ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Այսօր այնքան ենք տարուած տնտեսական աղէտներով որ շատերս պարզապէս հրաժարւում ենք նկատել, թէ բնական աղէտների արդիւնքում գրանցուած տնտեսական կորուստները տարէցտարի ինչպիսի թափով են աւելանում, վնասելով մեր կենսամակարդակի բարելաւման աճի հնարաւորութեանը: 2011ը վերջին մի քանի տասնամեակների պատմութեան ժամանակահատուածում մրցանիշային արդիւնքով անցաւ պատմութեան մէջ. Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի երկրաշարժերը, Թայլանդի եւ Աւստրալիայի ջրհեղեղները, Հիւսիսամերիկեան պտուտակահողմերը, կարելի է ասել, աշխարհի դրամապանակը չորացրին:
Շատերի կարծիքով այս ամէնը պայմանաւորուած չեն եղանակի կա՛մ օդի ջերմաստիճանի հետ կապուած փոփոխութիւններով: Փաստացի տուեալները բացակայում են, թէ պտուտակահողմերը մէկ դար առաջ աւելի քիչ են եղել, քան այսօր: Բայց մեր օրերին բնական աղէտների հետեւանքների հետ հաշուի նստելը շատ աւելի թանկ է, քան դարեր առաջ, եւ ահա թէ ինչու. Այսօր մարդկանց մեծամասնութիւնը հիմնականում բնակւում են խոշոր, խիտ բնակեցուած քաղաքներում, կա՛մ այսպէս կոչուած գետերի դելտաների հատուածում, կա՛մ էլ արեւադարձային ափերի մօտ: Կարելի է միանշանակ յայտարարել, թէ զարգացած երկրներում աղէտների հետեւանքների դէմ պայքարը շատ աւելի լաւ է կազմակերպուած, քան զարգացող եւ յետամնաց երկրներում: Որոշ հաշուարկների համաձայն, հարաւ արեւելեան Ասիայի զարգացման արդիւնքում այս շրջանում ապագայ աղէտների արդիւնքում առաջացած տնտեսական հետեւանքները կարող են է՛լ աւելի թանկ նստել համայն մարդկութեան վրայ, քանի որ տասնամեակներ կը պահանջուի այս շրջանում համապատասխան նախապատրաստուածութեան հասնել նշուածի առումով:
Աշխարհի տնտեսութիւնն այսօր աւելի քան երբեւէ փոխկապակցուած է, եւ պաշարների թէկուզ եւ ժամանակաւոր խափանումը անկասկած պիտի ազդի համաշխարհային տնտեսութեան վերականգնման առումով: Այստեղ նշում են մի յուսադրող տուեալ: Չնայած աղէտների յաճախակիութեանը, զոհերի թիւը նուազել է, քանի որ խոշոր բնակավայրերում աղէտների հետ հաշուի են նստում շատ աւելի արդիւնաւէտ ձեւով, քան գիւղական կա՛մ արուարձանային վայրերում, իսկ մարդկութիւնը միտում ունի կենտրոնանալ խոշոր բնակավայրերում, քանի որ այստեղ կենսամակարդակն աւելի բարձր է, եւ աշխատանք գտնելու հնարաւորութիւնը՝ մեծ:
Կառավարութիւններն այս օրերին աստղաբաշխական գումարներ են ծախսում աղէտների հետեւանքները վերացնելու վրայ, եւ ոչ բաւարար ուշադրութեան են արժանանում նախապատրաստական աշխատանքները: Մեծ է նաեւ բնապահպանութեան դերը: Տնտեսութեան զարգացման հետ զուգընթաց, աւելի յաճախակի են դարձել դէպքերը, երբ անհատ ձեռներէցները վերացնում են ճահիճներն ու աւազահանքերը, չորացնում են ափամերձ տարածքները՝ շինութիւններ ու գործարաններ կառուցելու համար, եւ քչերն են մտածում, թէ նմանօրինակ վարքագիծը խաթարում է բնութեան կողմից կերտուած բազմաթիւ պատնէշներ, արդիւնքում՝ բազմապատկելով վտանգն ու զոհերի հաւանականութիւնը:
Որոշ գիտնականներ վկայում են, թէ բնական աղէտների արդիւնքում առաջացած փոխադրամիջոցների թէկուզեւ ժամանակաւոր խաթարումը կարող է մեծ իրարանցում եւ շփոթ ստեղծել: Օրինակ, վերջերս մասնակցեցի մի միջոցառման, որտեղ խօսում էին հնարաւոր երկրաշարժի հետեւանքների հետ հաշուի նստելու կարեւորութեան մասին: Պարզւում է, թէ ուտելիքի եւ ջրի ոչ թէ 3 օրուայ, այլ 3 շաբաթուայ պաշար պէտք է ունենալ, քանի որ խոշոր աղէտի հետեւանքով Լոս Անջելըսի հիմնական ճանապարհները վերանորոգելու համար հէնց այդքան ժամանակ կը պահանջուի, իսկ այդ ընթացքում մարդիկ ստիպուած պիտի լինեն «եօլա գնալ» իրենց ունեցած պաշարների հաշուին: Աւելի հեռու գնացող կարծիքներ էլ հնչեցին, պնդելով, թէ ուտելիքի ու ջրի պաշար չունեցողներից ոմանք կարող է ոտնձգութիւն կատարեն իրենց հարեւանների ունեցուածքի եւ անձի նկատմամբ, այդ իսկ պատճառով խորհուրդ էր տրւում օրինական զէնք պահել տանը, եթէ յանկարծ մէկի մտքով անցնի ուժի միջոցով խլել հարեւանի «հացն ու ջուրը»:
Մի քանի վիճակագրական տուեալներ, կարծում եմ, կը հետաքրքրեն ընթերցողին: 1950 թուականին Ֆլորիդայի ափամերձ շրջանում բնակւում էր մօտ 3 միլիոն մարդ, այսօր՝ աւելի քան 19 միլիոն: 1926 թուականին գրանցուած Մայամիի Մեծ Փոթորիկի հետեւանքները վերացնելու համար, այսօրուան դրամով 1 միլիարդ դոլար կը պահանջուէր պետութեան գանձարանից, իսկ ներկայ շինութիւններն ու գործատեղիները վերականգնելու համար կը պահանջուի 188 միլիարդ դոլար:
Եւս մի հետաքրքրական տուեալ. Մինչեւ 2050 թուականն ընկած ժամանակաշրջանը երկրաշարժերի, արեւադարձային ցիկլոնների, եւ ջրհեղեղների շրջանում ապրող մարդկանց թիւը կը կրկնապատկուի, կազմելով երկրագնդի բնակչութեան աւելի քան 16 տոկոսը: Սա մէկ անգամ եւս գալիս է ապացուցելու, թէ կանխարգելման եւ նախապատրաստական աշխատանքների վրայ պէտք է շատ աւելի մեծ ուշադրութիւն դարձնել:
Եւս մի տուեալ, որն առաջին հայեացքից կարող է ուշադրութիւնից դուրս մնացած լինի: Գիտնականներն ահազանգում են, թէ Հիւսիսային Ամերիկայում աննախադէպ չափով ոչնչանում են չղջիկները, ինչ որ սնկային հիւանդութեան պատճառով: Այս արդիւնքում 2006 թուականից յետոյ միլիոնաւոր չղջիկներ են սատկել: Էգ չղջիկը վերարտադրման հատուածում օրական իր քաշի չափով միջատ է ուտում, պատկերացնո՞ւմ էք, թէ տարեկան քանի միլիարդ միջատներ կարող են «շարունակել» իրենց գոյութիւնը, յարձակուելով ցորենի, գարու, եւ գիւղատնտեսական այլ կուլտուրաների արտերի վրայ, ահագին ճնշում դնելով մարդկային ուտելիքի պաշարների վրայ: Այսպէս կոչուած «սպիտակ քթի սինդրոմը» դեռեւս անբուժելի է համարւում, եւ նմանօրինակ զարգացման արդիւնքում աւելի մեծ աղէտ է խոստանում, քան միջին կա՛մ խոշոր չափի փոթորիկը:
Պարզապէս ապշել կարելի է, թէ որքան փոխկապակցուած է կեանքում ամէն ինչ: Եւ երբեւէ պէտք չէ այս մասին մոռանալ, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ մարդկային առումով: Կարմիր լոյսի տակ երկար կանգնած ինքնաշարժի վարորդին միջնամատ մի՛ ցոյց տուէք, քանի որ նա կարող է ձեր ծնողի վիրաբոյժ բժիշկը լինել, ով ուշ հերթափոխից տուն է վերադառնում: Սխալմամբ ուտելիքի մէջ մի փոքր աւելի աղ լցրած խոհարարին մի հայհոյէք, քանի որ նա ձեզ պէս հարիւրաւոր մարդկանց պիտի կերակրի օրուայ ընթացքում, եւ նրա տրամադրութիւնից շատերի օրն է պայմանաւորուած. ի՞նչ գիտէք, թէ նախորդ գիշերը իր հիւանդ թոռնիկի կողքին չի անցկացրել: Երեխայի անփորձ ուսուցչի նկատմամբ ներողամիտ եղէք, քանի որ աւելի մեծ արդիւնքի կը հասնէք, եթէ նա ցաւով ու ընկճուած չհեռանայ դպրոցից. Հնարաւոր է, նրան տանը սպասում է իր ոստիկան ամուսինը, եւ կնոջ դժգոհութիւնը տեսնելով անպայման կը հարցնի, թէ ի՞նչ է պատահել, իսկ կինն էլ, հնարաւոր է, կը կոպտի ամուսնոյն, ով էլ առանց ճաշելու դուրս կը գայ տնից ու մի փոքր խախտման համար կը կանգնեցնի ձեր եղբօր ինքնաշարժը, ու մի խոշոր տուգանք կը դնի վրան:
Կարելի է այս շղթան շարունակել, բայց կարիք չկայ, պարզապէս պէտք է ընդունել, թէ ամէն ինչ փոխկապակցուած է աշխարհում, եւ պատահականութիւններ չեն լինում:
Տնտեսական ճգնաժամը շատերիս հանել ու շարունակում է հանել համբերութիւնից, իսկ շտապ որոշումները երբեք լաւ արդիւնքի չեն հասցնում: