ՄԵԼԱՆԵԱՅ ԲԱԴԱԼԵԱՆ

Յունուարի 26: «Մոսկուա» կինոթատրոն: «Կարմիր դահլիճ»: Երեկոյացող ձմեռային օր: Ճերմակ պաստառը երկար իր վրայ է պահում ազդագիրը՝ «Մշակոյթի նախարարութիւնը հրաւիրում է Վիգէն Չալդրանեանի յոբելեանական երեկոյին»:
Ծննդեան 55րդ տարեդարձ եւ ստեղծագործական կեանքի 35 տարիներ: Ստեղծագործական ուժերի ծաղկման հասուն շրջան: Բեմին կանոնաւոր տեղաւորուած նոտակալները երաժշտութեան են սպասում. Էդուարդ Թօփչեանն է «Սերենադ» նուագախմբի հետ: Զուգընթաց էկրանի պատկերը փոխւում է: Չալդրանեանի ֆիլմերից դրուագները Էդվարդ Միրզոյեանի ստեղծագործութեան ուղեկցութեամբ լաւ են դիտւում: Յոբելեանական օրուայ հանդիսավարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախմբի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Էդուարդ Թօփչեանն է: Փոքր-ինչ անսովոր է: Դահլիճը լեփ-լեցուն է: Սպասուածի պէս շուտով բեմ կը հրաւիրուեն շնորհաւորողները, կը հնչեն ջերմ դրուատանքի խօսքեր, կը լինեն պարգեւատրումներ ու ընծաներ, ինչպէս լինում է սովորաբար:

Կինոբեմադրիչը հանդիսավարի հրաւէրով բեմ է բարձրանում, ոտքի վրայ է ողջ ընթացքում՝ գործողութիւնների դիտորդ-մասնակից, ինչպէս կինոնկարահանման հրապարակում է: Այս ամէնը, իհարկէ, շարադրանքի է ենթակայ: Մինչ այդ միայն մէկ նկատառում. «բազմաբեղուն» շնորհանդէսների ու յոբելեանների միջակայքում, որտեղ խօսքասացները չեն խնայում ոչ մեզ, ոչ իրենց եւ այնքան շռայլ են ձօներգեր նուիրաբերելու մէջ (եւ անտեղի՝ յաճախ, երբ չափազանցում են, եւ որով խօսքն արժեզրկում), այդ օր այս երեւոյթի հետքն իսկ չկար, կարծես նոյնիսկ պակաս կար: Այնպիսի ինքնատիպ ընդգծուածութեամբ բեմադրիչի ու արտիստի համար, ինչպիսին Վիգէն Չալդրանեանն է, թերեւս, խօսքի փոքր-ինչ տարբեր (ոչ երբեք վերամբարձ) շարադրանք ու հնչերանգ էր պահանջւում (Եւ, սակայն, ամէն ինչ բնական էր ու լաւ էր այդպէս): Թէկուզ այն պատճառով, որ Վիգէն Չալդրանեանի արուեստը՝ գերյագեցած ինտելեկտուալ (մտաւոր-Խմբ.) ու հոգեւոր լիցքերով, թէեւ կեանքի բուն յորձանուտից բխող, բայց զարմանալի անսովոր ու գեղեցիկ է՝ նոյնիսկ տգեղ երեւոյթների ու ձեւերի պատկերաւորումներում է նա գեղագէտ: Վկան՝ յոբելեանական հանդիսաւոր մասին յաջորդող ֆիլմը:
Չալդրանեանը «Ձայն բարբառոյ…» ֆիլմը նկարահանել է 20 տարի առաջ, 35 տարեկան հասակում: Նա ե՛ւ համասցենարիստն է, ե՛ւ ֆիլմի բեմադրիչը, ե՛ւ գլխաւոր դերակատարը, ե՛ւ բեմադրող նկարիչներից: Չգիտեմ՝ դա նրա առաջի՞ն ֆիլմն է, եթէ այդպէս է, կինեմատոգրաֆում նրա անցաթուղթը լաւագոյնս յաջողուած է: Երեկոյին ներկայացուեց ֆիլմի նոր, խմբագրուած տարբերակը: Թեմատիկ այժմէականութիւնն էր թելադրողը այս նոր հայեացքի՝ ինչպէս օպերատորական-մոնտաժման, այնպէս էլ նիւթի ներկայացման որոշ փոփոխութեան: Մի քանի դրուագների կրճատմամբ եւ մէկ ուրիշի յաւելումով ապահովուեց ֆիլմի առաւել կառուցիկ ամբողջացումը: Նորութիւնը նաեւ նովելային 7 մասերի բաժանումն է եւ որպէս դրանց սկիզբ ընտրուած հայ միջնադարեան մանրանկարչութեան նմուշներն ու Տէրունական աղօթքը: Կատարուել է տեխնիկական մոնտաժում՝ պատկերագունային թարմացման, բաւական մանրակրկիտ աշխատանք տարուել է սուբտիտրերի (անգլերէն բնագրի) խմբագրման (ճշգրտումներ, լրացումներ): Ակնյայտօրէն Վ. Չալդրանեանի այս ֆիլմը եւ նրա անուրանալի գեղագիտութիւնը չէին կարող անտեսուած մնալ՝ ստացած ութ մրցանակները ասուածի վկայութիւնն են, դրանցից մէկը՝ 1994ին Հիւսթընի համաշխարհային կինոփառատօնի «Ոսկէ մեդալը»:
Ֆիլմը մարդու հոգեւոր դրամայի արտացոլումն է, նրա երկատուած կեանքի արուեստային արձագանգը: Կինոբեմադրիչն օժտուած է մետաֆորիկ (պատկերաւոր-Խմբ.) ընդգծուած մտածողութեամբ, սակայն տպաւորիչը ֆիլմի գեղանկարչական շերտն է, գոյնի այն հազուագիւտ զգացողութիւնը, որին տիրապետում է նա:
Աշխարհի դէմքը, այն տարածքը, որտեղ ծաւալւում են մարդկային կեանքերը՝ գործունէութիւններն այսինքն, ամայացած է: Որի վրայով սահող ժամանակը ծածկում է երկրային քաղաքակրթութեան տարբեր շերտեր, որոնց միջով են անցնում մարդիկ, աւելի ճիշտ՝ դիմակները նրանց-բռնապետների, կեղծարարների, դաւաճանների, դահիճների, հացկատակների, խամաճիկների, մոլորեալ ամբոխի: Որպէս դառը փշածաղիկ վեր է բարձրանում մարդկային ողբերգութիւնը, խորտակւում են իդէալներ ու սէրեր, եղծւում է խօսքը, ծնւում են չարի ծաղիկները, խոր յուսահատութիւնը: Թատերայնացուած տեսարանները իրար են յաջորդում. ծաղրածուն ծիծաղում է աշխարհի վրայ, զանգերը՝ ահազանգում:
Ֆիլմի հատուածները միացնողը սրբապատկերային աղօթքն է՝ Տէրունական: Ու ձգւում է դիտողի ենթագիտակցութեան մէջ հոգեկան անկման եւ անորոշութեան ընթացքի մետաֆորը, գորշաշիկաւուն լերկ ճանապարհը: Երկինքն ի կախ՝ արցունք ու ծիծաղ զանգակատան բիբերի մէջ լցուող: Կոյր ամբոխի շէկ ճանապարհին մարտիրոսացուող անհատը յաւերժացող խաչեալն է՝ քաւութեան նոխազը, անմեղ արիւնը: Սա մարդու ընտրած ճանապարհն է՝ տատասկապատ ու դժնի, որովհետեւ մոռացել է Աստծոյ ճանապարհը: Վիգէն Չալդրանեանի հերոսը՝ աշխարհի մարդն է, որի կերպարը սակայն իր հայրենիքից է սկսւում ու վերադառնում, ու աղօթք առ Աստուած նա հայերէն է մրմնջում: Նրա ազգային նկարագիրն էլ այդպիսին է, խիստ ինքնատիպ ու ֆիլմի հերոսի Արարատը նոյնպէս, պաշտպանիչ մոգական շրջագծով:
Ամենազարմանալին ֆիլմի արտայայտչականութիւնն է՝ ռեժիսորի մտածողական կերպը, փիլիսոփայական մտածումների ու հոգեւոր որոնումների այսպիսի հարուստ նիւթի՝ կինոյի (շարժապատկերի-խմբ.) լեզուով հաղորդելու նրա ինքնատիպ տաղանդը: Գեղեցիկ է Վիգէն Չալդրանեանի պատկերային լեզուն, եւ եթէ աշխարհը այդքան գեղեցկօրէն տեսնող հանճարեղ Փարաջանովը ամենասովորական իրը կարող է դարձնել ամենագեղեցիկը՝ մոգական մի յատկութեամբ, ապա Վիգէն Չալդրանեանը զարմանալի գեղեցիկ տեսնում է շարժը կեանքի, նրա ֆիլմում ստատիկ (կանգնած, անշարժ-Խմբ.) ոչինչ չկայ, նրա կինոն ներքնապէս խիստ շարժուն է, այն հոսուն է, ինչպէս անվերջական ճանապարհը մտքի: Չալդրանեանն, անխօս, մասսայական տեսարանների վարպետ է, սակայն այս ֆիլմում գոնէ ինձ համար, ամենատպաւորիչը ամայի բնութեան, այսպէս ասած անապատային տարածութեան յագեցուածութիւնն է, նրա ստեղծած պատկերի գունագեղութիւնը: Ես չեմ յիշում կանաչի մի դրուագ, մի ֆոն, այսինքն՝ կանաչած բնութիւն, որով «զարդարուած» են լինում ֆիլմերը սովորաբար. այս առումով նա նուազագոյնի է հասցնում միջոցները, բայց արդիւնքը՝ այնպիսի ազդեցիկ պատկերներ: Մետաֆորային մտածողութիւն, գեղանկարչական հայեացք, բանաստեղծական ներաշխարհ ու ռիթմիկ-մելոդիկ (կշռութաւոր-մեղեդիով-Խմբ.) զգացողութիւն, ահա սրանք են պայմանաւորում ֆիլմի գեղագիտութիւնը: Յատկապէս դժուար է մոռանալ ֆիլմի մի քանի դրուագ-պատկերներ. ահա բաց տարածութեան մէջ սլացող ճերմակ նժոյգը, բաց մոխրագոյն երկնաֆոնին ձոյլ խաչապատկերը՝ մարտիրոսացուողի թոյլ մրմունջով՝ աղօթքի, ջրերի բաց կապոյտում ծփացող կանանց թաց կրծքերը սպասող ու…. լռութիւնը մագաղաթի՝ մերթընդմերթ «երեւացող»… ու անհետացող:
Ծննդեան 55րդ տարեդարձը Վիգէն Չալդրանեանի արուեստային ճանապարհի մի հանգրուան է յոբելեանական արժանի գնահատանքի ու մրցանակների: Այդ օրը մինչ այդ եղածը հարստացաւ ՀՀ մշակոյթի եւ Սփիւռքի նախարարութիւնների Ոսկէ մեդալներով, «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի «Յատուկ մրցանակով», բարձր պրոֆէսիոնալ վարպետութեան համար, Գիտութիւնների եւրոպական ակադեմիայի «Ֆրիդրիխ Շիլլէրի» մեդալով եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի մրցանակով:
Բարեմաղթանքներ եւ ուղերձներ« Ամենայն հայոց հայրապետից, Արարատեան հայրապետական թեմի առաջնորդից, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորից, ընծաներ, ծաղիկներ…
Տաղանդաշատ բեմադրիչը շռայլ էր իր շնորհակալական խօսքի մէջ, ուղղուած բոլորին՝ իր դերասաններին անխտիր, գործընկերներին, համախոհներին, հովանաւորներին (եւ որքան էլ այդ օրը անուններ չհնչեցնելու իր մտադրութեանը, այդուամենայնիւ, Ռալֆ Յիրիկեանն առանձնացաւ դարձեալ), իհարկէ, իր հանդիսականին, մտերիմներին, իր «անփոխարինելի պրոդիւսեր» Սահականոյշ Սահակեանին: Խոստովանութիւնը նոյնպէս անկեղծ էր՝ շարունակել գնալ սեփական ճանապարհով՝ ինքնամերձ արուեստի նուիրումի մէջ, ստեղծագործել խղճի թելադրանքով եւ երբեք՝ պատուէրով:
«ԱԶԳ»