ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Մարդկային հասարակութիւնն անդադար զարգանում է, եւ այդ գործընթացն է, որ հետաքրքիր է դարձնում մեր կեանքը: Ամէն սերունդ բողոքում է նոր սերնդից. դարեր առաջ Հին Յունաստանում նոյնիսկ Սոկրատեսն էր դժգոհում, որ երիտասարդները մեծերին չեն հասկանում: Իսկապէս, մարդու անհատականութիւնը ձեւաւորւում է հասարակութեան ազդեցութեան ներքոյ, եւ դժուար է ասել, թէ որքանով է նրան շրջապատող ամէն գործօնը պայմանաւորել նրա այս կամ այն առանձնայատկութիւնը: Սակայն մանրակրկիտ քննելու դէպքում պարզ է դառնում, որ ցանկացած սերունդ որպէս այդպիսին բազմաթիւ ընդհանրութիւններ ունի, այդ իսկ պատճառով մենք տարբեր անուանումներ ունենք հասարակութեան այն խմբերի համար, որոնք այս կամ այն ժամանակաշրջանում են ծնուել:
Այդպիսի հասկացութիւններից է Y Սերունդը (Generation Y): Բազմաթիւ կարծիքներ կան կապուած այն հարցի հետ, թէ որ քաղաքացիներին է վերաբերում այս արտայայտութիւնը: Որպէս նրանց ծննդեան տարեթուերի միջակայք նշւում են 1980ականներից մինչեւ նոյնիսկ 2000ականները: Փաստօրէն ներկայիս երիտասարդները բոլորն էլ այս սերնդի ներկայացուցիչներն են: Առաջին հայեացքից նրանց էլ կարելի է բաժանել աւելի փոքր խմբերի, սակայն մասնագէտները կարողացել են մի շարք գործօններ առանձնացնել, որոնք ընկած են այդ սերնդի ներկայիս խնդիրների հիմքում: Նախ եւ առաջ նրանց ծնողները չափազանց մեծ հոգատարութիւն են ցուցաբերում, ինչի հետեւանքով երիտասարդները երկար տարիներ ֆինանսական կախուածութեան մէջ են գտնւում եւ չեն կարողանում սեփական ուժերով լուծել ծագած խնդիրները: Ամէն ինչ գուցէ այսքան խնդրահարոյց չլինէր, եթէ Y Սերնդի աշխատանքի հետ կապուած սպասելիքները չտարբերուէին նրանց նախորդող սերունդերի վերաբերմունքից: Հարց կարող է ծագել, թէ ինչ կարելի է ակնկալել աշխատանքի վայրում, եթէ ոչ աշխատել, սակայն ամէն ինչ այսքան պարզ չէ:
Այդ սերնդի ներկայացուցիչները այնքան են յարմարուել այն գաղափարին, որ իրենց կեանքը կառավարում են ուրիշներ, եւ չեն կարողանում ինքնուրոյն արդիւնաւէտ որոշումներ կայացնել: Բացի այդ նրանք աւելի մեծ հետաքրքրուածութիւն են ցուցաբերում իրենց աշխատանքի եւ կեանքի հաւասարակշռման հարցում, ինչպէս նաեւ կարեւորում են, որ աշխատանքի վայրում իրենց կարծիքը հաշուի առնուի, իսկ գործատու կազմակերպութիւնն իր գործունէութեամբ կարողանայ փոփոխութիւն մտցնել աշխարհում: Այս ամէնը բազում բարդութիւններ է առաջացնում նոյն իրենց՝ Y Սերնդի ներկայացուցիչների համար: Այստեղ է, որ ակներեւ է դառնում ծնողների գործած սխալը: Երիտասարդներին դաստիարակել են այն համոզմունքով, որ կարող են ստանալ այն ամէնը, ինչ ցանկանան եւ դառնալ, ինչ ցանկանան: Բնական է, որ նման դիրքորոշմամբ անձնաւորութիւնը կը յուսահատուի հէնց առաջին անյաջողութեան դէպքում: Այս բոլոր խնդիրներն աւելի են սրուել վերջին տարիների ընթացքում:
Ոչ ոքի կարիք չկայ յիշեցնել, որ համաշխարհային տնտեսութիւնը լուրջ խնդիրների է դիմակայում, իսկ այս պարագայում բոլորը ձգտում են հնարաւորութեան սահմաններում առաջնահերթ լուծել սեփական հարցերը, եւ յաճախ ժամանակ եւ հնարաւորութիւն չեն ունենում անդրադառնալ գործունէութեան ընդլայնմանը կամ բարեփոխումներին: Այս համատեքստում կրճատւում է երիտասարդների ներգրաւուածութեան աստիճանը աշխատաշուկայում: Վիճակագրական տուեալների համաձայն 2000թ. 16-29 տարեկանների 67.3 տոկոսն էր աշխատում, մինչդեռ 2010թ. այդ ցուցանիշը նուազել է մինչեւ 55.3 տոկոս: Իսկ ամենացաւալին այս հարցում այն է, որ Y Սերնդի ներկայացուցիչներն աւելի լաւ կրթութիւն են ստացել եւ յաճախ աւելի բարձր որակաւորում ունեն: Այնպէս է ստացւում, որ մարդիկ իրենց ֆինանսական միջոցները ներդնում են, որպէսզի յետագայում իրենք կամ իրենց երեխաները աւելի բարձր վարձատրուող աշխատանք ունենան, իսկ այնպէս է ստացւում, որ նրանք նոյնիսկ միջին աշխատավարձով չեն կարողանում իրենց ապահովել: Ներկայացուած տուեալների համաձայն 25 տարեկանից բարձր եւ բակալաւրի կամ մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիներից աւելի քան 13 միլիոնը աշխատանք չունի:
Մեր նախորդ ակնարկներից մէկում մենք արդէն խօսել էինք այն մասին, թէ ինչպիսի բացասական ազդեցութիւն կարող է գործազրկութիւնն ունենալ երիտասարդների շրջանում: Բացի արդէն յիշատակուած «գործազրկութեան կնիքից» մի քանի տարուայ ընթացքում աշխատաշուկայից դուրս գտնուելը թոյլ չի տալիս քաղաքացիներին ձեռք բերել այդքան կարեւոր աշխատանքային փորձը, եւ այդ ընթացքում նրանք նաեւ եկամուտ չեն ստանում: Բնականաբար այդ կորուստը ոչ մի կերպ հնարաւոր չէ լիովին փոխհատուցել: Իսկ աւելի կործանարար կը լինի ցանկացած տնտեսութեան համար, եթէ հիասթափուելով անյաջողութիւններից երիտասարդներից շատերը վերադառնան իրենց ծնողների «թեւի տակ» եւ այդպէս տաքուկ այնտեղ շարունակեն իրենց կեանքը: Դժուար է պատկերացնել, որ այդ ճանապարհով հնարաւոր լինի միջին դասակարգը համալրել: Իսկ ի՞նչ պիտի անեն այդ բոլորը, երբ ծնողները այլեւս չկարողանան ապահովել նրանց. չէ՞ որ մարդիկ յաւէրժ չեն ապրում: Իհարկէ մենք չենք պատրաստւում մեր ընթերցողներին կոչ անել դաժան վարուել սեփական երեխաների հետ՝ նրանց օգնութիւն չառաջարկելով կեանքի դժուարին պահերին: Սակայն մի բան ակնյայտ է. եթէ մարդ համոզուած է, որ իրեն միշտ կը սատարեն, նա կորցնում է զգօնութիւնը: Եթէ ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները ինքնուրոյն լինեն, պէտք է փոքր-ինչ խիստ լինեն, յստակեցնեն իրենց օգնութեան սահմանները եւ դրա տրամադրման ժամկէտները:
Այնուամենայնիւ պէտք չէ կարծել, որ այս իրավիճակից այլ ելք չկայ: Աշխարհում կան նախադէպեր, որոնց շրջանակներում գործատուները արդիւնաւէտ կերպով լուծել են Y Սերնդի մտածելակերպի հետ կապուած խնդիրները: Իսկապէս, յաջողակ ընկերութիւնները ջանք չեն խնայում նախ իրենց նպատակը ձեւակերպել եւ յետոյ այն ներկայացնել իրենց աշխատակիցներին: Այսպիսի քաղաքականութիւնը նաեւ ենթադրում է, որ աշխատակիցները կարող են որոշակի պատկերացում ունենալ այն մասին, թէ ինչպէս են իրենք ներկայանում աշխարհին եւ ինչ կտրուածքով է աշխարհը արտացոլւում իրենց գործունէութեան մէջ: Այսպիսով պարզ է դառնում, որ երիտասարդների համար ծայրայեղ կարեւոր է, որպէսզի իրենց գործատու կազմակերպութիւնը «անդէմ» չլինի (իսկապէս, սա բաւականին հիմնաւորուած եւ տրամաբանական ցանկութիւն է), բացի այդ նրանք ակնկալում են զարգացման եւ վերապատրաստման հնարաւորութիւնների առկայութիւնը, ինչի համար չեմ կարծում, որ պէտք է նրանց քննադատել: Փոքր-ինչ թերահաւատութիւն է ներշնչում այն պահանջը, որ գործատուն անպայմանօրէն պէտք է հաղորդակցուի իր աշխատակիցների հետ, սակայն սա էլ իր բացատրութիւնն ունի: Y Սերունդը ձեւաւորուել է այն ժամանակ, երբ տեխնոլոգիաներն իրենց բուռն զարգացումն էին ապրում: Այս հանգամանքը ցոյց է տալիս, որ նշուած սերնդի ներկայացուցիչների համար շփումը գոյութիւն ունենալու միակ ձեւն է. նրանք լիովին ներգրաւուած են սոցիալական ցանցերում եւ չեն դադարում իրենց մօտ եւ հեռաւոր ծանօթների հետ հաղորդակցուելուց նոյնիսկ գիշերուայ ընթացքում:
Աշխարհում գոյութիւն ունի նաեւ մէկ այլ փորձ, որի համաձայն կազմակերպութիւնները բոլոր ցանկացողների համար մանրամասնօրէն ներկայացնում են իրենց քաղաքականութիւնը եւ այն պատկերը, որով նրանք ներկայանում են աշխարհին: Սա կարող է ունենալ նոյնիսկ աւելի խորացուած տարբերակ, երբ հնարաւոր աշխատակցին երկու շաբաթ փորձնական շրջան է յատկացւում, որի ընթացքում նա մանրամասն տեղեկութիւններ է ձեռք բերում այդ ընկերութեան վերաբերեալ, իսկ այդ ժամկէտի աւարտից յետոյ բոլոր նրանք, ովքեր իրենց որպէս այդ կազմակերպութեան մաս չեն տեսնում, գումար են ստանում տուն վերադառնալու համար:
Այս ամէնով հանդերձ Y Սերնդի խնդիրները կարող են հեշտութեամբ լուծուել, եթէ չփորձենք «հեծանիւ յօրինել», այլ ձգտենք բնականին: Նոր հաստատուող ընկերութիւնները երբեւէ մշակուած քաղաքականութիւն չեն վարում երիտասարդներին գրաւելու համար. այլ դա ստացւում է ինքնաբերաբար: Նրանք ներգրաւում են հաղորդակցման հակուած մարդկանց, նրանցից խմբեր են կազմում, որոնք էլ ամենայն յաջողութեամբ լուծում են առաջադրուած խնդիրները եւ իրենց անձնական շահերը ոչ մի կերպ չեն խոչընդոտում այդ գործընթացին:
Վերադառնալով այն մտքին, որից սկսել էինք, հարկ է նշել, որ սխալ է ակնկալել, թէ բոլոր մարդիկ միանման են: Եթէ դա նոյնիսկ հնարաւոր լինէր, այդ իրավիճակը նոյնիսկ անհետաքրքիր եւ կործանարար կը լինէր: Եթէ ամէն յաջորդը լինէր նախորդի նման, նա աւելի լաւը լինել չէր կարող: Մեր պատկերացմամբ աշխարհը եւ առաջընթացը կանգ կառնէին: Իսկ միթէ՞ սա է մեր նպատակը: