«Այնքան անակնկալներ կան նրա նկարներում, խորութիւն, մանրամասների մէջ այնքան իմաստ», երիտասարդ նկարչուհի Հայկուհի Թաթարեանի աշխատանքներն այսպէս է ներկայացնում «Դեն Քոնթեփորարի Արթ» պատկերասրահի տնօրէն Դոննա Էնադ Նափերը:
«Փասիֆիք Դիզայն Սենթըր» արուեստի հեղինակաւոր կենտրոնում գտնուող այդ պատկերասրահում Յունուարի 20ից Մարտի 4ը «Ստակատօ» խորագրով ցուցահանդէսը ներկայացնում է մի քանի արուեստագէտների, այդ թւում՝ հայազգի երիտասարդ նկարչուհի Հայկուհի Թաթարեանի գրաֆիկական աշխատանքները:
«Իմ նկարներում անդրադառնում են քաղաքական-հասարակական իրադարձութիւններին, ինձ մտահոգող թեմաներին, ներկայացնում դրանք իմ ընկալմամբ: Ստեղծագործութիւններիս առանցքում նաեւ հայկականն է. ունեմ ցեղասպանութեանը նուիրուած շարք», պատմում է Հայկուհին: Երիտասարդ նկարչուհու գրաֆիկական աշխատանքներն աչքի են ընկնում հասունութեամբ ու խորութեամբ, դէտալների միջոցով արտայայտուած խորհրդաւորութեամբ:
«Առաջին անգամ Հայկուհու նկարները տեսնելով՝ ինձ թուաց, թէ հասուն տղամարդ է նկարիչը. այնքան համբերութիւն ու իմաստութիւն պահանջող աշխատանքներ էին, որ զարմացել էի, երբ պարզեցի, թէ հեղինակը երիտասարդ, նուրբ ու զգայուն աղջնակ է», պատմում է Դոննա Նափերը: Մատիտի նուրբ գծախաղերով «Սթենլի. Միս» վերտառութեամբ ստուերային խաղի միջոցով նկարն այնքան արտայայտիչ է ու շնչաւորուած՝ դասական արուեստի տիպական բնութագծերով:

Հայկուհի Թաթարեանը ծնուել է Միացեալ Նահանգներում, Հայաստանից գաղթածների ընտանիքում: Նկարել սկսել է 4 տարեկանից, այնուհետեւ՝ մասնագիտանալով UCLA-ի արուեստի բաժնում: Հայկուհու նկարները ներկայացուել են հեղինակաւոր տարբեր ցուցասրահներում, այդ թւում՝ Լոս Անջելըսի Ժամանակակից արուեստների թանգարանում: Հայկուհին նաեւ բազմաթիւ մրցանակների դափնեկիր է, ինչպէս օրինակ՝ «Ֆաբրիկ մագազին»ի միջազգային ժիւրիի մրցանակը, Սխոլաստիկ արուեստի եւ Գրութեան մրցանակի արծաթէ բանալին:
Գրաֆիկական նկարչութիւնը, մասնաւորապէս գծանկարը կերպարուեստի ամենահին տեսակն է: Նախապէս «գրաֆիկա» արտայայտութիւնը օգտագործուել է գրչութեան եւ վայելչագրութեան առնչութեամբ: Գրաֆիկական նկարը ստեղծւում է թղթի վրայ (հազուադէպ՝ մետաքսի կամ մագաղաթի վրայ), թղթի գոյնի եւ գծի օգնութեամբ՝ մատիտով (մատիտանկար), գրչով (գր-չանկար), ածխով (ածխանկար), կաւճաներկերով (կաւճանկար) եւ գրաֆիկական նիւթի վրայ կատարուող փորագրութեան բազմազան տեխնիկայով: Գրաֆիկայի արայայտչական միջոցներն են՝ գիծը, գծաշարը, լուսաստուերը, բիծը եւ սպիտակ կամ գունաւոր թղթի գոյնը:
