«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

Անցած շաբաթուայ վերջը նշանաւորուեց նրանով, որ համալրուեց ԼՂՀ պաշտպանութեան բանակի այն զինծառայողների ողբերգական ցուցակը, որոնք ադրբեջանական դիպուկահարների զոհ են դարձել. Նոյեմբերի 19ին եւ 20ին առաջաւոր գծում զոհուել է ժամկէտային ծառայութեան երկու զինուոր: Եւ ամբողջութեամբ վերցրած էլ այդ շաբթում ադրբեջանական ստորաբաժանումները 150 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը՝ աւելի քան 1000 անգամ գնդակոծութեան ենթարկելով ղարաբաղեան դիրքերը:
Ստիպուած ենք ափսոսանքով արձանագրել, որ հրադադարի կոպիտ խախտումները Ադրբեջանի կողմից վաղուց արդէն սիստեմատիկ (համակարգուած-Խմբ.) բնոյթ են ստացել: Մամուլում երբեմն հաղորդագրութիւններ են երեւում այն մասին, թէ ադրբեջանական իշխանութիւններն իբր չեն վերահսկում իրենց զինուած ուժերը: Թոյլ տուէք նման կարծիքի հետ չհամաձայնել: Աւելին, մենք աւելի քան համոզուած ենք, որ շփման գծում ադրբեջանական ստորաբաժանումների սադրիչ գործողութիւնները հէնց Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան կողմից են յորդորւում: Մեր կարծիքով, պատճառներն այստեղ մի քանիսն են: Հնարաւոր է՝ դրանում կարելի է տեսնել ինչպէս ռեւանշի (վրէժխնդրութեան-Խմբ.) ծարաւը, այնպէս էլ հակահայկական նպատակաուղղուած քաղաքականութեան արդիւնքը, մի քաղաքականութիւն, որի «շնորհիւ» Ադրբեջանի հասարակութիւնը հայատեացութեան թոյնով է ներծծուած: Եւ այնուամենայնիւ կարծում ենք՝ չարիքի արմատը տուեալ դէպքում հարկ է արտաքին քաղաքական հարթութեան մէջ որոնել:
Պաշտօնական Բաքուի բազմամեայ ջանքերը՝ հասնել ղարաբաղեան հիմնախնդրի սեփական բեմագրով լուծման, ցանկալի արդիւնքներ չեն բերում, այդ պատճառով նա ինչպէս հակամարտութեան երկու հայկական կողմերի, այնպէս էլ միջազգային հանրակցութեան վրայ որպէս ռազմական ճնշման ու շանտաժի միջոց է օգտագործում լարուածութեան ահագնացումը առաջաւոր գծում եւ ամբողջ տարածաշրջանում: Հաշուարկը պարզ ու հասարակ է. նախ, միջնորդներին ցոյց տալ, որ հակամարտութիւնն ամենեւին չի սառեցուած եւ կարող է վերստին բռնկել, բայց, հաշուի առնելով կողմերի մեծացած ռազմական ներուժը՝ արդէն շատ աւելի լուրջ հետեւանքներով: Երկրորդ, ոչ բարենպաստ լոյսի տակ ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ նրան «բռնել» հակամարտութիւնը լուծելու անընդունակութեան մէջ, ինչն արդէն ներգծւում է ղարաբաղեան հիմնախնդրի քննարկումը մէկ այլ միջազգային ատեան տեղափոխելու՝ ադրբեջանական բեմագրի մէջ:
Լիովին բնական ու տրամաբանական է, որ այն իրադրութիւնում, երբ Ադրբեջանն, ի խախտումն ուժի չկիրառման սկզբունքի, ցինիկաբար քամահրում է տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապահովման եւ փոխադարձաբար ընդունելի հանգուցալուծումների որոնման ուղղութեամբ միջազգային միջնորդների գործադրած ջանքերը, իրենց ծանրակշիռ խօսքը պէտք է ասեն հէնց միջազգային միջնորդները, եւ ամէնից առաջ՝ Մինսկի խմբի համանախագահներն իրենք: Չէ՞ որ խօսքը սահմանի երկու կողմերում կործանուող մարդկային կեանքերի մասին է, այն էլ՝ Ադրբեջանի իշխանութիւնների աւանտիւրային (արկածախնդրական-Խմբ.) եւ անհեռանկար քաղաքականութեանը զոհ դարձող երիտասարդների կեանքի:
Մինսկի խմբի համանախագահութիւնից կոշտ գործողութիւններ են պահանջւում ադրբեջանական կողմի՝ որպէս հրադադարի ռեժիմի մշտական խախտողի հանդէպ, որը «կայունօրէն» ապակայունացնում է իրադրութիւնը տարածաշրջանում: Աւաղ, միջնորդների համարժէք քայլերն այդպէս էլ չենք տեսնում, նրանցից ոչ մէկը չի փորձում Բաքուին պատասխանատուութեան կանչել, ինչը նրան նոր սադրիչ եւ չափազանց վտանգաւոր գործողութիւնների է խրախուսում, որոնք ընդունակ են պայթեցնել փխրուն խաղաղութիւնը: Առայժմ մենք սոսկ «բանակցութիւնների մթնոլորտի բարելաւման եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման» կոչեր ենք լսում: Հրադադարի գծի երկայնքով տեղի ունեցած միջադէպերը կողմերի մասնակցութեամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ հետաքննելու մեր սպասումները նոյնպէս չարդարացան, ինչպէս որ կարգագրուած էր Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ ընթացիկ տարուայ Մարտի 5ին Սոչիում ընդունած դիմումի մէջ:
Միջազգային կառոյցների պասսիւութեան (կրաւորականութեան-Խմբ.), մասնաւորապէս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անվճռականութեան պայմաններում նոյնչափ էլ բնական ու տրամաբանական է դառնում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կոշտ դիրքորոշումը, որոնք իրենց զինծառայողներին պաշտպանելու նպատակով հարկադրուած են դիմել պատասխան միջոցների: Պատերազմում՝ ինչպէս պատերազմում: Գումարած, որ խաղի նման կանոններն ադրբեջանական կողմն է պարտադրել մեզ, որը ոչ մի կերպ չի կամենում դադարեցնել դիպուկահարների պատերազմը: Վերը յիշատակուած ողբերգական միջադէպերի առնչութեամբ Հայաստանի եւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչութիւնների ներկայացուցիչներն արդէն յայտարարել են, որ, ինչպէս եւ առաջներում, իւրաքանչիւր հայ զինծառայողի կորստի համար պատասխան է տրուելու, ըստ որում՝ անհամամասնական պատասխան: Թէ դա ինչ է նշանակում՝ հասկանալի է, կարծում ենք, ոչ միայն զինուորական մարդկանց համար: Այլ խօսքով՝ չարիքը պէտք է պատժուի:
Եթէ դիմենք Ադրբեջանի զինուած ուժերի ոչ մարտական կորուստների վիճակագրութեանը, ապա կարելի է նկատել, որ հէնց միայն 2011 թուականին զոհուած զինծառայողների թիւն այստեղ անցել է հարիւրից: Իշխանութիւնները դա ներկայացնում են որպէս բանակում ոչ կանոնադրական յարաբերութիւնների արդիւնք, սակայն յատկանշական է, որ հէնց Ադրբեջանում անգամ որոշ քաղաքագէտներ կասկածի տակ են դնում պաշտօնական վարկածը եւ ենթադրում են, որ իրենց զինուորները հէնց առաջաւոր գծում հայկական գնդակից են զոհուել: Ինչպէս էլ լինի, լիիրաւ կերպով նրանց բոլորին կարելի է համարել իրենց սեփական իշխանութիւնների քաղաքականութեան զոհեր: Ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին քաղաքականութեան: Դրանում դրսեւորւում է Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան յանցաւոր էութիւնը, որը թանկ չի գնահատում իրենց պատանիների կեանքը: Ու մինչեւ որ ադրբեջանական հասարակութիւնն ինքը չբարձրացնի պաշտօնական Բաքուի պատասխանատուութեան հարցը ղարաբաղեան հակամարտութեան տարածաշրջանում պայթիւնավտանգ իրադրութեան համար, ողբերգական վիճակագրութիւնն աճելու է: