
Ստորեւ կը ներկայացնենք Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի ելոյթը բանակի օրուան առիթով.
2011 թուականը յոբելեանական տարի է հայ ժողովրդի համար. հանդիսաւորութեամբ նշելու ենք մեր նորագոյն պատմութեան կարեւորագոյն իրադարձութեան՝ հայոց նոր պետականութեան՝ Հայաստանի Երրորդ Հանրապետութեան հռչակման 20ամեակը: Անչափ խորհրդանշական է, որ այս տարուայ առաջին համապետական միջոցառումը տեղի է ունենում այսօր՝ Հայոց ազգային բանակի կազմաւորման 19րդ տարեդարձի օրը:
Պատմական յայտնի ճշմարտութիւն է՝ ժողովուրդներին անկախութիւնը ոչ թէ տրւում է, այլ այն նուաճում են համաժողովրդական պայքարի, նուիրեալ հերոսների արեան գնով: Հայաստանի երրորդ հանրապետութիւնը ծնուեց պատմաքաղաքական բարդ իրավիճակում հարեւան հանրապետութեան կողմից սանձազերծուած բացայայտ պատերազմի պայմաններում: Այդ յիրաւի համաժողովրդական պայքարի առաջապահն ինքնաբուխ կազմաւորուած ինքնապաշտպանական կամաւորական ջոկատներն էին՝ հայրենանուէր ու անձնազոհ ազատամարտիկներով, որոնցից շատերն իրենց կեանքը նուիրաբերեցին մեր նոր պետականութեան վերածննդի զոհասեղանին: Հայոց բանակը համազգային սիրոյ, նուիրումի եւ զոհողութիւնների արգասիքն է: Եւ ի պատասխան այդ սիրոյ՝ քաջ գիտակցելով իր դերը՝ հայ զինուորականութիւնը պատուով կատարել եւ շարունակում է իր առաքելութիւնը՝ յուսալիօրէն պաշտպանելով հայոց սահմանների անվտանգութիւնը եւ ժողովրդի խաղաղութիւնը:
Բանակաշինութեան նախորդ տարիներն անցան տարածաշրջանում պահպանուող ռազմաքաղաքական լարուածութեան, հարեւան պետութեան կողմից սպառազինման, ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականութեան եւ ցանկացած պահի պատերազմի սանձազերծման մշտական հնարաւորութեան պայմաններում: Այո, մենք ունենք բազմաթիւ արտաքին մարտահրաւէրներ, բայց դրանք միշտ էլ եղել են ու կը լինեն, եւ դրանց դիմագրաւելու համար անհրաժեշտ է զգօն ու պատրաստ լինել, անընդհատ կատարելագործել եւ հզօրացնել զինուած ուժերը: Այս գիտակցութեամբ եւ կարգախօսով պիտի սկսուի իւրաքանչիւր բանակային օր:
Հոգսերով, ծանրաբեռնուածութեամբ ու վերելքներով էր յագեցած նաեւ 2010 թուականի բանակային առօրեան: Նպատակային աշխատանքներ են կատարուել մարտական ու զօրահաւաքային պատրաստականութեան ուղղութեամբ, կատարելագործուել է զօրակոչի ու զօրահաւաքի, զօրամասերի, զինկոմիսարիատների եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցութեան գործընթացը: 2010թ. աշնանային զօրակոչով զինուած ուժերին միացան Անկախ Հայաստանում ծնուած առաջին զօրակոչիկները՝ մեր բանակի համար բացելով զարգացման որակական մի նոր էջ, երբ Հայրենիքի պաշտպանութեան գործը ստանձնում են անկախութեան միջավայրում մեծացած երիտասարդները:
Այսօր արդէն կարելի է վստահօրէն ասել, որ անհրաժեշտութեան դէպքում «Համազգային բանակի» ստեղծումը սոսկ գաղափար չէ, այլ յստակ մշակուած եւ միանգամայն իրագործելի ծրագիր: Եւ յենուելով զինուած ուժերում կատարուած աշխատանքների, բանակ-ժողովուրդ ամուր կապի ու փոխադարձ վստահութեան վրայ՝ մենք պատրաստ ենք կատարելու Պաշտպանութեան բանակում անցկացուած հակայարձակողական զօրավարժութիւնից յետոյ իր ելոյթում հանրապետութեան Նախագահի տուած պատուիրանը. «Եթէ պահը գայ, եթէ մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարուածը պէտք է լինի կործանարար ու վերջինը»:
Ծաւալով աննախադէպ էին տարուայ ընթացքում կատարուած ինժեներական աշխատանքները, որոնց արդիւնքում պետական սահմանները դարձել են էլ աւելի անառիկ, իսկ առաջնային գծում պաշտպանութիւնը եւ մարտական հերթապահութեան կրումը՝ աւելի արդիւնաւէտ եւ անվտանգ: Կարեւոր է նշել նաեւ, որ այս աշխատանքները սահմանամերձ բնակավայրերում նպաստեցին բնակչութեան անվտանգութեան ապահովմանն ու նրանց վստահութեան ձեւաւորմանը: Պետական հոգածութեան շնորհիւ էական տեղաշարժեր են արձանագրուել զօրքերը զինամթերքով, հրթիռահրետանային, ՀՕՊ եւ այլ նորագոյն սպառազինութեամբ համալրելու, հայրենական արտադրութեան միջոցներով արդիականացնելու գործընթացում, ինչի արդիւնքում բարձրացել է բանակի մարտունակութեան աստիճանը, մեծացել են կրակային խոցման հնարաւորութիւնները:
Զինծառայողների բնակենցաղային պայմանների բարելաւման եւ բնակարանային ապահովման արդիւնքում էլ աւելի բարենպաստ պայմաններ ստեղծուեցին անձնակազմի բուժսպասարկումը, սնունդը, հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու համար:
Շարունակուեցին համակողմանի ռազմաքաղաքական յարաբերութիւններն ինչպէս ՀԱՊԿի, այնպէս էլ ՆԱՏՕի անդամ երկրների հետ: Ռազմական համագործակցութեան տարբեր ծրագրերը ոչ միայն նպաստում են միջազգային ասպարէզում մեր զինուած ուժերի հեղինակութեան բարձրացմանը, մեզ համար անվտանգութեան երաշխիքներ ապահովում, այլեւ ամբողջանում են մէկ միասնական նպատակի շուրջ, այն է՝ ՀՀ զինուած ուժերի կայուն զարգացում եւ միջազգային ինտէգրում:
Հայ զինուորը ոգով ամուր է, քաջարի, վտանգի պահին առնական: Հանդիսաւոր այս օրը ինչպէ՞ս չյիշենք 2010 թուականին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ոչնչացմանը մասնակցած կամ մարտական բարդ առաջադրանքներ կատարած, սեփական անձը վտանգելով մարտական ընկերոջ կեանքը փրկած զինուորների սխրանքները, ովքեր արժանիօրէն պարգեւատրուեցին պետական ու գերատեսչական մեդալներով: Ինչպէ՞ս չփառաւորուենք՝ յիշելով ժամկետային զինծառայողներ Արման Մանուկեանին, Խաչատուր Բաղդասարեանին, ովքեր ձեռնամարտում յաղթել էին հակառակորդի յատուկ ստորաբաժանման դիվերսանտին: Մեր բանակում շատ են նման զինուորներն ու սպաները, նման զինծառայողներով են ամուր զինուած ուժերի շարքերը ու հայրենիքի սահմանները: Թէեւ օրը տօնական է, սակայն ցանկանում եմ նաեւ նշել, որ մէր յաջողութիւնների եւ կատարուած մեծածաւալ աշխատանքների վրայ ստուեր գցեցին տեղի ունեցած ցաւալի դէպքերը՝ անփարատելի վիշտ պատճառելով ոչ միայն զոհուածների ծնողներին եւ հարազատներին, այլ նաեւ մեզ բոլորիս: Ես՝ որպէս պաշտպանութեան նախարար ու նաեւ որպէս հայ մարդ ու քաղաքացի, միանգամայն բնական եմ համարում զինուած ուժերի նկատմամբ հասարակութեան ուշադրութիւնը, իսկ տարբեր խախտումների ժամանակ համապատասխան քննադատութիւնը, որը, բացի այն դէպքերից, երբ պարզապէս չարախօսութիւն եւ նոյնիսկ չարախնդութիւն ես տեսնում, օգնում է մեզ յետագայ աշխատանքներում ու նաեւ ապացուցում, որ բանակը շարունակում է մնալ հանրութեան հոգածութեան ներքոյ, եւ որ տարէցտարի զինուած ուժերը աւելի թափանցիկ ու վերահսկելի է դառնում մեր հասարակութեան համար:
Գաղտնիք չէ, որ բանակը հանրապետութեան երիտասարդական ամենամեծ կառոյցն է, որտեղ շատ յաճախ անխուսափելիօրէն ներթափանցում են արատաւոր երեւոյթներ: Մենք անխոնջ պայքար ենք մղելու դրանց դէմ, որպէսզի բանակն իր կազմաւորման երրորդ տասնամեակ ոտք դնի էլ աւելի մարտունակ ու կարգապահ՝ պահպանելով ժամանակակից ռազմական արուեստին եւ չափանիշներին համապատասխանելու իր միջազգային վարկանիշը: Հայոց ազգային բանակը ստեղծուել եւ այսօր էլ հզօրանում է մեր ժողովրդի շնորհիւ: Շարունակենք ծնողի խստապահանջ հոգատարութեամբ եւ մշտական ուշադրութեամբ շրջապատել բանակը, եւ միայն այդ կերպ հնարաւոր կը լինի նրա շարքերը դարձնել կուռ ու անսասան: Այսօրուայ զինուորը երէկուայ դպրոցականն ու ուսանողն է, եւ ընտանիքում, դպրոցում, ուսանողական լսարանում չհոգալ հայրենիքի ապագայ զինուորների ռազմահայրենասիրական դաստիարակութեան մասին նշանակում է վտանգել պետութեան երթը դարերի միջով:
2010 թուականին հանդիսաւորութեամբ նշուեց Հայրենական մեծ պատերազմում տարած յաղթանակի 65րդ տարեդարձը: Տօնական հանդիսութիւնները վերածուեցին յաղթանակած երեք սերունդների՝ Մեծ հայրենականի եւ Արցախեան ազատամարտի վետերանների, հայրենիքի այսօրուայ պաշտպանների մեծարման միջոցառումների: Մենք պարտաւոր ենք ակնածանքով վերաբերուել բոլոր վետերանների անցած ուղուն, եկող սերունդներին փոխանցել հայոց զինական ուժը տարբեր ժամանակներում փառքով պսակած հերոսների ուսանելի օրինակը: Շարունակելու ենք ամենօրեայ հոգածութեամբ շրջապատել վետերաններին՝ նրանց կեանքի եւ գործի խորհուրդը, մարտական փառքի աւանդոյթները փոխանցելով զինուորականների ներկայ սերնդին:
Հանդիսաւոր այս պահին զեկուցում եմ, որ Հայաստանի զինուած ուժերը, առաջնորդուելով «ՀՀ զինուած ուժերի պատրաստութեանը եւ պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց» կարգախօսով, պատուով շարունակելու է կատարել իր առաքելութիւնը, յուսալիօրէն պաշտպանելու է հայրենիքի սահմանների անդորրը եւ հայ ժողովրդի խաղաղութիւնը բոլոր ոտնձգութիւններից:
Յարգելի հայրենակիցներ
Սեպտեմբերի 21ին, ի նշանաւորումն Հայաստանի Հանրապետութեան 20րդ տարեդարձի, մայրաքաղաք Երեւանում կայանալու է ՀՀ զինուած ուժերի զօրահանդէս:
Պատմութիւնը նման զօրահանդէսներ անցկացնելու իրաւունք արտօնում է միայն յաղթանակած, իր կենսական եւ հոգեւոր ուժերին վստահ ժողովուրդներին:
Հայ ժողովուրդը իրաւամբ վաստակել է այդ իրաւունքը: Այդ օրը, ի տես աշխարհի, Հանրապետութեան հրապարակով անցնելու են յաղթանակած հայ զինուորների խրոխտ շարասիւները, եւ կասկածից վեր է, որ Զօրահանդէսը վերածուելու է ապրելու, յաղթելու եւ յարատեւելու անընկճելի ոգով ու բացառիկ տաղանդով օժտուած հայ ժողովրդի Յաղթահանդէսի: Խորհրդանշական այս տարում, երբ լրանում է անկախ պետականութեան 20ամեակը, երբ մենք գնում ենք զինուած ուժերի 20րդ տարեդարձին ընդառաջ, եկէք յիշենք նաեւ, որ 2011 թուականին նշւում է անկախ ու հզօր Հայաստանի մասին բոլոր ժամանակների ամենամեծ երազողներից մէկի՝ Գարեգին Նժդեհի ծննդեան 125ամեակը: Յիշենք ու այս տարի առաջնորդուենք նժդեհեան գաղափարներով, նժդեհեան ոգով, սեփական կոչմանն ու հայրենիքին նուիրուածութեան նժդեհեան օրինակով:
Շնորհաւորելով բոլորիս՝ ողջ հայ ժողովրդին, Հայոց ազգային բանակի կազմաւորման 19րդ տարեդարձի առթիւ՝ ցանկանում եմ մաղթել տոկունութիւն, դէպի նոր յաղթանակներ գնալու կամք, միասնականութիւն եւ ուժ՝ ազգային ամենանուիրական երազանքներն իրականացնելու համար:
Փառք Հայաստանի Հանրապետութիւնը շէնացնող եւ հզօրացնող հայ ժողովրդին:
Յաւերժ փառք Հայրենիքի համար ընկած նուիրեալներին:
Իր առաքելութեան ճանապարհին ոգու կորով, հաստատակամութիւն եւ աննահանջ հաւատ «Հայրենեաց պաշտպանի» վեհ կոչումը կրող հայ զինուորականութեանը:
Փառք ու պատիւ այսօրուայ յոբելեարին՝ բոլորիս հպարտութեան առարկայ Հայոց բանակին: