ այն ժամանակներից սկսէինք մասնագէտներ պատրաստել, հիմա մի ողջ սերունդ կ՛ունենայինք:
Պատմութիւնը վկայում է, որ իրաւական դաշտում յաջողութեան հասնելու հաւանականութիւնն աւելի մեծ է: Երբ ուսումնասիրում ենք իրաւական դաշտում Հայկական հարցի մի բաղադրիչը հանդիսացող Հայոց Ցեղասպանութեան քննարկումների ընթացքը, ապա միանգամայն ակնյայտ է դառնում իրաւական դաշտում պայքարի շահեկանութիւնը: Չի եղել մի որեւէ իրաւական ատեան կամ Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող որեւէ իրաւական գնահատական, որտեղ կասկածի տակ դրուի Հայոց Ցեղասպանութեան համապատասխանութիւնը ցեղասպանութեան որակմանը: Այդպէս է եղել սկսած թուրքական ռազմական դատարանի դատավարութիւններից (այդ ժամանակ թէեւ ցեղասպանութիւն եզրը դեռեւս ստեղծուած չէր, սակայն դատարանն իր վճիռների մէջ տուել է դրա նկարագրական մասը), վերջացրած Wikileaksի æուլիան Ասանջի դատապաշտպան æեֆրի Ռոբերտսոնի (Geoffry Robertson) իրաւական վերլուծութեամբ ու գնահատականով: Ամերիկեան իրաւագիտական միտքը նոյնպէս երբեւէ կասկածի տակ չի դրել Հայոց Ցեղասպանութեան համապատասխանութիւնը ցեղասպանութեան որակմանը: Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխման եւ պատժի միջազգայնագրի /կոնվենցիայի/ [յետայսու՝ Ցեղասպանութեան կոնվենցիա] (Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide, 1948) ստեղծման, զարգացման եւ իրաւական պարտաւորութիւնների հարցերում ԱՄՆի դերակատարութեան լաւագոյն մասնագէտ Լորէնս æ. Լը Բլանը (Lawrence J. LeBlanc), վերապահութիւն ունենալով զանգուածային սպանութիւնների շատ դէպքերի նկատմամբ, «հրէաների եւ հայերի զանգուածային սպանութիւնները» (wholesale slaughtering of Jews and Armenians) միանշանակօրէն բնութագրում է որպէս «Ցեղասպանութեան ակնառու օրինակներ» (prominent cases of genocide):
Ինչքան հասկանում եմ՝ մենք ուզում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ ընդունի, որպէսզի Թուրքիան եւս հետեւի նրա օրինակին: Համոզուած չեմ այդ փոխկապուածութեան մէջ: ԱՄՆում վաղուց արդէն չկայ ռասայական (ցեղային-Խմբ.) խտրականութիւն, սակայն առ այսօր Թուրքիայում ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնները դիտարկւում են որպէս ստորադաս արարածներ: Չէք հաւատում՝ քրդերից եւ զազաներից հարցրէք: Անձամբ ինձ բնաւ պէտք չէ, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը. ինձ պէտք է, որ նա հատուցի: Դրանք երկու տարբեր բաներ են: Թուրքիան կարող է ճանաչել, բայց չհատուցել: Կարող է չճանաչել, բայց հատուցել: Ի վերջոյ մենք բարոյական, նիւթական, հողային իրաւունքներ ունենք ոչ թէ այն պատճառով, որ ցեղասպանութիւն է եղել, այլ որովհետեւ մեր իրաւունքներն ամրագրող համապատասխան միջազգային փաստաթղթեր կան: Փաստաթղթերը, այսինքն՝ գործիքներն առկայ են: Թէ ինչքան արդիւնաւէտ կ՛օգտագործենք դրանք, արդէն մեզանից է կախուած: Շախմատային նոյն իրավիճակում մէկը կարող է յաղթել, իսկ միւսը պարտուել, թէեւ երկուսի համար էլ խաղի կանոնները նոյն են:
Հիմա նորից գանք Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի վերջին քննարկմանը: Մէկ անգամ էլ եմ ուզում յստակեցնել իմ դիրքորոշումը: Ես բնաւ դէմ չեմ, որ ԱՄՆի Կոնգրեսն իր երկու պալատներով, ինչպէս նաեւ նախագահը, ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը: Սակայն ամէն ինչ աշխարհում իր գինն ունի: Եթէ այս գործընթացը, լինելով աւելի յուզական եւ երեւացող, կլանում է մեր պայքարի ողջ ներուժը, հետեւաբար անհնարին է դարձնում պայքարի այլ ուղիները, ես սկսում եմ կասկածել այդ ուղու արդիւնաւէտութեան վրայ: Երբեմն ինձ թւում է, որ թուրքերն ընդդիմանում են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունմանը, ոչ թէ այն պատճառով, որ իսկապէս լուրջ վտանգ են տեսնում դրանում, այլ ուզում են մեզ զբաղուած պահել, որ իրենց համար աւելի վտանգաւոր ուղիներով չգնանք:
Յիշենք նաեւ, որ Միացեալ Նահանգներն արդէն ճանաչել է Հայերի Ցեղասպանութիւնը: Ըստ էութեան, Միացեալ Նահանգներն առաջին պետութիւնն է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: ԱՄՆ դա արել է Ուրուգուայից եւ Արգենտինայից դեռեւս 14 տարի առաջ՝ 1951թ.ին եւ Ցեղասպանութեան կոնվենցիայի ստորագրումից ընդամէնը 3 տարի յետոյ: ԱՄՆի կառավարութիւնը ՄԱԿի Արդարութեան միջազգային դատարանին 1951թ. Յունուարին յղած իր գրաւոր յայտարարութեան մէջ բառացիօրէն հաւաստել է հետեւեալը.«Քրիստոնեաների հալածանքները հռոմէացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, միլիոնաւոր հրէաների եւ լեհերի ոչնչացումը նացիստների կողմից, ցեղասպանութիւն յանցագործութեան ակնյայտ օրինակներ են: Այս հենքի վրայ է Միաւորուած ազգերի Վեհաժողովը քննութեան առել ցեղասպանութեան հարցը:» (The Roman persecutions of the Christians, the Turkish massacres of Armenians, the extermination of millions of Jews and Poles by the Nazis are outstanding examples of the crime of Genocide. This was the background when the General Assembly of the United Nations considered the problem of genocide.)
Վերոշարադրեալից յստակ է, որ հայերի ջարդերը թուրքերի կողմից Միացեալ Նահանգների կառավարութիւնը միանշանակօրէն դիտարկել է որպէս ցեղասպանութիւն յանցագործութեան ակնյայտ օրինակ: Աւելին, սոյն յայտարարութիւնն անառարկելիօրէն փաստում է, որ ՄԱԿի Վեհաժողովը Ցեղասպանութեան կոնվենցիան ընդունելիս (9 Դեկտեմբերի, 1948թ.) ի մտի է ունեցել նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը:
Ցեղասպանութեան կոնվենցիան ԱՄՆի կողմից վաւերացուել է 1988թ. Նոյեմբերի 25ին: Ըստ այդմ, նշեալ փաստաթուղթը, համաձայն Միացեալ Նահանգների սահմանադրութեան 6րդ յօդուածի 2րդ կէտի, դարձել է երկրի օրէնսդրութեան բաղկացուցիչ մասը (supreme Law of the Land):
Միացեալ Նահանգների կառավարութեան վերոյիշեալ գրաւոր յայտարարութիւնից ուղիղ 30 տարի յետոյ՝ 1981թ.ին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռէյգանը մէկ անգամ եւս վերհաստատել է իր երկրի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ. «Ինչպէս Հայերի Ցեղասպանութիւնը դրանից առաջ եւ Կամբոջիացիների Ցեղասպանութիւնը, որը յաջորդեց դրան, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ ժողովուրդների նկատմամբ այդպիսի բազում հալածանքները, Հոլոքոստի դասերը երբեք չպէտք է մոռացուեն» (Like the genocide of the Armenians before it, and the genocide of the Cambodians which followed it – and like too many other such persecutions of too many other peoples – the lessons of the Holocaust must never be forgotten):
Ակնյայտ է, որ ներկայումս Միացեալ Նահանգների օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնները պատրաստ չեն մէկ անգամ եւս «թուրքերի կողմից հայերի ջարդերը» որակել որպէս ցեղասպանութիւն: Անձամբ ես դրա կարիքը չեմ տեսնում: Ինձ համար նպատակը ոչ թէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն է, այլ այդ ցեղասպանութեան հետեւանքների վերացումը: Այն է՝ հայոց բարոյական, նիւթական եւ հողային իրաւունքների վերականգնումը:
Այստեղ տեղին է յիշել հայոց բանստեղծ Պարոյր Սեւակի խօսքը.
Խոստանում եմ բաց ճակատով զուր չխփուել հաստ պատերին:
Ինչի՞ համար. Էլի պատը կը մնայ պատ, կը պակասի մի լաւ ճակատ:
Եթէ պատը փակել է մեր ճանապարհը, ուրեմն այն շրջանցելու ուղիներ պէտք է որոնել: Չի կարելի ողջ մարդկային եւ նիւթական ներուժը ծախսել անհեռանկար պայքարի մէջ: Կարեւորը նպատակին հասնելն է, իսկ ինչ ճանապարհով կը գանք դրան՝ արդէն էական չէ:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ «Մոդուս Վիվենդի» կենդրոնի ղեկավարն է