
ՆԱՐԻՆԷ ՋԱԼԼԱԴԵԱՆ
«ԱՍՊԱՐԷԶ».- Անցեալ Կիրակի, Հոլիվուտի մէջ կանանց դէմ բռնութիւնը դատապարտաող հաւաք-քայլարշաւի ընթացքին ելոյթ ունեցաւ Նարինէ æալլադեան: Ստորեւ այդ ելոյթի բնագիրը ամբողջութեամբ:
Ըստ Հայաստանի Ազգային Վիճակագրութուն ծառայութեան 2008-2009թ.ի տուեալների Հայաստանում կանանց դէմ բռնութիւնը սովորական երեւոյթ է: Երեւանում վերջերս կատարուած հետազօտութեան արդիւնքում էլ պարզուել է, որ 1,200 մասնակից կանանցից 75% ընտանեկան բռնութեան զոհ է դարձել: Այս դէպքերից 25%ի ժամանակ երեխաները ականատես են եղել բռնութեանը:
Նման փաստեր ցաւօք սրտի շատ կան եւ նրանք բոլորն էլ մի բան են հաստատում. այն որ Հայաստանում ընտանեկան բռնութիւնը տարածուած, համարեայ թէ նորմի վերածուած երեւոյթ է, որ տեղի է ունենում շատերի ընտանիքներում, բայց որի մասին գրեթէ չի խօսւում: Չգրուած օրէնք է, տաբու (արգիլուած թեմա-Խմբ.) է ընտանեկան բռնութեան մասին խօսելը: Մի խօսքով երեւոյթը կայ, սակայն չի արտաբերւում: Սակայն ժամանակն է, որ մեր աչքերն ու ականջները բացենք ու անցնենք տաբուներ քանդելու գործին, քանի որ գիտենք, որեւէ խնդրի լուծման առաջին քայլը խնդրի ճանաչումն է, ընդունումը եւ սահմանումը: Սակայն առաջին այս տարրական եւ կարեւորագոյն հարցի մէջ անգամ դեռ թերանում ենք Հայաստնում, որտեղ ոչ միայն կառավարութիւնը, այլ նաեւ բնակչութեան գերակշիռ մասը կամ ժխտում է ընտանեկան բռնութեան փաստը, կամ էլ «դա կանանց խնդիրն է» ասելով հարցը փակում է՝ պատասխանատուութիւնից փախչելով: «Էդ ընտանիքի գործն է, ինչի էք տան չորս պատից դուրս հանում»: Խնդրից փախուստի եւս մի դրսեւորում:
Կանայք հանդուրժում են, դիմանում են ընտանիքի փրկութեան «ազնուական» առաքինութեամբ առաջնորդուելով, տղամարդիկ էլ վայրագութեան մէջ կարծես արուեստ են տեսնում, կամաց-կամաց կատարելագործւում են, Զարուհի Պետրոսեանի դէպքն էլ դրա վառ ապացոյցը: Վերջին հաշուով ընտանիքը «փրկւում է» բայց ՈՒ՞Մ հաշուին, ՈՒ՞Մ հաշուին եթէ ոչ Զարուհի Պետրոսեանի եւ նրա նման կանանց կեանքի հաշուին, դեռ չապրած կեանքի հաշուին:

«Կինը բրդի պէս է, ինչքան ծեծես էնքան փափուկ կը լինի»: Առաջին հայեացքից կարելի է մտածել, որ այս աբսուրդ (անհեթեթ-Խմբ.) ասացուածքը վաղուց արդէն կորցրել է իր ե՛ւ գործածութիւնը ե՛ւ այսպէս ասած՝ կիրառումը: Վստահ ինչ որ հին ժամանակների է պատկանում երբ մարդիկ բարբարոս էին ու դեռ համարձակւում էին դրանով հպարտանալ: Բայց, աւաղ, պէտք է ընդունել որ Հայաստանի հասարակութեան մեծ մասը եւ ինչու չէ Սփիւռքի որոշ շերտեր դեռ 18րդ դարում են ապրում թէ՛ մտայնութեամբ, թէ՛ գործով, որոնց համար այս ասացուածքը ե՛ւ բառացի է օգտագործւում ե՛ւ գործնականօրէն:
«Բայց ախր աւանդոյթ է էլի, ոնց կարելի է չհետեւել, ախր ազգին դէմ է»: Փաստօրէն, ֆիզիկական բռնութեան մէջ «ազգանպաստ» բարիքներ էլ կան…հետաքրքիր է: «էդ ձեր ֆեմինիստական ախտը Հայաստան չբերէք, մեր հլու հնազանդ կանանց անմեղ մտքերը մի պղտորէք»: Հարց. էդ երբուանի՞ց է արդարութեան, արժանապատուութեան, մարդկային տարրական իրաւունքների պաշտպանման ձգտումը մարդկանց մտքեր պղտորել:
«Աւանդոյթը չի փոխուի, անհնար է փոխել, ուզած-չուզած պիտի հետեւենք»: Սա էլ մի ուրիշ արդարացում, բայց նոյնչափ տկար, քանի որ պատմութիւնը հակառակն ապացուցող շատ օրինակներ կարող է բերել: Աւանդոյթ կոչուածը ինչպէս եւ մշակոյթն ինքնին ի վերջոյ քար չէ, որ չփոխուի, այլ շարժուն, փոփոխական երեւոյթ (անցեալի ֆեմինիստական շարժումները դա բազմիցս ապացուցել են):
Սփիւռքը շատ դրական ազդեցութիւն կարող է ունենալ ընտանեկան բռնութեան եւ վերջինիս հարցում տիրող լռութեան աւանդոյթը յաղթահարելու գործում: Աւելին, Սփիւռքի դերն այս հարցում ուղղակի պարտադիր է քանի որ Հայաստանի խնդիրը Սփիւռքի խնդիրն է, մեր բոլորի խնդիրն է, ուստիեւ անտարբերութիւնն ուղղակի աններելի է այստեղ: Սփիւռքի ակտիւութիւնը (գործունեայ ըլլալը-Խմբ.) չպէտք է սահմանափակուի լոկ քաղաքական հարցերով. հասարակական մի շարք խնդիրներ ինչպիսիք ընտանեկան բռնութիւնն է նոյնչափ կարեւոր են եւ հրատապ: Բայց մենք նաեւ Հայաստանի կառավարութեան կարիքը ունենք: Մենք պարտաւոր ենք մեր կոչը յղելու Հայաստանի կառավարութեանը, որպէսզի ընտանեկան բռնութեան խնդիրը աչքաթող չարուի: Սփիւռքի միասնական համագործակցութիւնը, որին ականատես եղանք Հայ-Թուրքական արձանագրութիւնների կոնտեքստում (ծիրէն ներս-Խմբ.), կարելի է այս հարցում եւս մոբիլիզացնել (զօրաշարժի ենթարկել-Խմբ.) եւ ճնշում գործադրել Հայաստանի կառավարութեան վրայ, որպէսզի շուտափոյթ քայլեր ձեռնարկուեն ընտանեկան բռնութեան խնդիրը լուծելու համար:
Այս քայլերի մէջ նախ եւ առաջ մտնում է կանանց համար անհրաժեշտ իրաւական ապահովութիւն ստեղծելը: Միայն այն փաստը որ Հայաստանում ընտանեկան բռնութիւնը դեռ քրէական յանցանք չի համարւում արդէն իսկ մտահոգիչ է: Սակայն օրէնքն ինքնին խնդիրը չի լուծի եթէ զուգահեռաբար աշխատանքներ չեն տարւում հասարակութեան մէջ գերակշռող արական հոգեբանութեանը վերջ տալու, ժողովրդի անտարբեր եւ լռակեաց համաձայնութեան կեցուածքը ակտիւ բողոքի վերածելու եւ բռնութեան մասին իրազեկութիւն բարձրացնելու գործում: Երեխաները բռնութեան ականատես լինելով տան մէջ ի՞նչ դասեր կարող են քաղել իրենց ծնողներից, ինչպիսի՞ օրինակ է ծառայում հայրն իր զաւակների համար երբ նրանց դիմաց կնոջն է ծեծում: Միթէ՞ վաղը տղան նոյնը չի կրկնելու իր կնոջ հանդէպ, իսկ աղջիկը իր ամուսնու կողմից բռնութիւնը չի հանդուրժելու: Ուրեմն ընտանեկան բռնութեան վերացման գործում շատ կարեւոր գործօն է երեխաների դաստիրակութիւնը եւ կրթութիւնը, քանի որ մարդը բռնի ու վայրենի չի ծնւում, այլ դառնում է այդպիսին:
Սիրելի կանայք, թէ Հայաստանի եւ թէ Սփիւռքի, եթէ դուք կարծում էք, որ ձեր հասանելիք ամենատարրական մարդկային իրաւունքները հէնց այնպէս կը մատուցուեն ձեզ բազմոցի վրայ նստած, ապա շատ սխալւում էք: Ֆեմինիստական ոչ մի նուաճում երկնքից չի իջել, նրանք քրտինքով ու աշխատանքով են վաստակուել, միասնական ու կազմակերպուած աշխատանքի շնորհիւ: Ոչ ոք մեզ չի տայ մեր իրաւունքները, մենք ինքներս պէտք է գնանք եւ վերցնենք այդ իրաւունքները մեր խօսքով, գործով, եւ օրինակով: Ուրեմն ժամանակն է որ արջի քնից արթնանանք, բացենք մեր աչքերը եւ գործի անցնենք: Կինը երբեք չպէտք է թոյլ տայ ֆիզիկական ոտնձգութիւն իր հանդէպ, չպէտք է հանդուրժի անասնական վերաբերմունք իր ամուսնու կամ զուգընկերոջ կողմից: Ընտանեկան բռնութեան դէմ լռութիւնն ու անտարբերութիւնը հաւասարազօր է մեղսակցութեան, այս հարցում մի գրամ հանդուրժողականութիւնն անգամ անընդունելի է: Այո, մի ծաղկով գարուն կը գայ, ամէնքիս ձայնը միասին վերցրած սարեր շուռ կը տայ, քանի որ ընտանեկան բռնութիւնը յաղթահարելի եւ լուծելի խնդիր է:
Եւ որպէսզի հասնենք այս խնդրի լուծմանը, պէտք է մէկընդմիշտ հասկանալ որ կնոջը խփելը տղամարդկութիւն չէ, այլ վայրագութիւն ու անմարդկայնութիւն է: Պէտք է հասկանալ որ ընտանեկան բռնութիւնը ոչ մի, Ո՛Չ մի արդարացում չի կարող ունենալ: Մենք բողոքում եւ սարսափով ենք յիշում Ցեղասպանութեան ժամանակ հայ կանանց հանդէպ կատարուած վայրագութիւնները, սակայն աչքաթող ենք անում մեր իսկ երկրի ներսում, մե՛ր իսկ կանանց, մայրերի ու քոյրերի հանդէպ հայ տղամարդու գործած բռնութիւնը:
Սիրելի տղամարդիկ, մեզ պէտք չեն մարտի ութի ծաղիկներ, մեզ պէտք չեն դատարկ գովասանքի, մայրութեան եւ չորս պատի մէջ մեզ գամող կեղծ փառաբանումներ, մեզ պէտք է արժանապատիւ ու խաղաղ կեանք, առանց ֆիզիկական, սեռական, եւ հոգեբանական բռնութեան: Բռնութեան դէմ լռելը անընդունելի է: Հայաստանի կանայք պէտք է իմանան որ նրանք մենակ չեն, Լոս Անջելեսի Սփիւռքն իրենց կողքին է: Նրանք ոչ մի պատճառ չունեն խայտառակութեան կամ ամօթի զգացում ունենալու երբ մտածում են բռնութեան դէմ բողոքելու մասին, այս պարագայում լռութիւնը խնդիրը միայն կը սրի: Ի բողոք այն յետամնաց, ճնշող արական հոգեբանութեանը, որ այսօր Հայաստանում ընտանեկան բռնութեան փաստը ուզում է լռութեան մատնել եւ անհիմն ու անհեթեթ բացատրութիւններով բռնութիւնը արդարացնել «ազգային աւանդոյթ» քօղի տակ, ես կոչ եմ անում հայ կանանց լռութեան փոխարէն բողոքի ձայն բարձրացնել, ոտքի կանգնել, եւ պահանջել իրենց հասանելիքը, պահանջել արժանապատիւ ու խաղաղ կեանք առանց որեւէ բռնութեան:
Մենք դա կարող ենք անել եւ պէտք է անենք հէնց հիմա: Ոչ վաղը: ՀԷՆՑ ՀԻՄԱ:
