
Միացեալ Նահանգների մի խումբ նահանգապետներ օրնիբուն աշխատում են, որպէսզի կարողանան կարգի բերել իրենց նահանգների նախահաշիւը՝ բիւջէն: Ցաւօք, այս նահանգապետներից շատերը ընտրում են ամենակարճ ճանապարհը եւ փորձում հարցերը լուծել հասարակ ժողովրդի կամ միջին խաւի բարօրութեան ու գոյութեան նկատմամբ բացայայտ ոտնձգութիւնների հաշուին, հնարաւորինս խնայելով գերհարուստներին:
Նրանցից ոմանք, այդ թւում՝ Վիսքոնսինի նահանգապետը, փորձում են խնդրի լուծումը բարդել պետական աշխատողների իրաւունքները կրճատելու գաղափարի վրայ: «Դրամ չկայ», ասում է նա, «եւ պէտք է արհմիութիւնների հետ ունեցած պայմանագրերը վերանայել»: Նման մարտավարութիւնը ուղղուած է արհմիութիւնների ծայրաստիճան թուլացմանը եւ ոչ մի կերպ հաւասար պայմաններ չի ստեղծում աղքատների եւ հարուստների համար:
Հարուստները միշտ էլ շատ աւելի պաշտպանուած են եղել: Ընթացիկ տարուայ տուեալների համաձայն խոշոր ընկերութիւնները չեն տուժել, նրանց շահոյթը նոյնիսկ աւելացել է: 2010 թուականին Ուոլ Սթրիթի աշխատակիցների տարեկան միջին 3աւելավճարները կազմել են 128000 դոլար: Ուշադրութիւն դարձրէք, որ սա տարեկան աշխատավարձը չէ, այլ դրանից զատ ստացուած գումարը՝ այսպէս կոչուած «բոնուսը»: Իսկ Վիսքոնսինում բողոքի դուրս եկած կառավարական պաշտօնեայի տարեկան աշխատավարձը 3-5 անգամ աւելի ցածր է:
Մի խումբ հանրապետականներ այս օրերին ամպագոռգոռ ելոյթների միջոցով պնդում են, թէ այս վիճակին հասել ենք կառավարական ահագնացող ծախսերի պատճառով: Թոյլ տուէք հարցնել, թէ ով էր տնտեսական ճգնաժամի պատճառը, ուսուցիչն ու սոցիալական ապահովութեան աշխատակի՞ցը, գրադարանավարն ու ոստիկա՞նը, թէ Ուոլ Սթրիթի մեքենայութիւններով զբաղուող գերհարուստները, ովքեր պատճառ դարձան ինչպէս այս ճգնաժամի, այնպէս էլ համաշխարհային տնտեսական համակարգի գերթուլացման:
2010 թուականի երրորդ եռամսեակի ընթացքում խոշոր ձեռնարկութիւնների գրանցած պաշտօնական տուեալների համաձայն նրանց եկամուտները հասել են 1.7 տրիլիոն դոլարի. սա վերջին 60 տարիների ընթացքում ամենախոշոր ցուցանիշն է: Ուրեմն ինչո՞ւ են խօսում ծեր թոշակառուին, պետական աշխատողին, բազմազաւակ, սոցիալապէս անապահով ընտանիքներին յատկացուող նպաստների եւ աշխատավարձերի կրճատման մասին: Ինչո՞ւ են մարդկանց մէջ վախ ու տագնապ սերմանում՝ վերացնելով վաղուայ օրուայ նկատմամբ առանց այն էլ թուլացող յոյսը: Վերջերս պարբերականներից մէկում նշուած խմբագրականը աւարտւում էր հետեւեալ տողերով. «Մեր պատգամը Նիւ æերսիի նահանգապետ Քրիս Քրիսթիին եւ Վիսքոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերին հետեւեալն է. «Մենք դէմ չենք զոհողութիւնների, եթէ դրա հրամայականն առկայ է այսօր, բայց մենք կտրականապէս դատապարտում ենք զոհողութեան ձեր տարբերակը, որտեղ գերհարուստներն ու Ուոլ Սթրիթը չտեսնուած եկամուտներ են քաղում, իսկ աշխատաւոր ժողովուրդը պարտաւոր է իր ուսերի վրայ միայնակ տանել զոհողութիւնների ահագնացող բեռը»:
Այսօրուայ դրութեամբ ամերիկացիների ճնշող մեծամասնութիւնը հաւատում է արհմիութիւնների եւ արդար պայմանագրային աշխատանքի կարեւորութեանը: Իսկ որոշ հանրապետականներ կա՛մ բացայայտ, կա՛մ էլ քօղարկուած ձեւով փորձում են հարցի լուծումը գտնել աղքատներին յատկացուող նպաստների, պետական պաշտօնեաներին վճարուող թոշակների եւ մի շարք այնպիսի ծրագրերի հաշուին, որոնց շնորհիւ աշխարհում յատուկ կարեւորութիւն են տալիս Միացեալ Նահանգներին՝ որպէս մարդասիրական երկրի: Խօսում են Մեդիքէըր եւ նահանգային ծրագրերի կտրուկ նուազեցման մասին, մանկահասակ երեխաների խնամքի, ծերերին մատուցուող ծառայութիւնների կրճատման եւ նոյնիսկ որոշ ծրագրերի դադարեցման մասին: Ինչո՞ւ, ի՞նչ վատ բան կայ նրանում, որ ծերերը կարողանում են նրանց համար նախատեսուած, ժողովրդի շրջանում «մանկապարտէզ» անուանումը ստացած վայրերն այցելել: Ամէն առաւօտ տեսնում եմ մի խումբ ծերերի, ովքեր շտապում են «մանկապարտէզ»՝ իրենց ընկերներին հանդիպելու, տաք կերակուր եւ խնամք ստանալու, անցեալի մէկ-երկու երգ լսելու: Ինչո՞ւ պիտի այս հիանալի ծրագրի գոյութիւնը հարցականի տակ դրուի: Գործընկերներիցս մէկը պնդում էր, որ վերոյիշեալ ծրագրից հիմնականում օգտւում են փոքրամասնութեան ներկայացուցիչները… Սա ի՞նչ է նշանակում, արդէն հատուածային մարտավարութի՞ւն ենք վարում. չէ՞ որ այսօրուայ երիտասարդը վաղուայ ծերունին է, եւ նման ծրագրերի վերացումը սպառնում է նաեւ նրա վաղուայ բարօրութեանը: Խնդիրները բազմաթիւ են, եւ դրանք համակարգային լուծում են պահանջում: Որոշ նահանգներ պարտադրում են, որ քաղաքային իշխանութիւնները ագրեսիւ ձեւով աշխատանքից ազատեն կենսական նշանակութիւն ունեցող ոլորտներում զբաղուած պաշտօնեաներին՝ նախահաշիւը կարգաւորելու ակնկալիքով: Միչիգան նահանգի քաղաքներից մէկը որոշում է ընդունել աշխատանքից ազատել իր տրամադրութեան տակ գտնուող բոլոր հրշէջներին: Ի՞նչ է նշանակում սա. եթէ հրդեհ բռնկուի, հարեւան քաղաքի հրշէջ ծառայութի՞ւնն է պարտաւոր առաջին օգնութիւն ցոյց տալ: Իսկ եթէ հարեւան քաղաքու՞մ էլ հրդեհ լինի…
Իրավիճակին չեն օգնում նաեւ միջազգային թատերաբեմում ծաւալուած թէժ իրադարձութիւնները: Միջին Արեւելքում ծաւալուած խռովութիւնների պատճառով վառելիքի ահագնացող արժէքը խանգարում է Միացեալ Նահանգների տնտեսական առողջացմանը:
Մասնագէտների վկայութեամբ առաջիկայ ամռանը բենզինի արժէքը կը տատանուի 3.75ից 4.30 դոլարի սահմաններում: Այս իրավիճակն ունի մի նոր հետեւանք, որն առաջին հայեացքից ակնյայտ չէ: Բանն այն է, որ 2004-2006 թուականներին, երբ կալուածքների առեւտուրն իր գագաթնակէտին էր հասել, մարդիկ տներ էին գնում արուարձաններում, որոնք սովորաբար մի քանի տասնեակ մղոն հեռու են արդիւնաբերական ձեռնարկութիւնների վայրերից: Նման տներ գնած մարդիկ այսօր աւելի յաճախ են լքում իրենց բնակավայրերը, քանի որ վառելիքի արժէքը մեծ ծանրութիւն է դնում նրանց ընտանեկան նախահաշուի վրայ: Արդիւնքում այդպիսի բարեկարգ արուարձանները մի քանի ամսուայ ընթացքում վերածւում են «ուրուական» բնակավայրերի, ուր մէկ փողոցի վրայ ապրում է մէկ կամ երկու ընտանիք: Նման երեւոյթը շատ վտանգաւոր է նաեւ այնքանով, որ չափազանց վարակիչ է: Կիսադատարկ փողոցներից հեռանում են նաեւ նրանք, ովքեր դեռ ի վիճակի են պահել իրենց տունը: Արդիւնքում երկրի տարբեր հատուածներում առաջանում են ոչ միայն «ուրուական» փողոցներ, այլ նաեւ «ուրուական» բնակավայրեր ու քաղաքներ:
Ինչո՞ւ եմ այս ամէնը ձեզ ներկայացնում: Մէկ պատճառով միայն, քանի որ կալուածատէրերից հաւաքած հարկերն են, որ կազմում են անապահով ընտանիքներին ու ծերերին յատկացուող ծառայութիւնների նախահաշուի մի զգալի մասը:
Երկիրը տնտեսական աննախադէպ ճգնաժամի մէջ է, եւ այս ճգնաժամից դուրս գալու լուծումը չպէտք է լինի հատուածային, չպէտք է բարդուի միայն հասարակ ու աշխատաւոր ժողովրդի ուսերին: Համակարգային լուծումը հրամայական է դաշնային մակարդակում, որտեղ պէտք է մշակուեն ռազմավարական ծրագրեր՝ երկիրը տնտեսական եւ քաղաքական խայտառակ իրավիճակից հանելու համար:
Եզրափակելով այսօրուայ ակնարկը եւ հաւատարիմ մնալով ձեռագրիս համարձակւում եմ մի փոքր շեղուել վերոյիշեալ նիւթից եւ ձեզ ներկայացնել մի հետաքրքրական փաստ: Վերջին տարիներին ամերիկեան դոլարը զգալիօրէն զիջել է իր դիրքերը. նրան հետեւում են եւրոն, ենը եւ այլ երբեմնի հզօր ազգային դրամանիշներ: Միեւնոյն ժամանակ իրենց դիրքերն ամրապնդել են աւստրալական եւ կանադական դոլարը, կորէական եւ չինական արժոյթները: Իսկ ի՞նչ էք կարծում, ո՞ր ազգային դրամանիշն է իր աճով գերազանցել բոլոր վերոյիշեալ արժոյթները: Եթէ ասացիք մոնղոլական տուգրիկը, ապա չսխալուեցիք: Վերջին մի քանի տարիների ընթացքում տուգրիկը աննախադէպ աճ է գրանցել՝ հիմնականում Մոնղոլիայում յայտնաբերուած կապարի չափազանց հարուստ պաշարների հաշուին: Տեղեկացնեմ նաեւ, որ Մոնղոլիայի բնակավայրերի մեծ մասում դրամը որպէս առեւտրի միջոց չի ծառայում. առեւտուրը կատարում են ապրանքափոխանակութեան միջոցով:
Միջազգային խոշոր ձեռնարկութիւններն աչք են դրել Մոնղոլիայի վրայ, եւ Ուլան Բատորում միանգամից սնկի պէս սկսել են աճել արեւմտեան շքեղ վաճառատները, հիւրանոցներն ու սպասարկման կենտրոնները: Արդեօ՞ք աշխարհի գերհսկաները յոգնել են արեւմուտքում ներդրումներ կատարելուց եւ շտապում են ասիական երկրներում հաստատուել. այս հարցի պատասխանը ժամանակը կը տայ:
khachigmelekyan@aol.com