ԻՆԳԱ ՄԱՐՏԻՆԵԱՆ
Հայաստանում յայտնի երգիչները, կամ մշակոյթի այլ բնագաւառում գործող յայտնի մարդիկ զբաղւում են նաեւ գործարարութեամբ: Նրանց բիզնեսի մասին երկրպագուներից շատերը թերեւս չգիտեն: «Նիուզ.էյ.էմ»ը զրուցել է շոու-բիզնեսի յայտնի ներկայացուցիչների հետ նրանց անյայտ գործունէութեան մասին:
ԵԹԷ ՆՈՒՆԷ ԵՍԱՅԵԱՆԸ
ՎԱՐՍԱՎԻՐ ԼԻՆԷՐ…
Աստղային բիզնեսներից հասարակութեան համար թերեւս ամենայայտնին Նունէ Եսայեանի «NN» գեղեցկութեան սրահն է, որն արդէն 10 տարի է գոյութիւն ունի:
«Տնօրէն՝ կայ, մենեջեր՝ (կառավարող-Խմբ.) կայ, ուղղակի իմն է այդ ամէնը: Ինչ նորարարութիւն տեսնում եմ դրսում, բերում եմ, անընդհատ փոփոխութիւններ եմ անում», «Նիուզ.էյ.էմ»ի հետ զրոյցում ասաց Նունէ Եսայեանը: «NN»ի այցելուները տարբեր մարդիկ են՝ շոու բիզնեսի աստղեր, պաշտօնեանների կանայք, շարքային քաղաքացիներ:
«Իւրաքանչիւր բիզնես եկամտաբեր է, եթէ դրա մասնագէտն ես, եթէ լինէի վարսավիր, կրկնակի, եռակի աւելի կը վաստակէի, քան՝ հիմա», ասաց երգչուհին: Այժմ ձեզ վարսավիրանո՞ցն է պահում, թէ՞ շոու բիզնեսը հարցին՝ Նունէ Եսայեանը նշեց, որ առայժմ շոու բիզնեսը:
ՍՈՖԻ ԴԵՒՈՅԵԱՆԸ ԲԻԶՆԵՍՈՎ Է ԶԲԱՂՒՈՒՄ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՅ
ՊԱՀԵԼ ՊԱՐԻ ԵՒ ՀՈԳՈՒ ԹԱՏՐՈՆԸ
Պարի եւ հոգու թատրոնի գեղարուեստական ղեկավար, պարուհի Սոֆի Դեւոյեանն արդէն 10 տարի հրուշակեղէնի արտադրամաս ունի, որտեղ արտադրւում է շոկոլադէ կրեմ, քաղցր բամբակ, կարամելապատ եւ այլ համերով «փոփքորն», շոկոլադէ սալիկներ եւ այլն:
«Որոշեցի զբաղուել բիզնեսով, որպէսզի կարողանամ պահել Պարի եւ հոգու թատրոնը: Ես հակուած չեմ յոյսս դնել հովանաւորների վրայ, ստիպուած պէտք է ինչ-որ բանով պահել Պարի եւ հոգու թատրոնը: Այդպէս սկսուեց ամէն ին»չ, մեզ հետ զրոյցում նշեց Սոֆի Դեւոյեանը:
«Երբ Պարի եւ հոգու թատրոնում աշխատում է 40 մարդ եւ ամէն ամիս աշխատավարձ եմ տալիս, որտեղի՞ց պէտք է հայթայթեմ այդ փողը: Բայց շատ դժուար է, արտադրամասում էլ աշխատողներ կան, դա էլ իր պրոբլեմներն ունի», նշեց Սոֆի Դեւոյեանը:
Հարցին, թէ որպէս յայտնի մարդ՝ նրա համար զիջումներ չե՞ն անում պետական ատեաններում՝ կապուած բիզնեսի հետ, նա նշեց, որ ինքը վճարում է բոլոր անհրաժեշտ հարկերը:
«Գործարանը մեծ չի, ինչքան արտադրում, այնքան էլ վճարում եմ», նշեց նա, յաւելելով, որ Հայաստանի հարկային դաշտից եւ գործող օրէնքներից դեռ չի բողոքում: Նշենք, որ Սոֆի Դեւոյեանին պատկանող «Արասոյ» սահմանափակ պատասխանատուութեան ընկերութիւնը (ՍՊԸ) հիմնադրուել է դեռեւս 1992ին:
ԱԻԴԱ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ՏԱՐԱԾՔԸ ՆՈՐ ԲԻԶՆԵՍ
ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երգչուհի Աիդա Սարգսեանը վաճառում է Սեւանում ունեցած իր տարածքը, որտեղ պէտք է կառուցուէր հանգստեան գօտի՝ ռեստորանով եւ հիւրանոցային համալիրով: Տարածքի վաճառման պատճառը նոր բիզնես սկսելու ակնկալիքն է, սակայն շատ գործարարների նման, Աիդա Սարգսեանը եւս ցանկանում է արտասահմանում կատարել իր ներդրումները:
«Ինչ բիզնես էլ որ սկսեմ, հաւանաբար, այստեղ չեմ սկսի, բայց ընդմիշտ չեմ մեկնի Հայաստանից, գործնական կը մեկնեմ», ասաց նա:
Տարածքի գնորդը դեռեւս չի յայտնուել, իսկ վաճառքի գինը Աիդա Սարգսեանը դեռ չի որոշել: Երգչուհին չցանկացաւ նոր բիզնեսի հետ կապուած «կոմերցիոն (առեւտրական-Խմբ.) գաղտնիքները» մանրամասնել:
ՇՈԿՈԼԱԴԻ ՍԻՐԱՀԱՐ ԼՈՒՍԻՆԱՅԻ ՇՈԿՈԼԱԴԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՄԱՍԻՆ
Երգչուհի Լուսինան եւս բիզնեսով է զբաղւում, նա Լիբանանում արտադրուող «Patchi» շոկոլադի հայաստանեան ներկայացուցիչն է:
«Նախ, շատ սիրում եմ շոկոլադ, եւ այս շոկոլադն ինձ համար ամենալաւն է, ինձ դուր է գալիս, թէ ինչպէս են նրանք աշխատում: Ես Բէյրութում համտեսեցի այս շոկոլադը եւ որոշեցի, որ այն անպայման պէտք է լինի նաեւ Հայաստանում, քանի որ մտածեցի, որ այստեղ եւս կը հաւանեն այն», ասաց Լուսինան ու շարունակեց. «Patchi» շոկոլադի 1 կիլոգրամը սկսւում է 29 հազար դրամից: Լուրերը, թէ այն շատ թանկ շոկոլադ է եւ հասանելի է միայն հարուստներին, իրականութեանը չեն համապատասխանում»: Ինչ վերաբերում է բիզնեսում ունեցած եկամուտներին, նա չցանկացաւ խօսել այդ մասին, նշելով, որ իւրաքանչիւր բիզնես լուրջ մօտեցում է պահանջում: Երգչուհին չթաքցրեց, որ իր բիզնեսին մեծապէս աջակցում է հայրը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Անդրանիկ Մանուկեանը, ինչի համար շատ շնորհակալ է նրան: «Մենք շատ օրինական ենք աշխատում, հետեւում ենք բոլոր օրէնքներին եւ կանոններին, որ կայ Հայաստանում», ասաց Լուսինան: Հետաքրքիր է այն, որ մեր ներկայացրած շոու բիզնեսի աստղերից երկուսը հրապուրուած են «քաղցր կամ շոկոլադային բիզնեսով»:
«Նիուզ Էյ.Էմ.»