
Կինոռեժիսոր Հուսէյն Կարաբէյը եւ նկարիչ Աքսել Զեյդան Գեօզն անիմացիոն ֆիլմում շեշտը դրել են Ռաքէլ Դինքի ձայնի վրայ: «Ինդիրա Գանդիից յետոյ Ռաքէլ Դինքն այն անձն է, որի կերպարն ինձ վրայ ամենամեծ ազդեցութիւնն է գործել», ասում է Կարաբէյը: «Ես ականատես եմ եղել այն ցաւին, որը ֆիլմում մերթընդմերթ յայտնւում ու անհետանում է: Այս մարդկանց ու դէմքերը նկարելիս ես կենտրոնացել եմ Ռաքէլի ձայնի վրայ», ասում է Գեօզը:
Ռաքէլ Դինքի վշտաբեկ ձայնն արձագանքում է «Hicbir Karanlik Unutturamaz» («Ոչ մի խաւար մեզ չի ստիպի մոռանալ») անիմացիոն (cartoon, շարժանկար) ֆիլմում:
Վերջին տարիներին Հուսէյն Կարաբէյի անունը յիշատակուել է որպէս յաջողուած ֆիլմերի հեղինակ: Այժմ նա անիմացիոն ֆիլմ է նկարահանել «Ակօսի» սպանուած գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի յուղարկաւորութեան թեմայով, որի ժամանակ միլիոնաւոր մարդիկ փողոց էին դուրս եկել:
Նկարիչ Աքսել Զեյդան Գեօզն աջակցել է Կարաբէյին՝ անիմացիոն ֆիլմի նկարահանմանը: Այն 9 րոպէանոց կարճամետրաժ սեւ-սպիտակ ֆիլմ է, որում Դինքի կնոջ՝ Ռաքէլ Դինքի ընթերցմամբ նամակը տխուր տրամադրութիւն է հաղորդում դիտողներին, մինչ Ռաքէլ Դինքի եւ նրա զաւակների ցաւով դրոշմուած սեւ-սպիտակ ուրուագծերով դէմքերը երբեմն յայտնւում ու անհետանում են էկրանին:
Hurriyet Daily News & Economic Review-ին տուած հարցազրոյցում Կարաբէյը բացատրել է, թէ ինչո՞ւ է ընտրել անիմացիոն տեխնիկան. «Վերջին տարիներին փաստագրական ֆիլմի ժանրը կարողացել է ընդլայնել իրականութեան սահմանները: Ես տեսայ, որ փաստագրական ֆիլմերում նոյնպէս հնարաւոր է անիմացիային դիմել: Այս հետաքրքիր տեխնիկան ինձ ոգեւորեց, եւ ես որոշեցի ֆիլմը նկարահանել անիմացիոն եղանակով: Յուսով եմ՝ ֆիլմը կը բարձրացնի երիտասարդ սերնդի իրազեկութիւնը: Կարծում եմ, որ կը կարողանամ դա անել, քանի որ նրանք չգիտեն այս երկրի ցաւի մասին: Պատմութիւնը կը կրկնուի, եթէ մենք մոռանանք կա՛մ մոռացութեան մատնենք այն»:
Գեօզը, որն օգնել է անիմացիոն տեխնիկայի օգտագործմամբ ֆիլմի էկրանաւորմանը, ասել է. «Ֆիլմը, որը մենք նկարահանել ենք՝ օգտագործելով Ռաքէլ Դինքի յայտնի նամակը, ապագայում դիտողին կարեւոր ուղերձներ կը յղի: Մենք փորձել ենք յուղարկաւորութեան օրուայ մթնոլորտը փոխանցել սեւ-սպիտակով»:
«Hicbir Karanlik Unutturamaz» ֆիլմը կը ցուցադրուի Ստամբուլի 30րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում, որը կը մեկնարկի Ապրիլի 2ին եւ կը շարունակուի մինչեւ 17ը: Յետագայում ֆիլմը տեսնելու հնարաւորութիւն կ՛ունենան նաեւ Շուէյցարիայում եւ եւրոպական այլ երկրներում, ինչպէս նաեւ ԱՄՆում:
Ֆիլմը կունենայ անգլերէն լուսագրեր, սակայն Կարաբէյն ասում է՝ դիտողը դրա կարիքը չի զգայ, քանի որ Ռաքէլն այդ նամակն այնպիսի յուզիչ շեշտով է կարդում, որ իւրաքանչիւրի սրտի լարերին կը դիպչի: «Գեօզն ու ես որոշեցինք այս ֆիլմը նկարահանել անիմացիոն տեխնիկայով, ուստի գունաւորի փոխարէն նախընտրեցինք սեւ-սպիտակը: Ֆիլմում դէմքերն առանձնայատուկ չեն ընդգծուած, քանի որ ցանկացել ենք, որ ուշադրութիւնը կենտրոնանայ միայն Ռաքէլի ձայնի վրայ»: