ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Երկրի տնտեսական ծանր իրավիճակի հետ կապուած օրէնսդիր մարմինները ստիպուած են վերանայել բազմաթիւ ֆինանսական հարցեր, այդ թւում՝ Մեդիքէր եւ Մեդիքէյդ ծրագրերը, ինչպէս նաեւ՝ սոցիալական ապահովութեան (Social Security) ծրագիրը:
Որոշ մասնագէտներ պնդում aեն, որ սոցիալական ապահովութեան վերանայման կարիք չկայ, քանի որ այս ծրագրի մէջ աւելի քան 2.5 տրիլիոն դոլար է ներդրուած, եւ սպառնալիքն իրեն զգացնել կը տայ միայն 2037 թուականին: Սակայն, աւելի հեռատես մարդիկ ահազանգում են, որ այսօր պէտք է այս հարցը սեղանի վրայ դնել, առանց սպասելու, թէ երբ սպառնալիքը իրականութիւն կը դառնայ:
Վերոյիշեալ 3 ծրագրերը, ինչպէս գիտէք, վերաբերում են միջինից ցածր եկամուտ ունեցողներին եւ աղքատներին: Մեդիքէր եւ Մեդիքէյդ ծրագրերի վիճակն օրհասական է արդէն այսօր, իսկ մօտ ապագայում նրանց գոյութիւնը մեծ հարցականի տակ է, քանի որ մասնագէտների հաշուարկների համաձայն այսպէս կոչուած «baby boomer»ները, որոնց առաջին ներկայացուցիչներն արդէն թոշակի են անցնում, աւելի երկարակեաց կը լինեն, քան իրենց նախորդ սերնդի ներկայացուցիչները:
Մեդիքէր եւ Մեդիքէյդ ծրագրերից օգտուողներին, ցաւօք, սփոփիչ տեղեկութիւններ չեն սպասում: Հաշուապահական տեսանկիւնից այս ծրագրերն արդէն իսկ չտեսնուած ծանր վիճակում են, իսկ սոցիալական ապահովութեան ծրագիրը «դեռ շնչում է»: Social Security-ն իր 76ամեայ պատմութեան մէջ առաջին անգամ վերանայման է ենթարկուել 1983 թուականին: Դրանից յետոյ սա առաջին անգամն է, որ ծրագիրը 41 միլիարդ դոլարի պակասուրդ է գրանցում, ինչը նշանակում է, որ ծախսերը գերազանցել են եկամուտները, եւ վճարումները կատարւում են պահուստային դրամի օգտագործման հաշուին: Համաձայն նախնական հաշուարկների, երբ պահուստային ֆոնդերն իսպառ վերանան, Social Security-ի նախահաշուային բացը մօտ 329 միլիարդ դոլար կը կազմի:
Վերջին ժամանակներս այս խնդիրը սովորականից աւելի շատ է արծարծւում: Առաջարկ է արուել մարդկանց թոշակի անցնելու տարիքը հասցնել 69ի, քանի որ ապագայ տարեցներն աւելի երկար կեանք կարող են ունենալ: Այս ծրագիրը կարող է ուժի մէջ մտնել 2075 թուականից: Առաջարկներ են արւում նաեւ, որ հարուստները աւելի շատ ներդնեն այս ծրագրի մէջ եւ աւելի քիչ վերադարձ ակնկալեն՝ նպատակ ունենալով օգնել աղքատ եւ ցածր եկամուտ ունեցող իրենց հասակակիցներին: Ժամանակին տարածուած խօսք էր, որ Միացեալ Նահանգները տնտեսապէս անապահով տարեցների համար չափազանց հիւրընկալ եւ բարենպաստ պայմաններ էր առաջարկում: Իրականում այն չտեսնուած մարդասիրական քայլեր կատարող մի պետութիւն էր, որը հոգում էր բոլորի՝ այդ թւում նաեւ աղքատների ու ընչազուրկների բոլոր տնտեսական եւ առողջապահական կարիքները: Սակայն «խելացի» մարդիկ անմիջապէս սովորեցին կարճ եւ զարտուղի ճանապարհներով պետութիւնից դրամ պոկել, եւ հերթը հասաւ նաեւ անապահով ծերերին:
Այս առումով ժողովրդի մէջ լեգենդներ են շրջում. դրանցից մի մասը, հնարաւոր է չափազանցեցուած լինեն, իսկ մեծ մասը, ցաւօք, ճիշդ է: Օրինակ՝ իրականութիւն է այն, որ արդէն բաւական երկար ժամանակ է, ինչ որոշ անհատ ձեռներէցներ մարդկանց տարբեր տեղերից «հաւաքագրում» են բժշկի այցելելու նկատառումով, նոյնիսկ նրանց դրամ են տալիս պարբերաբար:
Ինչ կա՛յ որ, կը մտածեն ոմանք, կանխարգելիչ կարելի է համարել նման այցերը:
Բանն այն է, որ նրանք բժշկի մօտ այնպիսի բարդ ստուգումների են ենթարկւում, որ շատ անգամ պետական պաշտօնեաները զարմանում են, թէ ինչպէս են նրանք դեռեւս ողջ: Համաձայն այդ ստուգումների մարդը պէտք է կիսամեռ անկողնային վիճակում լինէր: Պարզւում է, որ հէնց բազմաթիւ նմանատիպ չարաշահումների հետեւանքով էլ Մեդիքէր եւ Մեդիքէյդ ծրագրերը ցամաքել են: Ժողովրդի մէջ նաեւ այն կարծիքը կա՛յ, որ նման «ճարպկութիւնը» յատուկ է միայն մեզ՝ հայերիս: Ստիպուած եմ հիասթափեցնել ձեզ, քանի որ միւս բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ իրենց շարքերում ունեն «ձեռներէցներ»՝ անհատներ, ովքեր ոչինչի առաջ կանգ չեն առնի արագ հարստանալու ակնկալիքով: Արդիւնքում նրանք, ովքեր իրօք կարիք ունեն առողջապահական խնամքի, մնում են առանց անհրաժեշտ սպասարկման:
Իմ տարեց ծանօթներից մէկը պատմում էր, թէ ինչպէս իր մահացած ընկերներից մէկը կենդանութեան օրօք թանկարժէք դեղորայք էր վերցնում բժշկից եւ կէս գնով վաճառում կարիքաւոր այնպիսի անձանց, ովքեր պետական ապահովագրութիւն չունէին: Որքանո՞վ է սա արդար:
Խնդիրը բաւականին բարդ է նաեւ բարեխիղճ բժիշկների համար: Համայնքում յարգուած ատամնաբոյժներից մէկը սրտնեղում էր, որ պետութիւնը գրեթէ ոչ մի ծառայութեան համար չի վճարում, երբ հարցը վերաբերում է ատամների խնամքին: Իսկ մարդիկ, ովքեր նախկին յաճախորդներ են, գալիս են եւ դիմում իրենց սիրելի բժշկին «ինչպէս անցեալ անգամ»: Բժիշկն օգնում է մէկ, երկու անգամ, բայց նա էլ յաւէրժ անվճար չի կարող աշխատել, քանի որ իր դէմ ծառացած բազմաթիւ ֆինանսական պարտաւորութիւններ ունի: Իսկ ինչպէ՞ս վարուել, երբ հիւանդն անվճարունակ է, պետութիւնը չի կարող վճարել բժշկի ծառայութեան դիմաց, իսկ հիւանդը ցաւ ունի, հետեւաբար եւ խնամքի կարիք:
Շատերն այսօր չարաշահումների համար մեղադրում են պետութեանը, որ ժամանակին «գլխի չի ընկել» եւ միջոցներ չի ձեռնարկել անազնիւ ճարպիկների առաջ դռները փակելու նկատառումով: Բայց սա նոյնն է, ինչ մեղադրել զոհին՝ իրեն պաշտպանել չկարողանալու կամ անսպասելի յարձակումը չկանխելու մէջ: Տարօրինակ է եւս մի մօտեցում: Որոշ մարդկանց հետ խօսելիս լսում ես, թէ ինչպէս են նրանք հերոսացնում ճարպիկ ձեռներէցներին՝ պատճառաբանելով, թէ վերջիններս կարողացել են եւ լաւ էլ արել: Այդ մարդիկ չեն էլ մտածում, որ նման գործունէութիւնն առնուազն նպաստել է կարիքաւորներին յատկացուող օգնութեան դրամատիկ կրճատման փաստին: Շատերի մօտ առկայ է նաեւ մէկ այլ հետաքրքիր մօտեցում, երբ մարդը կարծում է, թէ բնակւում է «օտար երկրում» եւ համապատասխան վերաբերմունք է դրսեւորում՝ կախուած իր բարոյահոգեբանական արժէքների թելադրանքից: Եթէ այս մարդն ազնիւ է, ապա շրջապատին վտանգ չի սպառնում: Իսկ եթէ նրա արժէքային համակարգը թոյլ է, ապա նա առաջնորդւում է «առ ու փախիր» սկզբունքով՝ առանց մտածելու, որ չի էլ պատրաստւում «փախչել», իսկ եթէ նոյնիսկ փախչի, ապա նոյն կենսակերպով է ապրելու, ուր էլ գնայ:
Տնտեսական ծանր պայմանները շատերին ստիպում են վարքի այլընտրանքային դրսեւորումների դիմել: Նորութիւն չէ, բայց ամուր մարդն ամէն պարագայում չի դաւաճանի իր իսկ ստեղծած համոզմունքներին:
Երբ հեռուստատեսութեամբ տնտեսական ակնարկներ էի անում վերջին աւելի քան 2 տարիների ընթացքում, ժամանակ առ ժամանակ գովասանքի եւ գնահատականի խօսքեր էին հնչում հաղորդման հասցէին, որից յետոյ հեռուստադիտողները յայտնում էին, թէ իրենց լայնածիր տեղեկութիւններ էին տրամադրւում, որոնք այս կամ այն պատճառով հայկական մամլոյ միջոցների ուշադրութիւնից դուրս էին մնացել: Հեռուստադիտողներից մէկը հեռաձայնեց՝ առաջարկելով վերականգնել մօտ վեց ամիս առաջ իմ կողմից դադարեցուած հաղորդումները, եւ հարցրեց, թէ ինչու յանկարծ դադարեցրի լուրեր ու վերլուծութիւններ հրամցնել: Բանն այն է, որ վերջին տարիներին ինձ համար նոր այս զբաղմունքի մէջ մի փոքր աւելի խորանալով հասկացայ, որ ներկայ տնտեսական նորութիւնները եւ վերլուծութիւնները հիմնականում որեւէ դրական բան իրենց մէջ չեն պարունակում, իսկ մասնագէտների առաջարկած հնարաւոր լուծումները հատուածային են եւ համակարգի առողջացման մէջ նկատելի դեր չեն խաղում:
Մի այլ հեռուստադիտող հետեւեալ պատգամն էր թողել. «Տղա՛ ջան, լաւ հաղորդում ունես, անհամբեր սպասում ենք, բայց մի քիչ լաւ բաներ էլ ասա»:
Ցաւօք, վիճակն այնքան էլ մխիթարական չէ, յատկապէս ընչազուրկների համար, սակայն խոստացայ նաեւ «լաւ բաներ» հաղորդել, ու կրկնակի ժամանակ էի ծախսում, որպէսզի դրականը մատուցեմ դրա համար պրպտելով աշխարհի լրատուական միջոցների հաղորդումները: Այսօրուայ նիւթն էլ ոչ այնքան լաւատեսական էր, այդ իսկ պատճառով որոշեցի մի փոքր հաճելի նորութիւն հաղորդել ընթերցողին, որը, ցաւօք, տնտեսական բնագաւառից չէ, բայց ուղղակիօրէն վերաբերում է նրանց, ովքեր իրենց կեանքի ընթացքում 2 եւ աւելի լեզու են օգտագործում հաղորդակցուելու համար:
Վաղեմի սխալ պատկերացում է առկայ մեր հասարակութիւնում, որ մանկութիւնից երկու լեզուների շրջանում աճող երեխան շփոթութեան մէջ է ընկնում եւ աւելի ուշ է իւրացնում խօսելու ունակութիւնը, քան մէկ լեզու ընկալող իր հասակակիցը: Երկլեզու երեխաների ուսումնասիրութեամբ զբաղուող գիտնականների վերլուծութիւնները ցոյց են տուել, որ երկլեզու լինելը նոյնքան բնական է մարդու համար, որքան միալեզու լինելը: Նոյնիսկ փաստեր են առկայ, որ երկու լեզու օգտագործող մայրերի երեխաները ծնուելուց մի քանի ժամ յետոյ ի վիճակի են տարբերակել այդ լեզուները: Հարկ է նշել, որ վերոյիշեալ նախապաշարմունքը հաստատող գիտական փաստեր չեն յայտնաբերուել, անգամ ի յայտ են եկել հակառակ տեսակէտի ապացոյցներ: Երկլեզու մարդկանց մօտ, ովքեր այդ երկու լեզուն էլ բաւականին յաճախ են օգտագործում, նկատւում է ուղեղի իւրօրինակ ակտիւութիւն (աշխուժութիւն-խմբ.): Այլ կերպ ասած, նոյնիսկ եթէ այդպիսի անձնաւորութիւնն օգտագործում է լեզուներից մէկը, նրա ուղեղում միւսն ակտիւ է: Այսպիսով երկլեզու մարդկանց ուղեղը լրացուցիչ աշխատանք է կատարում, որից ազատուած է մէկ լեզու կիրառողների ուղեղը: Աշխատանքը կայանում է նրանում, որ երկու լեզուները պէտք է մշապէս իրարից անջատ պահուեն, ինչպէս ռադիօընդունիչում տարբեր յաճախականութիւնները: Փաստօրէն ուղեղն օգտագործում է վերահսկման համակարգ, որով ուշադրութիւնը կենտրոնացնում է կարեւորի վրայ եւ անտեսում երկրորդականը:
Ինչպէս ասում են. «Ուղեղը նոյնպէս մկան է, եւ այն պէտք է վարժեցնել»: Այս տեսակէտից երկլեզու մարդիկ անընդհատ վարժեցնում են իրենց միտքը, եւ արդիւնքում աւելի բարձր ցուցանիշներ արձանագրում իմացական խնդիրներ լուծելիս, բացի այդ նրանց մօտ մտագարութիւնը 4-5 տարի աւելի ուշ է զարգանում: Այս ուսումնասիրութիւնը նաեւ մէկ նոր հետազօտութեան հիմք է դարձել, որը նպատակ ունի ապացուցել, որ նոյնիսկ ուղեղի ֆիզիկական կառուցուածքն է փոփոխութեան ենթարկւում երկու լեզու մշտապէս օգտագործելու դէպքում:
Ուրախ նորութիւն է մեզ՝ հայերիս, համար, քանի որ մէր ազգի ճնշող մեծամասնութիւնն առնուազն երկրորդ լեզուով հաղորդակցուելու կարողութիւն ունի:
Այսօրուայ համար այսքանը: Գրէք ինձ khachigmelekyan@aol.com հասցէով: