ՎԱՀՐԱՄ ՀՈՎԵԱՆ
Թուաքանակը եւ աշխարհագրական սփռուածութիւնը.- Բուլղարիայի հայ համայնքը ներառում է ինչպէս աւանդական հայկական սփիւռքի ներկայացուցիչներին՝ Ցեղասպանութիւնից առաջ եւ դրա հետեւանքով Բուլղարիայում հաստատուած հայերին, այնպէս էլ »ժամանակակից« սփիւռքի ներկայացուցիչներին՝ ՀՀից սոցիալ-տնտեսական դժուարութիւնների պատճառով արտագաղթած եւ այստեղ հաստատուած հայերին:
Բուլղարիայի հայութեան թուաքանակի վերաբերեալ տարբեր աղբիւրներ տալիս են տարբեր տուեալներ: Պայմանականօրէն այդ աղբիւրները կարելի է բաժանել երկու մասի՝ պաշտօնական եւ ոչ պաշտօնական:
Պաշտօնական աղբիւրներից ամենահաւաստին Բուլղարիայի Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներն են: Համաձայն այդ տուեալների՝ Բուլղարիայի հայ համայնքի թուաքանակը կազմում է 10.8321:
Ոչ պաշտօնական աղբիւրները, որոնք հիմնականում ունեն հայկական պատկանելութիւն, Բուլղարիայի հայ համայնքին վերագրում են անհամեմատ աւելի մեծ թուաքանակ՝ մօտ 50 հազար:
Պաշտօնական եւ ոչ պաշտօնական աղբիւրների հաղորդած տուեալների այս կտրուկ տարբերութիւնը, ամենայն հաւանականութեամբ, պայմանաւորուած է առաջին հերթին հաշուարկման մեթոդաբանութեամբ: Բանն այն է, որ Բուլղարիայի Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալները վերաբերում են միայն այն բուլղարաբնակ հայերին, որոնք ունեն այդ երկրի քաղաքացիութիւն: Քաղաքացիութիւն չունեցող անձինք տուեալ դէպքում դիտւում են որպէս ժամանակաւոր բնակիչներ կամ հիւրեր: Մինչդեռ ոչ պաշտօնական (հայկական) աղբիւրները հաշւում են նաեւ Բուլղարիայում գտնուող, սակայն այդ երկրի քաղաքացիութիւն չունեցող հայերին, որոնք հիմնականում գաղթի վերոյիշեալ 5րդ ալիքի ներկայացուցիչներն են: Այս տեսակէտի օգտին է խօսում նաեւ այն հանգամանքը, որ, համաձայն հայկական աղբիւրների, հայաստանցի հայերի (1988-2000-ական թթ. արտագաղթած) թիւը Բուլղարիայում կազմում է շուրջ 35 հազար:
Ներկայումս Բուլղարիայի ամենահայահոծ բնակավայրերն են Պլովդիւը, Վառնան, Սոֆիան, Բուրգասը եւ Ռուսէն:
Նորագոյն պատմութեան ընթացքում Բուլղարիայի հայ համայնքի համայնական կեանքը ենթարկուել է այն սոցիալ-քաղաքական փոփոխութիւնների տրամաբանութեանը, որոնք 20րդ դարում տեղի են ունեցել այդ երկրում: Դրանց հիմքում ընկած են երկու կարեւոր իրադարձութիւններ, որոնք համապատասխան պարբերացման են ենթարկում առաջին հերթին Բուլղարիայի պատմութիւնը: Այդ իրադարձութիւններն են.
1944թ. Բուլղարիայում կոմունիստական վարչակարգի հաստատումը:
1989թ. կոմունիստական վարչակարգի անկումը Բուլղարիայում:
Այս երկու նշանակալի իրադարձութիւնները Բուլղարիայի հայ համայնքի կեանքը եւս ենթարկում են ժամանակագրական պարբերացման՝ բաժանելով այն վերելքների (աշխուժութեան) եւ յարաբերական անկման՝ միմեանց յաջորդող ժամանակաշրջանների: Ըստ այդմ՝ Բուլղարիայի հայ համայնքի պատմութիւնը 20րդ դարից սկսած բաժանւում է երեք փուլի.
1. Նախակոմունիստական (մինչեւ 1944թ.)՝ համայնքային կեանքի ակտիւութեան եւ աշխուժութեան փուլ: Ակտիւ գործունէութիւն են ծաւալում ինչպէս հոգեւոր, այնպէս էլ աշխարհիկ կառոյցները: Հայ Առաքելական եկեղեցու հետ միասին համայնական կեանքը կազմակերպում եւ դրան աշխուժութիւն էին հաղորդում նաեւ հայկական աւանդական կուսակցութիւնները՝ ՀՅԴն (Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն), ՍԴՀԿն (Սոցիալ-Դեմոկրատական Հնչակեան կուսակցութիւն), ՌԱԿը (Ռամկավար-Ազատական կուսակցութիւն), որոնք ունէին իրենց օրգան թերթերը: Հասարակական ակտիւ գործունէութիւն է ծաւալել նաեւ Բուլղարիայի կոմկուսի հայ անդամների խումբը: Կուսակցական մամուլի կողքին համայնքում մեծ դեր էին խաղում նաեւ ոչ կուսակցական տեղեկատուական ռեսուրսները (միջոցները-Խմբ.): Համայնքային կեանքին աշխուժութիւն էր հաղորդում նաեւ բազմաթիւ մշակութային եւ կրթական հաստատութիւնների գործունէութիւնը:
2. Կոմունիստական (1944-1989թթ.)՝ համայնքային կեանքի յարաբերական անկման փուլ: Բուլղարիայում կոմունիստական վարչակարգի հաստատումից (1944թ.) մինչեւ դրա անկումը (1989թ.) երկրի իշխանութիւնները հալածանքի քաղաքականութիւն են վարել հայկական համայնքային կառոյցների նկատմամբ: Փակուել են հայկական աւանդական կուսակցութիւնները եւ նրանց օրգան լրատուամիջոցները: Այս ժամանակահատուածում Բուլղարիայում գործող միակ գրանցուած հայկական կառոյցը 1944թ. հիմնուած Հայկական կրթամշակութային կազմակերպութիւնների »Երեւան« միութիւնն էր, որին անդամագրուեցին նախկինում գործող հայկական կառոյցների, այդ թւում նաեւ՝ աւանդական կուսակցութիւնների շատ ներկայացուցիչներ: Միութիւնը հրատարակում էր համանուն՝ »Երեւան« շաբաթաթերթը:
Տիրող աթէիստական մթնոլորտի պայմաններում հալածանքների ենթարկուեցին նաեւ հայկական հոգեւոր-եկեղեցական կառոյցները:
Չնայած հասարակական եւ կրօնական ոլորտներում վարչակարգի կողմից պարտադրուած սահմանափակումներին, հայ համայնքն այս փուլում, այնուամենայնիւ, ապրում էր ակտիւ մշակութային կեանքով, որն ապահովում էին »Երեւան« միութեան խմբերը:
3. Արդի (1989-ից սկսած)՝ համայնական կեանքի վերազարթօնքի փուլ: Արդի փուլում Բուլղարիայի հայ համայնքի համայնքային կեանքի վերազարթօնքին եւ վերաշխուժացմանը նպաստեցին հետեւեալ գործօնները.
Կոմունիստական վարչակարգի անկումը: 1989թ. կոմունիստական վարչակարգի անկմամբ պայմանաւորուած հասարակական-քաղաքական մթնոլորտի ազատականացումը, ինչպէս նաեւ աթէիստական մթնոլորտի յաղթահարումը Բուլղարիայում նպաստաւոր պայմաններ ստեղծեցին համայնական կեանքի վերազարթօնքի համար: »Երեւան« միութեան կողքին ստեղծուեցին նոր հասարակական, մշակութային եւ այլ կառոյցներ: Բուլղարիայում իրենց գործունէութիւնը վերսկսեցին նաեւ համազգային կառոյցները՝ ՀԲԸՄն (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն), ՀՄԸՄն (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն), ՀՕՄը (Հայ Օգնութեան Միութիւն) եւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը: Վերազարթօնք ապրեց նաեւ Հայ Առաքելական եկեղեցու, ինչպէս նաեւ Հայ Աւետարանական եկեղեցու գործունէութիւնը:
Հայերի նոր գաղթը Բուլղարիա: Յետխորհրդային շրջանում ՀՀից որոշակի քանակութեամբ հայերի (մօտ 35 հազար) գաղթը Բուլղարիա որոշակի լիցք հաղորդեց համայնքային կեանքի վերազարթօնքին եւ վերաշխուժացմանը՝ ստուարացնելով հայ համայնքն այդ երկրում:
Հայաստանի անկախացումը եւ հայ-բուլղարական դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը: 1991թ. Հայաստանի անկախացումը եւ Հայաստանի ու Բուլղարիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը (1992թ.) ոչ միայն տնտեսութեան, մշակոյթի եւ այլ բնագաւառներում հայ-բուլղարական միջպետական յարաբերութիւնների խորացման հիմք հանդիսացան, այլեւ դրանով իսկ նպաստեցին Բուլղարիայի հայ համայնքում համայնքային կեանքի վերելքին: Այս առնչութեամբ գնահատելի գործունէութիւն է ծաւալում Բուլղարիայում ՀՀ դեսպանութիւնը, որի կազմակերպած մշակութային միջոցառումները ոչ միայն նպաստում են հայ-բուլղարական մշակութային յարաբերութիւնների ամրապնդմանը, այլեւ զգալի լիցք են հաղորդում բուլղարահայերի համայնքային կեանքի աշխուժացմանը:
Կազմակերպչական կառոյցները.- Ներկայումս Բուլղարիայի հայ համայնքի կազմակերպչական կառոյցները ծագումնաբանական հիմքով կարելի է բաժանել երկու խմբի՝ համազգային կառոյցների բուլղարական մասնաճիւղեր եւ բուն բուլղարական համայնքի կողմից ստեղծուած եւ գործող կառոյցներ:
Համազգային կազմակերպութիւնների մասնաճիւղեր: Բուլղարահայ համայնքում իրենց մասնաճիւղերն ունեն եւ հասարակական, մշակութային ու այլ բնագաւառներում ակտիւ գործունէութիւն են ծաւալում համազգային կառոյցներից չորսը.
1. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ)՝ Սոֆիայում, Վառնայում, Պլովդիւում եւ Բուրգասում: Պլովդիւի մասնաճիւղը ենթամասնաճիւղեր ունի Դոբրիչում, Ռուսէում, Սիլիստրայում, Սլիւենում եւ Եամբոլում:
2. Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը (ՀՄԸՄ)՝ Սոֆիայում, Վառնայում, Դոբրիչում, Պլովդիւում, Ռուսէում, Շումենում:
3. Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ)՝ Սոֆիայում, Վառնայում եւ Պլովդիւում:
4. Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը՝ Պլովդիւում:
Բուլղարահայ համայնքի կողմից ստեղծուած կառոյցներ: Բացի համազգային կառոյցների մասնաճիւղերից, բուլղարահայ համայնքում գործում են նաեւ բազմաթիւ տեղական համայնքային կառոյցներ, որոնք ակտիւ գործունէութիւն են ծաւալում տարբեր բնագաւառներում՝ հասարակական, հոգեւոր-եկեղեցական, կրթամշակութային, տեղեկատուական:
1. Հասարակական ոլորտում գործունէութիւն է ծաւալում »Բուլղարիայի հայ համայնք« կազմակերպութիւնը: Վերջինի գրասենեակը գտնւում է Սոֆիայում: Հասարակական ոլորտում գործում են նաեւ Սոֆիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհուրդը եւ Վառնայի հայերի միութիւնը:
2. Հոգեւոր-եկեղեցական: Բուլղարահայ համայնքի հոգեւոր-եկեղեցական կառոյցը Սոֆիայում գտնուող Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհուրդն է, որն ընդգրկում է Բուլղարիայի հայկական 10 եկեղեցիների եւ 2 մատուռների առաջնորդներին:
Բուլղարիայում գերակշիռ մեծամասնութիւն կազմող հայ առաքելականների կողքին կան նաեւ փոքրաթիւ հայ աւետարանականներ: Նրանք նոյնպէս սփռուած են Բուլղարիայի հայաշատ կենտրոններում եւ ունեն իրենց հոգեւոր-եկեղեցական կառոյցները:
3. Կրթամշակութային ոլորտում ներկայումս էլ ակտիւ է դեռեւս 1944թ. ստեղծուած եւ կոմունիստական վարչակարգի ողջ ընթացքում (1944-1989թթ.) հայկական միակ գրանցուած կազմակերպութիւնը հանդիսացող Հայկական կրթամշակութային կազմակերպութիւնների »Երեւան« միութեան գործունէութիւնը: Միութիւնը, որի կենտրոնական վարչութիւնը գտնւում է Սոֆիայում, մասնաճիւղեր ունի Բլագոեւգրադում, Վառնայում, Դոբրիչում, Պազարջիկում, Պլովդիւում, Ռուսէում, Սիլիստրայում, Ստարա Զագորայում, Խասկովոյում, Շումենում, Եամբոլում:
Բացի »Երեւան« միութիւնից, կրթամշակութային ոլորտում նշանաւոր դեր ունեն նաեւ »Սուրբ Յովակիմեան« հայկական դպրոցական միութիւնը (Սոֆիա), Հայոց նորագոյն պատմութեան »Հայ Դատ« ակումբը (Սոֆիա), Հայկական մշակոյթի եւ արուեստի միութիւնը (Պլովդիւ) եւ Մեսրոպ Մաշտոց միութիւնը (Պլովդիւ):
4. Տեղեկատուական: Ներկայումս Բուլղարիայի հայ համայնքի տեղեկատուական ռեսուրսները կազմում են չորս տպագիր եւ մէկ էլեկտրոնային լրատուամիջոցները: Տպագիր լրատուամիջոցներն են Հայկական կրթամշակութային կազմակերպութիւնների »Երեւան« միութեան համանուն՝ »Երեւան« շաբաթաթերթը (Սոֆիա, 1944ից), Համազգայինի »Վահան« շաբաթաթերթը (Պլովդիւ, 1991ից), »Հայեր« երկշաբաթաթերթը (Բուրգաս, 1993ից) եւ »Բարեգործականի ձայն« ամսաթերթը: Իսկ որպէս էլեկտրոնային ռեսուրս հանդէս է գալիս »Բուլղարիայի հայ համայնք«ի (Սոֆիա) պաշտօնական վեբկայքը (http://armenians.orionbg.net):
Արդի համայնքային կեանքը.- Համայնքային կեանքի ակտիւութիւնը դրսեւորւում է հիմնականում երկու ոլորտներում՝ մշակութային եւ հասարակական-քաղաքական:
Մշակութային ոլորտում բուլղարահայ մշակութային կառոյցների եւ ՀՀ դեսպանատան կազմակերպած եւ իրականացրած միջոցառումներն ընդհանուր առմամբ նպատակաուղղուած են բուլղարահայերի մշակութային պահանջմունքները բաւարարելու միջոցով համայնքում ազգային ինքնագիտակցութեան մակարդակի բարձրացմանը եւ դրանով իսկ հայապահպանութեան խնդրի լուծմանը: Այս առումով նշանակալի են 2010թ. Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարուայ շրջանակներում ՀՀ դեսպանատան, Բուլղարիայի մշակոյթի նախարարութեան եւ բուլղարահայ համայնքի ջանքերով կազմակերպուած եւ իրականացուած »Հայերի առօրեան եւ տօները« ցուցահանդէսը եւ հայկական ու բուլղարական գրական ստեղծագործութիւնների (Վահագն Կրբեկեանի »Հայերի մասնակցութիւնը ռուս-թուրքական պատերազմին«, Հրանտ Մաթեւոսեանի »Աստուած, էս ինչ սիրուն աշխարհ է«, Վանեայ Պետկովայի »Հայկական երգեր«, »Սասունցի Դաւիթ«ը եւ »Կրալի Մարկօ« բուլղարական էպոսը) բուլղարերէն եւ հայերէն թարգմանութիւնների շնորհանդէսը (դեկտեմբեր): Նմանատիպ միջոցառումները մի կողմից ակտիւացնում են հայ համայնքի համայնական կեանքը Բուլղարիայում, նպաստում ազգային ինքնագիտակցութեան վերելքին ու հայապահպանութեանը, միւս կողմից՝ դառնում արտերկրում հայաճանաչութեան կարեւոր գործիքներ՝ նպաստելով տուեալ դէպքում հայ-բուլղարական յարաբերութիւնների խորացմանը:
Հասարակական-քաղաքական ոլորտում հայ համայնքի ակտիւութիւնը հիմնականում նպատակաուղղուած է համազգային խնդիրների (Հայոց Ցեղասպանութեան ճանաչում, Արցախեան հիմնահարց եւ այլն) լուծմանը նպաստելուն: Այս ոլորտում հայ համայնքը որոշակի յաջողութիւնների է հասել մասնաւորապէս Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման հարցում: Թէեւ Բուլղարիայի խորհրդարանը դեռեւս չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, սակայն դա արդէն արել են մի շարք քաղաքների (Սոֆիա, Վառնա, Բուրգաս եւ այլն) քաղաքային խորհուրդներն ու Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու Սինոդը (2007թ.)13:
Ինտեգրումը (համարկումը-Խմբ.) բուլղարական հասարակութեանը.- Բուլղարական հասարակութեան մէջ հայ համայնքի ինտեգրման լաւագոյն ապացոյց են պատմութեան ընթացքում Բուլղարիայում բարձր հասարակական դիրքի հասած հայ նշանաւոր գործիչները (մշակոյթի, տնտեսութեան, քաղաքականութեան եւ այլ ասպարէզներում): Եթէ այլ ապացոյց չլինէր, միայն հայկական վաշտի մասնակցութիւնը բուլղարական բանակի կազմում Բալկանեան պատերազմին 1912-13թթ.՝ Անդրանիկի եւ Գ. Նժդեհի հրամանատարութեամբ, բաւարար է պնդելու պատմութեան ընթացքում Բուլղարիայի հայ համայնքի՝ բուլղար հասարակութեանը սերտ ինտեգրման մասին: Բուլղար հասարակութիւնն էլ իր հերթին է արժանիօրէն գնահատել հայ ժողովրդի զաւակների ներդրումը Բուլղարիայի կայացման եւ զարգացման գործում՝ արժանացնելով նրանց մեծ պարգեւների ու գնահատականների: Մասնաւորապէս, բալկանեան պատերազմին մասնակցած հայկական վաշտի հրամանատարներ Անդրանիկն ու Նժդեհը բուլղարական պետութեան կողմից արժանացել են զինուորական կոչումների, պարգեւների եւ այլ պատիւների:
Արդի փուլում նոյնպէս հայ համայնքը բնութագրւում է սերտ ինտեգրմամբ բուլղարական հասարակութեանը, որի ցուցիչն են.
Հայ համայնքի յաջողութիւնները Բուլղարիայում տարբեր բնագաւառներում,
Բուլղարական իշխանութիւնների եւ հասարակութեան հոգատար վերաբերմունքը հայ համայնքի ունեցուածքի եւ պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ,
Բուլղարական իշխանութիւնների եւ հասարակութեան աջակցութիւնն ու մասնակցութիւնը հայ համայնքի կողմից կազմակերպուող միջոցառումներին:
1. Հայ համայնքի յաջողութիւնները: Բուլղարիայում հասարակական կեանքի տարբեր բնագաւառներում հայ համայնքի ձեռք բերած յաջողութիւնները տեղի են ունեցել ինչպէս անհատական, այնպէս էլ կոլեկտիւ մակարդակներով:
Անհատական մակարդակով հայ համայնքի յաջողութիւնները երեւում են բուլղարաբնակ հայերի անձնական ձեռքբերումներով, ինչը հիմնականում արտայայտւում է նրանց կողմից տարբեր բնագաւառներում (քաղաքականութիւն, տնտեսութիւն, մշակոյթ, դատական համակարգ եւ այլն) հասարակական բարձր դիրքերի հասնելու մէջ: Բուլղարիայում հասարակական բարձր դիրքի հասած հայերից կարելի է առանձնացնել երկրի բարձրագոյն դատարանի փոխնախագահ Մելքոն Մելքոնեանին, վաստակաւոր բժիշկ Յակոբ Չաքըրովին, գրողներ Սեւդա Սեւանին, Յակոբ Մելքոնեանին, ճարտարապետ Լեւոն Ֆիլիպովին, օպերային ռեժիսոր Պօղոս Աֆեյեանին, թատերական ռեժիսոր Գրիգոր Ազարեանին, երգահան Հայկաշոտ Աղասեանին, 1993ին Բուլղարիայի ազգային հեռուստատեսութեան գլխաւոր տնօրէն նշանակուած Խաչօ Բոյաջիեւին, դաշնակահարուհի æուլիա Գանեւային, օպերային երգչուհի Մարի Գրիգորեանին, օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Նորայր Նուրիկեանին եւ այլոց:
ՎԱՀՐԱՄ ՀՈՎԵԱՆ »Նորավանք« ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագէտ է:
Hargeli Ynkerner! Mteq ays linkov like areq, ev karevory vorqan hnaravor e SHARE areq dzer ynkernerin.
Ays business projecty nominacvac e Evropayum vorpes “Lavaguyn internet Start –up”! Projecti himnadiry HAY tgha e. Menq arden 3-rd teghum enk 620-ic ! Dzer ajakcutyamb piti linenq 1-ny !!!
HAY businessy gravum e Evropan – QO dzayny karogh e voroshich linel !!!
http://www.theeuropas.com/p/peoples-choice/580