Չորրորդ անգամ աշխարհի տարբեր անկիւններից ծնունդով հայ, սակայն ոչ հայերէնով ստեղծագործող գրողները (Հոկտեմբեր 11ին) կը հաւաքուեն միեւնոյն յարկի տակ, կը հանդիպեն ամբողջապէս հայկականով ներշնչուած միջավայրում:
Պատմութիւնը քանիցս է ամենատարբեր փորձութիւնների ենթարկել մեր ժողովրդին եւ, սակայն, յայտնի է, որ հային կարող ես տեղահանել, քամու բերանը գցած աւազի պէս շաղ տալ աշխարհով մէկ, փոխել նրա կենցաղը, բարքերը, անգամ անուն- ազգանունը, բայց անհնար է փոխել նրա արեան բաղադրութիւնը, նրա ոգու եւ գոյութեան գաղտնագիրը: Իզուր չէ ընդունուած կարծել, թէ հայի արիւնը աշխարհի արիւններին նման է միայն գոյնով: Մեր արեան մէջ լուսաւորն աւելի շատ է, որովհետեւ կարմիր գնդիկներն աւելի հոգեւոր են՝ քան նիւթական: Սա ինքնագովութիւն չէ, այլ՝ փաստ, ինչպէս փաստ է նաեւ, որ տասնամեակներով հայ հեղինակների այլալեզու գրականութիւնը մի տեսակ օտարուած է եղել հայրենի գրականութիւնից, որպէս զուգահեռ, ընթացել է մայրենի գրականութեան հետ կողք-կողքի, ոչ մի կէտում նրան չհատուելով ու չմերձենալով:
Նոյնիսկ ամենաբազմամարդ եւ մշակութային հարուստ ժառանգութիւն ունեցող ժողովուրդներն անգամ չէին կարող նման շռայլութիւն թոյլ տալ՝ օտարել թէկուզ այլալեզու, բայց ամբողջովին ազգային ինքնութեամբ յագեցած իրենց մշակութային արժէքները: Նման պարագայում անգնահատելի է Հայաստանի գրողների միութեան նախաձեռնութիւնը՝ մի յարկի տակ հաւաքել աշխարհի օտարագիր հայ գրողներին, անել հնարաւորինը ուշադրութիւնից դուրս մնացած մեր հայրենակիցների մշակոյթը վերաարժեւորելու, հայրենի մշակոյթին ինտեգրելու առումով: Անցած երեք համաժողովները ապացոյցն են նրա, որ Գրողների միութեան այս մտայղացումը իր դրական արդիւնքներն է գրանցել ու գրանցում:
Առաջինը. օտարագիր հայ գրողները ճանաչում են իրար, որը չափազանց կարեւոր է ազգային միասնական մշակութային քաղաքականութիւն ձեւաւորելու համար: Երկրորդը. Հայաստանում են ճանաչում նրանց, առանց որի անհնար է մեզանում ըստ արժանուոյն գնահատել ու տեղայնացնել այդ գրականութիւնը:
Երրորդը. նրանք առաւել մօտիկից ու ամբողջական պատկերացում են կազմում հայրենի գրականութեան նուաճումների մասին, հարստացնելով իրենց հոգեւոր դաշտը ազգային կենսունակ բջիջներով, որպէս աշխարհընկալման ուղղութիւն եւ կենսագոյութեան նշանաբան ընտրելով Արարատի պատկերը: Ու ամենակարեւորը. նրանց օգնութեամբ ու թարգմանութեամբ է հնարաւոր տարբեր երկրներում տարածել հայ գրականութիւնն ու մշակոյթն առանց զգալի կորուստների: Նախորդ համաժողովի մասնակիցները խոստովանում են, որ իւրաքանչիւր համաժողովից յետոյ նոր, կենսական հարուստ լիցքեր են շրջանառւում իրենց երակներում: Դայանա Տէր-Յովհաննէսեանը, ով մասնակցել է նախորդ երեք համաժողովներին, փաստում է. … Դրանք ծառայել են իրենց նպատակին:
Համաժողովից-համաժողով բովանդակային առաջընթաց է նկատւում: Դայանա Տէր Յովհաննէսեանի հետ համակարծիք է Փիթեր Սուրեանը, ով միաժամանակ իր ուրախութիւնն է յայտնում, որ «ՀԳՄն նման նախաձեռնութիւն է ցուցաբերել հետեւողականօրէն շարունակում է իրականացնել այն»: «Արարատ» ամսագրի խմբագիր Արամ Արքունի կարծիքով, «այս համաժողովները նպաստում են ոչ միայն հայկական մշակութային արժէքների ծանօթացմանը օտարերկրացիներին ու անգլիախօս հայերին, այլեւ կապող օղակի դեր են կատարում սփիւռքահայ եւ հայաստանցի տարբեր սերունդների գրողների համար»:
Վստահ ենք, Օտարագիր հայ գրողների 4րդ համաժողովը ոչ միայն նախորդների օրգանական շարունակութիւնը կը լինի, այլեւ բոլոր առումներով կը նպաստի նախորդ համաժողովներում ծնունդ առած ու ձեւաւորուած մշակութային աւանդոյթների հաստատմանն ու հարստացմանը, միաժամանակ ծնունդ տալով նոր աւանդոյթների, ծրագրերի ու մտահղացումների: Մի բան անժխտելի է, չնայած բովանդակային առանձնայատկութիւններին, բոլոր համաժողովներն առաջնոր դուել են նշանաբան ընտրելով գրականութեան վերելքը: Օտարագիր հայ գրողների 4րդ համաժողովի աշխատանքների նշակէտը նոյնպէս գրականութիւնն ու նրա խնդիրներն են լինելու, որոնցից շատերի պատասխանները կը տրուեն հէնց համաժողովի օրերին:
«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ»