ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Տարիներ առաջ մեր համայնքում լուրեր էին պտտւում, թէ տարեց մարդկանց առաջարկւում էր գնել կեանքի ապահովագրութիւն. նրանց վճարում էին մի կլորիկ գումար՝ մի քանի տասնեակ հազարից մինչեւ վեցանիշ գումարներ, նոյնիսկ ամսավճարների մասին պատասխանատուութիւնը վերցնում էին այսպէս կոչուած «ներդրողները», իսկ ծերունու մահից յետոյ ներդրողները «պարգեւատրւում» էին՝ իրենց ներդրած գումարի տասնապատիկի կամ աւելի մեծ չափով:
Սա իհարկէ շատ զարմանալի էր՝ մասնաւորապէս այն առումով, որ «գործարքը» ներկայացւում էր որպէս միանգամայն օրինական քայլ՝ առանց որեւէ խարդախութեան նշոյլի: Եւ ահա ամերիկեան ամենաերեւելի պարբերականներից մէկի առաջին էջում նշուած էր, թէ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում՝ կապուած վերոյիշեալ թեմայի հետ:
Դատէք ինքներդ. մի տարեց կին, ով մահացել էր 2009 թուականին, 5 միլիոն դոլարի կեանքի ապահովագրութիւն էր ունեցել, որի իրաւայաջորդը ներդրողների ինչ-որ խումբ էր: Բանն այն է, որ բաւական թանկարժէք այս ապահովագրութեան գնման ժամանակ դիմումնագրի մէջ նշուել էր, թէ տիկինը մօտ 12 միլիոն դոլարի ունեցուածք եւ անշարժ գոյք ունէր, ինչը չէր համապատասխանում իրականութեանը: Կնոջ կարողութիւնը գնահատուել էր $100,000 (հարիւր հազար դոլարից) էլ քիչ, իսկ իր գոյութիւնն ապահովելու համար սոցիալական ապահովութեան գրասենեակից ամսեկան չէկեր էր ստանում, ինչպէս նաեւ օգտւում պետական մի ծրագրից, որն օգնում էր նրան դեղորայք գնել առողջպահական կարիքներից դրդուած:
Խոշոր ապահովագրական ընկերութիւնը որոշ ժամանակ անց պարզել էր իրականութիւնը եւ փորձել չեղեալ համարել ապահովագրական համաձայնագիրը: Գործը հասել էր դատարան: Պարզուել էր, որ ապահովագրական ընկերութիւնը չէր ստուգել տարեց կնոջ ունեցուածքը վկայող հաւատարմագրերը եւ նրա «կրեդիտը», փոխարէնը «վստահել էր կնոջ հաշուապահի ներկայացրած փաստաթղթին», իսկ վերջում պարզուել էր, թէ այդ անձը բնաւ էլ հաշուապահ չի եղել, եւ բնականաբար նրա ներկայացրած փաստաթղթերը որեւէ իրաւական ուժ չէին կարող ունենալ: Ներդրողները դատական նիստի ժամանակ արդարաբար պնդել էին, թէ մի պարզ ստուգման արդիւնքում կարելի էր պարզել, թէ տարեց կինը տարեկան 300 հազար դոլար մուծումներ (ապահովագրութիւնը ուժի մէջ պահելու համար) չէր կարողանայ վճարել, քանի որ այդպիսի դրամ երբեւիցէ չէր ունեցել: Փաստօրէն, ներդրողներն էին կատարել ամսեվճարները: Արդիւնքում ատենակալները որոշել էին, թէ ապահովագրական ընկերութիւնը պարտաւոր է վճարել 5 միլիոն դոլարը ներդրողներին, եւ նկատել էին, թէ ապահովագրական ընկերութիւնը թերացել էր իր պարտականութիւնների մէջ, որոնցից մէկն էր ստուգել տարեց կնոջ տնտեսական իրավիճակը, նրա վճարունակութիւնը եւ մի շարք այլ փաստաթղթեր:
Ապահովագրական ընկերութիւնը պնդում էր, թէ զոհ է գնացել «ագահ» եւ անբարեխիղճ ապահովագրական տեսուչների խարդաւանքներին, ովքեր ամէն քայլի դիմել էին, որպէսզի կեանքի ապահովագրութիւն վաճառեն: Ներդրողները պնդել էին, թէ ապահովագրական ընկերութիւնները դիտաւորեալ էին թերացել ստուգումներն իրականացնելու, քանի որ տարեկան աւելի քան հարիւր հազար դոլար մուծումներից չէին ուզում հրաժարուել:
Նմանօրինակ դատավարութիւնները շատ են: Մէկ այլ դէպք լուսաբանելիս պարզուել է, թէ խոշոր ապահովագրական ընկերութեան բարձրաստիճան պաշտօնեան ահազանգել է իր աշխատակցին, թէ ապահովագրութիւն գնող յաճախորդի ներկայացրած տուեալները «չափից աւելի կասկածելի էին»: Միեւնոյնն է, աշխատակիցը խորհուրդ էր տուել ուշադրութիւն չդարձնել եւ բաւարարել դիմումնագիրը: Այս ելեկտրոնային նամականին ի յայտ էր եկել դատավարութեան ընթացքում: Ներդրողներին թոյլատրել էին դատական գործ յարուցել, որտեղ պնդել էին, թէ ապահովագրական ընկերութիւնը տեղեակ լինելով օրինախախտման փաստերին, այնուամենայնիւ բաւարարել էր դիմումնագիրը, որպէսզի յետագայում այն չեղեալ համարեր իր այդ քայլը պատճառաբանելով կեղծիքների առկայութեամբ:
Ամենահետաքրքիրը, բայց, հետեւեալ դէպքն է. Ամերիկեան ապահովագրական ընկերութիւնը բաւարարել է մի մարդու դիմումնագիրը, ով նշել էր, թէ աւելի քան 40 միլիոն դոլարի ունեցուածք ունի՝ նրան վճարելով 12 միլիոն դոլարի կեանքի ապահովագրութեան գումարը: Դիմումնագրի ընթացքում ապահովագրութիւնը պարզել է, որ այս անձնաւորութիւնն օգտագործել է մի անձի տուեալներ, ով 82 տարեկան հասակում մահացել էր: Բացի դրանից, այս անձը 2002 եւ 2005 թուականներին իրեն սնանկ էր յայտարարել: Այս դէպքում փաստաթղթերն անմիջապէս յանձնել էին պետական մարմիններին, ովքեր էլ խարդախութեամբ զբաղուող խոշոր խումբ էին յայտնաբերել: Ի դէպ, այդ խումբն արդէն հասցրել էր 3 խոշոր ապահովագրական ընկերութիւնների խաբել՝ բազմամիլիոնանոց կեանքի ապահովագրութիւն գնելով տարբեր անձանց անուններով:
Անցեալ տարի դաշնային դատաւորներից մէկը բաւարարել էր ապահովագրական ընկերութեան խնդրագիրը՝ չեղեալ համարել մի տարեց մարդու կեանքի ապահովագրութեան համաձայնագիրը, որն արժեր 10 միլիոն դոլար, եւ ահա թէ ինչու: Պարզուել է, որ տուեալ անձնաւորութիւնը դիմումնագրի մէջ նշել էր, թէ աւելի քան մէկ միլիարդ դոլարի կարողութիւն ունի՝ թանկարժէք քարերի հաւաքածոյի տեսքով, եւ իբր թէ նա այդ կարողութեանն է տիրացել, երբ Ֆլորիդայի ափերին մօտ յայտնաբերել է իսպանական խորտակուած մի նաւի գանձերը: Ապահովագրական ընկերութեան կատարած պրպտումները, թէ արդեօք տուեալ անձն իրօք գանձեր էր գտել, ապարդիւն էին: Փաստաթղթեր էին ներկայացուել մի «մասնագէտից», ինչպէս նաեւ մի շարք այլ կեղծուած թղթեր, որոնց իրականութիւնը պարզուել էր դատի ժամանակ: Անցեալ տարի «Գանձատէրը» մահացել էր՝ իհարկէ դրանից առաջ հասցրել էր ներդրողներից մի կլորիկ գումար կորզել: Մահախօսականի մէջ ոչ մի անգամ չի էլ նշուել, թէ հանգուցեալը գանձեր էր գտել: Ներդրողները դեռ պայքարում են, որպէսզի իրենց դրամը վերադարձնեն:
Այս առիթով կարճ հեռախօսազրոյց ունեցայ ապահովագրութեան բնագաւառի մասնագէտ Պօղոս Առաքէլեանի հետ, ով համայնքում յայտնի է որպէս ազնիւ եւ բարեխիղճ մի անձնաւութիւն: ըստ Պարոն Առաքէլեանի, մեծահասակներին առաջարկուող միլիոնանոց ապահովագրութիւնների ճնշող մեծամասնութիւնը կեղծիք է: Մասանգէտի կատարած մի համեմատութիւն բաւականին տպաւորիչ էր. «Ինչպէ՞ս կարող են Հոնդա ինքնաշարժի համար Ռոլս Ռոյսի ապահովագրութիւն գնել», ասաց նա՝ պնդելով, որ եթէ ծերունին պետութիւնից օգնութիւն է ստանում իր գոյութիւնն ապահովելու համար, ապա օրէնքով նա չի կարողանայ միլիոնների կեանքի ապահովագրութիւններ գնել, իսկ ովքեր նրան դա խոստանում են, ապա … ինչ-որ բան այն չէ, մեղմ ասած: Այստեղ տեղին է յիշել յայտնի մեր ժողովրդական խօսքը. «Մեծ մարդ ես, հեքիաթների ես հաւատում»:
Եզրափակելով այսօրուայ նիւթը՝ հարկ է նշել, որ ապահովագրական ընկերութիւններն այսօր բաւականին խիստ են վերաբերւում՝ յատկապէս թանկարժէք ապահովագրական դիմումնագրերին: Չնայած այն հանգամանքին, որ «հնարամիտները» միշտ մի ծուռ ճանապարհ գտնում են, այդպիսի ճանապարհները գնալով պակասում են եւ դառնում էլ աւելի անյարմար, մեղմ ասած: