ԶԱՐԻՆԷ ՄԱՅԻԼԵԱՆ
ԼՂՀում ժողովրդագրական իրավիճակի բարելաւման համալիր ծրագրերի կարեւոր բաղադրիչ է համարւում միգրացիոն (ներգաղթի-Խմբ.) քաղաքականութիւնը: Արցախեան պատերազմի տարիներին աւերուել են մեծ թուով բնակավայրեր, իսկ հազարաւոր բնակիչներ բռնել են արտագաղթի ճանապարհը: Նրանցից շատերը վերադարձել են, միւսները՝ հաստատուել տարբեր երկրներում: Առայսօր էլ արտերկրի մեր հայրենակիցներից շատերը ցանկութիւն ունեն վերադառնալ հայրենի բնօրրան, իսկ թէ սոցիալ-կենցաղային ինչ պայմաններ է առաջարկւում այստեղ իրենց, պարզաբանում է ԼՂՀ սոցապնախարարութեան միգրացիոն բաժնի պետ Կարէն Թորոսեանը:
ԶԱՐԻՆԷ ՄԱՅԻԼԵԱՆ.- Բաժնի կողմից ի՞նչ աշխատանքներ են տարւում Արցախ վերադառնալու ցանկութիւն յայտնած ընտանիքներին տեղաւորելու, նրանց սոցիալ–տնտեսական պայմանները բարելաւելու համար:
ԿԱՐԷՆ ԹՈՐՈՍԵԱՆ.- Վերաբնակեցման ծրագիրը մեր հանրապետութեան ռազմավարական խնդիրներից է: Արցախեան պատերազմից տուժած եւ իրենց բնակավայրերից տարհանուած այն ընտանիքները, որոնք ցանկութիւն են յայտնել վերադառնալ հայրենիք, մեր պետութեան կողմից անուշադրութեան չեն մատնւում: Ազատագրուած մեր վաղեմի պապենական հողերը վերաբնակեցնելը Արցախի Հանրապետութեան առջեւ ծառացած կարեւոր հիմնախնդիրներից է: Ուստի ներկայումս ԼՂՀում բուռն թափով իրականացւում են վերաբնակեցման ծրագրեր՝ յատկապէս Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում: Քաշաթաղի շրջանի շուրջ 220 ընտանիքներից 126ին արդէն տրուել է վերաբնակչի կարգավիճակ՝ կառավարութեան համապատասխան որոշմամբ սահմանուած արտօնութիւններով հանդերձ: Վերջին տարիներին գնալով աճում է հայրենադարձների թիւը: Դա յատկապէս արտայայտուեց 2011թ.ին, երբ նախկին ԽՍՀՄի տարբեր երկրներից, ի մասնաւորի Ռուսաստանի Դաշնութեան, Ուկրաինայի, միջինասիական հանրապետութիւններից եւ հիմնականում Արցախեան պատերազմի հետեւանքով իրենց բնակավայրերից տարհանուած ընտանիքներ ցանկութիւն են յայտնել վերադառնալ իրենց հայրենի օջախները: Այդ մարդկանց տրամադրում ենք վերաբնակչի կարգավիճակ՝ առաջնահերթութիւնը տալով երիտասարդ ընտանիքներին: Նրանց տրւում է նաեւ միանուագ օգնութիւն՝ սկզբնական շրջանում բնաւորման գործընթացը կազմակերպելու համար, բացի դրանից՝ գոյքի տեղափոխման եւ ճանապարհածախսի փոխհատուցում: Առանձին դէպքերում եթէ վերաբնակիչը տեղափոխւում է Հայաստանի Հանրապետութիւնից, տրամադրւում է նաեւ աւտոմեքենայ՝ գոյքը տեղափոխելու համար: Այսպէս, եթէ ս.թ. Յուլիս ամսին (2011) վերաբնակչի կարգավիճակ ստանալու համար սոցապնախարարութիւն է մուտքագրուել 16 դիմում – փաստաթուղթ, ապա Օգոստոս ամսին ԼՂՀում մշտական բնակութիւն հաստատելու եւ վերաբնակչի կարգավիճակ ստանալու համար նախարարութիւն են ներկայացուել 25 ընտանիքների դիմում–փաստաթղթեր: Օգոստոսին վերաբնակչի կարգավիճակ է տրուել 25 ընտանիքի 98 անձանց, որոնցից 47ը երեխաներ են:
ԶԱՐԻՆԷ ՄԱՅԻԼԵԱՆ.- Վերաբնակչի կարգավիճակ ստացած մեր հայրենակիցների բնակտարածքի ապահովման, կենսական նշանակութեան կարեւոր եւ այլ խնդիրների լուծման համար ի՞նչ ծրագրեր են նախատեսուած:
ԿԱՐԷՆ ԹՈՐՈՍԵԱՆ.- Բնակարանները հիմնականում յատկացւում են վերաբնակեցուող շրջաններում: 2006թ.ից բնակելի տներ են կառուցուել Քարվաճառի շրջանում, այնուհետեւ՝ Մարտակերտի, Մարտունու, Հադրութի վերաբնակեցուած գիւղերում: Ու քանի որ վերաբնակիչների հիմնական խնդիրը բնակարանայինն է, ապա պետութիւնն էլ կարիք ունի բարերարների աջակցութեանը՝ լուծելու այդ յոյժ կարեւոր հարցը: Այդ խնդիրը պէտք է լուծուի համատեղ ջանքերով: Այսպէս, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի աջակցութեամբ Կիչան եւ Ղազանչի գիւղերի մօտակայքում հիմնադրւում է Նոր Կիլիկիա գիւղը: Արդէն պատրաստ է 10 տուն. ընթացքի մէջ են այս տների ներքին յարդարման աշխատանքները: Ինչպէս նշեցի, տարբեր երկրներից նամակներ են յղւում՝ վերադառնալու, մինչ այդ՝ առաջարկուող պայմաններին ծանօթանալու մտահղացմամբ: Հնարաւորութեան սահմաններում մենք աջակցելու ենք իւրաքանչիւրին: Վերաբնակեցման ծրագրերի շրջանակներում անվճար շինանիւթ է տրամադրւում նաեւ նշուած վայրերում բնակարանների վերանորոգման համար:
Հայրենադարձութիւնը խրախուսելու միջոցառումներից է նաեւ Քաշաթաղի եւ Շահումեանի շրջանների բնակիչներին օգտագործած ելեկտրաէներգիայի կամ վառելափայտի դիմաց տրամադրուող դրամական օգնութիւնը: Բացի դրանից, «Նոր կեանք, նոր յոյս» ծրագրի շրջանակներում ընտանիքում ծնուած 3րդ եւ յաջորդ երեխայի ծննդեան կապակցութեամբ յատկացւում են կովեր: Այս տարի կովեր կը ստանան վերաբնակչի կարգավիճակ ունեցող 101 ընտանիքներ: Ծրագրի նախաձեռնողները լիբանանահայեր են: Այս ծրագիրն իրականացւում է 2007 թուականից: Նախանցած տարիներին կովեր են տրամադրուել 394 վերաբնակեցուած ընտանիքների: Բարերարների աջակցութեամբ իրականացւում են նաեւ ճանապարհաշինութեան, դպրոցաշինութեան, ջրամատակարարման ծրագրեր:
ԶԱՐԻՆԷ ՄԱՅԻԼԵԱՆ.- Օրէնքով սահմանւում են 1988–1992 թթ. Ադրբեջանական Հանրապետութիւնից բռնագաղթուած եւ ԼՂՀ քաղաքացիութիւն ստացած անձանց իրաւական եւ սոցիալ-տնտեսական երաշխիքները: Ի՞նչ ծրագրեր են նախատեսուած զբաղուածութեան եւ ծառացած այլ խնդիրներ լուծելու համար:
ԿԱՐԷՆ ԹՈՐՈՍԵԱՆ.- Ելնելով մեր իրաւունքներից ու պարտականութիւններից, ինչպէս նաեւ պետութեան հնարաւորութիւններից՝ փորձում ենք լուծել ծագած հարցերը, ձգտում նպաստել հայրենադարձների սոցիալ–կենցաղային պայմանների բարելաւմանը:
Քանի որ վերաբնակեցումն իրականացւում է հիմնականում գիւղական շրջաններում, ապա այնտեղ էլ զբաղւում են անասնապահութեամբ եւ հողագործութեամբ: Շրջաններում բացւում են կաթնամթերային, մրգերի, բանջարաբոստանային մշակաբոյսերի մթերման կէտեր, որտեղ էլ ստեղծւում են աշխատատեղեր: Քաշաթաղի շրջանում կառավարութիւնը տրամադրում է նաեւ անասնավարկեր: Բացի այդ, վերաբնակեցուած շրջան ուղեգրուող ուսուցիչներն ու բժիշկները նոյնպէս օգտւում են արտօնութիւններից, ստանում յաւելավճար:
Իւրաքանչիւր վերաբնակիչ համարւում է ԼՂՀ լիիրաւ քաղաքացի եւ օգտւում իր բոլոր իրաւունքներից: Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարբեր քաղաքներից բռնագաղթուած մեր հայրենակիցներին, որոնց ժամանակին տրուել է փախստականի կարգավիճակ, նրանք նոյնպէս ունեն արտօնութիւններ: Նախատեսւում է, որ 2012 թուականին էականօրէն կը բարելաւուեն փախստականների բնակարանային պայմանները: Իսկ բարերարների եւ պետութեան աջակցութիւնը, կարծում եմ, այս կամ այն կերպ կը խթանի հայրենադարձների ու վերաբնակիչների կենսական պայմանների բարելաւումը, վարակիչ կը լինի արտերկրում ապաստանած բոլոր հայրենակիցների համար, ինչն էլ առաւելագոյնս կը նպաստի հայրենադարձութեան յոյժ անհրաժեշտ գործընթացին:
«Ազատ Արցախ»